Ա. Լոպուխին
22-23․ «Թող նրանք ներկայացնեն ու ասեն մեզ, թե ինչ է կատարվելու: Թող առաջներում կատարվածներն էլ մեզ պատմեն, և մենք մտքով կթափանցենք ու կիմանանք, թե ինչպես է այն ավարտվել, կամ էլ թող ազդարարեն մեզ, թե ինչ է լինելու ապագայում»: [22] «Ասացե՛ք, թե ինչ է լինելու ապագայում, ու մենք կգիտենանք, որ դուք աստվածներ եք, կամ էլ ինչ-որ մի բան արեք՝ բարի կամ չար, որպեսզի մենք զարմանանք ու ձեզ հետ միասին տեսնենք»: (Սինոդական թարգ․)
«Թող նրանք…ասեն, թե ինչ է կատարվելու…ապագայում, ու մենք կգիտենանք, որ դուք աստվածներ եք»: Աստվածների ամենատեսությունն ու նրանց կողմից ապագան կանխագուշակելու կարողությունը բոլոր հին ժողովուրդների կողմից համարվում էր նրանց ճշմարտացիության կարևորագույն ու ամենաակնհայտ նշաններից մեկը (Քսենոփոն, Կյուրոպեդիա, Լ. 1, Ցիցերոն, De devinatione. L, 1. C. XXXVIII):
«Կամ էլ ինչ-որ մի բան արեք՝ բարի կամ չար, որպեսզի մենք զարմանանք…»։ Աստվածության իրական լինելու հանգամանքը որևէ մի հրաշագործության միջոցով հավաստելը հին հեթանոսական ժամանակաշրջանում նույնքան տարածված էր, ինչպես որ դա երևում է Մովսեսի ու Ահարոնի և եգիպտական քուրմերի միջև տեղի ունեցած Աստվածաշնչից մեզ հայտնի մրցակցություն (Ելք 7): Սակայն մի՞թե դա այդքան դժվար է: Մեզ կհարցնեն, թե արդյոք սատանան չի՞ կարող մի որևէ չար հրաշք գործել, որը մեզ համար զարմանալի կլինի: Իհարկե ոչ, ինչպես որ դա մեզ ապացուցում է արդար Հոբի պատմությունն (Հոբ 1:12) ու գերգեսացի դիվահարի բժշկման դրվագը (Մատթ. 8:31): Այդ իրողությունը հիանալիորեն բացատրում է Հիերոնիմոս Երանելին. «Կուռքերի աստված լինելը հերքող մեկ այլ նշան է այն,- ասում է նա,- որ նրանք չեն կարող կատարել ո՛չ լավ, ո՛չ վատ գործեր: Եվ դա ո՛չ թե այն իմաստով, որ կուռքերը կամ դևերը, որոնք բնակվում են կուռքերի մեջ, հազվադեպ էին չարիք գործում, այլ ա՛յն իմաստով, որ նրանք դա կարող էին անել միայն այն ժամանակ, երբ իրենց իշխանություն էր տրվում Տիրոջ կողմից» (Հոբ 1, Մատթ. 8 և այլ հատվածներ):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Թող մօտենան ու պատմեն ձեզ, թէ ի՛նչ դէպքեր են կատարուելու: Եւ կամ առաջներում կատարուածներն էլ թող մեզ պատմեն, որպէսզի մտքներս պահենք եւ գիտենանք, թէ ի՛նչ եղաւ առաջ,
եւ ի՛նչ է լինելու յետոյ:
(Արարատ թարգ․) Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։
(Գրաբար) մերձեսցին եւ պատմեսցեն ձեզ որ ինչ անցք անցանելոց իցեն: Եւ կամ զառաջինսն թէ զինչ են` ասացէք. ի մտի դիցուք, եւ գիտասցուք զի՞նչ առաջին կամ զի՞նչ առ յապա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: