ՍՈՒՐԲ ՌՈՄԱՆՈՍ ՍԱՐԿԱՒԱԳԻ, ՌԱՄԱՆՈՍ ՄԻԱՅՆԱԿԵԱՑԻ ԵՒ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ ՄԱՆԿԱՆ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

ԶՔեզ կարդային յօգնութիւն սուրբ մարտիրոսքն եւ ասէին.

Որ ի բարձունս բնակեալդ ես, խնայեա ի մեզ:

Դու ես դուռն լուսոյ. Դու պսակ պարծանաց ի Քեզ յուսացելոց.

Որ ի բարձունս բնակեալդ ես, խնայեա ի մեզ:

Օրհնեալ գովեալ եւ ի սուրբս հանգուցեալ,

Դու ես ընդունող հոգւոց մերոց.

Որ ի բարձունս բնակեալդ ես, խնայեա ի մեզ:

(Շարակնոց)

 

Վկաների մէջ սքանչելին՝ մեր Տօնացոյցով միայնակեաց, իսկ Յայսմաւուրքով աբեղայ կամ ճգնաւոր կոչուած Ռոմանոսը, սարկաւագ եւ երդմնեցուցիչ[1] էր պաղեստինեան Կեսարիայի թեմում: Նա հէնց Պաղեստինից էր, Սուրբ Հոգով լի մի այր՝ առաքինի վարքով եւ աստուածպաշտութեան նախանձախնդրութեամբ: Ներքուստ զգեստաւորուած էր Մովսէսի հոգով, իսկ արտաքուստ նրբաձայն էր եւ ծանրալեզու:

 

Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի մեծ հալածանքների առաջին տարին էր՝ Տիրոջ 303 թուականը: Այդ ժամանակ Դիոկղետիանոսը գտնւում էր Նիկոմիդիայում, սակայն ի դէմս նրա՝ Անտիոքում նստում էր Գաղերիոս կեսարը՝ Արմենտարիոս Մաքսիմիանոս կոչուածը, որն այս հալածանքների սկզբնապատճառն էր: Մի անգամ հարկ եղաւ, որ Ռոմանոսը մեկնէր ասորիների մայրաքաղաք Անտիոք: Այնտեղ նա տեսաւ եւ լսեց, որ Անտիոքի շատ քրիստոնեաներ քաջութեամբ նահատակւում են՝ վկայելով Քրիստոսին, սակայն շատերը հեռանում են հաւատքից, իսկ մնացածներն էլ ահից ու երկիւղից վհատւում եւ տկարանում են: Այնժամ նա սկսեց շրջել քաղաքի մէջ եւ զօրաւոր խօսքերով քաջալերել ու սրտապնդել հաւատացեալներից իւրաքանչիւրին ոչ միայն հաստատուն մնալ ճշմարիտ հաւատքի մէջ, այլեւ արիութեամբ մեռնել Քրիստոսի անուան համար: Յիշեցնում էր նրանց այս վաղանցիկ կեանքի եւ հանդերձեալի մեծութեան ու փառաւորութեան, ինչպէս նաեւ վաստակների հատուցման, տանջանքների դիմաց պսակների եւ վէրքերի դիմաց բրաբիոնների մասին: Եւ այդպէս իբրեւ Քրիստոսի քաջ զինուոր՝ զօրացնում ու սպառազինում էր ամենքին:

 

Այդ օրերին Ասկլեպիադէս եպարքոսը, որն Անտիոք քաղաքի դատաւորն էր, ի պատիւ թագաւորի՝ իրենց նշանաւոր մեհեանում մեծ փառաւորութեամբ կատարում էր հեթանոսական աստուածների տօնը: Երբ սուրբ Ռոմանոսն անցնում էր կուռքերի տաճարի մօտով, տեսաւ, որ տղամարդկանց, կանանց եւ մանուկների հոծ բազմութիւնը, խառնուած ուրացողների հետ, զոհ էր մատուցում չաստուածներին: Չյանդուրժելով անօրէնութեան այդ տեսարանը՝ Ռոմանոսը բռնուեց Աստուծոյ նախանձախնդրութեամբ: Նա իր բարակ ձայնով, որքան հնարաւոր էր, համարձակ գոչելով՝ յանդիմանեց նրանց եւ հէնց դատաւորին՝ որպէս ամբարշտութեան առաջնորդի, որին մինչ այդ սուրբն ընդդիմացել եւ արգելել էր մտնել Աստուծոյ եկեղեցի, որպէսզի այն չկողոպտուէր եւ չաւիրուէր:

 

Բայց այս անգամ սուրբն աւելի խիստ խօսեց դատաւորի հետ: Տեսնելով նրան՝ կուռքերի տաճարից ելնելիս, որն ուրախ էր հաւատքից հեռացածների զոհ մատուցելու համար, ասաց. «Ուրախ մի՛ գնայ այն բանի համար, որ յաղթեցիր նրանց, որովհետեւ Աստուած նաեւ անպարտելի զինուորներ ունի»: Այնժամ բարկացած դատաւորն իր ձեռքով հարուածեց սուրբի բերանին եւ իւրայիններին հրամայեց բռնել նրան ու բերել իր յետեւից:

 

Եւ երբ եպարքոսը նստեց դատողական ատեանի առաջ, Ռոմանոսին կանչեց իր առջեւ եւ համարելով նրան տկար մէկը՝ սկսեց սպառնալիքներով ահաբեկել նրան: Խոժոռադէմ նայեց նրան, կրճտացրեց իր ատամները եւ ձեռքերը դահիճների կողմը կարկառելով՝ հրամայեց նրան մատնել ամէն տեսակի տանջանքերի եւ ասաց. «Թող նախ կապարէ գնդերով հարուածեն դրա թիկունքին»: Յոգնեցին նրան տանջողները, բայց քաջ նահատակը վէմի պէս անմռունչ էր եւ անսասան:

 

Ապա հրամայեց անխնայ քերել նրա մարմինը: Այնժամ կախաղանի վրայից սկսեցին քերել ու բզկտել երանելուն: Խարակսատ անունով մի անօրէն դահիճ, երկաթէ գրիչն առած, իսպառ ճեղքատեց, խախտեց սուրբի երկու ծնօտները մինչեւ կզակը եւ վկայի դէմքը ներկեց արեամբ: Միւս դահիճներն էլ, երկաթէ ճանկեր եւ քերիչներ վերցրած, ժանիքաւոր գազանների պէս շրջապատեցին երանելուն եւ սկսեցին քերել նրա կողերը, մինչեւ որ նրանից հոսող արեան վտակները ներկեցին գետինը: Ինչպէս գրում է Եւսեբիոսը, երկաթը բթացաւ, սակայն առաքինի մարդը չէր մտքափոխւում, այլ տանջանքների մէջ աղօթում էր ուրախութեամբ:

 

Մինչ դատաւորը մտածում էր, թէ այլ ինչ տանջանքներով յաղթի նրան, Քրիստոսի զինուորը, կամենալով յայտնապէս ցոյց տալ ի Քրիստոս իր հաստատակամութիւնը, ասաց. «Ո՛վ բռնաւոր, ինչո՞ւ ես հնարքներ բանեցնում: Չտեսա՞ր արդեօք, որ քո տանջանքները չեն կարող սասանել իմ ճշմարիտ հաւատքը: Չլսեցի՞ր, որ իմ բերանով ես խոստովանեցի, որ ճշմարիտ Թագաւորը իմ Քրիստոս Աստուածն է, Ում հաւատում եմ իմ ամբողջ սրտով: Իսկ եթէ չես ուզում լսել իմ խօսքերը, ապա բերել տուր քրիստոնեաներից մի մանուկ եւ հարցրո՛ւ նրան: Դու կը տեսնես, որ նա կը դաւանի նոյն ճշմարտութիւնը ընդդէմ սուտ աստուածների եւ քո ինքնակալի»:

 

Դատաւորի ակնարկով ատեանի սպասաւորները գնացին եւ հրապարակից բռնեցին մի փոքր մանկան, որի անունը Բարուլա (կամ Թէոդուլոս) էր եւ բերեցին ու կանգնեցրին ատեանի առաջ: Այնժամ սուրբ Ռոմանոսը հարցրեց երեխային. «Ասա՛, որդեա՛կ, արժա՞ն է երկրպագել մէկ ճշմարիտ Աստուծոյ, թէ՞ կուռքերին, որոնց դրանք աստուածներ են կոչում»: Եպարքոսը եւս շտապեց հարցնել նոյնը, սակայն այլ կերպով՝ «Ո՞ր Աստծուն պէտք է պաշտել»: Մանուկը համարձակ խոստովանեց եւ ասաց. «Պէտք է պաշտել այն Աստծուն, որ երկնքում է, Ով արարեց երկինքն ու երկիրը, այսինքն Նրան, Որին երկրպագում ենք քրիստոնեաներս՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն»: Բարկացած բռնաւորը հրամայեց հարուածել նրան: Ապա հարցրեց. «Ո՞վ սովորեցրեց քեզ ասել այդ խօսքերը»: Եւ նա պատասխանեց. «Իմ մայրը եկեղեցում եւ տանը միշտ ասում եւ սովորեցնում էր՝ մի է Աստուած՝ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, եւ մի է Տէր Յիսուս Քրիստոս՝ երկնաւոր Հօր հարազատ Որդին»: Եւ երբ բերեցին նաեւ մանկան մօրը, նրա եւ սուրբ Ռոմանոսի առջեւ տանջեցին երեխային՝ հարուածելով ու մարմինը քերելով: Բազում տանջանքներից յետոյ մանուկն ասաց մօրը. «Ծարա՛ւ եմ», սակայն մայրն ասաց. «Ջուր մի՛ խմիր, որդեա՛կ, այլ գնա՛ կենդանի ջրի մօտ»: Եւ իսկոյն գլխատեցին խոստովանող սուրբ մանկանը: Մայրը մեծ խնդութեամբ վերցրեց տղայի գլուխն ու մարմինը եւ գնալով քրիստոնեաների մօտ՝ ուրախութեամբ աւետիս տուեց նրանց, որ մարտիրոսի մայր եղաւ:

 

Իսկ սուրբ Ռոմանոսին բռնաւորը կամեցաւ հրապարակաւ թագաւորի առջեւ հրկիզել՝ ցանկանալով ցոյց տալ, թէ որքան վրէժխնդիր է աստուածների համար եւ թէ ինչպէս է կորստեան մատնում նրանց, ովքեր հակառակւում են արքունի հրամաններին: Առաւելապէս կամեցաւ վրէժ առնել Ռոմանոսից, որովհետեւ Քրիստոսին Թագաւոր կոչելով՝ նա հակառակւում էր կայսրին, սակայն չգիտէր, որ այդպիսով աւելացնում է սուրբի պսակները:

 

Մինչ նրանք այս խորհուրդների մէջ էին, սուրբը, որ արեան մէջ շաղախուած ընկած էր գետնին, թուղթ խնդրեց դահիճներից եւ ի մխիթարութիւն քրիստոնեաների՝ իր արեամբ գրեց. «Երանի նրանց, ովքեր սուրբ սիրտ ունեն: Երանի նրանց, ովքեր անկեղծ սէր ունեն: Երանի նրանց, ովքեր աներկբայ պաշտում են Աստծուն: Երանի նրանց, ովքեր հրաժարւում են աշխարհից Աստուծոյ համար, որովհետեւ նրանք մեծ վարձք պիտի առնեն: Երանի նրանց, ովքեր չեն ուրանում Քրիստոս Աստծուն, որովհետեւ Քրիստոս պիտի խոստովանի նրանց Իր Հօր եւ հրեշտակների առաջ»: Եւ այս գրելով՝ թուղթը յանձնեց իր մօտ եղող հաւատացեալ եղբայրներին:

 

Արդ, երբ դատաւորն արձակեց Ռոմանոսին հրկիզելու վճիռը, սուրբը մեծ պատրաստակամութեամբ եւ յօժարութեամբ ընդունեց իր դատակնիքը եւ շտապեց նահատակութեան: Եւ քանի որ չէր կարող անձամբ քայլել, ատեանի սպասաւորներն ուսամբարձ տարան նրան նահատակութեան վայրը: Ըստ սովորութեան՝ դահիճները նրան կապեցին ցցին, իսկ ատեանի միւս սպասաւորները փայտից եւ եղեգներից խռիւներ հաւաքեցին՝ արագ եւ դիւրավառ հուր բորբոքելու համար: Եւ ապա կենդանի զոհը մատնուեց ողջակիզման: Երբ կատարւում էր այս ամէնը, հեռու չէր նաեւ ամբողջ քաղաքը, որովհետեւ նա պէտք է վկայէր այն ճշմարտութիւնը, թէ ինչպէս քաջ նահատակը յաղթող հանդիսացաւ հրակիզուելով եւ թէ Աստուծոյ ինչպիսի սքանչելիքներ եղան նրա վրայ: Պէտք էր նաեւ այնտեղ գտնուող հրեաներն ու հեթանոսները չտարակուսէին՝ ասելով, թէ ո՞ւր է նրանց Աստուածը եւ ապա հրեաները, մտաբերելով երեք մանուկների հետ կատարուածը, չասէին, թէ մեզ մօտ արդարները փրկւում էին բորբոքուած հնոցի կրակից, իսկ սրանք այրւում են:

 

Եւ ահա մինչ կրակը բորբոքելու համար սպասում էին թագաւորի հրամանին, վկան գոչեց. «Ո՞ւր է կրակը»: Դատաւորն ի դէմս արքայի ակնարկեց գործն արագ աւարտին հասցնել: Այնժամ Տէրը երկնքից հրաման տուեց ամպերին՝ պսակաձեւ պատել երկինքը: Ամպերի գոգը կարկուտ եւ սաստիկ անձրեւ լցնելով՝ սաստիկ հողմ առաջացրեց՝ իսկոյն անձրեւ տեղացնելու համար եւ թոյլ չտուեց բորբոքել հուրը՝ ցոյց տալով Իր աստուածահրաշ զօրութիւնը առաւել, քան Բաբելոնում, քանզի այնտեղ փրկեց երեք մանուկներին, իսկ այստեղ թոյլ չտուեց, որ անգամ կրակը վառուի:

 

Ամպրոպի պահին թագաւորը դատաւորի հետ կորակոր հեռացաւ, իսկ ամբոխը ցրուեց: Մեծ աղմուկ եւ շփոթութիւն առաջացաւ: Սպասաւորներից ոմանք եկան եւ բռնաւորին դէմ յանդիման ասացին. «Երկինքը բարկացել է այդ մարդուն հրի մատնելու պատճառով, որովհետեւ ասում են, թէ երկնային Թագաւորը երկրի վրայ վերակացու է Իր ծառաներին»: Եւ դատաւորը խորհուրդ հարցրեց թագաւորից, թէ ինչպէս Ռոմանոսին զրկի կեանքից, «քանզի, - ասաց, - դու ինքդ լսեցիր, թէ ինչպէս նա իր համարձակ լեզուով անարգեց քեզ հէնց քո երեսին՝ հրկիզուել պահանջելով, սակայն թագաւորն ասաց. «Մի՛ ստիպիր, որ կռիւ յարուցեմ ընդդէմ Աստուծոյ: Աստուած ազատեց նրան, ուստի մենք եւս պէտք է արձակենք նրան»:

 

Բայց անաստուած եւ անօրէն դատաւորը, կամենալով հրապուրելով որսալ թագաւորի միտքը, նոր հնարք գտաւ ընդդէմ սուրբի՝ մի հրէշաւոր գործի վրայ միւսը բարդելով: Հրամայեց վկային բերել թագաւորի առջեւ եւ կտրել նրա լեզուն, քանի որ այն խօսեց ընդդէմ մարդու, որը չուրացաւ Աստծուն: Եւ ի նախատինք քրիստոնեաների՝ կանչեց Արիստոնէս անունով մի բժշկի, որը ներկայ էր ատեանի առաջ սուրբի վկայութեանը եւ հրամայեց նրան, որ մօտենայ ու կտրի Ռոմանոսի լեզուն: Եւ թէպէտ նա չէր կամենում, սակայն բռնաւորի ահից հրաժարուել չհամարձակուեց:

 

Իմանալով նորահնար տանջանքի մասին, երանելին չշրջեց իր երեսը եւ ոչ էլ կնճռոտեց դէմքը, այլ լեզուն յօժարութեամբ մօտեցրեց կտրողին: Եւ այդպէս քաջութեամբ տանելով հատումը՝ գործով ցոյց տուեց, որ աստուածային զօրութիւնը մօտ է բոլոր նրանց, ովքեր յանուն բարեպաշտութեան համբերում են բոլոր դժուարութիւններին: Արդ, բժիշկը կտրեց նրա լեզուն, սակայն այն չնետեց, այլ որպէս պատուական գանձ՝ պահեց այդ սուրբ նշխարը՝ պատճառ բռնելով, թէ այն պէտք է իրեն որպէս դեղ: Եւ տարաւ ու զգուշութեամբ պահեց իր տանը՝ որպէս դեղամիջոց իր հաւատուրացութեան մեղքը բուժելու համար:

 

Արդ, լեզուն կտրելու մահացու տանջանքը որեւէ կերպ չազդեց սուրբ Ռոմանոսի վրայ, եւ առ այս Եւսեբիոսն իր ներբողական ճառում գրում է. «Պէտք էր, որ Քրիստոսի վկան ապրէր երկրորդ մահից, որովհետեւ երբ հրեաները մեր առաջ յիշատակում են երեք մանուկներին, մենք էլ առաջ կը բերենք սքանչելին՝ երեքին մէկի մէջ, որովհետեւ նա փրկուեց հրից եւ չմեռաւ լեզուն կտրելուց: Բայց այժմ տե՛ս եւ երրորդ հրաշքը՝ առաւել մեծը: Թագաւորի աչքին հաճոյ լինելու համար դատաւորը հրամայեց բանտարկել Ռոմանոսին: Վկան բանտ գնաց՝ զուրկ մարմնեղէն լեզուից, սակայն ոչ մարդկային խօսքից, որն առաւել է նախորդից: Մենք կարդացել ենք, որ Սուրբ Հոգին հրեղէն լեզուների տեսքով բաժանուեց եւ պարգեւուեց առաքեալներին: Մենք դա չենք տեսել, սակայն լսել ենք եւ հաւատում ենք: Այն, ինչ պիտի ասեմ, արժանահաւատ է, որովհետեւ շատ ականատեսներ վկաներ կան, որոնք պատմում են, թէ երանելի Ռոմանոսը, մինչ ունէր այդ մարմնեղէն լեզուն, խօսում էր Մովսէսի պէս նրբաձայն եւ ծանրախօս: Նա թոթովում էր, մինչ լեզուն իր տեղում էր, բայց երբ անլեզու բանտ մտաւ, բանտապետը հարցրեց, թէ ինչ է քո անունը: Յայտնի է, որ այդ Ռ տառը դժուար արտաբերելի է անգամ ուղղախօսների[2] համար: Ռոմանոսը մինչ լեզու ունէր, յստակ խօսել չէր կարողանում, բայց այժմ խօսում է հոգու լեզուով եւ գեղեցիկ արտասանութեամբ ասում. «Ռոմանոս եմ կոչւում»»: Առաւել պանծալի են նաեւ Ոսկեբերանի ընդարձակ խօսքերը սուրբ Ռոմանոսի լեզուի աստուածային հրաշքի մասին, որից յիշատակենք մի փոքր հատուած. «Ինչպէս օրինակ հրաշք է առանց արմատի ծառ կամ առանց աղբիւրի գետ տեսնելը, նոյնպէս եւ հրաշք է ասուած խօսքը առանց լեզուի: Արդ, ո՞ւր են նրանք, որոնք չեն հաւատում մարմինների յարութեանը: Ահա ձայնը ե՛ւ մեռաւ, ե՛ւ յարութիւն առաւ»:

 

Այս մասին տեղեկացրին դատաւորին, միաժամանակ եւ թագաւորին: Դատաւորը դարձեալ համակուեց չար մտքերով եւ չարախօսեց բժշկից՝ ասելով. «Արդեօք սա նա չէ, որ սկզբից քրիստոնեայ էր, եւ գուցէ այժմ էլ ծածուկ պահում է քրիստոնէութիւնը, որի համար խնայեց իր եղբօրը եւ աւարտին չհասցրեց մեր հրամանը, ինչպէս որ հարկն էր»: Բժշկին բռնեցին եւ երբ կանգնեցրին ատեանի առաջ, հարցրեցին. «Ինչպէ՞ս է նա խօսում, չէ՞ որ դու կտրեցիր նրա լեզուն: Նա ոչ թէ մէկ անգամ խօսեց ու լռեց, այլ երկար օրեր մնալով բանտում՝ բոլորի հետ խօսել եւ յայտնել է Կենաց խօսքը»: Այնժամ զօրանալով՝ բժիշկը համարձակ ցոյց տուեց իր կենաց դեղի զօրութեամբ առողջացած հաւատքի պտուղը, որ ունէր սուրբի լեզուից: Բարկացած դատաւորը սպառնաց՝ ասելով. «Ռոմանոսին խնայելու համար ես կը սպանեմ քեզ»: Բժիշկը պատասխանեց. «Ահա այն լեզուն, որը կտրեցի: Արդ, թող այստեղ բերուի մէկը, որ հեռու է ճշմարիտ Աստծուց եւ իմ կտրած Ռոմանոսի լեզուի չափով թող որեւէ հմուտ բժիշկ կտրի նրա լեզուն: Եթէ նա ապրի, ապա ես խաբել եմ ձեզ, իսկ եթէ ոչ, ապա դա Աստուծոյ տնօրինութիւնն է»:

 

Այնժամ բերեցին հեթանոս մահապարտներից մէկին եւ Ռոմանոսի կտրուած լեզուի նոյն չափով կտրել տուեցին նաեւ այդ չարագործի լեզուն: Եւ ահա կտրելուն պէս նա մեռաւ: Դատաւորն ամօթահար եղաւ, եւ ամբոխը հեռացաւ իրենից: Չարացած լինելով Քրիստոսի քաջ նահատակի դէմ՝ նա երկար ամիսներ Ռոմանոսին թողեց բանտում կապանքներով, չարաչար տանջանքներով եւ երկու ոտքերը հինգ տեղերից կոճղերի մէջ սեղմած պահելով:

 

Լրացաւ Դիոկղետիանոսի քսանամեակը, եւ այդ առիթով պէտք էր թագաւորական օրէնքի համաձայն՝ բոլոր տեղերում ազատութիւն շնորհէին բոլոր բանտարկուածներին: Սակայն հէնց այդ գիշեր անօրէն Ասկլեպիադէսը հրամայեց պարանով խեղդամահ անել երանելուն: Ժամանակ անց աստուածավախ մարդիկ վերցրին նրա պատուական նշխարները եւ թաղեցին մի նշանաւոր տեղում: «Եւ ինչպէս ցանկացել էր, սուրբ Ռոմանոսը զարդարուեց վկայութեամբ», - գրում է Եւսեբիոսը, որը եղաւ Տիրոջ 303 կամ 304 թուականի նոյեմբերի 14-ին:

 

Տարիներ անց սուրբի տապանի վրայ կառուցուեց եկեղեցի, որը դարեր անց նորոգեց Արշակունի Վասիլ կայսրը:

 

Մեր ձեռքի տակ այս հրաշալի վկայաբանութեան երկու արժանահաւատ հեղինակներ ունեինք, Եւսեբիոս Կեսարացին, որը պաղեստինացի էր եւ սուրբ Ռոմանոսի ժամանակակիցն ու համերկրացին, եւ Ոսկեբերանը, որն Անտիոք քաղաքից էր, որտեղ նահատակուել էր սուրբը: Այս ամբողջ պատմութիւնը քաղուած է Եւսեբիոսից՝ գրեթէ ամբողջովին պահպանելով շարագրուածը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ռոմանոս միայնակեացի եւ Մանուկ խոստովանողի յիշատակը տօնում է Խաչվերացի իններորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը սուրբ վկաներ Գուրիասի, Սամոնասի, Աբիբ սարկաւագի եւ Հիւսիքոս զինուորի հետ:

 

 

[1] Աստուծոյ անուամբ պիղծ ոգիներին սաստող, հալածող:

[2] Ուղիղ արտասանող, խօսող: