Ա. Լոպուխին
11-12․ «Անապատն ու նրա քաղաքները, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող բարձրացնե՛ն իրենց ձայնը, թող տոնախմբե՛ն ժայռերի վրա ապրողները, թող գոչե՛ն լեռների գագաթից»: [11] «Թող փա՛ռք մատուցեն Տիրոջը և Նրա գովաբանությունը թող հռչակե՛ն կղզիներում»: (Սինոդական թարգ․)
«Թող բարձրացնե՛ն իրենց ձայնը անապատն ու նրա քաղաքները» - Առաջին հայացքից անապատի քաղաքների մասին խոսքը բավականին տարօրինակ է հնչում: Սակայն իրականում դա հենց այդպես է. Պաղեստինի հարևանությամբ (նրանից դեպի հարավ-արևմուտք) գտնվում էր անապատը, որտեղ կային օազիսներ, որոնցում էլ գտնվում էին տարբեր քաղաքներ, ինչպես օրինակ՝ Թադմորը, Պետրան, Կադիսն ու այլ քաղաքներ (հմմտ. Թվ. 20:1):
«Գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը» - «Կեդար» կամ, ավելի ճիշտ, «Կեդարի համայնք» անվամբ էր կոչվում արաբական քոչվոր ցեղերից մեկը, որի ներկայացուցիչները Իսմայելի երկրորդ որդու՝ Կեդարի հետնորդներն էին (Ծննդ. 25:13): Պլինիոսն այդ ցեղը կոչում է «arabes cedrei» («Բնական պատմություն», V, էջ 11)։ Այդ ցեղն ազգակցական կապեր ուներ նաբաթացիների հետ, վարում էր քոչվորական կենսակերպ ու զբաղվում ոչխարաբուծությամբ (Ես. 60:7):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն,
(Արարատ թարգ․) Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։
(Գրաբար) Ուրախ եղիցի անապատն եւ աւանք նորա` բանակք եւ բնակիչք Կեդարու, ուրախ եղիցին բնակիչք վիմին: ի գլխոց լերանց գոչեսցեն`

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: