Ա. Լոպուխին
«Եվ Նա նրանց վրա թափեց Իր բարկության զայրույթն ու պատերազմի կատաղությունը, որը բոլոր կողմերից շրջապատեց նրանց բոցերով, բայց նրանք ուշադրություն չդարձրին, կրակն այրում էր նրանց, բայց նրանք դա չհասկացան իրենց սրտերում»: [25] (Սինոդական թարգ․)
«Եվ Նա նրանց վրա թափեց Իր բարկության զայրույթը․․․» - Այն բանից հետո, երբ Աստված ամեն ինչ արեց Իսրայելին խելքի բերելու համար, սակայն նա անուղղելի մնաց իր հոգևոր-բարոյական կարծրամտության մեջ, Տերը ևս մեկ անգամ սպառնում է նրան քաղաքական նոր ու սարսափազդու աղետներով՝ ցանկանալով այդկերպ իսրայելացիներին դուրս բերել հոգևոր-բարոյական հանցավոր անզգայությունից:
«Որը բոլոր կողմերից շրջապատեց նրանց բոցերով․․․» - «Այս մարգարեության մեջ, ակնհայտորեն, Եսային տեսնում է կողոպտված Երուսաղեմն ու Բաբելոնյան գերությունը: Սակայն այս տեսիլքում ակնարկվում է նաև Տիտոսի կողմից Երուսաղեմի այրվելու և գերիների ամբոխների մասին, որոնք վաճառվում էին Հռոմեական շուկաներում» (Վլաստով):
«Բայց նրանք դա չհասկացան իրենց սրտերում»: Մարգարեն տեսնում է, որ այս վերջին միջոցը նույնպես չի հասնելու իր նպատակին, ինչպես որ իրենց նպատակին չէին հասել նաև նախորդ բոլոր միջոցները: Սակայն, այնուամենայնիվ, այն ունի իր նշանակությունը, քանի որ Իսրայելին վերջնականապես պապանձեցնում է Աստծո արդար դատաստանի առջև ու «դարձնում» է իր տխուր ճակատագրի միակ մեղավորը:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց, բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց, բայց նրանցից ոչ մէկը չգիտակցեց, խելքի չեկաւ:
(Արարատ թարգ․) Ուստի նա իր բորբոքված զայրույթն ու պատերազմի սաստկությունը նրանց վրա թափեց։ Այն ամեն կողմից վառեց նրանց, բայց նրանք չհասկացան, այրեց նրանց, բայց նրանք ուշադրություն չդարձրին։
(Գրաբար) Եւ Աստուած ի վերայ նոցա զսրտմտութիւն բարկութեան իւրոյ. եւ պատեաց զնոսա պատերազմ, եւ շուրջ զնոքաւք հրձիգք. եւ ոչ գիտացին իւրաքանչիւր ոք ի նոցանէն, եւ ոչ եդին ի մտի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: