Երանելի սուրբ առաքեալք՝ հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ.
Սպասաւորք եւ բարեկամք եւ վկայք Աստուածորդւոյն.
Բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:
Որք առիք իշխանութիւն ի վերայ ազգի մարդկան.
Կապել եւ արձակել ի յերկինս եւ ի յերկրի.
Արձակեցէք զմեզ ի կապանաց մեղաց մերոց:
Խաչակցեալք ընդ Քրիստոսի եւ ընդ Նմին թագաւորեալք.
Ի միւսանգամ գալստեան Նորա նստելոց էք դատաւորք.
Թողութիւն շնորհեցէք եւ մեզ մեղաւորացս:
(Շարակնոց)
Խաչազգեաց եւ Քրիստոսակիր սուրբ Անդրէաս առաքեալն իր երկնաւոր Վարդապետի առաջին եւ հարազատ աշակերտն էր: Նա Յունանի որդին էր, Նեփթաղիմի ցեղից, գալիլեացիների Բեթսայիդա քաղաքից եւ, ինչպէս ասում են, հաւատքի վէմ Պետրոսի աւագ եղբայրը: Մինչ այդ աշակերտել է սուրբ Յովհաննէս Մկրտչին եւ ապա առաջնորդուել նրա միջոցով՝ աշակերտելու Փրկչին:
Արդ, բոլոր առաքեալներից առաջինն էր, որ գնաց Կենարարի յետեւից: Ապա իր եղբայր Սիմոնին անյապաղ յայտնեց ճշմարիտ Մեսիայի գալստեան մասին, Որի արժանահաւատ, ականջալուր վկան եղաւ նախ ճշմարիտ մարգարէի՝ Յովհաննէսի միջոցով եւ ապա անձամբ ականատես լինելով: Նա եղբօրը բերեց Քրիստոսի մօտ, եւ մեր Տէրը, որն ընտրել էր Անդրէասին, ընտրեց նաեւ Սիմոնին, որին նախապատւութիւն տալով՝ Վէմ կոչեց: Եւ այս բանը բնաւ չշարժեց Անդրէասի նախանձը, այլ նա շատ ուրախ եղաւ եղբօր պատուի համար՝ համարելով այն իր անձի պատիւը, որովհետեւ գիտէր, որ աստուածային ընտրութեան մէջ շատ յաճախ կրտսերն աւագից մեծ է լինում, ինչպէս Յակոբի, Եփրէմի, Մովսէսի, Դաւթի եւ այլոց դէպքերում: Բայց ինչպէս գիտենք սուրբ աւետարանից, որպէս Զեբեդէոսի երկու որդիների հետ Տիրոջը մօտ կանգնած խորհրդական՝ Պետրոսից յետոյ Անդրէասը երեւելի էր աշակերտների մէջ:
Տիրոջ համբարձումից եւ Սուրբ Հոգու գալուստից յետոյ, երբ պէտք է առաքեալները սփռուէին՝ քարոզելու աշխարհում, Անդրէասին վիճակուեց գնալ Հելլադա, որտեղ աքայացիների Պատրաս քաղաքում նահատակուեց խաչելութեամբ, որը կը պատմենք ստորեւ:
Բդեշխի փոխանորդ Եգէասը, մտնելով Պատրաս քաղաք, գտաւ Քրիստոսի առաքեալին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես Անդրէասը, ով քանդեց մեհեանները եւ ժողովրդին մոլորեցրեց նոր աղանդի յետեւից, որը հռոմեացի ինքնակալները հրամայել են վերացնել»: Անդրէասն ասաց. «Հռոմեացի ինքնակալները դեռեւս չեն ճանաչել Աստուծոյ Որդուն՝ Յիսուս Քրիստոսին, Ով եկաւ աշխարհի փրկութեան համար»: Եգէասն ասաց. «Նա՞ է, Ով խաչուեց»: Անդրէասն ասաց. «Արդեօք դու գիտէիր Խաչի խորհրդի մասին, որը Փրկիչը կամաւոր յանձն առաւ»: Եգէասն ասաց. «Զարմանում եմ, որ դու՝ իմաստուն այրդ, գնում ես Խաչեալի յետեւից»: Անդրէասն ասաց. «Մեծ է Խաչի խորհուրդը: Եթէ կամենում ես, լսի՛ր, եւ ես քեզ կը պատմեմ»: Եգէասն ասաց. «Մի՛ ասա Խաչի խորհուրդ, այլ՝ պատուհաս»: Անդրէասն ասաց. «Խաչով պատուհասն անգամ մարդկանց փրկութեան խորհուրդն ունի, միայն թէ լսի՛ր ինձ»: Եգէասն ասաց. «Ես համբերութեամբ կը լսեմ քեզ, բայց եթէ դու ինձ չլսես, այդ նոյն Խաչի խորհուրդը կ՚ընդունես անձամբ»: Անդրէասը պատասխանեց. «Եթէ ես վախենայի խաչելութիւնից, մի՞թէ կը քարոզէի Խաչի փառաւորութեան մասին»:
Ապա առաքեալը յայտնեց Կենաց խօսքը՝ սկսած նախամարդուց մինչեւ Քրիստոսի չարչարանքներն ու Յարութիւնը: Այնժամ Եգէասն ասաց. «Թո՛ղ դրանք եւ զո՛հ մատուցիր աստուածներին, այլապէս պիտի խաչուես»: Սակայն երբ տեսաւ, որ առաքեալն անխոտոր համակուած է Քրիստոսի սիրով, հրամայեց բանտարկել նրան: Առաքեալի վարդապետութեանն աշակերտողները կամեցան կոտրել բանտի դռներն ու սպանել Եգէասին, սակայն Անդրէասն արգելեց եւ ողջ գիշեր շատ խրատներ տուեց նրանց:
Յաջորդ օրը դատաւորը դարձեալ հարցաքննեց նրան, սակայն ոչինչ չշահելով՝ գանահարել տուեց առաքեալին ու ասաց նրան. «Լսի՛ր ինձ, Անդրէա՛ս, յետ պահիր ինձ արիւնահեղութիւնից, այլապէս դու կը մեռնես խաչելութեամբ եւ կորստեան կը մատնուես»: Անդրէասն ասաց. «Ես Քրիստոսի Խաչի ծառան եմ եւ փափագում եմ յաղթել Խաչով, իսկ դու վախեցի՛ր յաւիտենական կորստից, որովհետեւ իմ չարչարանքներն անցաւոր են, իսկ քոնը՝ մշտնջենաւոր»: Այնժամ բարկացած Եգէասը հրամայեց դահիճներին տանել նրան ու խաչել՝ բազուկները տարածելով եւ առանց բեւեռների պրկելով խաչափայտին, որպէսզի նրա չարչարանքները երկարատեւ լինէին: Մարդկանց բազմութիւնը գնում էր նրա յետեւից եւ բարձրագոչ ասում. «Ի՞նչ է արել այդ արդար մարդը եւ Աստուծոյ բարեկամը, որ պէտք է խաչուի», իսկ Անդրէասը խնդրում էր ժողովրդին, որ չխափանի իր նահատակութիւնը: Նա գնում էր ուրախութեամբ եւ չէր դադարում հետեւորդներին ուսուցանելուց: Եւ երբ երանելի առաքեալը հեռուից տեսաւ իր համար պատրաստուած խաչը, ուրախութեամբ բարձրագոչ ասաց. «Ողջո՛յն քեզ, պատուակա՛ն Խաչ, որ սրբուած ես Քրիստոսի Մարմնով եւ զարդարուած Նրա անդամների մարգարիտներով: Նախքան Տիրոջ քեզ վրայ ելնելը դու երկիւղալի էիր, բայց այժմ սիրելի ես ու յոյժ ցանկալի: Արդ, ես ուրախութեամբ գալիս եմ քեզ մօտ, եւ դու էլ ուրախութեամբ ընդունիր Նրա աշակերտին, Ով կախուեց քեզնից: Ես միշտ տենչացել եմ եւ այժմ էլ փափագում եմ փարուել քեզ: Ով պատուակա՛ն Խաչ, վերցրո՛ւ ինձ մարդկանց միջից եւ յանձնի՛ր իմ Վարդապետին, որպէսզի Նա ինձ ընդունի քեզնով, եւ քո միջոցով ինձ փրկութեան առիթ լինի»:
Այս ասելով՝ նա մերկացաւ իր հանդերձներից, իսկ դահիճները խաչի վրայ պրկեցին նրան: Ժողովուրդը, որ շուրջ քսան հազար էր, լաց էր լինում եւ բողոքում դատաւորից, որոնց թւում էր նաեւ Եգէասի եղբայրը՝ Ստրատոկլէսը: Իսկ առաքեալը զօրացնում էր ի Քրիստոս հաւատացեալների միտքը եւ յորդորում համբերել ժամանակաւոր նեղութիւններին, որոնց փոխարէնը յաւիտենականն է: Սակայն խռովուած ժողովուրդը յարձակուեց դատաւորի վրայ եւ ստիպեց առաքեալին իջեցնել խաչից: Այնժամ դատաւորը վախեցած եկաւ խաչի մօտ եւ հրամայեց դահիճներին՝ արձակել առաքեալին, սակայն դահիճները չկարողացան մօտենալ նրան: Նրանք կապուեցին աներեւոյթ զօրութեամբ ու զարհուրեցին, որովհետեւ Անդրէասն աղաչեց Տիրոջը, որ նախքան իր հոգին աւանդելը իրեն չիջեցնեն Խաչից: Եւ ահա բոլորի առջեւ երկնքից փայլակնաձեւ լոյս իջաւ, պատեց առաքեալի շուրջբոլորն այնպէս, որ ոչ ոք չէր կարողանում նայել նրան: Կէս ժամ անց՝ լոյսի մեկնելուն զուգընթաց, երանելին աւանդեց իր հոգին՝ խօսելով Քրիստոսի հետ մտերմօրէն եւ քաղցր սիրով:
Մաքսիմիլլա անունով մի երեւելի կին վերցրեց սուրբ առաքեալի մարմինը, պատեց մաքուր կտաւներով, իւղերով եւ խունկերով ու պատուով թաղեց մի առանձին շիրիմում: Սա եղաւ աքայացիների Պատրաս քաղաքում նոյեմբերի երեսունին: Ժամանակ անց՝ Կոստանդ կայսեր օրօք, սուրբ Անդրէասի մարմինը բերուեց Բիւզանդիա եւ դրուեց սուրբ առաքեալների տաճարում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Անդրէաս առաքեալին յիշատակում է Փիլիպոս առաքեալի հետ, սուրբ Խաչին յաջորդող իններորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը:
ՍՈՒՐԲ ԱՆԴՐԷԱՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ԸՍՏ ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔԻ
Երբ սուրբ առաքեալները հրաման առան ամբողջ երկրով եւ ամբողջ աշխարհում քարոզել սուրբ Աւետարանը եւ մկրտել բոլոր հեթանոսներին Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, Մատթէոս առաքեալին վիճակուեց գնալ մարդակերների երկիրը, որն ասում են, թէ դա Պոնտոսի ծովափնեայ Սինոպ քաղաքն է: Այդ քաղաքի բնակիչները մարդակերներ էին, որոնք ուտում էին իրենց մեռելներին: Ում կամենում էին, ուշաթափեցնում էին թմրադեղով, հանում էին աչքերը, մշակում երեսուն օր եւ ապա մորթում: Ուտում էին մարդկանց միսը եւ ըմպում արիւնը: Գնում էին ծովով ու ցամաքներով, որսում մարդկանց եւ այդպէս անում: Նրանք սովորութիւն չունէին ո՛չ վարելու, ո՛չ վաստակելու: Եւ երբ Մատթէոսը մտաւ այդ քաղաք, որպէս օտարականի բռնեցին նրան, տարան բանտ, թմրադեղ խմեցրին եւ խաւարեցրին աչքերը, սակայն Քրիստոսի շնորհով նա ո՛չ խելքը կորցրեց, ո՛չ ուշաթափուեց եւ ո՛չ էլ կուրացաւ, այլ զուարթ սրտով աղօթելով եւ գոհանալով՝ փառաւորեց Աստծուն ու խնդրեց օգնութիւն եւ փրկութիւն իր անձի համար: Եւ ձայն լսուեց երկնքից, որն ասաց իրեն. «Մի՛ վախեցիր, Մատթէո՛ս, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Համբերի՛ր քսանեօթ օր, եւ Ես քեզ մօտ կ՚ուղարկեմ Անդրէաս առաքեալին, որը քեզ դուրս կը բերի այդտեղից եւ դէպի Ինձ կը դարձնի մոլորուած մարդկանց»:
Եւ քսանեօթ օր յետոյ Տէրը երեւաց Անդրէասին ու ասաց. «Ե՛լ, գնա՛ մարդակերների երկիրը եւ Մատթէոսին դուրս բեր բանտից»: Իսկ Անդրէասը ծանր համարեց Տիրոջ կողմից իրեն հրամայուածը իր ծերութեան եւ մարմնի անկարողութեան պատճառով: Տէրը եւս երեք անգամ երեւաց Անդրէասին եւ ասաց՝ գնա՛, բայց նա հրաժարուեց գնալ: Եւ ապա Տէրը չորրորդ անգամ երեւաց Անդրէասին ու հրամայեց գնալ, օգնել Մատթէոսին եւ չյապաղել: Այնժամ նա վեր կացաւ ու իր աշակերտների հետ գնաց ծովափ եւ գտաւ մի նաւ, որը պատրաստել էր Տէրը: Յիսուս՝ նաւապետի եւ այլ հրեշտակներ՝ նաւավարների կերպարանքներով երեւացին նրան: Անդրէասը տեսաւ նաւը, տեսաւ նաեւ Նաւապետին ու նաւավարներին, բայց չճանաչեց նրանց: Երբ նրանց հարցրին՝ ուր էք կամենում գնալ, պատասխանեցին՝ մարդակերների երկիրը: Անդրէասն ասաց. «Վերցրէ՛ք մեզ ձեր նաւի մէջ», իսկ Նաւապետն ասաց. «Տուէ՛ք Ինձ նաւի վարձը»: Անդրէասն ասաց. «Ո՛չ նաւի վարձն ունենք, ո՛չ էլ հաց, որ ուտենք»: Նաւապետն ասաց. «Ապա ինչպէ՞ս պիտի գնաք»: Անդրէասը պատասխանեց. «Ես Յիսուս Քրիստոսի՝ Աստուծոյ Որդու աշակերտն եմ եւ հրաման ունեմ իմ Վարդապետից, որ ուր էլ գնամ, ինձ հետ չվերցնեմ ո՛չ հաց եւ ո՛չ էլ դրամ»: Նաւապետն ասաց. «Յանուն քո Վարդապետի պատուիրանների՝ քեզ կը վերցնեմ նաւի մէջ, բայց քո աշակերտների վարձի եւ կերակրի համար դու պիտի հոգաս»: Անդրէասն ասաց. «Նրանք էլ իրենց հետ ոչինչ չվերցնելու մեր Տիրոջ նոյն պատուէրն ունեն»: Նաւապետն ասաց. «Յանուն ձեր Վարդապետի պատուիրանների եկէ՛ք, նստէ՛ք նաւ, եւ Ես կը տանեմ ձեզ ուր որ կամենաք, իսկ եթէ քաղցէք կամ ծարաւէք, Ես ձեզ հաց ու ջուր կը տամ»: Երբ Անդրէասը նաւ նստեց, Նաւապետն ասաց. «Պատմի՛ր ինձ ձեր Վարդապետի մասին: Ինչպիսի՞ն էր Նա եւ կամ ի՞նչ գործեր արեց երկրի վրայ»: Եւ Անդրէասը Նաւապետին ու նաւավարներին պատմեց այն բոլոր հրաշագործութիւնների մասին, որոնք Քրիստոս արեց երկրի վրայ: Նաւապետն ասաց. «Դու ինքդ տեսե՞լ ես Նրան, թէ՞ ուրիշներից ես լսել Նրա մասին»: Անդրէասը պատասխանեց. «Ես երեք տարի եւ չորս ամիս շրջել, կերել, խմել ու բազմաթիւ անգամ բերան առ բերան խօսել եմ Նրա հետ: Ես Նրա առաջին աշակերտն եմ, գլխաւոր առաքեալ Պետրոսի եղբայրը»: Անդրէասը խօսելիս ննջեց, իսկ երբ արթնացաւ, գտաւ իրեն քաղաքի պարիսպների մօտ: Այնժամ իմացաւ, որ այն Նաւապետը Տէրն էր Իր հրեշտակներով եւ գոհութեամբ փառաւորեց Տիրոջը:
Ապա Տէրը երեւաց նրան գեղեցկատես մանկան կերպարանքով եւ ասաց, որ նախ փորձութիւններ պիտի պատահեն իրեն գազանաբարոյ մարդկանց կողմից, եւ ապա նա պիտի դարձնի նրանց ի աստուածգիտութիւն: Եւ երբ Անդրէասը մտաւ քաղաք, գնաց այն բանտը, ուր գտնւում էր Մատթէոսը: Անդրէասի աղօթքներով պահապանները մեռելի պէս դարձան, եւ բանտի դուռն ինքն իրեն բացուեց: Ներս մտնելով՝ Մատթէոսին իր աշակերտներով ազատեց բանտից եւ նրանց ուղարկեց դէպի այն լեռը, ուր Պետրոս առաքեալն էր: Առաջանալով բանտում տեսաւ բազմաթիւ կոյր, մերկ եւ դատարկախօս մարդկանց, որոնք անասունի պէս խոտ էին ուտում: Կուրծք բախելով՝ լաց եղաւ նրանց համար եւ Քրիստոսի Խօսքով ձեռք դրեց նրանց վրայ: Իսկոյն բացուեցին մոլորուած մարդկանց աչքերն ու մտքերը, եւ նա բոլորին քաղաքից դուրս բերեց: Այնտեղ նա տնկեց իր գաւազանը, որը շատ արագ արմատներ տուեց եւ թուզ պտղաբերեց: Անդրէասը պատուիրեց նրանց՝ ուտել ծառի պտղից, մնալ տեղում ու լսել իրեն: Նրանք 209 տղամարդիկ եւ 48 կանայք էին, որոնց ազատեց մահից եւ բոլորին լուսաւորեց հոգով ու մարմնով: Եւ որքան ուտում էին այն թզենուց, այնքան շատանում էր նրա պտուղը:
Անդրէասը մտաւ միւս բանտը եւ այնտեղ գտաւ մի աւազան, որի մէջ հաւաքում էին մարդկանց արիւնը եւ խմում: Տեսաւ նաեւ դահիճների, որոնք իրենց ձեռքին սուսեր ունէին: Նրանք մորթելու համար փնտրում էին մարդկանց, բայց չէին գտնում, եւ երբ տեսան Անդրէասին, զարհուրեցին, սրերն ընկան նրանց ձեռքից, սկսեցին ողբալ ու ասել. «Ի՞նչ անենք, քանզի ահա մեռնում ենք սովից»: Ապա բռնեցին մի ծեր մարդու եւ երբ կամեցան մորթել նրան, նա ասաց. «Ես գեղեցիկ ու պարարտ մի որդի ունեմ, նրան մորթեցէք եւ ոչ թէ ինձ»: Նոյնպէս էլ մի պառաւ իր դստերն էր տալիս մորթուելու: Իսկ Անդրէասն ապշած աղաչում էր Աստծուն՝ տալ դրանց զգաստութեան հոգի: Այնժամ երեւաց քաղաքի իշխանների սատանան եւ ասաց նրանց. «Վա՛յ, ձեզ եւ ձեր թշուառ կեանքին, որովհետեւ դուք ահա մեռնելու էք սովից: Այժմ լսէ՛ք ինձ, որովհետեւ ես ձեզ մի խրատ եմ տալու: Եթէ կամենում էք ապրել, ապա ջանացէք գտնել այն օտար մարդուն, որը մտաւ քաղաք եւ փախցրեց մորթելու համար ձեր բտած ու պարարտացրած մարդկանց: Բռնէ՛ք եւ սպանէ՛ք նրան, որովհետեւ նա մոլորեցրեց դահիճներին ու փախցրեց գիրացած մարդկանց»: Իսկ Անդրէասը, որ այնտեղ էր, տեսնում էր սատանային եւ լսում էր, թէ նա ինչ էր ասում, բայց սատանան Անդրէասին չէր տեսնում, այլ միայն նրա ձայնն էր լսում: Նոյնպէս եւ մարդիկ չէին կարողանում տեսնել Անդրէասին, այլ միայն լսում էին նրա ձայնը, որն աղօթում էր եւ սատանային ասում. «Հեռացի՛ր այստեղից, պի՛ղծ թշնամի եւ ճշմարտութեա՛ն հակառակորդ»: Այնժամ Անդրէասի Տէրը հրամայեց եւ երեւաց նրանց, որոնք բռնեցին նրան, ոտքերից պարան կապեցին եւ երեք օր քարշ տուեցին քաղաքի փողոցներով եւ հրապարակներով, մինչեւ որ ջարդուեցին նրա բոլոր ոսկորները, եւ շատ արիւն հոսեց նրա մարմնից: Անդրէասն աղաղակեց Տիրոջը եւ նոյն պահին իր թափած արեան տեղում տեսաւ բուսած պտղալից մի ծառ, որից շատ ուրախացաւ եւ իր տանջանքները ոչինչ համարեց: Ապա նրան բանտ գցեցին: Տէրն իջաւ, բանտում առողջացրեց նրա բոլոր վէրքերը եւ ասաց. «Քաջալերուի՛ր եւ մի՛ վախեցիր, որովհետեւ Ես քեզ հետ եմ»:
Յաջորդ օրը նրան դուրս բերեցին բանտից եւ սկսեցին չարչարանքների մատնել: Այդ քաղաքում կար քարաշէն կուռքի մի մեծ արձան, որը տեսնելով՝ Անդրէասն ասաց. «Վախեցի՛ր Քրիստոսի Խաչից, որից դողում են երկինքն ու երկիրը: Ջո՛ւր հեղիր քո բերանից, որ ջրհեղեղ լինի՝ ի խրատ այս քաղաքի անգէտ եւ գազանաբարոյ մարդկանց»: Եւ իսկոյն՝ սուրբ առաքեալի ասելուն պէս, կուռքի բերանից առատ աղի ջուր հոսեց, լցրեց քաղաքը, բարձրացաւ եւ հասաւ մինչեւ մարդկանց պարանոցները: Շատերը մեռան, իսկ քաղաքի շուրջը հրեղէն ամպ պատեց, որպէսզի մարդիկ չկարողանան փախչել: Այդ տեսնելով՝ նրանք ընկան առաքեալի ոտքերը եւ թախանձելով ու արտասուքներով փրկութիւն խնդրեցին իրենց անձանց համար: Այնժամ Անդրէասն ասաց կուռքին. «Դադարեցրո՛ւ այդ ջուրը քո բերանից եւ ցամաքեցրո՛ւ այն»: Եւ իսկոյն կուռքի բերանից դադարեց ու ցամաքեց ջուրը, պատռուեց երկիրը եւ կուլ տուեց հեղած ջուրը: Կուլ տուեց նաեւ կուռքին, այն ալեւորին, որն իր փոխարէն մորթուելու էր տալիս իր որդուն, տասնչորս դահիճներին եւ այն պառաւին: Երբ առաքեալն աւարտեց իր քարոզչութիւնը, դարձեալ դուրս բերեց նրանց՝ դժոխքի յատակում թողնելով միայն կուռքին: Հեռացաւ նաեւ այն հրեղէն ամպը, որը շրջապատել էր քաղաքին: Այնժամ Անդրէասն սկսեց քարոզել եւ ուսուցանել ժողովրդին, որոնք հաւատացին Քրիստոսին, եւ ապա մկրտեց բոլորին: Դուրս բերեց անթիւ բազմութեամբ խորասուզուածներին: Շինեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ, կանգնեցրեց մկրտութեան աւազան եւ սուրբ Սեղան, մատուցեց աստուածային սուրբ Պատարագ, նրանց հաղորդ դարձրեց Աստուծոյ Որդու Մարմնին եւ Արեանը ու լուսաւորելով ամբողջ քաղաքը՝ հաստատեց Քրիստոսի հաւատքի մէջ:
Սուրբ Եկեղեցու նաւակատիքից եօթ օր յետոյ Անդրէասը ելաւ-գնաց Բիւզանդիա, որտեղ սերմանեց կենաց Խօսքը եւ Իր Եւտաքէոս աշակերտին, որը Քրիստոսի եօթանասուն աշակերտներից մէկն էր, ձեռնադրեց Բիւզանդիայի եպիսկոպոս: Ապա այնտեղից սուրբ Անդրէաս առաքեալը գնաց Հելլադա՝ քարոզելու Քրիստոսի Աւետարանը, որտեղ Եգիատէս դատաւորը բանտարկեց նրան: Շատերն այցելում էին նրան, եւ նա ուսուցանում էր նրանց Քրիստոս Աստուծոյ հաւատքը, որից բարկացած՝ Եգիատէսը հրամայեց պարտէզում խաչել նրան: Գալով խաչի մօտ՝ Անդրէասը մեծապէս փառաբանեց նրան եւ ժողովրդին քարոզեց այն շնորհների մասին, որոնք Աստուած պարգեւեց սուրբ Խաչին: Ապա խաչեցին նրան, եւ այդպէս խաչից կախուած՝ նա երեք օր ուսուցանեց կենաց Խօսքը: Շատերը գնացին Եգիատէս դատաւորի մօտ՝ սպանելու նրան, սակայն սուրբ Անդրէաս առաքեալն արգելեց նրանց: Նա գոհացաւ Աստծուց եւ երկար աղօթելով՝ աւանդեց իր հոգին առ Աստուած, որ եղաւ նոյեմբերի երեսունին:
Անդրէաս առաքեալը Նեփթաղիմի ցեղից էր, Պետրոս առաքեալի եղբայրը եւ Քրիստոսի առաջին աշակերտը:
Քրիստո՛ս Աստուած, Քո ընտրեալ աշակերտների եւ կենաց Խօսքիդ քարոզիչների աղաչանքներով ողորմի՛ր այս գիրը թողնողին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: