Ա. Լոպուխին
Լսե՛ք Ինձ, կարծրասիրտնե՛ր, որ հեռու եք արդարությունից։ [12] (Սինոդական թարգ․)
Այս գլխի վերջին երկու համարներում վերջնական կոչ է ուղղվում ա՛յն մարդկանց, որոնց սրտերը վերջնականապես կարծրացել էին և որոնց լսողությունը հատկապես դժվարանում էր «որսալ» մարգարեական խոսքը, ու այդ իսկ պատճառով էլ մարգարեն նրանց մոտ է գալիս միայն ամեն բանի վերջում՝ նախորդող երկու պատգամները հնչեցնելուց հետո, որոնցից առաջինն ուղղված էր «մնացորդին» («լավագույն մասին»)՝ Իսրայելի տանը (Ես․ 46։3), իսկ երկրորդը՝ «ուրացողներին», այսինքն՝ Իսրայելի թեև ավելի մեծ, բայց վատագույն հատվածին (Ես․ 46։8)։
«Կարծրասիրտնե ՛ր, որ հեռու եք արդարությունից․․․» - Թեև Սուրբ Գրքում «կարծրասիրտներ» ասելով սովորաբար նկատի է առնվում առհասարակ ողջ «կարծրասիրտ» Իսրայելը, որը, չնայած իրեն շնորհված բոլոր օրհնություններին և հրաշքներին (Եզեկ. 2:6, 3:7, Ես. 50:2, 45:2), չհավատաց Մեսիային, սակայն, այնուամենայնիվ, հեղինակի մտքերի ընթացքը ցույց է տալիս, որ այս դեպքում մենք չպետք է նկատի ունենանք ամբողջ Իսրայելին, այլ նրա «ամենաանհույս» զանգվածին։
Մարգարեի մեղադրական-խրատական խոսքն ունի իր խստության աստիճանները, և այս խոսքը ամենաբարձր ու վերջին աստիճանի վրա է գտնվում, այսինքն՝ ուղղված է ո՛չ թե սովորական հրեաներին, այլ նրանցից ամենակարծրասիրտներին, մասնավորապես, օրինակ, հրեա դպիրներին ու քահանայապետներին, որոնք իրենք իրենց կամքով չէին ուզում մուտք գործել Երկնքի Արքայություն, ինչպես նաև մյուսներին, որոնք ցանկանում էին մուտք գործել այնտեղ, սակայն նրանց չի թույլատրվում դա անել (Մատթ․ 23:13)։ Նրանք կոչվում են նաև «արդարությունից հեռու գտնվողներ»․ «արդարություն» ասելով, համաձայն Աստվածաշնչյան լեզվի, սովորաբար նկատի է առնվում Նա, Ով ավելի ուշ Իր մասին ասաց՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ․ 14:6)` Նրա որոշումները, Նրա արդար դատաստանները: Այս «արդարության» ավելի մասնավոր իմաստը բացահայտվում է հաջորդ համարում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ.
(Արարատ թարգ․) Լսե՛ք ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից։
(Գրաբար) Լուարուք ինձ կորուսեալքդ սրտիւք` հեռացեալքդ յարդարութենէն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: