ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐՔԸ

Հիացան անմարմինքն` տեսանելով զերանելին Նիկողայոս,

Որ ի մարմնի վարս ստացեալ անհամեմատ մարմնաւորաց.

Աղօթիւք սորա հայցեցէք զթողութիւն մեղաց մերոց:

Ուրախացիր մայր Սիոն, եւ զարդարեա զքո զառագաստդ անճառապէս,

Զի անմարմին բելիարայ յաղթեաց մարմնով երանելին Նիկողայոս.

Աղօթիւք սորա հայցեցէք զթողութիւն մեղաց մերոց:

Մաղթանօք մեղուցեալքս, հայցեմք ի քէն Ամենասուրբ Երրորդութիւն,

Զի ներեսցես մեղաց մերոց աղաչանօք Նիկողայոսի.

Աղօթիւք սորա հայցեցէք զթողութիւն մեղաց մերոց:

(Շարակնոց)

 

Աշխարհաքարոզ, ամենահռչակ եւ սքանչելագործ սուրբ Նիկողայոս հայրապետը, որ ի սկզբանէ եւ մինչ օրս յոյժ մեծարուած է Արեւելքում ու Արեւմուտքում եւ իր արագահաս օգնութեամբ յորջորջուած է որպէս ազատարար հրեշտակ  ծովի ու ցամաքի վրայ, հիացնում է իր վարքագիրներին: Իսկ ընթերցողները զարմանում են, թէ ինչպէս նրանք կարողացան բովանդակել սուրբի բոլոր մեծամեծ գործերը՝ սկսած ծննդեան օրուանից մինչեւ աշխարհից փոխուելը, ինչպէս նաեւ անթիւ հրաշագործութիւնները թէ՛ իր կենդանութեան եւ թէ՛ մահից յետոյ: Նախկիններից եւ նրանց յաջորդներից ոչ ոք չկարողացաւ ծաղկաքաղ անելով ամբողջացնել նրա լիակատար պատմութիւնը. ոմանք արձանագրեցին նրա վարքի, գործերի եւ հրաշագործութիւնների մի մասը, ոմանք՝ մէկ այլ մասը եւ կամ էլ դրուատեցին ներբողներով ու շատից քիչը յայտնի դարձրեցին:

 

Առ այս կ՚առաջադրեմ սուրբ Պետրոս Դամիանոսի 1` սքանչելագործ Նիկողայոս հայրապետի մասին ներբողեան խօսքի հետեւեալ նախաբանը. «Իմ, բայց առաւել ձեր Նիկողայոսը` մօր որովայնից ընտրեալը, մանկութիւնից սուրբը, երիտասարդների պարծանքը, ծերերի պատիւը, քահանաների փառքը, քահանայապետերի պայծառութիւնը, իրենով ձեր հաւաքը տօնակատարութեամբ ուրախ է դարձնում: Սա այն Նիկողայոսն է, որի հրաշագործութիւնները սփռուած են աշխարհի ամբողջ լայնութեամբ: Նրան գովաբանում են տիեզերքը եւ աշխարհի բոլոր բնակիչները, որովհետեւ այնքան բազմաթիւ են նրա գործած հրաշքները, որ ո՛չ հանճարեղ մատենագիրները կարող են դրանք արժանապէս դրոշմել գրով եւ ո՛չ էլ մենք՝ վերծանել...: Քանզի այս խոստովանող հայրապետի փառաւորութիւնը յաղթում է ձայնին եւ մտքին, լեզուին ու գիտակցութեանը: Օրէցօր շատանում են նրա հրաշագործութիւնները, եւ Աստուծոյ Սուրբ Հոգին չի դադարում Իր զօրականի յիշատակի համար սքանչելիքներ գործել: Նա փառաւորւում է ծովերի վրայ, գովաբանւում ցամաքում եւ կանչուած լինում բոլոր վտանգների ժամանակ»:

 

Արդ, մեր տարբեր ճառընտիրներում սուրբ Նիկողայոսի վարքագրութեան երեք-չորս օրինակներ կան, որոնցից գլխաւորը՝ թարգմանուած վկայասէրի կողմից, սուրբ Նիկողայոսի երախտաւորներից մէկի գործն է, որն իր առաջաբանն սկսում է այս խօսքերով. «Արժանի է, որ բոլորը գովաբանեն ու պատուեն Աստուծոյ բոլոր սուրբերին եւ երանելի ընտրեալներին ու գովասանքով կատարեն նրանց յիշատակը: Բայց առաւել հարկ է յիշատակել նրանց, որոնք աւելի պայծառափառ են մեծամեծ նշաններով եւ սքանչելիքներով ու Աստծուց զօրութիւն ստանալով՝ օգնում եւ առողջացնում են մարդկանց՝ լինելով նրանց համար խնամակալներ ու ապաստարաններ: Եւ նա՝ գլուխը եւ առաջնորդը, մեծապատիւ եւ լուսաւորիչ քահանայապետը, հռչակաւոր սքանչելագործը, առաջնորդութեամբ հռչակուածը, մեծ եւ բազմասքանչ անունը, արագահաս օգնականը, նրանցից մէկն է, որը մեծարւում  եւ փառաբանւում է՝ քարոզուելով աշխարհի բոլոր ծայրերում: Բոլոր ազգերն ու ժողովուրդները եւ մարդկանց բոլոր որդիները նրան օգնութեան են կանչում իրենց վշտերի ու փորձութիւնների մէջ ... , քանզի երբ նա յիշատակւում է թէ՛ նշանագրելով, թէ՛ աղօթքներով, թէ՛ անգամ լոկ իր անունը տալով, հասնում է ամենուր, սքանչելագործում եւ հանապազ օգնում իւրաքանչիւր մէկին. բժշկում է հիւանդներին, փարատում տրտմածներին, փրկում բոլորին եւ, անկասկած, յարաժամ բարեգործութեամբ այս վկայութիւնն է առնում ամբողջ աշխարհից:

 

Սակայն մինչ օրս որեւէ մէկն ըստ կարգի չի շարադրել սուրբ Նիկողայոսի հրեշտակային եւ գերասքանչ գործերը` ո՛չ նախկինները, ո՛չ էլ նրանց յաջորդած իմաստուն եւ խոհեմազարդ այրերը, որի համար համակւում եմ մեծ տխրութեամբ եւ տրտմութեամբ: Հին եւ մերօրեայ այրերից շատերը դրուատական խօսքերով գովաբանել են այս մեծ հռչակաւոր այր Նիկողայոսին, ոմանք փոքր ի շատէ եւ մասնակիօրէն թողել են նրա զարմանազան սքանչելիքների առանձին պատմութիւնները, եւ ոմանք էլ գրել են այլ սքանչելի գործերի մասին, որոնք յաճախակի յիշատակւում են ամենուր: Եւ ինչպէս կանխաւ ասացի, չգտնուեց մէկը, որն ըստ կարգի կը պատմէր նրա ամբողջ կեանքի եւ դրանից յետոյ եղած հիահրաշ սքանչելիքների մասին: Ես ինքս, փորձութիւնների ու նեղութիւնների մէջ ընկնելով, բազմիցս վայելել եմ նրա արագահաս օժանդակությունը եւ պարտական մնացել նրա մեծութեանը:

 

Եւ ես, որ զանազան չարիքների շտեմարան եմ ու հեռու ճշմարտութիւնից եւ միաժամանակ աղքատ խօսքով ու գիտութեամբ, ուստի անհնար է ինձ համար այս գործը ձեռնարկելը: Սակայն հրաման ստացայ քրիստոսասէր մարդկանց կողմից, որի համար կամովին ընդունեցի եւ ողջ կարողութիւնս տուեցի այս գործին: Փափագը, որ սկզբնապէս ունէի, զօրաւոր համարեցի եւ հրահանգողներից յոյժ ամաչելով՝ հարկադրուած գրեցի սուրբի լիակատար պատմութիւնը՝ աններելի համարելով յապաղելը: Արդ, ինձ ուղղէք ձեր մտքերն ու ականջները, որ կամենում էք լսել այս սքանչելագործ սուրբի պատմութիւնը: Այն կը պատմեմ ոչ թէ ներբողական հիւսմամբ եւ գեղեցկազարդ խօսքերով, այլ կը խօսեմ պարզ եւ անպաճոյճ, որպէսզի հասկանալու համար դիւրութեամբ ընկալեն նաեւ ռամիկներն ու անգէտները»:

 

Այս հռչակաւոր եւ երանելի Նիկողայոս քահանայապետը, որի անունը թարգմանաբար նշանակում է «յաղթող ժողովուրդ», ծննդեամբ ասիացի էր՝ Լիկիայի 2 երկրամասի Միւռիա քաղաքից, որ գտնւում է ոչ հեռու Զմիւռնիայից 3: Հօր անունը Եպիփան էր, իսկ մօր անունը՝ Նունէ, որոնք գրեթէ առաջացած տարիքում ուխտով ստացան իրենց միամօր զաւակին՝ Նիկողայոսին, որը սուրբ էր դեռեւս իր մօր որովայնից եւ ընտրուած Աստուծոյ կողմից՝ նախքան մօր յղութիւնը: Եւ ծնողներին աստուածային յայտնութիւն եղաւ, քանզի երբ նա ծնուեց եւ եօթօրեայ մանուկ եղաւ, նրան խնամողները տեսան, որ ննջարանում գրեթէ երկու ժամ նա կանգնեց իր ոտքերի վրայ: Այս դէպքից յետոյ նրա բարեպաշտ մայրը վերաբերւում էր նրան որպէս նոր Սամուէլի եւ մեծացնում նրան Աստուծոյ համար: Մայրական կաթով սնուելու ընթացքում աւելացաւ մէկ այլ սքանչելիք. չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին մանուկը միայն մէկ անգամ՝ իններորդ ժամին էր կերակրւում մօր ստինքներից:

 

Նիկողայոսի քեռին՝ Նունէի եղբայր տէր Նիկողայոսը, որը Միւռիայի եպիսկոպոսն էր, Աստուծոյ առաջ մի ընտրեալ եւ սուրբ այր էր: Երբ նա լսեց իր անուանակից քրոջ որդու սքանչելի ծննդեան եւ զարմանալի աճի մասին, մեծ ուրախութեամբ գոհացաւ Աստծուց եւ բոլորին պատմեց, որ Տէրը տեսիլքով ցոյց է տուել իրեն՝ մանկան ի Քրիստոս առաջադէմ լինելու մասին: «Տեսնում եմ, - ասաց, - երկրի վրայ ծագած նոր արեգակին: Երանի այն հօտին, որ պիտի այսպիսի հովիւ ունենայ»:

 

Երբ մանուկը հինգ տարեկան դարձաւ, տառերն ու նշանագրերը սովորելու համար ծնողները նրան յանձնեցին մի պատուական դպրի, քանզի նրա մեծանալուն զուգընթաց աւելանում էին նաեւ առաքինութեան շնորհները: Մի օր դպրոց գնալու ճանապարհին նրան պատահեց Նոնիս անունով մի կին, որը քաղաքամերձ գիւղից էր: Գօսացած ոտքերով եւ խիստ տառապած կինն աղաչեց մանկանը, որ բժշկուի իր ցաւերից: Եւ նա, աղօթելով ու կնքելով կնոջը Խաչի նշանով, ազատեց նրան հիւանդութիւնից:

 

Տեսնելով, որ կարճ ժամանակամիջոցում Նիկողայոսը բաւականաչափ լի էր Սուրբ Հոգու իմաստութեամբ, ծնողները խորհրդակցեցին նրա սուրբ քեռու հետ, իրենց աստուածատուր որդուն՝ որպէս սուրբ պտուղ, եկեղեցու ծառայութեանն ընծայելու համար: Եւ նա՝ որպէս հրեշտակ մարմնի մէջ, սպասաւորելով եկեղեցում ամենայն սրբութեամբ եւ անարատ կենցաղավարութեամբ, ձեռնադրուեց տասնինը տարեկան հասակում եւ կոչուեց քահանայութեան՝ ծառայելու սուրբ Սիոն եկեղեցում՝ իր քեռու շինած Աստուծոյ գեղեցկազարդ տաճարում: Շատ չանցած՝ Նիկողայոս եպիսկոպոսն ուխտագնացութիւն արեց դէպի Երուսաղէմ եւ եկեղեցու հոգսերը յանձնեց իր երկու եղբայրներին՝ Արտեմէսին ու Երմիոնին, որոնք իրենց քրոջ որդու՝ Նիկողայոս քահանայի հետ վանքի երէցներն էին:

 

Ժամանակ անց՝ Նիկողայոս քահանայի ծնողների վախճանուելուց յետոյ նա մեծ ունեցուածքի ժառանգորդ դարձաւ, որն ամբողջութեամբ լռելեայն բաշխեց աղքատներին: Եւ նաեւ հոգիների փրկութեան համար ողորմութեան մի այսպիսի գործ արեց. նա լսեց, որ քաղաքում կար մի մեծահարուստ մարդ, որը կորցրել էր իր ունեցուածքը: Այդ պատճառով նա չկարողացաւ ամուսնացնել իր երեք դուստրերին, ինչպէս կանէր առաջ, որի համար որոշեց կոյս աղջիկներին հասարակաց տուն յանձնել: Այնժամ սուրբ Նիկողայոսը շտապեց վերցնել այնքան ոսկիներ, որ բաւական լինէր անդրանիկ դստեր ամուսնութեան եւ հարսանիքի համար, ու գիշերուայ մէջ ծածուկ տարաւ եւ տան պատուհանով նետեց ոսկով լի ծրարը: Երբ այդ մարդն իր տան յատակին տեսաւ ծրարը, զարմացաւ, թէ որտեղից է, եւ ապա այն պարգեւ համարելով՝ ամուսնացրեց իր աւագ դստերը: Երբ Նիկողայոսը տեսաւ, որ ողորմութեան բարի գործ կատարուեց, դարձեալ գիշերուայ մէջ այլ ծրար նետեց: Վերցնելով այն՝ հայրն ամուսնացրեց նաեւ երկրորդ դստերը: Եւ երբ սուրբը նոյն տեղով երրորդ դստեր մասը նետեց, հայրն իմացաւ ու շտապ հասաւ Նիկողայոսի յետեւից: Գոհանալով ընկաւ սուրբի ոտքերը, նրան կոչեց հոգիների եւ մարմինների փրկիչ, իսկ սուրբը պատուիրեց մինչեւ մահ այդ մասին ոչ ոքի չասել:

 

Սուրբ Նիկողայոսը երեքուկէս կանգուն լայնութիւն եւ քառասուն կանգուն երկարութիւն ունեցող մի նոճենի կտրեց, որում բնակուող դեւերը զարհուրեցնում էին գիւղի բնակիչներին ու ստիպում պաշտել իրենց: Նա սղոցել տուեց ծառը, իսկ փայտը տանել տվեց սուրբ Սիոն եկեղեցի՝ բարեշինութեան համար: Աղօթքներով սրբեց նաեւ աղբիւրի ջուրը, որի մէջ ընկղմուել էր այսահար մի կին եւ լեռներից քաղցրահամ աղբիւրներ բխեցրեց: Սուրբի մօտ բերեցին կրկնակի շղթաներով կապուած այսահար մի մարդու, որի անունը Նիկողայոս էր, եւ գցեցին սուրբի ոտքերի առաջ: Գթալով նրան՝ սուրբն ասաց. «Արձակէ՛ք դրա կապանքները եւ մի՛ վախեցէք, որովհետեւ Տէրը մօտ է՝ օգնելու նրան»: Ասացին. «Եթէ արձակենք, նա կը փախչի, եւ ոչ ոք չի կարող հասնել նրա յետեւից»: Սուրբն ասաց. «Ասացի՝ արձակէ՛ք դրան եւ թողէք, որ գնա խաղաղութեամբ»: Եւ առողջացած այդ մարդն ուրախութեամբ իր տուն գնաց:

 

Իսկ երանելի Նիկողայոս քահանան, կամենալով փախչել փառքից եւ առանձնանալ Եգիպտոսի անապատում, որն այդժամ ծաղկունք էր ապրում Անտոն Մեծի առաջնորդութեամբ, առիթ ունեցաւ այցելելու Երուսաղէմ եւ երկրպագել սուրբ վայրերին: Ծովի մէջտեղում սուրբը նաւում տեսաւ հակառակորդ սատանային, որն իր ձեռքին երկսայրի սուր ունէր: Նա պտտւում էր նաւի շուրջն ու սպառնում կտրել նաւի առագաստի ճոպանները: Սուրբը պատմեց տեսիլքը նաւում եղողներին եւ ասաց. «Որդեակնե՛ր, աղօթէ՛ք բոլորդ, որովհետեւ մեծ արհաւիրք է պատրաստւում հասնել մեզ վրայ»: Եւ ահա երեկոյեան աղօթքից յետոյ յանկարծակի սաստիկ հողմ բարձրացաւ, եւ ծովում մեծ ալեկոծութիւն եղաւ, որի ալիքները ցանկանում էին գցել ու ընկղմել խաչը, որ կար կայմի գագաթին: Նաւում գտնուողներն ահաբեկուած եւ արտասուքներով ընկան սուրբի ոտքերը, իսկ նա ասաց. «Որդեակնե՛ր, Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր օգնութեան են կանչում Իրեն»: Ապա սուրբն աղօթեց, հողմն ու մրրիկը դադարեցին, եւ խաղաղութիւն եղաւ:

 

Սակայն բանսարկուն չդադարեց ալեկոծել նաւորդներին. երբ սուրբի հրամանով երիտասարդներից մէկը բարձրացաւ սեան վրայ՝ խաչը դարձեալ տեղադրելու, իջնելիս սատանան նրան վայր գցեց, եւ նա մեռաւ: Բոլորը մեծ սուգ արեցին եւ անմխիթար ողբացին երիտասարդի համար, իսկ սուրբ Նիկողայոսն ասաց. «Այդպէս մի՛ ողբացէք, այլ աղաչէ՛ք Աստծուն, որ ի ամօթ դեւի՝ նա կենդանանայ»: Եւ երբ սուրբը մօտեցաւ մեռելին ու աղօթեց, երիտասարդն արթնացաւ, ինչպէս քնից, եւ բոլորը փառաւորեցին Աստծուն:

 

Երբ հասան Ալեքսանդրիա, նաւավարները տարածեցին սուրբի կատարած հրաշքի մասին, որի պատճառով ամբոխը շրջապատեց եւ նրա մօտ բերեց ախտաժէտներին, իսկ սուրբն աղօթքներով բժշկեց բոլորին:

 

Մի քանի օր շրջելով Եգիպտոսում՝ երանելին գնաց Երուսաղէմ եւ երկրպագեց սուրբ վայրը, ըստ ոմանց՝ նաեւ պատուական Խաչը, որովհետեւ համարեցին, որ նրա այցելութիւնը Հեղինէի միջոցով գտնուած Խաչի համար էր: Եւ մինչ դեգերում էր այդ վայրերում եւ մտածում առանձնանալ անապատում, Աստուծոյ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Վերադարձի՛ր քո տեղը եւ մի՛ թող քո եկեղեցին»: Այդպէս նաւ նստեց եւ խաղաղութեամբ հասաւ Լիկիայի Միւռիա քաղաքը, որտեղ ուրախացած ընդառաջ ելան իր եկեղեցու եւ վանքի եղբայրները:

 

Օրեր անց, երբ ձեռնամուխ էր եղել աղօթարան շինելու, եղբայրներին պատուիրեց ընթրիք պատրաստել արհեստաւորների համար: Եւ քանի որ հաց չկար՝ բացի մի նկանակից, սուրբն այն իր ձեռքն առաւ, օրհնեց եւ ութսուներեք մարդկանց առաջ  կտորների բաժանեց: Բոլորը կերան եւ յագեցան, եւ երեք լի զամբիւղ հաց աւելացաւ:

 

Մի օր էլ սուրբն իր սենեակում նիրհելիս տեսաւ երիվարին նստած մի լուսաւոր մարդու, որի ձեռքին հունձի երեք մանգաղներ կային: Համարելով, թէ նա հնձուորներից մէկն է, սպասաւորներից մէկին պատուիրեց երեք նկանակ հաց բերել նրա համար: Սակայն նա չկամեցաւ յօժարութեամբ տալ, որի համար Նիկողայոսն ասաց. «Թող երկու աղաւնի վերցնի ու գնայ»: Նա վերցրեց աղաւնիները, մանգաղներից մէկը թողեց Նիկողայոսի ձեռքին եւ ասաց. «Հասկերի հունձք է պատրաստւում աշխարհի վրայ, եւ պէտք է, որ զէնք ունենաս՝ հունձքը կնքելու ու Տիրոջն աւանդելու համար»: Այս ասելով՝ թռաւ երիվարով:

 

Նիկողայոսն արթնացաւ եւ մէկ այլ տեսիլք տեսաւ: Եկեղեցու մեծ սեղանն անշուք էր դարձել, իսկ առաստաղն աջ կողմից երկու մասի էր ճեղքուել: Անձրեւաջրերը թափւում էին այդտեղով եւ հաւաքուելով մեծ դռան մօտ՝ հոսում դէպի դուրս: Նիկողայոսը սարսափած աղաչեց Տիրոջը՝ յայտնել իրեն տեսիլքի խորհուրդը: Եօթ օր անց հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Ես եմ՝ Միքայէլը, որ միշտ կամ ու պահպանում եմ քեզ: Այժմ ես առաքուեցի Տիրոջ կողմից՝ յայտնելու քեզ, թէ ինչ է պատրաստւում անցնել աշխարհի վրայով»: Եւ պատմեց նրան եկեղեցու բաժանման մասին, որ պիտի լինի ժամանակի արիոսականների երեսից: «Իսկ այն մանգաղի խորհուրդը, - ասաց, - որ տրուեց քեզ, հունձքի ժամանակ աղօթքներով օժանդակելն է այն հոգիներին, որոնք լիկիացիների երկրից պիտի աւանդուեն Աստուծոյ ձեռքը»: Նիկողայոսն ասաց. «Ես մեղաւոր մարդ եմ, ինչպէ՞ս կարող եմ օգնել»: Եւ հրեշտակն ասաց. «Մանգաղը, որ տեսար, Աստուծոյ զօրութիւնն է եւ դրանով պիտի առ Աստուած աւանդես մարդկանց հոգիները, որովհետեւ ահա մօտեցել է հունձքի ժամը, որ մարդկանց մահն է»:

 

Քառասունհինգ օր յետոյ մարդկանց տարաժամ մահ պատահեց, որն սկսուեց Միւռիա քաղաքից: Ուռչում էր մարդկանց կերակրափողը, եւ նրանք աւանդում էին իրենց հոգիները: Քաղաքից հացը պակասեց, որովհետեւ աշխատաւորները քաղաք չէին իջնում: Երանելի Նիկողայոսն անդադար բարեգործութիւններ էր անում եւ բոլորին առատապէս մատակարարում հոգու եւ մարմնի անհրաժեշտ կարիքները: Նա արագահաս էր՝ հրաշագործութիւններով հանդերձ, բոլորին փրկելու համար եւ լսում էր բոլոր նրանց, ովքեր նեղութիւնների մէջ էին: Այդ օրերին Միւռիայում մահացաւ նաեւ նրա քեռին՝ Նիկողայոս եպիսկոպոսը:

 

Նիկողայոս քահանային անուրջի մէջ աստուածեղէն մի զօրութիւն երեւաց: Նրան ցոյց տրուեց փառաւոր Աթոռ եւ քահանայապետութեան պատուական հանդերձ, ու նրան հրամայուեց նստել Աթոռին: Այս մասին պատմիչը գրում է. «Ոչ թէ անուրջի մէջ, այլ կարող եմ ասել՝ Տէր Յիսուս Քրիստոս եւ սուրբ Կոյս Աստուածածինը յայտնապէս երեւացին նրան: Մէկը նրան Աւետարան տուեց, միւսը՝ քահանայապետութեան թիկնոց: Եւ երանելու կենդանագիր այդ պատկերը մինչ օրս երկրպագւում է բարեպաշտ մարդկանց կողմից»:

 

Աստուածային այս տեսիլքներից շատ չանցած՝ Տիրոջ արժանաւորութեամբ եւ եպիսկոպոսների ժողովի հարկադրմամբ Նիկողայոս Մեծն ընդունեց եպիսկոպոսական ձեռնադրութիւնը եւ Միւռիա քաղաքի առաջնորդական վերակացութիւնն ու այնուհետեւ եղաւ Քրիստոսի բանաւոր հօտի քաջ հովուապետը:  Ուղղափառ եւ առաքելադաւան շնորհներով նա քարոզում էր Քրիստոսի աւետարանը, Տիրոջ ժողովրդին ուսուցանում համագոյ եւ միասնական սուրբ Երրորդութիւնը, յորդորում մտապահել ճշմարիտ աստուածաբանութիւնն ու հեռու մնալ աստուածամարտ արիոսականների եւ սաբէլական հերձուածողների հայհոյութիւններից, որոնք այդ ժամանակներում ցանկանում էին ընկղմել տիեզերական նաւը եւ սասանուողներին իջեցնել խորախոր անդունդները: Մի կողմ թողնենք նաեւ դիոկղետանոսեան հեթանոս կայսրերի սկզբնական շրջանի հալածանքները, որոնց ժամանակ սուրբ Նիկողայոսը եւս Քրիստոսի անուան համար մատնուեց բանտարկութեան, կապանքների ու աքսորների, համբերեց մարտիրոսական նեղութիւններին եւ Քրիստոսի համար վշտեր ու հալածանքներ կրեց: Սակայն երբ Աստուած Կոստանդիանոս Մեծի առջեւից վերացրեց բոլոր բռնաւորներին, արքունի հրովարտակով նա՝ սուրբ Նիկողայոսը վերադարձաւ իր տեղը եւ մաքրեց իր ամբողջ թեմը հեթանոսական պաշտամունքների պղծութիւններից: Հիմն ի վեր քանդեց Արտեմիսի տաճարը, որ կար Միւռիայում, որի ժամանակ դեւերը յայտնապէս աղաղակում էին, թէ՝ յաղթուեցինք նրանից եւ արտաքսուեցինք մեր բնակութեան վայրից:

 

Ընդդէմ պիղծ Արիոսի՝ գումարուած Նիկիայի սուրբ եւ տիեզերական ժողովին մասնակցում էր նաեւ սուրբ Նիկողայոս հայրապետը՝ նշանաւոր եւ առաքելանման հայրերից մէկը: Զբաղեցնելով իր Աթոռը՝ նա պարսպելով պահպանում էր իր հօտը տիեզերական ժողովի ամրափակ կանոններով եւ գործած հրաշքների համար փառաւորեալ երեւում ամենքին: Հեզ էր մեղաւորների հանդէպ, որոնք դարձի էին գալիս ապաշխարութեամբ, իսկ հեշտասէրների եւ Աստուծոյ պատուիրաններն արհամարհողների հանդէպ՝ սաստիկ խիստ եւ անաչառ յանդիմանող: Աղքատասէր էր եւ ողորմած, սակայն անխնայ՝ իր անձի հանդէպ, որովհետեւ երբէք չէր պակասեցնում իր մշտական ճգնութիւնները, աղօթքները եւ պահեցողութիւնը՝ օրը սոսկ մէկ անգամ ճաշակելով, որն անում էր նաեւ իր եպիսկոպոսութեան շրջանում:

 

Այդ ժամանակներում Ասիայում սով տիրեց, եւ Միւռիա քաղաքում պակասեց պարենը: Իսկ Նիկողայոս Մեծը, որ մեծապէս հոգում էր իր հօտի համար, Տիրոջ զօրութեամբ ծովում երեւաց մի նաւապետի, որը ցորենի մեծ պաշարով բեռնուած նաւով Սիկիլիա կղզուց շարժւում էր դէպի Իսպանիա: Վաճառականից խոստում առնելով՝ սուրբը երեք դահեկան տուեց նրան եւ ասաց. «Ստացի՛ր գրաւն ու նաւի՛ր դէպի Ասիա՝ հանդիպակաց Միւռիա քաղաքը»: Նաւապետին թուաց, թէ անուրջի մէջ է, սակայն երբ արթնացաւ քնից, տեսաւ, որ դա անուրջ չէր եւ ոչ էլ թուացեալ, այլ իրողութիւն, որովհետեւ իր ձեռքին երեք դահեկան ունէր: Երկիւղով համակուած՝ զարմացաւ եւ իսկոյն շրջեց նաւը դէպի Միւռիայի նաւահանգիստը: Այսպէս Նիկողայոսը հրեշտակային էր նաեւ մարմնով:

 

Այդ օրերին Փռիւգիայի լեռնային շրջաններում փաղոնացիների միջեւ խռովութիւն ընկաւ: Կոստանդիանոս թագաւորը խաղաղութիւն հաստատելու համար զօրքով հանդերձ երեք զօրավարներ ուղարկեց այնտեղ, որոնց անուններն էին Նեպոտիանոս, Ուրսոս եւ Երպիղոն: Երբ նրանք Ադրիատիկ ծովի նաւահանգիստ հասան, որը գտնւում էր Միւռիայից չորս մղոն հեռաւորութեան վրայ, մի քանի օր մնացին այնտեղ՝ սպասելու բարենպաստ եղանակի: Սակայն նրանց զօրքն սկսեց յափշտակութիւններ եւ հարստահարութիւններ անել, որի համար երանելի Նիկողայոսը հասաւ այնտեղ, խրատելով դադարեցրեց նրանց չարագործութիւնները, իսկ զօրավարներին հրաւիրեց իր հետ գալ Միւռիա՝ ճաշելու եւ հանգստանալու: Եւ մինչ նա այնտեղ էր, Միւռիայից գուժկան եկաւ ու յայտնեց, որ քաղաքի վերակացուն՝ Ասիայի Ստաթէոս զօրավարը, կաշառք վերցնելով Ոքսիոսից եւ Սիմէոնից, որոնք նշանաւոր մարդիկ էին քաղաքում, երեք անմեղ մարդկանց առանց պատճառի սրի քաշելու դատավճիռ է արձակել: Այնժամ հրեշտակի պէս արագահաս սուրբ հայրապետը, անմիջապէս հատելով հեռագնաց ճանապարհը, իսկոյն տեղ հասաւ եւ  գտաւ սպանուելու տարուած զրպարտուողներին՝ ձեռքերը մէջքին կապուած, աչքերը կապած եւ խոնարհուած դիրքով: Դահիճների ձեռքից արիաբար յափշտակեց սուրն ու ցած գցեց եւ մարդկանց արձակեց կապանքներից: Նա հիացրեց բոլոր տեսնողներին, իսկ դահիճներին սպառնալիքներով զարհուրեցրեց: Նոյն համարձակութեամբ գալով իշխանի մօտ՝ խիստ սպառնաց նրան, որ իր անիրաւութեան մասին գրութիւն կ՚ուղարկի բարեպաշտ թագաւորին, «կամ էլ, - ասաց, - ես պատրաստ եմ մեռնել այդ անմեղ մարդկանց փոխարէն»: Այդպէս նա ազատեց երեք անմեղ մարդկանց:

 

Իսկ վերոնշեալ երեք զօրավարները սուրբ Նիկողայոսի գործերը եւ նրա մարդասիրութիւնը տեսնելուց յետոյ խոնարհուեցին նրա առջեւ, ապա գնացին Փռիւգիա եւ կատարելով արքունի հրամանը՝ փառքով վերադարձան Կոստանդնուպօլիս: Գործը յաջողութեամբ կատարելու համար նրանք մեծ ընդունելութիւն գտան թագաւորի եւ բոլորի կողմից ու յաղթողներ կոչուեցին: Այս պատուի համար քաղաքի իշխաններից ոմանք նախանձեցին երեք զօրավարներին եւ գաղտնապէս հազար վեց հարիւր լիտր ոսկի կաշառք տուեցին եպարքոսին, որպէսզի մահուան մատնի նրանց՝ որպէս չարամիտ ապստամբների: Վերցնելով կաշառքը՝ եպարքոսը գնաց թագաւորի մօտ եւ չարախօսեց նրանցից, իսկ թագաւորը հաւատաց եւ առանց քննութեան հրամայեց բանտարկել նրանց: Շատ օրեր նրանց պահեցին բանտում, իսկ այդ ընթացքում չարախօսները ստիպում էին եպարքոսին, որ արագ վերացնի նրանց: Եւ եպարքոսը մտաւ թագաւորի մօտ ու ասաց. «Քո թագաւորութեան դէմ նրանք չարիքներ են նիւթում նաեւ բանտում»: Եւ այդպէս նրանց գլխատելու հրաման առաւ:

 

Երեկոյեան եպարքոսից բանտապետին հրաման եկաւ, որ յաջորդ օրը դուրս բերեն նրանց եւ կապուած ձեռքերով տանեն գլխատման վայրը: Բանտապետը լալագին մտաւ նրանց մօտ եւ յայտնեց նրանց յանկարածահաս մահուան մասին: Իսկ նրանք մեծ հառաչանքներով աղօթեցին առ Աստուած՝ ասելով. «Տէ՛ր, ինչպէ՞ս կարող ես թոյլ տալ, որ մեռնենք անարդար վճռով»: Յիշեցին նաեւ սուրբ Նիկողայոսին եւ արտասուքներով ասացին. «Ով սո՛ւրբդ Աստուծոյ, ինչպէս որ մեր առաջ անարդար մահավճռից փրկեցիր այն երեք մարդկանց, այնպէս էլ օգնիր նաեւ մեզ: Եւ թէպէտ  դու հեռու ես մարմնով, սակայն մօտ ես մեր հեծեծանքները լսելիս»: Եւ ահա այդ գիշեր Աստուած սքանչելապէս առաքեց Իր պատգամաւոր Նիկողայոսին, որը եկաւ, կանգնեց Կոստանդիանոսի առաջ եւ ասաց. «Արձակի՛ր այն երեք զօրավարներին, որովհետեւ նրանք զրպարտուել են անիրաւ կերպով, եւ դու անպարտ կը լինես արդար մարդկանց արիւնից: Այլապէս քո դէմ պատերազմ կը յարուցուի Դորաքի կողմերից, եւ այնժամ կը տեսնես, թէ որքան բարի է հնազանդուելը, յատկապէս երբ հրամայուածը Աստծուց է լինում»: Թագաւորն ասաց նրան. «Ո՞վ ես դու, կամ ինչո՞ւ ես անպատեհ մտել պալատ եւ այս սենեակ ու սպառնում ինձ»: Եւ նա պատասխանեց. «Ես՝ մեղաւորս, Նիկողայոսն եմ, Լիկիայի Միւռիա քաղաքի եպիսկոպոսը»: Այս ասելով՝ անհետացաւ եւ ապա եպարքոսի սենեակում երեւալով նրան, որի անունը Եւլաւիոս էր, առաւել խիստ սպառնաց նրան՝ որպէս տեղեակ մէկը կաշառքի եւ չարախօսների մասին:

 

Առաւօտեան թագաւորը կանչեց եպարքոսին եւ պատմեց նրան տեսիլքի մասին: Եպարքոսն էլ պատմեց իր տեսածի մասին, եւ միաբան իսկոյն վերացրին մահավճիռն ու արձակեցին նրանց: Թագաւորը կանչեց զօրավարներին ու ասաց նրանց. «Դո՞ւք էիք, որ այս գիշեր կախարդութեամբ ցոյց տուեցիք այդ տեսիլքը՝ ինձ մօտ ուղարկելով Նիկողայոսին»: Եւ երբ նրանք լսեցին Նիկողայոսի անունը, ասացին. «Մենք կախարդութեան չար հնարքների գիտակ չենք, այլ միայն բանտում օգնութեան կանչեցինք Աստուծոյ մարդուն՝ Նիկողայոսին»: Այնժամ Կոստանդիանոսը քաջալերեց նրանց, ազատութիւն շնորհեց եւ ասաց. «Շնորհակալ եղէք ոչ թէ ինձ, այլ սուրբին»: Ապա սուրբին փոխանցելու համար նրանց պարգեւներ տուեց՝ ոսկէ աւետարան, ոսկէ մոմակալ, սկիհ եւ մաղզմայ 4 ու տեսակ-տեսակ այլ անօթներ եւ ասաց. «Իմ կողմից երկրպագէ՛ք նրան եւ ասացէ՛ք. «Արել եմ այնպէս, ինչպէս որ հրամայել ես: Ընդունի՛ր այս ընծաները եւ յիշի՛ր ինձ քո աղօթքներում»: Նրանք գնացին մեծ ուրախութեամբ: Սուրբից օրհնութիւն ստանալով՝ դարձեալ վերադարձան թագաւորի մօտ եւ այնուհետեւ մնացին պալատում ու նախկինից աւելի մեծ պատուի արժանացան:

 

Սուրբ Նիկողայոս հայրապետը փայլում էր այսպիսի բարեգործութիւններով, հրաշագործութիւններով, սուրբ վարքով եւ ուղղափառ վարդապետութեամբ: Նա եղաւ հոգիների եւ մարմինների բժիշկ: Նրա անունը տարածուեց գրեթէ ողջ տիեզերքով մէկ, եւ ամէն բերան օրհնում էր նրան: Սուրբ քահանայապետի հրեշտականման երեսը եւ երկնային առաքինի կեանքի ընթացքը փրկութեան առիթ էր նրան հանդիպողների համար, եւ մինչեւ իսկ հերձուածողներից, թերահաւատներից ու անհաւատներից շատերն աշակերտում էին նրան եւ դառնում դէպի ճշմարիտ հաւատքը:

 

Այնուհետեւ երանելին պատրաստուեց գնալ իր Արարչի մօտ: Նրան հիւանդութիւն տիրեց, եւ մինչ մահճի վրայ էր, նա տեսաւ սուրբ հրեշտակին, որը եկել էր առնելու իր հրեշտականման հոգին: Նա բարձրացրեց իր գլուխը մահճից, սուրբ Խաչով կնքեց իր մարմինը, երկրպագեց Տիրոջը եւ ասաց. «Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի, թող յաւէտ ամօթով չմնամ» 5: Աւարտելով սաղմոսը՝ օրհնեց ու փառաւորեց Աստծուն եւ աւանդեց իր հոգին, որ եղաւ դեկտեմբերի վեցին, մեր սուրբ Լուսաւորչի փոխման նոյն տարում: Նրա պատուական մարմինը պատուով ամփոփեցին եկեղեցում: Սքանչելագործ հայրապետի տապանից անուշահոտ բուրունք էր տարածւում եւ հրաշագործութիւններ էին կատարւում բոլոր հիւանդների ու ախտաժէտների բժշկութեան համար: Բոլոր դարաշրջաններում եւ ժամանակներում նրա կենդանի անունն օգնութեան է կանչւում՝ ի օգնութիւն եւ ի ապաւինութիւն նեղեալներին եւ վտանգի մէջ եղողներին:

 

ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ, ՈՐ ԿԱՏԱՐՈՒԵՑԻՆ ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾԻ ՄԱՀԻՑ ՅԵՏՈՅ

 

***

Սուրբի տապանին այցելելու համար մի խումբ ուխտաւորներ Թանայիսից ուղեւորուեցին դէպի Միւռիա: Երբ նրանք նաւ նստեցին, դեւը, մի ցաւագար կնոջ կերպարանք առած, նրանց ձէթով լի մի անօթ տուեց՝ տանելու Նիկողայոսին՝ իբրեւ ի պատիւ նրա տաճարի: Ծովի վրայ մեծ ալեկոծութիւն սկսուեց, եւ բոլորն սկսեցին աղաղակել սուրբ Նիկողայոսին: Յանկարծակի նա երեւաց նրանց եւ ասաց. «Ծովը նետէք դիւական անօթը, եւ մրրիկը կը դադարի»: Եւ երբ արեցին, ինչպէս ասաց սուրբը, խաղաղութիւն եղաւ:

***

Միտիլինէ կղզուց մի քահանայ ամէն տարի գալիս էր Միւռիա քաղաք՝ խոնարհուելու սուրբ Նիկողայոսի գերեզմանի առաջ: Մի անգամ նա  գերութեան մատնուեց արաբ աւազակների կողմից եւ տարուեց Կրետէ կղզի: Այնտեղ վաճառականները վիճակ էին գցում գերիների համար՝ ոմանց վաճառելու, ոմանց բանտարկելու, ոմանց էլ սրի քաշելու նպատակով: Քահանային վիճակուեց մահը, եւ երբ տարան նրան՝ գլխատելու, նա աղաղակեց սուրբ Նիկողայոսին: Այնժամ սուրբը երեւաց նրան եւ քաջալերեց նրան մինչեւ վերջին պահը չվախենալ: Երբ դահիճը բարձրացրեց սուրը, սուրբն այն յափշտակեց նրա ձեռքից եւ նետեց հեռու մի տեղ: Դահիճը չար խօսքեր ասաց քահանային՝ իբրեւ կախարդի, իսկ քահանան պատմեց նրան սուրբ Նիկողայոսի արագահաս օգնութեան մասին եւ յայտնեց, որ հէնց նա էր, որ աներեւութաբար իրեն փրկութիւն ընձեռեց: Այսպէս քահանան փրկուեց եւ վերադարձաւ իր տեղը: Սքանչելի է Աստուած իր սուրբերի մէջ, սքանչելի են նաեւ սուրբերն իրենց Աստուծոյ մէջ, Ով շնորհ տուեց իրենց մեծամեծ սքանչելիքներ գործել:

 

***

Կար մի մարդ Պետրոս անունով, որը խոստացաւ կրօնաւոր դառնալ, սակայն նա անլուրջ գտնուելով իր խոստման մէջ՝ հռոմէական գնդի հետ գնաց պատերազմելու ընդդէմ պարսիկների: Եղաւ այնպէս, որ նա գերեվարուեց ու տարուեց Սամարղանդ քաղաքը եւ բանտարկուեց պարսից զօրավարի բանտում: Այնտեղ նա յիշեց իր այն մեղքը, որ յապաղեց կատարել կրօնաւոր դառնալու խոստումը եւ մեղադրեց իրեն: Անցաւ մէկ տարի, նա յիշեց սքանչելագործ Նիկողայոսին, սկսեց ամբողջ սրտով խնդրել նրան ու ասել. «Ով սո՛ւրբ հայր, դու ես իմ միջնորդն ու երաշխաւորն իմ Արարչի մօտ: Եթէ քո աղօթքներով ես ազատուեմ այս նեղութիւններից եւ բռնութիւնից, այլեւս աշխարհ ու հայրենի տուն չեմ վերադառնայ, այլ կը գնամ Հռոմի սուրբ Պետրոսի տաճար եւ այնտեղ իմ կարողութեան չափով կը կատարեմ կրօնաւոր դառնալու խոստումս»: Եւ այս խորհուրդներով մէկ ամբողջ շաբաթ անսուաղ մնաց: Շաբաթուայ եօթերորդ օրը արագահաս օգնական Նիկողայոսը երեւաց նրան եւ ազատութեան յոյս տուեց:  Եւ երբ նա յարատեւեց պահքի ու աղօթքների մէջ, սուրբը դարձեալ երեւաց  ու յորդորեց դիմել նաեւ բարեխօսութեանը սուրբ Սիմէոն ծերունու, որը արժանի եղաւ իր գիրկն առնելու աշխարհի Փրկչին, «որպէսզի, - ասաց, - մենք միասին դիմենք Աստծուն, Ով կարող է անհնարինը հնարաւոր դարձնել եւ քեզ ազատել խաղաղութեամբ»: Յաջորդ անգամ սուրբ Նիկողայոսը երեւաց սուրբ Սիմէոնի հետ: Բացելով իր աչքերը՝ Պետրոսը նայեց ու տեսաւ Սիմէոնին, որն իր ձեռքին գաւազան ունէր: Նա մօտեցաւ իրեն ու հարցրեց. «Դո՞ւ ես այն մարդը, որի համար մեր եղբայր Նիկողայոսը յաճախ աղաչում էր Տիրոջը, որպէսզի ազատուես բանտից եւ երկաթէ կապանքներից»: Իսկ նա, մի կերպ բացելով իր բերանը, ասաց. «Այո՛, սո՛ւրբդ Աստուծոյ, ես եմ, որ Աստուծոյ մօտ երաշխաւոր դարձրի Նիկողայոսին եւ քեզ՝ որպէս բարեխօսի»: Սուրբ Սիմէոնը հարցրեց նրան. «Իսկ կը կատարե՞ս կրօնաւոր լինելու եւ առաքինութեամբ ապրելու խոստումդ»: Պատասխանեց. «Այո՛, տէ՛ր, կը կատարեմ ամէնը, ինչ որ խոստացայ»: Այնժամ սուրբը, Պետրոսից առնելով խոստումն անյապաղ կատարելու խօսքը, ձեռքի գաւազանը մօտեցրեց երկաթէ կապանքներին, որոնք մոմի պէս իսկոյն հալուեցին: Սուրբերի յետեւից Պետրոսը դուրս եկաւ բանտից: Նա խնդրեց սուրբերին, որ իրեն քաղաքից դուրս տանեն: Եւ այդպէս եղաւ. Սիմէոն Արդարը նրան յանձնեց Նիկողայոսին եւ անհետացաւ: Իսկ սուրբ Նիկողայոսը, իբրեւ գթառատ հայր, որ միշտ պահպանում եւ խնամում է իրեն յուսացողներին, ուղեկցեց նրան մինչեւ Յունաց երկիր, քաջալերեց, արիութիւն շնորհեց եւ ասաց. «Այժմ հարկ է, որ կատարես քո խոստումը, ապա թէ ոչ՝ յիշո՞ւմ ես Սամարղանի բանտը, դարձեալ այնտեղ կը յայտնուես»: Եւ երբ նա հաստատեց իր խոստումը, սուրբն աներեւոյթ եղաւ: Պետրոսն ուղիղ գնաց Հռոմ եւ այնտեղ կրօնաւոր դառնալով՝ կատարեց իր խոստումը:

 

***

Ազգութեամբ կապադովկիացի մի մարդ, որ զօրավար էր իր երկրում, իմացաւ, որ իր որդիները բռնուած են մանիքեցիների չար աղանդի մէջ: Եւ չկարողանալով ո՛չ խրատներով, ո՛չ սպառնալիքներով եւ ո՛չ էլ գանակոծութեամբ յետ պահել նրանց մոլորութիւնից՝ պատերազմեց աղանդաւորների դէմ ու յաղթեց նրանց: Սակայն նրանք դարան մտնելով բռնեցին այդ պատուական զօրավարին ու նրա իւրայիններին եւ շղթայակապ նետեցին տղմոտ ու ճահճոտ գուբը, որտեղ նա անդադար աղօթում էր Աստծուն՝ բարեխօս ունենալով սքանչելագործ Նիկողայոսն հայրապետին, որի յիշատակը միշտ կատարել էր ջերմ հաւատով, նրա անուամբ տաճար էր կառուցել եւ վայելչութեամբ պայծառացրել: Վեց օր անսուաղ մնալուց յետոյ նա դիմեց սուրբին՝ ասելով. «Ով սո՛ւրբդ Աստուծոյ, բաւական է միայն քո կամքը, որովհետեւ Աստուած քեզ կարողութիւն է տուել: Դու գիտես, որ մինչ օրս իմ յոյսը քեզ վրայ եմ դրել եւ հոգաբարձութեամբ կառուցել քո անուան սուրբ տաճարը: Դու ամենուրեք սքանչելիքներ ես գործում, սակայն ինչո՞ւ ինձ թողեցիր անմխիթար ու այս կապանքների մէջ»:

Երեկոյեան նիրհեց, եւ ահա երեւաց նրան սուրբ Նիկողայոսը, որը դարձեալ յորդորեց դիմել Սիմէոն Արդար ծերունու բարեխօսութեանը, «որովհետեւ, - ասաց, - նա առաւել համարձակութիւն ունի բոլորի Փրկչի մօտ»: Ուրախութեամբ զարթնեց քնից եւ այնուհետեւ նոյնքան օրեր անսուաղ մնալուց յետոյ դիմեց սուրբ Սիմէոնին: Այնժամ Արդար ծերունին անուրջի մէջ երեւաց նրան սւ ասաց. «Ո՛վ մարդ, ո՞վ քեզ խորհուրդ տուեց թողնել մեր եղբայր Նիկողայոսին, որի յիշատակը կատարում ես ամէն տարի եւ որի անունով տաճար ես շինել: Նրան խնդրիր, որ կատարի քո խնդրանքները, եւ նա կազատի քեզ, որովհետեւ բոլոր սուրբերից առաւել նրան է տրուել արագ օգնութեան հասնելու շնորհը»: Այս ասելով՝ սուրբն անհետացաւ: Եւ ապա յար եւ նման նախորդ հրաշագործութեանը, սուրբերն ազատեցին նաեւ նրան: Նա եւս գնաց Հռոմ, որտեղ կրօնաւոր դարձաւ եւ ապա գնաց ու բնակուեց Գաղղիայի սահմանների մօտ գտնուող անապատում, որտեղ էլ աւարտեց իր կեանքը՝ պայծառանալով առաքինութիւններով եւ ճգնութիւններով:

 

***

Դեկապոլսեցի Սիմէոն անունով մի կրօնաւոր կար, որն աչքի էր ընկնում խստակրօն ճգնութեամբ, Նիկողայոս անունով իր գործակից մէկին գործով ուղարկեց արեւմտեան կողմերը: Բարենպաստ եղանակին նաւ նստեց, բայց յանկարծ այնքան սաստիկ մրրիկ եւ ալեկոծութիւն սկսուեց, որ նաւում եղողներն իջեցրին առագաստը եւ բաց թողեցին նաւի ղեկը: Նրանք կտրեցին ապրելու յոյսը, որովհետեւ իրենց կեանքը փրկելու հնար չունէին եւ միայն արագահաս օգնական Նիկողայոսի անունն էին տալիս: Եւ իրենց խնդրանքները չվրիպեցին, որովհետեւ այն կրօնաւորը յայտնապէս տեսաւ մեծ սքանչելագործ Նիկողայոսին, որը քայլում էր ծովի, ասես ցամաքի վրայով: Նա քաջալերեց նաւավարին ու ասաց. «Արի՛, եղբա՛յր, ամուր պահիր նաւիդ ղեկը եւ մի՛ տարակուսիր, որովհետեւ ես ձեզ հետ եմ»: Այս ասելով՝ նա անհետացաւ, եւ իսկոյն մեծ խաղաղութիւն եղաւ ծովի վրայ, երկինքը պարզուեց, հողմն անցաւ, եւ ծովը հանդարտուեց: Եւ նրանք, ովքեր սկզբում յուսահատուել էին, սուրբի երեւալուն պէս լցուեցին ուրախութեամբ եւ փառաւորեցին Աստծուն, Ով սքանչելիքներ է գործում Իր սուրբերի միջոցով:

 

***

Ագրիկողոս անունով մի մարդ կար, որը բնակւում էր Միւռիա քաղաքի ծովափնեայ վայրերից մէկում: Նա ունէր բարեպաշտ եւ աստուածավախ կին  եւ մինուճար մի որդի, որի անունը Բասիլիոս էր: Ըստ սովորութեան՝ նրանք մեծապայծառ տօնախմբութեամբ ամէն տարի կատարում էին սուրբ Նիկողայոսի յիշատակը՝ իրենց արդար վաստակից կերակրելով աղքատներին եւ ճոխ ընթրիքներ պատրաստելով նրանց համար: Արդ, մի անգամ՝ սուրբի յիշատակի պայծառ եւ նշանաւոր տօնի օրը, մինչ նրանք սեղաններ էին պատրաստում հրաւիրեալների համար, եւ մինչ եկեղեցականները երաժշտական եղանակներով երեկոյեան ժամի պաշտամունքն էին կատարում, յանկարծ անակնկալ պահի ծովափ հասան սպառազինուած իսմայէլացիների բազմաթիւ նաւեր: Սփռուելով քաղաքով մէկ՝ նրանք աւար առան, գերեցին տղամարդկանց եւ կանանց ու յափշտակեցին նրանց զաւակներին, այդ թւում նաեւ Ագրիկողոսի որդուն՝ Բասիլիոսին, եւ տարան Կրետէ կղզի: Վայելչագեղ տեսքի համար Բասիլիոսին տարան իրենց ցեղապետի մօտ, եւ նա Բասիլիոսին նշանակեց մտռվակ 6 եւ անձնապէս իրեն բաժակ մատուցող, որովհետեւ նա յոյժ սիրելի եղաւ իր համար:

Իսկ պատանու ծնողները՝ համակուած սգով, իրենց մերձաւորների հետ մոռացան սուրբի յիշատակի տօնը, եւ նրանց ուրախութիւնը սուգ դարձաւ: Ո՞վ կարող էր պատմել նրանց անփարատելի տրտմութեան ու անմխիթար վշտի մասին: Նրանք դառնապէս ողբում էին իրենց մինուճար զաւակին պատահած յանկարծահաս աղետի համար: Նրանց հետ սգում էին նաեւ մերձաւորները եւ ասում. «Ո՛վ սուրբ Նիկողայոս, դու մի ժամանակ անիրաւ մահից ազատեցիր երեք զօրավարներին՝ տեսիլքով զարհուրեցնելով թագաւորին եւ երեկոյեան սուգը առաւօտեան ուրախութեան փոխեցիր: Ինչո՞ւ թոյլ տուեցիր, որ քո ծառային յափշտակեն քո գաւթից: Դու չվերադարձրիր նրան ու մեզ չյայտնեցիր, թէ նա որտեղ գերուեց, կամ որտեղ մեռաւ, քանզի ծնողները որոնել են նրան մօտաւոր շատ կղզիներում եւ չեն գտել»:

Մէկ տարի անց՝ սուրբի տօնախմբութեան օրը, ըստ սովորութեան՝ բոլորը ուրախութեամբ եւ նուիրատւութիւններով գնացին՝ մասնակցելու սուրբի տօնին, սակայն տղայի ծնողները, լինելով տրտմութեան մէջ եւ խոժոռուած ընդդէմ սուրբի, անուշադրութեան մատնեցին, որովհետեւ նորոգուեց նրանց սրտի ցաւը: Մեծ սուգը երկմտութեան մէջ էր գցել Բասիլիոսի հօրը. մտածում էր, թէ ինչպէս փարատի կնոջ վիշտը, կամ ինչպէս մասնակցի տօնին: Ապա մօտեցաւ կնոջն ու ասաց. «Լսի՛ր ինձ, ո՛վ կին, եկ թողնենք անօգուտ տրտմութիւնը եւ ըստ մեր սովորութեան՝ սուրբ Նիկողայոս Սքանչելագործի տօնի օրը պատուենք նրան: Ե՛կ խոնարհութեամբ գնանք սուրբ Նիկողայոսի մօտ, եւ հաւատա՛, որ մեծ բարութեան կը հանդիպենք: Նա կարող է գտնել մեր որդեակին: Եւ այժմ ինչն է խանգարում, որ անհաղորդ մնանք այս մեծ ու պայծառ տօնին, որը ոչ միայն մարդիկ, այլեւ հրեշտակներն են տօնում: Չէ՞ որ երկրաւորներիս հետ ուրախանում են նաեւ երկնային զօրքերը»: Կինն ընդունեց ամուսնու խօսքերը, եւ միասին կատարեցին սուրբի յիշատակի տօնը:

Մեծ պատրաստութիւն տեսան, երեկոյեան պաշտամունքից յետոյ վառեցին ջահերը եւ մեծ հիւրասիրութիւն արեցին: Եւ մինչ հրաւիրեալներն ուտում էին, գինի վերցրած յիշեցին Բասիլիոսին եւ ասացին. «Ո՛վ սուրբ հայրապետ, քո տօնի այս օրը յայտնի դարձրու քո ծառայ Բասիլիոսին, որն այս օրը յափշտակուեց անօրէնների կողմից»: Այս խօսքից Ագրիկողոսի տան գաւթում դղրդիւն եղաւ: Ապարանքի արտաքին սրահում շներն սկսեցին  զարհուրած հաչել, բազմութիւնը խուճապի մատնուեց եւ իւրաքանչիւր ոք գաղտագողի լռութեամբ պատրաստուեց փրկութեան ճանապարհ գտնել: Իսկ տղայի հայրը, ելնելով իր ապարանքի վերին յարկերը, կամեցաւ դիտել, թէ ինչ է կատարւում: Եւ մինչ ցած էր նայում, գաւթի մէջ տեսաւ իր որդուն, որը զգեստաւորուած եւ զարդարուած էր իսմայէլական 7 շքեղութեամբ, իսկ ձեռքին պատուական անօթ ունէր: Ձայն տուեց եւ ասաց. «Արդեօք ո՞վ է սա, որդեա՛կ իմ, Բասիլիո՛ս, մի՞թէ դու ես: Արդեօք ես տեսայ քեզ, իմ անձկալի՛ եւ ցանկալի՛ զաւակ»: Իսկ նա ձայն արձակեց ու ասաց. «Ես եմ՝ քո մինուճար որդին՝ Բասիլիոսը, որին դու փնտրում ես: Ահա ես եմ, որ մի ժամանակ բռնուեցի հագարացիների կողմից եւ գերի դարձայ Կրետէ կղզում»: Հայրն ամբողջ ընտանիքի ու հրաւիրուածների հետ մօտեցաւ, նրան իր գիրկն առաւ եւ ասաց. «Ասա՛ ինձ, որդեա՛կ, ո՞վ եւ ինչպէ՞ս ազատեց քեզ նրանց ձեռքից»: Բասիլիոսն ասաց. «Ով իմ պատուակա՛ն հայր, լսի՛ր ինձ, եւ ես քեզ ճշմարտութեամբ կը պատմեմ ինձ հետ կատարուած ամէն բան: Գերողները ինձ յանձնեցին իսմայէլացի իշխանին, եւ մինչ սպասաւորում էի նրան եւ մատուցում էի այս բաժակը, ես յափշտակուեցի մեծ զօրութեամբ՝ ասես թէ թռչելով քամու թեւերով: Երկրից բարձրացայ եւ բարձունքներում էի ու չգիտէի, թէ որտեղ եմ, մինչեւ որ ինձ գտայ այս գաւթում եւ լսեցի քո ձայնը, երբ կանչեցիր ինձ անուամբ: Իմ գերութեան ժամանակ սուրբ Նիկողայոսը երեւում էր ինձ, հալածում էր իմ տրտմութիւնը եւ քաջալերում ինձ»: Այս լսելով՝ բոլորն ուրախացան, օրհնեցին եւ փառաւորեցին Աստծուն՝ սուրբ Նիկողայոսի արագահաս օգնութեան համար: Այս սքանչելիքի լուրը տարածուեց ամբողջ քաղաքում, կղզիներում եւ  նաեւ Կրետէում: Սքանչելագործ հայրապետին մեծարեցին նաեւ այլ ազգերը, որովհետեւ տեսնում էին  նրա հրաշագործութիւնները:

 

***

Սուրբի այս բազմապատիկ հրաշագործութիւններից զատ՝ արժան է լսել նաեւ այն նշանաւոր հրաշքի մասին, որ անհաւատների դարձի համար կատարուեց նրա սրբապատկերով: Եղաւ, որ վանդալների զօրքը նաւերով դուրս եկաւ Ափրիկայից, մտաւ կալաբրիմացիների երկիրն ու հրի մատնեց: Բարբարոսներից մէկը մի տան մէջ գտաւ սուրբի պատկերը եւ այն պահեց իր մօտ: Եւ երբ գերուած քրիստոնեաներից իմացաւ, որ այդ պատկերում սուրբը Նիկողայոս Սքանչելագործն է, այն իր ընկերներից ոչ ոքի ցոյց չտուեց, այլ երբ վերադարձաւ Ափրիկա, տարաւ իր տուն: Նա լումայափոխ էր եւ խանութ ունէր: Պատկերը տարաւ դրեց խանութի մի խորշում եւ իբրեւ կենդանի մէկի՝ խօսեց նրա հետ՝ ասելով. «Տե՛ս, Նիկողայո՛ս, պահպանի՛ր իմ խանութը, ուր կան արծաթ, ոսկի եւ ամէն ինչ, որովհետեւ ես գործերով այլ տեղ եմ գնում»: Եւ գնաց: Այդ գիշեր գողերը տարան այդ մարդու ամբողջ ունեցածը, եւ մնաց միայն սուրբի պատկերը: Երբ յաջորդ օրը մարդը եկաւ ու տեսաւ, որ խանութն ամբողջապէս կողոպտել են եւ թողել են միայն սուրբի պատկերը: Լաց եղաւ դառն արտասուքներով եւ սրտի զայրոյթից հարուածեց անշունչ պատկերին, ինչպէս կենդանի մարդու եւ ասաց. «Ի՞նչ արեցիր, Նիկողայո՛ս, տո՛ւր ինձ իմ ունեցուածքը, որը չպահեցիր, ապա թէ ոչ՝ ես կայրեմ քեզ»: Մինչ բարբարոսը ողբում էր դառնապէս եւ կռւում սուրբի հետ, յանկարծ Նիկողայոսը սրբապատկերում եղած իր պատկերի տեսքով հասաւ աւազակների յետեւից, որոնք գողոնը բաժանում էին միմեանց միջեւ եւ ասաց նրանց. «Ի՞նչ էք անում, թշուառականնե՛ր, չգիտէ՞ք, որ ես այնտեղ էի, երբ գողանում էիք այդ ամէնը, չէ՞ որ ես իմ աչքով տեսայ ամէն բան»: Ապա մէկ առ մէկ թուարկեց ամբողջ եղածի քանակութիւնն ու կշիռը եւ ասաց. «Եթէ ամբողջը չվերադարձնէք իր տեղը, ապա ես կը մատնեմ ձեզ դատաւորին, որովհետեւ ինձ էր յանձնուած դրանց պահպանութիւնը»: Նրանք ահաբեկուեցին, որ ամէն բան յայտնի դարձաւ, եւ կարծեցին, թէ մահ է սպասւում իրենց: Այնժամ սուրբի հրամանով խոստացան ծածուկ վերադարձնել ամբողջ գողոնը, որն էլ արեցին յաջորդ գիշերուայ մէջ: Առաւօտեան այդ մարդը եկաւ իր խանութ եւ տեսնելով, որ ամէն բան կշռով ու քանակութեամբ անսխալ գտնւում է իր տեղում, ապշեց կատարուած մեծ սքանչելիքից, ուրախութիւնից արտասուքներով համբուրեց սրբապատկերը եւ ասաց. «Ո՛վ սուրբ Նիկողայոս, բարձրեալ Աստուծոյ հաւատարիմ եւ արդար, գթառատ եւ ողորմած ծառա՛յ: Դու ցոյց տուեցիր, թէ որքան հրաշալի ես, մեծ եւ զօրաւոր ու մերձ Աստծուն՝ անմահ Թագաւորին, որ անգամ ինձ՝ հեթանոսիս, այսպէս հրաշագործեցիր քո սուրբ պատկերով: Ահա այսօրուանից ես եւս հաւատում եմ Քրիստոս Աստծուն»: Եւ նա հաւատաց Քրիստոսին, մկրտուեց իր ամբողջ ընտանիքով եւ Ափրիկէում սուրբ Նիկողայոսի անունով եկեղեցի շինեց: Այնտեղ էլ վախճանուեց իր կնոջ եւ որդիների հետ՝ փառաւորելով Տիրոջն ու Նրա սքանչելագործ ծառային:

Նա իր կենդանութեան օրօք ու նաեւ մահից յետոյ բազում այլ սքանչելի գործեր արեց վտանգի մէջ եղողների, բանտարկուածների, գերուածների, խորտակուողների, զաւակ ծնող կանանց եւ ամուլների համար, ինչպէս նաեւ բարբարոսների յարուցած պատերազմների եւ բոլոր տեսակ վտանգների, նեղութիւնների, ունեցուածքի եւ կորստի ժամանակ:

Հայ ռաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդո տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սուրբ Գրիգոր հրաշագործ հայրապետի եւ Կրետէի սուրբ Միւռոն սքանչելագործ եպիսկոպոսի հետ: