Երանելի սուրբ հայրապետք չարչարեալք վասն Տեառն համբերեցիք.
Յաղթելով բռնաւորին դասակից եղէք վերնոցն:
Ճգնեալ նահատակեցայք յերկրի. յաղթօղք ի պատերազմի.
Կոխելով զսատանայ դասակից եղէք վերնոցն:
Լուսաւորեալք երկնային լուսովն պայծառացեալք ի Հոգւոյն Սրբոյ.
Բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Սուրբ Բագարատ եպիսկոպոսը, որը Պետրոս Վէմի աշակերտ Հռոմի Կղեմէս հայրապետի աշակերտակիցն ու առաքեալների հետեւորդն էր, ծագումով ասորական Անտիոք քաղաքի մերձակայ աւաններից էր: Ասում են, թէ երբ նա լսեց աշխարհի Փրկչի մարմնով երեւալու մասին լուրը, իր հօր հետ Անտիոքից Երուսաղէմ գնաց, տեսաւ Քրիստոսին ու հաւատաց Նրան: Տիրոջ համբարձուելուց յետոյ իր հօր եւ մօր հետ սուրբ Սիօնում մկրտուեց սուրբ Պետրոսի կողմից, իսկ ծնողների մահից յետոյ թողեց իր ամբողջ ունեցուածքը եւ առանձնացաւ պոնտական լեռներում: Սուրբ Պետրոսն այնտեղ հանդիպեց նրան, իր հետ բերեց Անտիոք եւ Կիլիկիա, այնուհետեւ եպիսկոպոս ձեռնադրելով՝ ուղարկեց Արեւմուտք՝ Սիկիլիա կղզու Տորոմենա քաղաքը, որ գտնւում էր Մեսսանա եւ Քադանիա քաղաքների միջեւ՝ հրաբխային Էթնա լերան մօտ:
Արդ, նաւ նստելով՝ երանելի Բագարատն իր վարդապետութեամբ աստուածգիտութեան դարձրեց նաւապետին եւ նաւավարին, որոնց անուններն էին Լիկայոնիդէս եւ Ագրինոս: Եւ երբ տեղ հասաւ, տեսաւ, որ ամբողջ Սիկիլիա կղզին իր քաղաքներով հանդերձ թաղուած է կռապաշտութեան մէջ: Երանելի Բագարատը հեծեծալով ձեռքերը տարածեց դէպի երկինք եւ աղաչեց Աստծուն այդ մոլորեալ ժողովրդի համար: Այնուհետեւ երանելի եպիսկոպոսն սկսեց քարոզել, ուսուցանել ու մեծամեծ սքանչելիքներ գործել, որից քաղաքապետ Ոնիփատոսը ժողովրդից գաղտնի ընդունեց հաւատքը:
Գիշերը սուրբ Բագարատը Ոնիփատոսի հետ գնաց Տորեմենա քաղաքի Փալկոն գլխաւոր չաստուծոյ տաճարը: Մօտենալով տաճարին՝ սուրբն ասաց. «Ո՛վ Փալկոն, անզգա՛յ, խո՛ւլ, հա՛մր եւ կո՛յր, ո՞վ ես դու եւ ի՞նչ ես անում այստեղ: Քանի տարի է, որ բնակւում ես այս տաճարում եւ մոլորեցնում ես Աստուծոյ ստեղծածներին՝ քեզ զոհեր մատուցել տալով, ո՛վ պիղծ եւ գարշելի՛ դիւապատկեր»: Դիւաբնակ պատկերը պատասխանեց նրան. «Երկու հարիւր վաթսուն տարի է, որ ես բնակւում եմ այստեղ եւ ամէն տարի այս Տորեմենա քաղաքի ժողովրդից ընդունում եմ զոհեր ու ընծաներ՝ երեք անարատ մանուկներ, երեք հարիւր յիսուն մատղաշ եւ ընտիր զուարակներ, բազմաթիւ խոյեր, նոխազներ ու գառներ»: Երանելի Բագարատը, ձեռքերը տարածած, բարձրագոչ ասաց. «Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով երդուեցնում եմ ձեզ, պի՛ղծ դեւեր, հաւաքուէ՛ք բոլորդ եւ Փալկոնի խուլ ու համր արձանը նետէ՛ք ծովը՝ երեսուն ասպարէզով հեռու ցամաքից»: Իսկոյն ուժգին հողմի ձայնի նման հնչիւն եղաւ, եւ տաճարը լցուեց սեւ անգղներով ու սեւ ագռաւներով: Նրանք վերցրին Փալկոնի բագինը եւ աղաղակելով ծովը նետեցին: Եւ սուրբը երկնքից ձայն լսեց, որն ասաց իրեն. «Քաջալերուի՛ր, Բագարա՛տ, Ես քեզ հետ եմ եւ չեմ թողնի քեզ, մինչեւ որ չկարգեմ առաքեալների ու մարտիրոսների դասում»: Ապա Բագարատը եւ Ոնիփատոսը ելան տաճարից ու գնացին իրենց օթեւանները:
Առաւօտեան քրմերը գնացին տաճար եւ տեսան, որ տաճարի դռները բաց են: Ներս մտնելով եւ չգտնելով իրենց աստուածների բագինները՝ նրանք հրապարակ ելան եւ մեծ հառաչանքներով ողբաձայն ասացին. «Վա՛յ մեզ, մեր քաղաքը կործանւում է, որովհետեւ մեր մեծ աստուած Փալկոնն անհետացել է»: Ժողովուրդը դիմեց տաճար եւ նոյնպէս չտեսաւ բագինը: Ապա գնացին Ոնիփատոս դատաւորի տուն, աղաղակեցին նրա տան մուտքի մօտ եւ ասացին. «Ո՛վ պատուական իշխան, սիրելի աստուածներին պատուո՛ղ եւ նրանց կանգուն պահո՛ղ, ե՛կ եւ տես այս քաղաքի կորուստը»: Նա, պատուհանից ցած նայելով, հարցրեց. «Ի՞նչ է պատահել ձեզ հետ»: Եւ նրանք ողբալով ասացին. «Մեծ իրադարձութիւն է եղել, քանզի բաղձալի Փալկոնն անհետացել է: Վայելուչ ու պայծառ տաճարը, սեղանն ու աւազանը եւ ոսկեկուռ աթոռը թափուր են մնացել, իսկ խորանը՝ ոչնչացել»: Ոնիփոտոսն ասաց. «Ո՛վ սիրելի տանուտէրեր եւ պատուական քահանաներ, լսէ՛ք ինձ եւ քննէ՛ք՝ միգուցէ մեր աստուածն ամբարտաւան դարձաւ, թողեց մեզ եւ այլ քաղաք գնաց, որովհետեւ նա հպարտ աստուած էր: Այժմ գնացէ՛ք ձեր յարկերը, իսկ ես պարապ ժամանակ կը քննեմ ու կը գտնեմ պատճառը»:
Երբ ամբոխը ցրուեց, Ոնիփատոսը հագաւ արքունական պատուաւոր պատմուճանն ու քղամիդը եւ գիշերուայ մէջ գնաց երանելի Բագարատի մօտ: Սուրբը եւս հագաւ իր եպիսկոպոսական փիլոնն ու եմիփորոնը, նստեց թիկնաթոռին եւ ձեռքն առաւ սուրբ Աւետարանը, Խաչը եւ տէրունական պատկերը, որն իրեն էր տուել Պետրոս առաքեալը: Ներս մտնելով՝ Ոնիփատոսը երանելի Բագարատին տեսաւ ցոլքեր արձակող լոյսի մէջ, իսկ նրա շուրջը՝ բորբոքուած հուր: Այնժամ ընկաւ իր երեսի վրայ, երկրպագեց եւ մեծ երկիւղով ասաց. «Մեծ է քրիստոնեաների աստուածը, որին քարոզում է Բագարատը: Հաւատում եմ, որ միայն Նա է երկնքի ու երկրի Աստուածը»: Ապա դիմեց սուրբ Բագարատին եւ ասաց. «Ինչպէ՞ս կարող եմ մօտենալ քեզ, որովհետեւ քո շուրջբոլորը ես հուր եմ տեսնում եւ վախենում եմ կիզուելով այրուեմ»: Եւ Բագարատն իմացաւ, որ նա տեսաւ Սուրբ Հոգու շնորհները, որոնք բխում էին իր քահանայական պատարագամատոյց սուրբ զգեստներից: Ապա վեր կացաւ, հանեց եմիփորոնը, փիլոնն ու ուրարը եւ նստեց: Եւ Ոնիփատոսն այլեւս չտեսաւ հուրը: Եպիսկոպոսը սուրբ համբոյրով ողջոյն տուեց նրան, նստեցրեց իր մօտ եւ օրհնեց: Ապա միասին ճաշակեցին այն բարիքները, որ Ոնիփատոսը բերել էր իր տնից, ու բոլորով հանդերձ, որոնք եկել էին Ոնիփատոսի հետ, գոհութիւն յայտնեցին Քրիստոսին: Եւ մինչ սաղմոսում էին ուրախութեամբ, բացուեց ձեղունը, եւ պայծառ լոյս ծագեց նրանց վրայ, որից երկիւղած, երեսնիվայր ընկան: Երանելի Բագարատը, բռնելով նրանց ձեռքից, բարձրացրեց, նստեցրեց ու սկսեց խօսել Հին եւ Նոր կտակարանների մասին՝ սկսած Ադամից մինչեւ Քրիստոսի մարդեղութիւնը, ինչպէս նաեւ Փրկչի համբարձման, Սուրբ Հոգու Գալստեան եւ Տիրոջ երկրորդ Գալստեան մասին, որից բոլորը լուսաւորուեցին աստուածային վարդապետութեամբ:
Այնուհետեւ կամենալով քաղաքը մաքրել նաեւ այլեւայլ կուռքերից՝ սուրբ Բագարատը գիշերուայ երրորդ ժամին իր ձեռքով թղթի վրայ գրեց. «Կուռքերի Իլիսոն բագնին. ես՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Բագարատ ծառաս, գրում եմ քեզ՝ Տորոմենա քաղաքի պիղծ, զազիր, անշունչ եւ նուաստ աստծուդ: Երբ ընթերցես այս գիրը, իսկոյն կը կատարես այն, ինչ որ հրամայում եմ. հեռացի՛ր դէպի գեհենի հուրը, ուր գտնւում է քո աւագ Փալկոն աստուածը եւ միասին ողբացէք ձեր կորստեան համար»:
Ագրինոսը թուղթը տարաւ, ծածուկ դրեց կուռքերի տաճարում եւ փախաւ: Պահ անց ձայն լսուեց աներեւոյթի կողմից, որն ասաց. «Բագարա՛տ, բարձրեալ Աստուծոյ ծառա՛, կատարեցինք քո սրբութեան կողմից մեզ հրամայուածը: Այսուհետեւ քաղաքը քոնն է»: Սուրբը երեսնիվայր ընկաւ, գոհացաւ Աստծուց եւ դարձեալ աղաչեց Տիրոջը մնացած կուռքերի համար, որպէսզի կործանուեն դրանք եւս: Իսկ ինքն Աստուծոյ խօսքն անդադար քարոզում էր բոլոր նրանց, ովքեր գալիս էին իր մօտ:
Երբ մօտեցաւ պիղծ Ապոլոնի տօնը, հեթանոսները պատրաստեցին զոհերին՝ մանուկներին եւ անասուններին: Զարդարուած քրմերը գնացին Ապոլոնի տաճարը, սակայն տեսան նրա բագինը՝ ջարդուփշուր եղած: Այնժամ սկսեցին խփել իրենց երեսներին ու ասել. «Վա՛յ մեզ, Ապոլո՛ն, այս ի՞նչ չար պատերազմ ելաւ քո դէմ: Ո՛վ մեր աստուա՛ծ, հզօ՛ր եւ պայծա՛ռ Ապոլոն, ինչո՞ւ կործանուեցիր եւ փշրուեցիր, ինչո՞ւ քո ոսկեկուռ աթոռը թափուր մնաց»: Ապա ելնելով սրտաբեկուած գնացին Դիա կուռքի տաճարը, եւ այն դարձեալ գտան կործանուած ու աւիրուած: Սկսեցին բարձրաձայն ողբալ ու հառաչել, մինչեւ որ նրանց ձայնից մեծ ամբոխ հաւաքուեց: Քրմերն ասում էին. «Լա՛ց եղէք բոլորդ եւ ողբացէ՛ք մեզ հետ, որովհետեւ կորան ու ջնջուեցին մեր իմաստուն աստուածները: Պատռե՛նք մեր օձիքները, հող ու մոխիր լցնենք մեր գլուխներին եւ սգա՛նք մեր աստուածների կործանումը»: Եւ ամբողջ ժողովուրդն սկսեց լալ ու ողբալ կուռքերի կործանման համար: Ապա հաւաքուեցին մեծ բազմութեամբ, գնացին Ոնիփատոսի տուն, աղաղակեցին նրա դռների առաջ եւ ասացին. «Ո՛վ անարժան իշխան, դու քաղաքապետ եղար չար ժամանակներում: Դու տեսնում ես մեր կործանուած աստուածներին եւ անհոգ ես մնում: Դու չես յուզւում եւ չես քննում մեզ պատահած մեծ դէպքերը: Արդ, եկել է քո մահն ու կորուստը»: Ոնիփատոսն ասաց նրանց. «Ինչո՞ւ էք մոլութեամբ բարկացել ինձ վրայ: Ընտրեցէ՛ք իմաստուն այրեր ու մոգեր, որպէսզի նրանք քննեն ու տեսնեն, թէ ինչու կործանուեցին աստուածները: Գուցէ այլ՝ աւելի հզօր Աստուած մարտնչեց նրանց դէմ, եւ քանի որ չկարողացան ընդդիմանալ, կործանուեցին»: Եւ գնացին ու ընտրեցին դիւթիչ երեսուն այրեր: Նրանք գնացին Լիւսոսի մեհեան, որովհետեւ միայն նրա բագինն էր, որ չէր կործանուել: Սկսեցին հմայել եւ վիճակ գցել Լիւսոսի անունով, աղաչում էին, որ բագինը խօսի իրենց հետ, բայց նա պատասխան չէր տալիս: Ապա բագինն ասաց. «Չգիտէ՞ք արդեօք, որ մեզ տկարացրել է վերին Զօրութիւնը: Արդ, եթէ կամենում էք, որ զօրութիւն գայ մեր մէջ, ինչպէս որ առաջ էր, ապա ինձ զոհ մատուցէք իմ սիրելի եւ մեծ բարեկամ Ոնիփատոսին»: Եւ նրանք շատ ուրախացան, գնացին աւետիս տալու Ոնիփատոսին ու ասացին. «Երանի՛ է քեզ, որովհետեւ աստուածները մեծարեցին ու փառաւորեցին քեզ: Նրանք կամենում են, որ քեզ զոհ մատուցենք, եւ դու լինես աստուած՝ կործանուած աստուածների փոխարէն: Մենք կը կանգնեցնենք քո բագինը ու պաշտամունք կը մատուցենք քեզ»: Երբ Ոնիփատոսը լսեց այս բօթը, գաղտնի դուրս եկաւ իր տնից, գնաց ընկաւ Բագարատի ոտքերը եւ լալով պատմեց ամէն բան: Երանելին ասաց նրան. «Մի՛ երկնչիր, որդեա՛կ, դու գնա՛ զոհաբերութեան, իսկ ես կը գամ քո յետեւից: Մենք Քրիստոսի զօրութեամբ կը յաղթենք նրանց»: Եւ Ոնիփատոսը տուն վերադարձաւ:
Ամբողջ քաղաքը հաւաքուել էր նրա տան մօտ, իսկ քրմերը բարձրաձայն փողեր էին հնչեցնում: Ապա Ոնիփատոսին դուրս բերեցին, մերկացրին նրան, ձեռքերը կապեցին թիկունքին, տարան մեհեան ու կանգնեցրին Լիւսոսի բագինի առաջ: Ոնիփատոսն այսուայն կողմ էր նայում, որ գտնի երանելի Բագարատին, եւ չտեսնելով նրան՝ ողբաձայն ասաց. «Ո՞ւր ես, հա՛յր Բագարատ, դու ուղարկեցիր ինձ, սակայն ինքդ չեկար: Օգնի՛ր եւ փրկի՛ր ինձ, Տէր Յիսուս Քրիստո՛ս, որովհետեւ ես հաւատացի Քեզ»:
Եւ ահա եկաւ սուրբ Բագարատը՝ զգեստաւորուած եմիփորոնով, ուրարով ու փիլոնով եւ Աւետարանը ձեռքին: Նրա հետ էին Լիկայոնիդէսը եւ Ագրինոսը, որոնք տանում էին Խաչը եւ տէրունական պատկերը: Տեսնելով, որ հեթանոսները մօտեցել էին Ոնիփատոսին զոհաբերելու՝ սուրբ եպիսկոպոսը, ձեռքերը երկինք տարածած, պաղատեց Աստծուն: Եւ Բագարատն իսկոյն բոցավառուեց հրի պէս, որը տեսնելով՝ ժողովուրդն ահաբեկուած երեսնիվայր ընկաւ գետնին, իսկ նա կնքեց նրանց վրայ տէրունական սուրբ Նշանով ու բարձրացրեց: Ապա դարձաւ Լիւսոս կուռքին եւ ասաց. «Պի՛ղծ դեւ, երդուեցնում եմ քեզ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, հեռացի՛ր, չքուի՛ր այստեղից եւ գնա՛ այնտեղ, ուր Փալկոնն է»: Եւ իսկոյն մեծ ճայթիւնով բագինը օդ վերացաւ ու ընկաւ ծովը:
Ժողովուրդը յոյժ վախեցաւ եւ ընկաւ գետնին: Սուրբը դարձեալ խաչակնքեց նրանց վրայ եւ ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ պիղծ Լիւսոսն իր դեւերով իսպառ կորստեան մատնուեց»: Ժողովուրդը, տեսնելով այն մեծ սքանչելիքը, որ Աստուած արեց Իր Բագարատ ծառայի միջոցով, ոտքի ելաւ, միաբերան աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ ենք Նրան, որին դու քարոզում ես»: Եւ իսկոյն արձակեցին Ոնիփատոսին եւ նրան հանդերձներ հագցրին: Ժողովուրդը մէկ սիրտ եւ մէկ հոգի եղաւ, իսկ քրմերը սուրբ Բագարատի հրամանով գնացին մեհեանները, ջարդեցին կուռքերի արձանները եւ թափեցին ծովը, վերացրին նաեւ սեղաններն ու դիւային պաշտամունքների աւազանները: Երանելին հրամայեց փող հնչեցնել, եւ հարիւր հազար մարդ հաւաքուեց: Նա Աստուծոյ խօսքը յայտնեց բոլորին, ապա նրանց հետ գնաց փոքր մատուռը, որը գաղտնի կառուցել էր Ոնիփատոսը եւ այնտեղ պատարագ մատուցեց: Այնուհետեւ պատուիրեց ժողովրդին եօթ օր սրբուել պահեցողութեամբ եւ աղօթքներով, նախապատրաստեց նրանց մկրտութեան եւ ուսուցանեց ճշմարտութիւնը: Իւրաքանչիւրին պատուիրեց իրենց տնից բերել սպիտակ եւ մաքուր նոր հանդերձներ ու մոմեր: Տարաւ նրանց գետի մօտ եւ մէկ օրուայ մէջ մկրտեց քսանչորս հազար հոգու, հագցրեց նրանց նոր եւ սպիտակ զգեստներ ու հաղորդ դարձրեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի պատուական Մարմնին եւ Արեանը: Եւ ովքեր լուսաւորուեցին, տեսան Սուրբ Հոգու շնորհները աղաւնու կերպով, որն իջաւ ջրերը մաքրելու եւ դարձեալ երկինք վերացաւ:
Եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ: Երանելի Բագարատը շարունակում էր ուսուցանել ժողովրդին եւ մեծամեծ հրաշքներ գործել, ինչպէս նաեւ բժշկել բոլորի ցաւերն ու հիւանդութիւնները: Եւ այդպէս նա աստուածպաշտութեան դարձրեց Սիկիլիա կղզու բոլոր քաղաքների ու գաւառների բնակիչներին: Նրան գործակից էր սուրբ Մարկիանոսը՝ Սիկիլիայի Սիրակուսայ քաղաքի առաջին եպիսկոպոսը, որը նոյնպէս ձեռնադրուել էր սուրբ Պետրոսի կողմից: Տորոմենա քաղաքում սուրբ Բագարատը մկրտեց աւելի քան քառասուն հազար, իսկ այլ քաղաքներում եւ գաւառներում՝ շուրջ հինգ հարիւր հազար հոգու: Աւիրեց կուռքերի տաճարները, ձեռնադրեց քահանաներ եւ սարկաւագներ, որոնց մէջ յիշատակւում է Նիկանոս սարկաւագը եւ Ագրինոս քահանան: Վերջինիս համար սուրբ Բագարատը Ոնիփատոս քաղաքապետին պատուիրեց, որ իր մահից յետոյ նրան ուղարկի Հռոմ՝ սուրբ Պետրոսի մօտ, որպէսզի իր փոխարէն ձեռնադրի նրան այս քաղաքի եպիսկոպոսական Աթոռին նստելու համար:
Ինչպէս գրում է Գրիգոր մենակեացը, օրեցօր աճում էր հաւատացեալների թիւը: Սիկիլիայի գլխաւոր բռնաւորներից մէկը՝ Ակիւղինոսը, մեծ զօրք հաւաքելով յարձակուեց Տորոմենա քաղաքի վրայ՝ սրի քաշելու բնակիչներին՝ Քրիստոսի հաւատքն ընդունելու համար: Սուրբ Բագարատը քաջալերեց քաղաքի ահաբեկուած բնակիչներն եւ ասաց. «Մի՛ երկնչէք, յաղթանակը մերն է, որովհետեւ Աստուած մեզ հետ է»: Այս ասելով՝ նա առաւ իր պատուական Խաչափայտը եւ մեր Փրկիչ Քրիստոս Աստուծոյ ու Նրա անապական Մօր եւ Կոյսի տէրունական պատկերը, կանգնեց թշնամու բանակի դէմ եւ պահեց այդ սրբութիւններն իբրեւ ամուր պարիսպ: Այնժամ խռովութիւն ընկաւ բանակի մէջ, քանզի նայելով Աստուծոյ մարդուն եւ նրա զօրաւոր զէնքերին՝ թշնամին ահաբեկուեց եւ խուճապի մատնուեց: Մէկը միւսից առաջ անցնելով՝ ընկերը սպանեց ընկերոջը, բայց քիչ անց ուշքի եկան, գցեցին զէնքերը, գնացին ընկան սուրբի ոտքերը եւ հաւատալով նրա Աստծուն՝ մկրտուեցին: Այս դէպքից յետոյ Տորոմենայի բնակիչներն աւելի ու աւելի էին ակնածում իրենց լուսաւորիչ Բագարատից եւ նրա բոլոր խօսքերը լսում էին յօժար կամքով ու սիրով:
Սակայն բարիատեաց բանսարկուն, չարանալով սուրբի գործերից, սուրբի դէմ դուրս բերեց Արտագորոս անունով մի իշխանի, որպէսզի սպանի նրան՝ հայրենի աստուածների պաշտամունքները վերացնելու համար: Եւ մի օր, սուրբին գտնելով առանձին աղօթելիս, սրով հարուածեց ու սպանեց նրան, սակայն ոմանք էլ ասում են, թէ նա, միաբանուած լեռնականների հետ, քարկոծեց երանելուն, ինչպէս Ստեփանոսին: Եւ այդպէս սուրբ Բագարատ հայրապետը նահատակուեց ու աւարտեց իր կեանքը առաքելական ու վկայական գործունէութեամբ:
Իսկ Ոնիփատոս աստուածասէր իշխանը բռնեց սուրբին սպանող անօրէնին եւ չարաչար տանջանքների մատնելով՝ սպանեց նրան: Եւ արծաթէ տապան պատրաստեց, անուշահոտ խունկերով եւ մաքուր կտաւներով պատեց սուրբ լուսաւորիչ Բագարատի մարմինը եւ մեծ պատուով դրեց տապանում ու վրան սուրբի անունով մատուռ կառուցեց: Եւ Ագրինոս քահանան սուրբի պատուէրով ուղարկուեց հռոմ՝ Պետրոս առաքեալի մօտ, եւ ըստ կարգի ամէն բան պատմեց նրան: Եւ առաքեալը Ագրինոսին եպիսկոպոս ձեռնադրեց: Նա վերադարձաւ Տորոմենա քաղաք ու սուրբ Բագարատի փոխարէն նստեց Աթոռին: Իսկ Ոնիփատոսը մինչեւ մահ ծառայեց ու սպասաւորեց սուրբի նշխարներին: Եւ սուրբ Բագարատը բարեխօս եղաւ ոչ միայն Սիկիլիա կղզու բնակիչների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր կատարում են իր յիշատակը՝ փառաւորելով ամենասուրբ Երրորդութեանը՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Բագարատ եպիսկոպոսի յիշատակը կատարում է սուրբ Կղեմէս հայրապետի հետ՝ Յիսնակի Ա կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: