Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»:
Որքան գեղեցիկ են Ավետարանիչների ոտքերը լեռների վրա, ուր ավետում են խաղաղություն ու բարություն են քարոզում:
Այն, ինչ քարոզվեց ավետաբերների շուրթերով, հետևյալն էր. մեծ արքաներից՝ Կյուրոսից ու Դարեհից իրենց բովանդակ իշխանության մեջ հրաման արձակվեց, որ հրեաները պետք է ազատ լինեին ու գնային Երուսաղեմ, վերակառուցեին տաճարը, քաղաքի պարիսպներն ու դռները: Եվ շրջակա ազգերին էլ հրամայեցին օգնական լինել նրանց, ինչպես պատմում են Եզրասը և Նեեմիան: Արդ, քաղցր, ախորժելի ու վայելուչ են այդպիսի ավետաբերների ընթացքը խաղաղության ու բարության մեջ, ինչպես ասում է մարգարեն: Իսկ այս խոսքիճշմարիտ ընկալմամբ գեղեցիկ ոտքերը առաքյալներինն են, որոնք քայլեցին հպարտացած լեռների վրայով և կոխեցին օձերին ու կարիճներին: Նրանց ոտքերը գեղեցիկ են արեգակի ճառագայթներից էլ ավելի, որովհետև արեգակը միայն մի մասին է [լուսավորում], իսկ նրանք բոլորին լուսավորեցին: Արեգակը միայն երբեմն է լուսավորում, իսկ նրանք՝ մշտապես: Արեգակը նյութեղեն աչքերին է լույս տալիս, իսկ նրանք պայծառացրին հոգեղեն միտքը: Նրանք մեզ եռակի խաղաղություն բերեցին, քանի որ մեր պատերազմը Աստծո, մեկմեկու և [սեփական] անձի դեմ էր: Բայց Միածին Որդին, երկնքից երկիր իջնելով, հաշտություն հաստատեց Աստծո, և սեր՝ մեկմեկու նկատմամբ, իսկ մեր հոգու և մարմնի մեջ էլ արդարություն սերմանեց ու մեզ լցրեցայնպիսի բարությամբ, որ ոչ միտքը կարող է իմանալ, և ոչ լեզուն՝ ճառել:
Ա. Լոպուխին
«Որքա՜ն գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, նրա՛, ով խաղաղություն է հռչակում, ուրախություն է ավետում, փրկություն է քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստված թագավորեց»»։ [7] (Սինոդական թարգ․)
«Որքա՜ն գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, նրա՛, ով խաղաղություն է հռչակում, ուրախություն է ավետում, փրկություն է քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստված թագավորեց։ Քո պահապանների ձայնն է․ նրանք բարձրացրել են իրենց ձայնը, և բոլորը միասին ուրախանում են, որովհետև իրենց աչքերով տեսնում են, որ Տերը վերադառնում է Սիոն»։
7-8-րդ համարները նկարագրում են Երուսաղեմի ապագա վերականգնման ուրախալի պատկերը։ Երուսաղեմի փրկությունն ու խաղաղ բարգավաճումն ավետողների մի ամբողջ բանակի գլուխն անցած՝ ընթանում է մեծ Ավետարանիչը, Որը հեղինակավոր կերպով Սիոնին ավետում է Իր նոր թագավորության հայտնությունը։ Նրան ուղեկցում են բազմաթիվ այլ քարոզիչներ, որոնք այս բարի լուրը տարածում են աշխարհի բոլոր ծայրերում, և որոնք միևնույն ժամանակ նաև լավագույն վկաներն ու ականատեսներն են այն ամենի, ինչը որ իրենք քարոզում են։
«Որքա՜ն գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, նրա՛, ով խաղաղություն է հռչակում, ուրախություն է ավետում, փրկություն է քարոզում․․․» - Այս խոսքերը, որոնք տառացիորեն ևս մեկ անգամ կրկնվում են հետգերության շրջանի մարգարեներից մեկի կողմից (Նավ․ 1։15), անկասկած, պետք է վերաբերել Մեսիային, ինչպես որ դա երևում է հենց նույն Եսայի մարգարեի՝ ավելի վաղ հեղինակած հատվածներից (Ես․ 41։27, 40։9 և այլ տեղիներ), ինչպես նաև նրա հայտնի մեսիական տեքստից․ «Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին․․․» (Ես․ 61։1)։
«Քո Աստված թագավորեց»։ Քանի դեռ Իսրայելը գերության մեջ էր, իսկ Երուսաղեմն ընկած էր փլատակների տակ, Տերը՝ հրեական ժողովրդի մշտական Հովանավորն ու Պաշտպանը, այդ ժամանակաշրջանում կարծես թե երես էր թեքել նրանից։ Սակայն, ահա՛, Նա կրկին հայտնվում է Իր ժողովրդին և Իր վրա է վերցնում հրեաների թագավորի պարտականությունները։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»:
(Արարատ թարգ․) Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։
(Գրաբար) Իբրեւ զի գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի համբաւուն խաղաղութեան, իբրեւ աւետարանչի բարութեանց. զի լսելի արարից զփրկութիւն քո, ասել ցՍիոն թէ թագաւորեսցէ քեզ Աստուած:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: