ՍՈՒՐԲԵՐ

«Ողջունում են ձեզ բոլոր սուրբերը,

մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են»

[Փիլ. Դ 23]

 

Արդ, սուրբերի դասերը, որոնք ողջոյն են տալիս մեզ, եօթն են: Նրանք են՝

-       հրեշտակներ,

-       կոյսեր,

-       նահապետներ,

-       մարգարէներ,

-       առաքեալներ,

-       մարտիրոսներ,

-       վարդապետներ,

-       խոստովանողներ,

որոնք բոցավառ էին Աստուծոյ սիրով: Նրանցից ոմանք եղան որպէս հրեղէն քարեր, ոմանք՝ որպէս այրուող մորենիներ, ոմանք՝ որպէս հրեղէն գետեր, ոմանք՝ որպէս հրեղէն լեռներ, ոմանք՝ որպէս հրեղէն ձիեր ու կառքեր, ոմանք՝ որպէս հրեղէն խօսքեր, ոմանք՝ որպէս հրեղէն աչքեր:

 

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Արդ, հրեշտակները հրեղէն քարեր են, որոնց համար Եզեկիէլ մարգարէն ասում է. «Հրէ քարերի մէջ անարատ ես եղել քո օրերում»[1]: Հրեշտակները համեմատւում են քարերի հետ երեք պատճառով:

-       Նախ՝ նրանք կարծր ու ամուր մնացին ընդդէմ սատանայի եւ չընկան նրանց հետ.

-       Երկրորդ՝ նրանք պատուական քարերի նման լի են Աստուծոյ շնորհած բոլոր բնատուր պարգեւներով.

-       Երրորդ՝ նրանք կենդանի քարեր են, որոնք ամրացնում են վերին Երուսաղէմի հիմքերը.

Եւ պէտք է, որ մենք պատուենք հրեշտակներին բազմաթիւ պատճառներով:

-       Նախ՝ նրանք մեր պահապաններն են, ինչպէս որ սաղմոսն է ասում. «Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին»[2].

-       Երկրորդ՝ նրանք արթնացնում են մեղքերի մէջ ննջած անձանց, ինչպէս որ գրուած է Բ Թագաւորաց գրքում. «Եղիան քուն մտաւ, եւ հրեշտակը մօտեցաւ նրան ու ասաց. «Արի՛»[3]: Եւ «Գործք առաքելոց»-ում էլ ասւում է. «Երբ Պետրոսը ննջում էր զինուորների միջեւ, հրեշտակը բոթեց Պետրոսի կողերը եւ ասաց՝ վե՛ր կաց»[4].

-       Երրորդ՝ նրանք մեր աղօթքները մատուցում են Աստծուն, ինչպէս որ Ռափայէլ հրեշտակն ասաց Տուբիթին. «Երբ դու աղօթում էիր, ես քո աղօթքները բարձրացնում էի Աստուծոյ առաջ, իսկ երբ դու թաղում էիր մեռելներին, ես քեզ հետ էի»[5]: Եւ Ղուկաս աւետարանիչն էլ ասում է. «Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը»[6].

-       Չորրորդ՝ նրանք մարդկանց հոգիները տանում են Աստուծոյ առջեւ:

 

ԿՈՅՍԵՐ

Սուրբ կոյսերը, որոնց գլուխը սուրբ Աստուածածինն է, այրուող մորենիներ են: Ինչպէս որ մորենին վառւում էր, բայց չէր այրւում, այդպէս էլ Բանն Աստուած մարմին առաւ սուրբ Կոյսից, եւ կուսութեան պատիւն անապական մնաց: Եւ միւս բոլոր կոյսերը, վառուելով մարմնի եւ աշխարհի փորձութիւնների մէջ, տոկուն մնացին: Ուստի կուսութիւնը պատուական է Աստուծոյ առաջ բազմաթիւ պատճառներով:

-       Նախ՝ կոյսերի վարած կեանքը նման է երկնային կեանքին, ինչպէս որ Մատթէոս աւետարանիչն է ասում. «Երկնքի արքայութիւնը նման է տասը կոյսերի»[7], որի համար մեկնիչն ասում է, թէ կուսութիւնը երկրի վրայ երկնային կեանք է վարում, ուր տղամարդիկ կին չեն առնում եւ ոչ էլ կանայք են մարդու գնում: Ինչպէս որ անապական է երկինքը, այնպէս էլ կոյսերն անապական են պահում իրենց հոգիները, իսկ մարմինները շուշանի եւ բալասանի նման անուշահոտ են դարձնում, ինչպէս որ Սուրբ Գիրքն է ասում. «Ովքե՞ր են սրանք, որ գալիս են բարձրանալով, ինչպէս ծխացող խունկ»[8].

-       Երկրորդ՝ կոյսերը քաղցրագոյն սիրով սիրուած են Քրիստոսի կողմից, ինչպէս գիտենք Յովհաննէսի օրինակից, որ երբ նա ընկաւ Քրիստոսի լանջով, Աստուծոյ բազում ծածուկ խորհուրդներ յայտնի եղան նրան: Կոյսերն Աստծուց այնպիսի մեծագոյն երանութիւն են գտնում, որ Նրա սիրոյ համար թողնում են այս աշխարհի փափկութիւնները, որովհետեւ ըստ սուրբ Բեռնարտոսի՝ ինչպէս որ հուրն ու ջուրը չեն կարող համատեղ լինել, այնպէս էլ հոգեւոր եւ մարմնաւոր փափկութիւնները չեն կարող միասին լինել: Քանզի ով սնւում է զանազան խորտիկներով, վայելում է զանազան հանդերձներ եւ փափուկ անկողիններ, ապա դրանցով նա զանց է առնում երկնային Հանգիստը, որովհետեւ Տէրն ասում է. «Եկէ՛ք Ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ Ես ձեզ կը հանգստացնեմ»[9], իսկ հեշտասէրների համար ասում է. «Վա՜յ ձեզ, որովհետև դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք»[10].

-       Երրորդ՝ կոյսերը յետեւում են Քրիստոսին, ինչպէս որ Յովհաննէսն է ասում Յայտնութեան գրքում. «Սրանք գնում են Գառան յետևից, ուր էլ Նա գնայ: Նրանք նոր երգեր էին երգում Աստուծոյ գահի առաջ, եւ ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն՝ նրանք»[11]: Եւ քանի որ կոյսերն անառիկ են պահում իրենց տկար բերդը զօրաւոր թշնամու դէմ, պսակներ են ստանում առաւել, քան միւսները, ինչպէս որ առաքեալն է ասում. «Պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի»[12]:

[1] Եզ. ԻԸ 14:

[2] Սաղմ. Ղ 11:

[3] Գ Թագ. ԺԹ 5:

[4] Հմմտ. Գործք.ԺԲ 7:

[5] Տոբ. ԺԲ 12:

[6] Ղուկ. ԺԶ 22:

[7] Մատթ. ԻԵ 1:

[8] Հմմտ Երգ. Գ 6:

[9] Մատթ. ԺԱ 28:

[10] Ղուկ. Զ 24:

[11] Հմմտ. Յայտն. Դ 14, Յայտն. ԺԴ 3:

[12] Բ Տիմ. Բ 5: