Գիրք` 4. Աւետարան ըստ Յովհաննէսի

Ներածութիւն

   
   Չորս աւետարանների մէջ Յովհաննէսի աւետարանը ամենից ինքնատիպն է: Եթե նկատի չունենանք Յիսուսի չարչարանքների պատմութիւնը, այստեղ միւս աւետարանների հետ ընդհանուր շատ քիչ տարրեր կը գտնենք: Դրան հակառակ, Յովհաննէսի աւետարանը միակն է, որտեղ յիշատակուած են որոշ դրուագներ, որոնք չկան միւս աւետարաններում, ինչպէս՝ Կանայի հարսանիքը, Յիսուսի հանդիպումները Նիկոդէմոսի, սամարացի կնոջ, Բեթհեզդայի անդամալոյծի, ի ծնէ կոյրի հետ եւ այլն:
   Իր առաջաբանում, որն ունի բանաստեղծական ձեւ, Յովհաննէսը Յիսուսին ներկայացնում է որպէս Աստծու յաւերժական Բանը (խօսքը), որը մարմնանալով գալիս է ապրելու մարդկանց հետ՝ նրանց մէջ դառնալով խորհրդանիշ կեանքի, լոյսի եւ ճշմարտութեան:
   Յովհաննէսի աւետարանը կարելի է բաժանել երկու մեծ մասերի: Առաջին մասում նախ հանդէս են գալիս Յովհաննէս Մկրտիչը, նրա աշակերտ Անդրէասը, ինչպէս եւ Փիլլիպոսն ու Նաթանայէլը, որոնք արտայայտում են, իւրաքանչիւրն իր ձեւով, ինչ որ բացայայտել են Յիսուսի անձի մեջ: Այնուհետեւ պատմւում է Յիսուսի զանազան հանդիպումների եւ նրա գործած եօթը հրաշքների մասին, որ աւետարանիչը ներկայացնում է որպէս «նշաններ»՝ դրանով ընդգծելով այն միտքը, թէ էականը դրանց իմաստը հասկանալն է: Հովհաննէսն այս առաջին մասն աւարտում է կատարուածի մասին մի տեսակ հաշուեկշռով եւ Յիսուսի պատգամի ամփոփումով:
   Երկրորդ մասում Յիսուս իր աշակերտներին տալիս է իր վերջին յանձնարարութիւնները, որոնք, որոշ իմաստով, կազմում են նրա հոգեւոր կտակը: Ապա, իր աղօթքով, նա պատրաստւում է դիմագրաւել մահը եւ իր Հօրն է վստահում նրանց, ում պիտի թողնի իր ետեւում: Յիշատակելով Յիսուսի ձերբակալութիւնը, դատապարտութիւնը եւ մահը խաչի վրայ, ապա նաեւ թափուր գերեզմանի յայտնաբերումը, Յովհաննէսը վերամիաւորում է մյուս աւետարանների պատմութեան գլխաւոր գծերը: Զատկի օրը նշանաւորւում է նրանով, որ յարուցեալ Յիսուս երեւում է Մարիամ Մագդաղենացուն, յետոյ իր աշակերտներին, մասնաւորապես՝ Թովմասին:
   ԻԱ գլուխը գրքի եզրակացութիւնից յետոյ արուած մի յաւելուած է: Այդ եզրակացութեամբ բացայայտուած է աւետարանի նպատակը. այն է՝ ընթերցողներին քայլ առ քայլ բերել այն բանին, որ նրանք Յիսուսի անձի մէջ ճանաչեն խոստացուած Մեսիային՝ Աստծու Որդուն: