Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց:
Այլ Նրա տեսքը ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։
Այս մարգարեության իրականացումը տեսնում ենք նախ՝ մարմնավորման ժամանակ, և ապա՝ Խաչի իրադարձության ժամանակ: Որովհետև Նա մարդ դարձավ՝ աղքատ մորից ծնվելով, այլև ծնվեց քարայրի մեջ, դրվեց մսուրում ու Եգիպտոս փախավ: Այս բոլորը անարգության նշաններ են: Էլ չեմ ասում, որ մասնակցեց մարդահամարին ու Սիմոն Պետրոսի հետ հարկ վճարեց կայսրին: Նաև, Աստված անարգանք կրեց Խաչելության իրադարձության ժամանակ. նախ՝ որովհետև ծաղրի ենթարկվեց, մտրակվեց, անարգվեց, և ապա՝ խաչով մեռավ, որ անիծված ու անարգական մահ էր, և ապա ավազակների մեջտեղում՝ անօրենների հետ դատապարտվեց (53։12):
Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե։
Չասաց, թե համբերում է, այլ թե՝ ցավերին համբերել գիտե. նախ՝ քանի որ համբերությունը հարկադրանքից է, իսկ նա ասում է՝ համբերել գիտե, կամենում է հաղորդել, որ Հիսուս հոժարությամբ է համբերում, և ոչ թե հարկադրաբար:
Երկրորդ՝ Նա գիտե համբերելու շահը, որովհետև ոչ սոսկ մարդ է և ոչ սոսկ Աստված, այլ՝ մարդացած Աստված: Այդ պատճառով էլ, քանի որ մարդ է՝ համբերում է, ու քանի որ Աստված է՝ գիտակցում է դրա օգուտը: Ուստի և Նա համբերում է հրեաների և աշակերտների նախատինքներին ու նենգությանը:
Երրորդ՝ ցավերին համբերել գիտե, այսինքն՝ ինքնըստինքյան գիտե բոլոր ցավ ունեցողներին օգնական լինել, ինչպես ասում է նամակագիրը. «Ով փորձ ունի՝ կարող է և փորձության ենթարկվածներին օգնական լինել» (Եբր. 2։18):
Չորրորդ՝ գիտե, որ առանց դրա անհնար է մարդկանց բժշկությունը: Այս պատճառով էլ համբերում է ցավերին, ինչպես մեկը, ով մարմնի անդամների վարակված մասը հատել է տալիս ու համբերում է ցավերին, որպեսզի ողջ մարմինն ապրի: Այդպես էլ մեր պարագայում եղավ. մենք մեղքերով վարակվեցինք, իսկ Քրիստոս հանուն մեր կյանքի Իր անմեղ, անմահ և անախտ մարմինը մահվան ենթարկեց, մեր մեղքերի համար վիրավորվեց ու մեզ բժշկեց մեր մեղքերից:
Իր երեսը շրջելով արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
Իսկապես այդպես էր, քանի որ ոմանք ասում էին՝ «Մենք երես դարձրինք Նրանից, Ով բոլորի երեսն Իր կողմն էր դարձրել», այսինքն՝ ամենքը երկրպագության համար իրենց հայացքն ուղղել էին Նրան, «և բանի տեղ չդրեցինք Նրան, որովհետև Սիմոն Պետրոսի հետ հարկ պահանջեցինք նաև Նրանից»: Իսկ համաձայն Յոթանասնից թարգմանության այսպես է լինում. «Շրջելով Իր երեսը՝ արհամարհվեց», ինչպես մեկը, ով շրջում է իր երեսը, և թիկունքից ոչ ոք չի ճանաչում նրան, թեկուզ ծանոթներից էլ լինի, քանզի ծանոթությունը դեմքից է ճանաչվում: Այդպես է ասվում, քանի որ մեր Տերն Իր Աստվածությունը ծածկեց մարդկանցից, որովհետև «եթե ճանաչված լիներ, արդարև, փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ. 2։8): Եվ քանի որ շրջեց Իր երեսը ու ծածկեց Իր Աստվածությունը, այդ պատճառով էլ անարգվեց, ատվեց, բոլորի աչքից ընկավ ու բանի տեղ չդրվեց:
Ա. Լոպուխին
«Նա անարգված և մերժված էր մարդկանց առջև, նա վշտերի մարդ էր և հիվանդություններ տեսած, ու մենք Նրանից թեքում էինք մեր երեսը, Նա անարգված էր, և մենք Նրան ոչինչ էինք համարում»։ [3] (Սինոդական թարգ․)
«Նա անարգված և մերժված էր մարդկանց առջև...» - 3-րդ համարի բովանդակությունն էլ ավելի է զորեղացնում երկրորդ համարի միտքը․ այնտեղ ասվում էր, որ Մեսիան որևէ առանձնահատուկ արժանիքներ չունի և ոչնչով չի տարբերվում սովորական մահկանացուներից։ Իսկ ահա արդեն այստեղ մենք ավելացնում ենք, որ եթե Նա ինչ-որ բանով էլ առանձնանում է, ապա միայն բացասական, այլ ոչ թե դրական կողմերով։ Նա մյուս բոլորից առավել վատն ու արհամարհելի է. այսքանից հետո, ուրեմն, Նա ինչպե՞ս կարող է հավակնել Մեսիայի դերին։ Եսայի մարգարեն արդեն ավելի վաղ (Ես. 49։7) խոսել էր այն արհամարհանքի մասին, որով հրեաների և հեթանոսների մեծամասնությունն ընդունում էին Մեսիային: Եվ իսկապես, մսուրում Իր ծնունդով, Իր Նազարեթյան ծագումով, մաքսավորների և մեղավորների հետ Իր մշտական ընկերական հարաբերություններով Մեսիան Իր երկրավոր կյանքի ընթացքում հրեա ժողովրդի կույր առաջնորդներին մշտապես առիթ էր տալիս Իր մասին արհամարհանքով և թշնամությամբ արտահայտվելու համար (Մատթ․ 15։2, 12, Ղուկ․ 19։7)։
«Եվ մերժված էր մարդկանց առջև...» կամ, ինչպես սլավոներենում է՝ «ավելի մերժված էր, քան բոլոր մարդկանց որդիները»: «Մարդկանց որդիներ» արտահայտության ներքո, հիմնվելով աստվածաշնչյան կիրառության վրա (Ես. 2։9, 11։16), շատերն այստեղ հակված են հասկանալու հրեա ժողովրդի «նշանավոր ներկայացուցիչներին», հատկապես՝ օրենսգետներին և փարիսեցիներին՝ Տիրոջ այս ամենակատաղի թշնամիներին։ Սիմմաքոսն այդ արտահայտությունը թարգմանում է «ἑλάχιστος»՝ «մարդկանցից փոքրագույնը» բառերով, իսկ Հերոնիմոսը «novissimus»՝ «ամենքից ավելի կրտսեր» իմաստով։ Եվ այս վերջին երկու թարգմանությունները, ինչպես երևում է, ամենահաջող կերպով են փոխանցում տեքստի գաղափարը, որն իր առջև խնդիր ունի մատնանշելու Մեսիայի ծայրահեղ ստորին, նվաստացած հասարակական կարգավիճակը, Նրա՛, Ով սերելով ցածր խավից և շփվելով հիմնականում հասարակ ժողովրդի հետ, Իր նկատմամբ մշտապես սառը-վիրավորական և ամբարտավան-արհամարհական վերաբերմունքի էր արժանանում ժողովրդի նշանավոր, հարուստ և ազդեցիկ առաջնորդների կողմից։
«Վշտերի մարդ...» - Եբրայերենից թարգմանաբար «իշ մաչիվոտ» արտահայտությունը նշանակում է «դժվարությունների, ցավերի, վշտերի տղամարդ կամ մարդ» (Ելք․ 3։7)։ Այս արտահայտության լրացուցիչ հոմանիշ է ծառայում սրան հաջորդող «և հիվանդություններ տեսած» արտահայտությունը։ Սա կա՛մ մարդկային բնության ընդհանուր սահմանումն է, որի բնական ճակատագիրն են վշտերն ու հիվանդությունները, կա՛մ էլ նույնիսկ մարդկային մեղավոր բնության առավել մասնավոր մատնանշումը, քանի որ հոգնեցուցիչ աշխատանքը, տարբեր հիվանդություններն ու տխրությունները ներխուժել են մարդկային բնության մեջ՝ որպես մեղքի պատճառով անկման անմիջական հետևանք (Ծննդ․ 3։16-19)։
Վերջին մեկնաբանությանն է հակված նաև Հերոնիմոս Երանելին, որն ասում է, որ սույն տեքստը «մատնանշում է Մեսիայի մարդկային իրական մարմինն ու մարդկային իրական հոգին, Նրա՛, Ով հանձն առնելով կրել տկարությունները՝ Աստվածությամբ հաղթահարեց դրանք բոլորը» (Թեոդորոս Երանելի)։ Այսպիսով՝ այստեղ քողարկված կերպով բացատրվում է մարմնավորման խորհրդի ամբողջ խորությունը․ Աստված, մարմնապես հայտնվելով, Իր վրա ընդունեց մեր անկում ապրած բնությունը, որպեսզի Իր քավչարար մահվամբ այն մաքրի, բարձրացնի և փառավորի, ինչպես որ դա հիանալիորեն պարզաբանում է Պողոս առաքյալը՝ ասելով․ «քանզի ոչ թէ ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարութեանը, այլ՝ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձուած է ամէն ինչում, բայց առանց մեղքի է» (Եբր․ 4։15)։
«Ու մենք Նրանից թեքում էինք մեր երեսը...» - Ակիլլան և Հերոնիմոս Երանելին սա մի փոքր այլ կերպ են փոխադրում․ «Եվ որքա՜ն քողարկված էր Նրա դեմքը», որի հետ համապատասխանաբար էլ վերջինս՝ Հերոնիմոս Երանելին, այս հատվածն այն իմաստով է մեկնաբանում, որ Տերը միտումնավոր է թաքցրել կամ չի բացահայտել, ցույց չի տվել Իր Աստվածային Ամենակարողությունը, որպեսզի խոնարհությամբ կրի ինքնակամորեն հանձն առած մարդկային մեղքի լուծը։ Իհարկե, սրա հետևանքն էլ այն էր, որ մարդիկ նույնպես «թեքվում, շրջվում ու հեռանում էին» Նրանից, այսինքն՝ Նրան որպես Մեսիա չէին ընդունում և անգամ ծաղրում էին Նրան, երբ Նա Ինքն Իրեն ներկայացնում էր որպես իրական Մեսիա։ Մեկնաբաններից շատերն այս հատկանիշի նախատիպը տեսնում են դեռևս բազմաչարչար Հոբի պատմության մեջ․ «Ինձ ճանաչողները օտարանում են ինձանից։ Մտերիմներս լքել են ինձ, և իմ ծանոթները մոռացել են ինձ» (հմմտ. Հոբ 19։13-14): Կամ․ «Նա ինձ առակ դարձրեց ժողովրդի համար, և ծաղրանքի առարկա՝ նրա համար» (հմմտ. Հոբ 17։6)։ Տառապող Մեսիան ներկայացվում է մարդկային հասարակությունից հեռացված կարգավիճակում՝ բորոտավորված մարդկանց նմանությամբ։ Սա արդեն մարդու՝ հրապարակային հնարավոր նվաստացման ծայրագույն աստիճանն է, երբ համայնքը նրան առանձնացնում է իրենից՝ որպես անարժան անդամի։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց:
(Արարատ թարգ․) Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։
(Գրաբար) Այլ տեսիլ նորա անարգ` նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան: Այր մի ի հարուածս, եւ գիտէ համբերել ցաւոց: զի դարձուցեալ զերեսս իւր անարգեցաւ, եւ ոչինչ համարեցաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: