ՍՈՒՐԲ ԴԻՈՄԵՏԷՍ ԲԺՇԿԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Ճգնաւորք ճշմարիտք եւ վկայք Քրիստոսի.

Որք զչարչարանս եւ զմահ յանձն առիք վասն Տեառն.

Զձեզ ունիմք բարեխօս առ Քրիստոս վասն անձանց մերոց:

Քանզի հեղմամբ արեան ձերոյ պայծառացան սուրբ եկեղեցիք.

Եւ զստուերամած խաւար կռապաշտութեանցն բարձիք.

Զձեզ ունիմք բարեխօս առ Քրիստոս վասն անձանց մերոց:

Երկնային զօրքն իջեալ ի պատիւ պատարագի մահուան ձերոյ.

Եւ զպսակս անապական առ բերելով ի Հօրէ լուսոյ.

Զձեզ ունիմք բարեխօս առ Քրիստոս վասն անձանց մերոց:

(Շարակնոց)

 

Քրիստոսի խոստովանող վկայ Դիոմետէս (Դոմետիոս) բժշկապետը ծնուել ու մեծացել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում եւ ապրել է Դիոկղետիանոս ու Մաքսիմիանոս անօրէն կայսրերի օրօք: Նա մեծահարուստ ազնուական տոհմից էր: Բարեպաշտ էր, աստուածավախ, զարդարուած բոլոր առաքինութիւններով ու մարմնաւոր եւ հոգեւոր շնորհներով, իսկ իմաստութիւնը որպէս զարդ իր վրայ հագած՝ պատուական էր բոլորի աչքին: Վայելչատես, առոյգ երիտասարդ էր՝ սքանչելի, հանճարեղ մտքով եւ կորովի հոգով:

 

Մանկուց գիտակ եւ հմուտ էր բժշութեան մէջ առաւել, քան հելլենացի երիտասարդ իմաստասերները: Լիակատար տիրապետում էր բժշկութեան բոլոր՝ թէ՛ Ասկլեպիոսի, թէ՛ Հիպոկրատի եւ թէ՛ Գաղիանոս Մեծի ճարտարամիտ հմտութիւններին,  որ նրանք հաղորդում էին իրեն: Շրջելով ամենուր՝ այցելում էր հիւանդներին ու կարօտեալներին եւ ձրի բժշկում բոլորին: Եւ Տէրը նրան բժշկութեան շնորհ տուեց, որովհետեւ նա՝ որպէս ճշմարիտ երկնաւոր Բժշկի՝ Քրիստոսի աշակերտ,  բժշկում էր ոչ այնքան մարդկային վարպետութեամբ, որքան իր զօրաւոր հաւատքով եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուամբ իւրաքանչիւրի համար աղօթելով: Նա բժշկում էր ոչ միայն մարմինները, այլեւ հոգիները, բոլորին ուսուցանում էր ամուր եւ անսասան մնալ ճշմարիտ հաւատքի մէջ, արհամարհել անմռունչ կուռքերին, չվախենալ ժամանակաւոր մահից, արհամարհել անցաւոր փառքը, սպասել միայն յաւիտենականին եւ դատաւորների ու թագաւորների առջեւ աներկիւղ խոստովանել Քրիստոս Աստծուն:

 

Եւ հալածանքների օրերին երանելի Դիոմետէսն այս մխիթարական վարդապետութիւնը տարածում էր ամբողջ Կիլիկիայում: Այնուհետեւ նա որոշեց մեկնել Բիւթանիա, որպէսզի այնտեղ բժշկութեամբ եւ քաջալերող խօսքերով ծառայութիւն մատուցի կալանաւոր եղբայրներին, որոնք Քրիստոսի անուան համար համբերում էին մեծ զրկանքների եւ կրում էին մեծ նեղութիւններ:

 

Գալով մայրաքաղաք Նիկիա՝ Դիոմետէսը կամեցաւ հաստատուել այնտեղ, որովհետեւ նրան ցանկալի թուաց քաղաքի դիրքը, որը նման էր հոյակապ Տարսոն քաղաքին, ուր մեծացել էր: Բնակուեց այնտեղ, շրջեց քաղաքի հրապարակներում եւ սկսեց բանեցնել բժշկութեան իր արհեստը: Նրա յոյժ հմտութեան եւ բարեզարդութեան համբաւը տարածուեց ամենուր, որովհետեւ Աստուծոյ կամքով ամէն բան, ինչ որ ձեռնարկում էր, մատուցում էր որպէս բարեգործութիւն, որի համար յոյժ առաջադէմ ու անուանի եղաւ բազմահաւաք ժողովրդի առաջ:

 

Սակայն Դիոմետէսը, առաջնային չհամարելով մարմնաւոր բժշկութիւնը, առաւելապէս ջանում էր հոգեւոր բժշկութեան համար, որն անում էր առ Աստուած ունեցած անկեղծ հաւատքով ու սիրով: Եւ այդպէս թէ՛ առանձին եւ թէ՛ հրապարակաւ նա աներկիւղ համարձակութեամբ քարոզում էր Քրիստոսին ոչ միայն քաղաքում, այլեւ Բիւթանիայի բոլոր գաւառներում: Եւ քանի որ բանտերում արգելափակուած էին բազմաթիւ քրիստոնեաներ ու խոստովանող վկաներ, բանտապահներին ինչքեր տալով՝ համարձակ այցելում էր նրանց եւ ծառայելով բժշկում նրանց վէրքերն ու խոցերը: Շրջում էր ամենուր, իր միջոցներով դարմանում նրանց եւ մարմնաւոր սպեղանիով ու հոգեւոր դեղով ներգործում բոլորին: Քաջասիրտներին համոզում էր զուարթագին խօսքերով ու նրանց յօժարակամ դարձնում նահատակութեան ասպարէզ մտնելու համար: Միաժամանակ խնդրում էր աղօթել իր եւ ամբողջ երկրի համար, որպէսզի ցրուի կռապաշտութեան խաւարը, եւ համարձակ քարոզուի բարեպաշտ հաւատքն ամբողջ աշխարհում: Իսկ տկարներին քաջալերում եւ զօրացնում էր քաղցր խօսքերով ու ասում. «Յիշէ՛ք, եղբայրնե՛ր, որ չարչարանքները ժամանակաւոր են, իսկ պսակները՝ յաւիտենական: Թող ձեզ արթուն պահեն սուրբ վկաները, որոնք ձեզնից առաջ շատ տանջանքներ կրելով՝ նահատակուեցին ի Քրիստոս, բարի յիշատակ թողեցին ամբողջ աշխարհում, իսկ հանդերձեալ կեանքում երկնքի Արքայութեան ժառանգորդներ եղան իրենց Տիրոջ մօտ, յանուն Որի դրեցին իրենց անձերը»: Նաեւ յիշեցնում էր այն տէրունական սպառնալիքը, թէ «Ով Ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, Ես էլ նրան կ՚ուրանամ Իմ Հօր առաջ, որ երկնքում է»[1] ու նաեւ այն յորդորիչ խօսքը, թէ «Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»[2]: Միաժամանակ յիշեցնում էր առաքելական այն խօսքը, թէ «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ»[3]: Եւ նրանց մխիթարելու համար Սուրբ Գրքից առաջ էր բերում այս եւ նման քաջալերող շատ խօսքեր, որովհետեւ քաջատեղեակ էր Աստուածային գրքին ու խելամուտ հոգեւոր վարդապետութեան մէջ: Եւ այդպէս Սուրբ Հոգու հրով բոցավառում էր երանելիների մտքերը՝ խաչակից լինելու ամենքի Արարչին եւ հաղորդ լինելու Նրա փառքին:

 

Երբ հեթանոսներից ոմանք տեսան, որ նա այս կերպով հաստատուն է պահում բոլորին, գնացին Նիկոմիդիա քաղաք եւ Մաքսիմիանոս թագաւորին ասացին. «Դիոմետէս անունով մի քրիստոնեայ, որը մասնագիտութեամբ բժիշկ է եւ բնակւում է Նիկիա քաղաքում, մարդկանց բժշկելու պատրուակով շրջում է ամբողջ Բիւթանիայով ու կախարդական համոզիչ խօսքերով շատերին հեռացնում աստուածներից՝ ասելով, թէ նրանք աստուածներ չեն, այլ անմռունչ կուռքեր: Նա խոստովանում է ոմն Խաչեալի եւ բոլորին Նրան աշակերտ դարձնում: Քա՛ջ արքայ, եթէ շտապ չգաս ու չբռնես նրան, ապա այս ամբողջ երկիրը կ՚ապստամբեցնի ինքնակալութեան դէմ ու քեզ հակառակուելով՝ ոտքի կը հանի մարդկանց»:

 

Այս լսելով՝ թագաւորը լցուեց զայրոյթով եւ ալէկոծուած բորբոքուեց: Մինչ այդ նա լսել էր սուրբի մասին, սակայն լռել էր իր թագաւորութեան մէջ սուրբի պէս օգտակար ու մեծահամբաւ բժիշկ ունենալու նպատակով, բայց եւ սպասում էր յարմար պահի՝ խորամանկութեամբ որսալու նրան իր կրօնի մէջ: Այնժամ յայտնապէս մեծ զօրքով դահիճներ ուղարկեց, որպէսզի իսկոյն բռնեն նրան եւ շղթայակապ իր առջեւ բերեն: Դահիճները եկան Նիկիա քաղաքը, բռնեցին երանելուն, երբ նա քարոզում էր հրապարակում, իսկոյն ձեռքերը կապեցին մէջքին, շղթայ հագցրին պարանոցին, կապանքներով դրին գրաստի վրայ ու ճանապարհ ընկան դէպի Նիկոմիդիա քաղաք:

 

Իսկ Աստուծոյ սուրբը թէպէտ մեծ ցանկութիւն ունէր չարչարուել Քրիստոսի անուան համար, սակայն մտահոգ էր նրանց համար, որոնց առաջնորդում էր: Մտածում էր գուցէ նրանցից տկար մէկը չհամբերելով՝ ուրանայ Քրիստոսին, գայթակղուելով ընկնի կռապաշտութեան վիհը եւ կերակուր դառնայ չար վիշապին: Ամբողջ ճանապարհին նա այսպէս տրտմում եւ մտահոգւում էր նրանց համար, ովքեր չարչարանքների էին մատնուել Քրիստոսի համար, սակայն առաւել մտահոգւում էր, թէ ինչպէս կ՚աւարտուեն դէպքերը: Քանզի որքան էլ յօժար էր նահատակուել Փրկչի սիրոյ համար, նոյնքան էլ կասկածում էր, որ թագաւորը կը խնայի իրեն եւ կը որսայ խաբէութեան ցանցի մէջ: Նոյնն էին ասում նաեւ զօրականները, թէ՝ արքան գիտէ, որ այդ մարդը պահանջուած է, ուստի կորստեան չի մատնի այդպիսի վայելուչ եւ ազնուական մարդուն: Այս բանից երանելին առաւել տրտմեց ու յոյժ խոցուեց իր սրտում, որովհետեւ մտածում էր՝ չլինի թէ չարի արբանեակը պահի իր մարմինը՝ հոգին կորստեան մատնելու համար:

 

Արդ, մինչ կենդանի նահատակը խորովւում էր սիրոյ եւ երկիւղի հնոցներում, փոքր-ինչ հեռացան քաղաքից: Նա խնդրեց դահիճներին, որ իրեն իջեցնեն գրաստից եւ թոյլ տան մի փոքր աղօթել: Դահիճներն ընդառաջեցին նրան, որովհետեւ պատւում էին նրան ու պատկառում նրա շքեղ արտաքինից: Երանելին հեռացաւ մի քարընկէց տարածութեամբ, ծնրադրեց իր կապանքներով եւ աղօթեց, որը լսելի էր զօրականներից ու սպասաւորներից ոմանց եւ ասաց. «Իմ Տէր Յիսուս Քրիստո՛ս, բարձրեալ Հօր Որդի՛, Աստուա՛ծ հրեշտակների, մարդկանց եւ բոլոր արարածների թէ՛ վերին երկինքներում եւ թէ՛ երկրի վրայ: Օրհնո՛ւմ եմ Քեզ, որ արժանացրիր ինձ Քո անուան համար ընդունել խոստովանական վկայութիւնը: Աղաչո՛ւմ եմ Քեզ, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ընդունի՛ր իմ պաղատանքները եւ յաջողութեամբ կատարի՛ր իմ խնդրանքները, որոնք այս ժամին՝ կեանքիս աւարտին, հայցում եմ Քեզնից: Մի՛ թող ինձ Քո ձեռքից, որպէսզի չբռնուեմ բանսարկուի լարած թակարդում եւ չընկնեմ նրա խաբէութեան պատրանքների մէջ: Թոյլ մի՛ տուր, որ այս աշխարհի իշխանի շիկացած նետերը խոցոտեն ինձ, եւ թող ինձ չընկղմեն այս կեանքի յորդաբուխ փոթորկուած ալիքները: Օգնի՛ր ինձ, երկնաւո՛ր Նաւապետ, Տէր իմ Յիսուս Քրիստո՛ս, որպէսզի անդնդասոյզ չլինեմ եւ չընկղմուեմ յաւիտենական խորխորատներում: Փրկի՛ր ինձ վիշապի որովայնից եւ կորզի՛ր ինձ արիւնարբու գազանի ժանիքներից, որ մռնչում է իմ շուրջը եւ կամենում է ինձ կուլ տալ: Դու ստեղծեցիր ինձ իմ մօր որովայնից, Դու ուրուագծեցիր իմ պատկերը, եւ ես Քեզ՝ գեղայարմար Ստեղծողիդ եւ Տիրոջը, խոստացայ այն անարատ պահել: Արդ, ամուր պահիր ինձ Քո հաւատքի վէմի վրայ, որի վրայ հաստատուեցի՝ հիմնուելով սկզբից եւէթ: Դու ինձ համար հեղեցիր Քո անապական Արիւնը, պարսպի՛ր ինձ Քո այն Աջով, որ տարածեցիր խաչի վրայ: Եւ քանի որ ինձ Քո մարմին ու անդամ կոչեցիր, անարատութեամբ հասցրո՛ւ ինձ գերագոյն Գլխիդ, որ Աստուծոյ աջ կողմում է: Առաջնորդի՛ր ինձ Քո կամքով, Բարեգո՛ւթ, եւ Քո նախախնամող կամքով յաջողութեամբ աւարտի՛ր իմ ընթացքն իմ օգտի համար: Ես չեմ վախենում այս ժամանակաւոր մահից: Քեզ՝ Ամենագէտիդ եմ յանձնում հոգուս պահպանութիւնը, որպէսզի Քո երկրորդ Գալստեան ժամանակ անարատութեամբ ընդունեմ նրան՝ միաւորուած անեղծ մարմնին եւ Քո բոլոր սուրբերի հետ յարազուարճ բերկրանքով փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

 

Երբ երանելին աւարտեց աղօթքը, բարձրաձայն ասաց՝ ամէն, կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ ի Քրիստոս աւանդեց իր հոգին: Իսկ զինուորները սպասում էին:  Երբ դադարեց սուրբի ձայնը, նրանք կարծեցին, թէ Դիոմետէսն ահա կը մօտենայ իրենց, բայց երբ նա ուշացաւ մէկ ամբողջ ժամ, մտածեցին՝ գուցէ փախել է: Երբ եկան այնտեղ, տեսան, որ սուրբի կապուած ձեռքերն արձակուած են շղթաներից եւ տարածուած են դէպի վեր՝ բարձունքները: Նրանք զարհուրեցին այդ սքանչելիքից: Առաջ գալով եւ նրան անշարժ տեսնելով՝ համարեցին, թէ ննջած է, իսկ երբ մօտեցան՝ արթնացնելու, տեսան, որ վախճանուել է: Այնժամ զարմացան ու տխրեցին կատարուածի համար: Վարանած մտածում էին, թէ ինչ անեն, որ չկարծեն, թէ իրենք դաւադրաբար փախցրել են նրան ու չպատուհասուեն արքայի կողմից: Ապա որոշեցին կտրել նրա գլուխը եւ տանել թագաւորին:

 

Զինուորները դեռ չէին հասել նիկիացիների քաղաք, բայց քաղաքի իշխանին արդէն տեղեկացրել էին սուրբի մասին: Եւ նրանք, վերցնելով սուրբի գլուխը, շտապ գնացին թագաւորի մօտ եւ պատմեցին ամէն բան, ինչպէս որ եղել էր: Յայտնեցին նաեւ, թէ այն մարդիկ, որոնք կտրեցին Աստուծոյ մարդու գլուխը, կուրացել են, եւ ապա ուրիշների ուղեկցութեամբ եկել Նիկոմիդիա, կանգնել Մաքսիմիանոսի առջեւ ու պատմել կատարուածի մասին: Լսելով նրանց՝ թագաւորը խիստ տրտմեց ոչ այնքան կուրացած մարդկանց համար, որքան Դիոմետէսի մահուան համար, որովհետեւ սուրբի գլխի միայն տեսքն ու պատկերի վայելուչ կերպարանքն ապշեցրեց իրեն ու ցաւ պատճառեց: Այստեղ երեւաց Բարձրեալի խնամատարութիւնն Իր ծառայի հանդէպ, որովհետեւ Նա շուտ Իր մօտ կանչեց սուրբին, որպէսզի նա չգայթակղուէր թագաւորի սիրուց: Այնժամ թագաւորը նոյն զինուորներին հրամայեց, որ սուրբի գլուխը տանեն այնտեղ, ուր մարմինն է, եւ միասին դնեն շիրիմում, որպէսզի չկորչի այդպիսի մարդու յիշատակը: Եւ թագաւորի հրամանով նրանք վերցրին սուրբ գլուխը, գնացին այնտեղ ու դարձեալ սքանչելիք տեսան: Սուրբի մարմինը գլխատելուց յետոյ անցել էր երեք օր, բայց հէնց առաջին օրից մի ագռաւ պահպանում էր պատուական մարմինը եւ թոյլ չէր տալիս թռչուններն մօտենալ նրան: Զինուորները գալով գտան սուրբի անարատ մարմինը եւ գլուխը կցեցին մարմնին: Եւ նոյն պահին իջաւ Աստուծոյ շնորհն ու բացեց կոյրերի աչքերը, բայց առաւել՝ հոգու աչքերը՝ տեսնելու ճշմարիտ Լոյսը՝ Քրիստոսին: Այնժամ մի կողմ թողնելով զինուորական պատիւը՝ նրանք աշակերտեցին ճշմարիտ հաւատքին եւ դարձան սուրբի նշխարների սպասաւորները, որոնք ամփոփեցին Նիկիայում: Առանց վախենալու թագաւորի մեծ սպառնալիքներից՝ սկսեցին աներկիւղ քարոզել Քրիստոս Աստծուն եւ յորդորել իրենց զինակիցներին իրենց պէս մտնել Քրիստոսի ամենաթեթեւ լծի տակ:

 

Սեբաստիա քաղաքից Պատրոնիա անունով մի մեծահարուստ կին երկար տարիներ տառապում էր որովայնի ցաւից: Նա մեծ ծախսեր էր արել բժշկութեան համար, սակայն օգուտ չէր ունեցել: Մեծ գանձեր տալով քաղաքի իշխանին՝ նա խնդրեց սուրբ Դիոմետէս վկայի մարմինը, որը ստանալով օծեց անուշահոտ իւղերով, պատեց սուրբ կտաւով, ամփոփեց մի պատշաճ տեղում եւ իսկոյն բժշկուեց:

 

Այսպէս նահատակուեց սուրբ Դիոմետէս խոստովանող վկան, որը եղաւ Տիրոջ 303 թուականի օգոստոս ամսին, Բիւթանիայի մայրաքաղաք Նիկիայի մօտ: Կարճ ժամանակ անց, երբ լուսոյ աստղը՝ քրիստոսապսակ Կոստանդիանոս կայսրը, հեռացրեց ամբարիշտ թագաւորների զաւակներին, կործանեց նրանց պաշտամունքի բոլոր դիւաբնակ կուռքերը եւ հալածեց կռապաշտութեան խաւարը, այնժամ ամբողջ երկրում տարածուեց բարեպաշտ հաւատքը, բազմացան եկեղեցիներն ու մեծապատիւ վայելչութեամբ կառուցուեցին սուրբերի վկայարաններ: Ապա նա հրամայեց սուրբ եւ մեծափառ Դիոմետէս վկայի անունով երեք եկեղեցիներ կամ վկայարաններ կառուցել, որոնցից մէկը մայրաքաղաք Նիկիայում, մէկը նշանաւոր Նիկոմիդիա քաղաքում, եւ միւսը՝ իր նորակառոյց Նոր Հռոմ քաղաքում՝ Կոստանդնուպօլսում: Սուրբի նշխարները դրեց այդ երեք եկեղեցիներում եւ միաժամանակ պատուիրեց, որ ամէն տարի օգոստոսի տասնվեցին՝ նրա նահատակութեան օրը,  տօնախմբել նրա յիշատակի օրը ի փառս սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրա յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող տասներորդ երկուշաբթի օրը:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

    Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 460:
     

    [1][1] Մատթ. Ժ 33:

    [2] Մատթ. Ժ 28:

    [3] Հռոմ. Ը 18: