Եսայու մարգարեության մեկնություն 65:20

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի:

   
   Հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի

   Սա ժողովրդի մեջ կատարվեց դարձից հետ, որովհետև նրանց մեջ չկար տարաժամ մահ, և ծերը, քանի դեռ նրա ժամանակը տակավին չէր լրացել, չէր մեռնում, և թեպետ մեղավոր էր, որովհետև անիծված էր մեղքերի պատճառով, սակայն անժամանակ չէր մեռնում: Ու այսպես երկայնակյաց էին. նախ՝ որովհետև ամենայն բարիք նրանց տրվեց այդ հարյուրամյակի ընթացքում, երկրորդ՝ որպեսզի, թերևս, առաջադիմեն առաքինության մեջ՝ այդքան ժամանակ բարի մարդկանց մեջ լինելով, որովհետև Աստված չի կամենում հարկադրանքով ու սպառնալիքով օգտակար բաներ անել, այլ՝ [ցանկանում է, որպեսզի մարդիկ] իրենց կամքով ու հոժարությամբ [դա անեն:] Երրորդ՝ որպեսզի չասեն, թե՝ ահավոր է, ու չենք կարող հաճոյանալ նրան: Այս պատճառով էլ ժամանակի ավարտն է հայտնի դարձնում, որպեսզի երկար կյանքի ընթացքում նրանց ցույց տա Իր համբերատարությունը:
   

Ա. Լոպուխին

«Այնտեղ այլևս չպիտի լինի նորածին կամ ծեր, որը որ չի հասնի իր օրերի լրումին, քանի որ հարյուր տարեկանը մահանալու է որպես երիտասարդ, բայց հարյուրամյա մեղավորն անիծվելու է»: [20] (Սինոդական թարգ․)
   
   «Այնտեղ այլևս չպիտի լինի նորածին կամ ծեր…», այսինքն՝ ավելի պարզ ասած, չեն լինելու այն տկարությունները, որոնք բնորոշ են կյանքի այս երկու հակառակ բևեռների ներկայացուցիչներին. հոգևոր ամրության և ուժի պակաս չի լինելու անփորձ երիտասարդի մեջ, ինչպես նաև չի լինելու ֆիզիկական որևէ տկարություն տարիքն առած ծերունու մեջ: Այս երկու տարիքի մարդիկ էլ, ազատվելով իրենց տկարություններից, սակայն պահպանելով իրենց հատուկ արժանիքները, ստեղծելու են մարդկային կատարյալ, երկրային կյանքի ներդաշնակությունը:

   Որպես ծերերի մասին խոսքի մեկնություն տեʹս Առակաց գրքի 4:7-9-րդ համարները: Իսկ փոխաբերական իմաստով այստեղ, ակնհայտորեն, մեզնից յուրաքանչյուրի համար էլ «օրերի լրում» ասելով պետք է հասկանալ «Քրիստոսի տարիքին»  հասնելը (Եփես. 5:13-14), որը կախված չի լինելու մեր ֆիզիկական տարիքից, այլ բացառապես կանխորոշվելու է «հոգևոր-բարոյական հասունացման աստիճանով»:

--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի:
(Արարատ թարգ․) Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օր ապրած մանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։
(Գրաբար) Եւ մի լիցի անդ տարաժամ աւուրց. եւ ծեր` որոյ ոչ իցէ լցեալ զժամանակս իւր: զի եղիցի կրտսեր որդին հարիւրեմեան. եւ որ հարիւրեմեանն մեռանիցի, մեղաւոր եւ անիծեալ կոչեսցի: