ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ՎԿԱՅԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Առաքինասէր վարուք հաճոյացան սուրբ վկայքն.

Եւ ընտրեցան կամաւոր մահուամբն իւրեանց.

Եւ հրաւիրեցան ի կոչումն արքայութեանն երկնից:

Որք մատնեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ եւ հրոյ.

Եւ հեղմամբ արեան իւրեանց եղեն վկայք Քրիստոսի.

Եւ հրաւիրեցան ի կոչումն արքայութեանն երկնից:

Աղօթիւք սոցա եւ բարեխօսութեամբ պարգեւեա մեզ Քրիստոս

Մասն եւ բաժին՝ ընդ հրաւիրեալսն ի կոչումն արքայութեանն երկնից:

(Շարակնոց)

 

 

Վկաներից երանելին՝ սուրբ Աստուածատուր մանուկը, որն ազգութեամբ պարսիկ էր, Քուրաստանի Բենշապուհ քաղաքից էր: Նա մոգպետի որդի էր, ապրել է Կաւատ արքայի որդի Խոսրովի թագաւորութեան օրօք եւ պարսիկ մարզպան Դենշապուհի հետ բնակուել է Հայոց Դուին քաղաքում: Մինչ հեթանոս էր, նրա նախկին անունը Մախոժ էր:

 

Երբ Մախոժը տեսաւ իր համազգի Գրիգոր Ռաժիկի նահատակութիւնը, քրիստոնէութեան հանդէպ բորբոքուեց սիրով եւ այնուհետեւ, մտորելով կրակապաշտութեան եւ արեւապաշտութեան սնոտի պատրանքների շուրջ, խորշեց պարսկական կրօնից: Եւ թէպէտ մնում էր մոգերի ապարանքում, սակայն մերժում էր նրանց կրօնը:

 

Մի օր, երբ մոգերը զոհեր էին մատուցում ատրուշանում, այսինքն կրակարանում, Մախոժը նրանց հետ էր: Յանկարծ ատրուշանի բոցը բարձրացաւ եւ սկսեց այրել ապարանքը, որը ոչ ոք չէր կարողանում հանգցնել: Քաղաքի մէջ իրարանցում սկսուեց: Լսելով այս մասին՝ հայոց հազարապետը շտապեց եկեղեցի, իր հետ վերցրեց քահանաներին, որոնք իրենց հետ տանում էին կենսատու սուրբ խաչը եւ եկավ ապարանք: Այնժամ Քրիստոսի զօրութեամբ եւ սուրբ Խաչի նշանով բոցն իսկոյն մարեց, եւ մոգերը շնորհակալ եղան նրանց: Իսկ պատանի Մախոժը, թողնելով զոհ մատուցելու արարողութիւնը, ձեռքն առաւ բուրվառը եւ գնաց սուրբ Խաչի առջեւից մինչեւ եկեղեցին:

 

Յաջորդ օրը մոգերը գնացին Դենշապուհ մարզպանի մօտ, որը միաժամանակ Դուին քաղաքի վերակացուն եւ դատաւորն էր, ու չարախօսեցին նրանից: Երբ երիտասարդին կանգնեցրին ատեանի առաջ, նա համարձակ խոստովանեց քրիստոնէական հաւատքը եւ այպանեց նրանց սնոտի պաշտամունքը: Բարկացած դատաւորը խուզեց մազերն ու մօրուքը, սաստիկ գանահարել տուեց եւ բանտարկեց:

 

Բանտում Մախոժը գտաւ Ներսէս անունով մի կրօնաւորի եւ նրա ընկերոջը՝ Սահակին, որոնք բանտարկուել էին հրապարակաւ պարսից կրօնն արհամարհելու համար: Երկար մնալով արգելարանում՝ Մախոժն ամէն օր նրանցից սովորում էր քրիստոնէական հաւատքն ու Դաւթի սաղմոսները եւ ապա նրանց հետ անդադար սաղմոսում: Երեք ամիս անց Մախոժը մկրտուեց բանտում եւ անուանուեց Յիզիտբուզիտ, որ թարգմանաբար նշանակում է Աստուածատուր: Դարձաւ կրօնաւոր, հագաւ մազեղէն քուրձ եւ գիշեր թէ ցերեկ ճգնեց խստակրօն վարքով: Շատ օրեր անց Հայոց Մովսէս կաթողիկոսի խնդրանքով պարսից արքան փոխեց բռնակալ Դենշապուհ մարզպանին եւ ուղարկեց մէկ ուրիշին՝ Վշնաս Վահրամին ու երկու պարսիկ իշխաններին, որպէսզի Հայոց երկրում դատ անէին արդարութեամբ, եւ քրիստոնեաներին խաղաղութիւն տիրեց:

 

Մի օր, երբ ատեանի առաջ պիտի հարցաքննէին բանտարկեալներին, նրանց տեղեկացրին, որ վաղուց ի վեր բանտում կան երեք մարդիկ՝ Մախոժը, Սահակը եւ Ներսէսը: Եւ երբ հարցաքննեցին նրանց եւս, տեսան, որ Ներսէսն ու Սահակն ի ծնէ քրիստոնեաներ են, որի համար արձակեցին նրանց, իսկ քանի որ սուրբ Աստուածատուրը պարսից կրօնից քրիստոնէութեան էր դարձել, պատառոտեցին նրա կրօնաւորի հանդերձը, ծուէն-ծուէն արեցին կնգուղը եւ ասացին. «Կը վերադառնա՞ս պարսկական դաւանութեանը եւ կ՚ուրանա՞ս Քրիստոսին, որին հաւատացիր, թէ՞ ուզում ես մեռնել չարաչար մահով»: Երանելին պատասխանեց. «Ես որպէս միակ ճշմարիտ Աստուծոյ եւ երկնքի ու երկրի Արարչի ճանաչեցի Քրիստոսին եւ պատրաստեցի անձս՝ ծառայելու Նրան, որքան էլ մահն ինձ վրայ հասնի»:

 

Բարկութեամբ լցուած՝ սաստիկ տանջեցին նրան եւ ստիպեցին ուրանալ Քրիստոսին, սակայն նա խօսում էր առաւել համարձակ եւ յանդիմանում նրանց պիղծ ու գարշելի մոլութիւնները: Եւ երբ տեսան, որ երանելին անդրդուելի է, հրաման տուին խաչել նրան՝ Խաչեալին յարելու պատճառով:

 

Լսելով այդ մասին՝ հայոց հայրապետը ժողովուեց քահանաներին: Նրանք ելանւ յանդիպակաց մի վայր, կանգնեցին աստուածային սուրբ Նշանով, անուշահոտ խունկերով եւ վառուող մոմերով՝ տեսնելու սուրբի նահատակութիւնը եւ աղօթեցին Աստծուն՝ սուրբին զօրութիւն տալու համար: Պարսիկ դահիճները բերեցին երանելուն, մերկացրին նրան եւ բեւեռեցին խաչափայտին: Նրա հետ խաչեցին երկու այլ չարագործ աւազակների, որոնցից մէկը պարսիկ էր, միւսը՝ հրեայ: Պարսիկը նախքան իր խաչելութիւնը եկաւ, սուրբ Աստուածատուրի պատուանդանի տակից վերցրեց արիւնախառն հողը եւ օծեց իր երեսը՝ ասելով. «Յիշի՛ր ինձ, Աստուծոյ սուրբդ»: Դահիճները, բռնութեամբ քարշ տալով, խաչեցին նրան սուրբի աջ կողմում, իսկ հրեային, որը թէպէտ աղաղակում էր ընդունել մոգութիւնը, մերժեցին եւ խաչեցին նրա ձախ կողմում:

 

Քրիստոսի քաջ նահատակ Աստուածատուրը քարոզում էր խաչի վրայից, ուսուցանում էր հաւատացեալներին հաստատուն մնալ ի Քրիստոս եւ Նրա անուան համար համբերել ամէն բանի: Ապա խաչի վրայ նետահարեցին երանելուն, եւ այդպէս աղօթելով իրեն չարչարողների համար՝ սուրբ Աստուածատուր վկան աւանդեց իր հոգին առ Աստուած կիրակի օրը՝ օրուայ երրորդ ժամին:

 

Հաւատացեալները եկան իշխանների մօտ եւ խնդրեցին վերցնել սուրբի մարմինը: Եւ երբ նրանք թոյլ տուեցին, հայրապետը, գալով քահանաների եւ ժողովրդի հետ, վերցրեց սուրբի պատուական մարմինը, տարաւ Դուինի մեծ եկեղեցին, սաղմոսներով եւ օրհնութեամբ դրեցին տապանի մէջ, իսկ խաչափայտը, մասերի բաժանելով, բաշխեցին բոլոր հաւատացեալներին: Եւ սա կատարուեց Տիրոջ 552 թուականին: Այս պատմութիւնն արարեց Ներսէս վկայաբանը՝ սուրբի չարչարակիցն ու ընկերը՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Աստուածատուր վկայի յիշատակութեան տօնը կատարում է Յիսնակի պահոց հինգերորդ երկուշաբթի, կամ երեքշաբթի օրը: Տարեգրի համաձայն՝ երբեմն տօնում ենք առանձին, երբեմն էլ իրեն կից սուրբերի հետ: