Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։2

Ա. Լոպուխին

«Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքի մեջ, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, և մեկ երրորդը ցրի՛վ տուր քամուն, իսկ Ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից»։ (Սինոդական թարգ․)[2]
   

   «Քաղաքի մեջ» - «Քաղաք» ասելով՝ մարգարեն նկատի ունի աղյուսի վրա գծագրված պատկերը։

   «Երբ որ պաշարման օրերը լրանան» - այսինքն՝ այն խորհրդանշող մարգարեի՝ պառկած վիճակում մնալու ընթացքը։ Խորհրդանշական գործողության բոլոր երեք մանրամասնությունները բացատրվում են 12-րդ համարում: Այրված մազերը խորհրդանշում են պաշարման մահաբեր արհավիրքները՝ սովն ու ժանտախտը, բայց հնարավոր է նաև՝ պաշարման ժամանակ քաղաքի այրումը։

   «Սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը» - այսինքն՝ աղյուսի վրա պատկերված քաղաքը.․․ Այստեղ խորհրդանիշն ու իրականությունն այնքան քիչ են միմյանցից տարբերվում, որ ժամանակակից գրողի համար դա գուցե վիրավորկան կլիներ, սակայն հին ժամանակների մարդը խորհրդանիշի և իրականության միջև այդքան կտրուկ սահման չի գծել, որքան դա անում ենք մենք:

   «Ցրի՛վ տուր քամուն» - Սա խորհրդանշում է հրեաների՝ ամբողջ երկրով մեկ ցրվելը, որը սկիզբ էր առել Երուսաղեմի գրավումից անմիջապես հետո։ Բաբելոնից բացի՝ հրեաների մի մասն էլ  տեղափոխվեց Եգիպտոս։

   «Ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից» - Ցրված հրեաները մշտապես դողալու են իրենց հետապնդող թշնամիներին տեսնելուց: Խորհրդանշական պատկերը ժամանակավորապես իր տեղը զիջում է ուղղակի խոսքին․ Տերն Ինքն է զբաղեցնում մարգարեի տեղը, իսկ ժողովուրդը՝ մազերի։ Սակայն ուղղակի խոսքի այսպիսի «ներխուժումը» որոշ մեկնաբանների ստիպում է այս արտահայտության մեջ տեսնել 12-րդ համարից փոխառված հավելում։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Մազի մէկ չորրորդ մասը հրով կ՚այրես քաղաքի մէջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մէկ չորրորդ մասն էլ սրով կը կտրատես կը փռես քաղաքի շուրջը, իսկ մէկ չորրորդ մասն էլ քամուն կը տաս. ես սուր կը քաշեմ դրանց յետեւից:
(Արարատ թարգ․) Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։
(Գրաբար) Զչորրորդ մասնն հրո՛վ այրեսցես ‘ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. և զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. և զչորրորդ մասն հոսեսցես հողմոյ, և սուր արձակեցից զկնի նորա։