Ա․ Լոպուխին
Եվ Տերն ասաց Մովսեսին. «[Պղնձե] օձ պատրաստի՛ր և այն կանգնեցրո՛ւ ձողի վրա, և [եթե օձը խայթի որևէ մարդու], խայթվածը, նայելով պղնձե օձին, ողջ կմնա»։ (Սինոդական թարգ․)[8]
Ամենակարող և ամենաբարի Տիրոջ բժշկող զորության հանդեպ հավատով «նայում էին նրան» (տե՛ս համար 8)։ «Բժշկվում էին ոչ թե նրանով,− նկատում է իմաստունը,− ինչին նայում էին, այլ Քո խոսքով, Տե՛ր, որ բուժում է բոլորին։ Տիրոջ գթությունը եկավ և բժշկեց նրանց» (Իմաստ. 16։7, 10, 11)։
Պղնձե օձի բարենորոգչական իմաստը հստակորեն արտահայտված է Փրկչի՝ «Եվ ինչպես Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով Նրան հավատում է, չմահանա, այլ հավիտենական կյանքն ընդունի» (Հովհ. 3։14, 15) խոսքերում։ Նախատիպի մանրամասները բացատրելով՝ երանելի Թեոդորոսը նկատում է. «Ինչպես պղնձե օձն օձերի պատկերն ուներ, սակայն օձի թույն չուներ, այնպես էլ Միածին Որդին մարդկային մարմին ուներ, սակայն մեղքի ապականություն չուներ։ Ինչպես օձերից խայթվածներն էին պղնձե օձին նայելով փրկություն ստանում, այնպես էլ մեղքով խոցվածներն էին, անվերապահորեն մեր Փրկչի տանջանքներին հավատալով, մահվանը հաղթողներ դառնում և հավիտենական կյանք ձեռք բերում» (Թվոց գրքի մեկնաբանություն, հարց 38)։
Որպես Աստծո ողորմության հրաշալի արտահայտման անվիճելի հուշարձան՝ ժողովրդի մեջ պղնձե օձը պահպանվել է մինչև Հուդայի Եզեկիա արքայի ժամանակները։ Հրեաների մեջ հուշարձանի հանդեպ հեթանոսական պաշտամունքի հակում նկատելով՝ Եզեկիան հրամայեց ոչնչացնել օձը (Դ Թագ. 18։4)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Դու մի պղնձէ օձ պատրաստի՛ր եւ այն դի՛ր ձողի վրայ: Երբ օձը մարդ խայթի, եւ օձից խայթուողը նայի քո սարքած օձին, կը փրկուի»:
(Արարատ թարգ․) Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր մի ձողի վրա. ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Արա դու քեզ աւձ, եւ դիցես զնա ի վերայ նշանակի. եւ եղիցի յորժամ հարկանիցէ աւձ զմարդ, ամենայն աւձահարն որ տեսանիցէ զնա` կեցցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: