Ա. Լոպուխին
«Ահա թե որն էր Սոդոմի՝ քո քրոջ և նրա դուստրերի անօրենությունը. ամբարտավանություն, հագեցվածություն և անհոգություն, և նա չբռնեց աղքատի ու չքավորի ձեռքերը»։ [49] (Սինոդական թարգ․)
«Քո քրոջ» - տե՛ս 48-րդ համարի բացատրությունը, չնայած որ այստեղ հավելումն էլ ավելի անհարկի է։
«Ամբարտավանություն, հագեցվածություն և անհոգություն» - հունարենում ավելի ստույգ՝ «հացի առատության հպարտությամբ (սլավոներենում՝ «հագեցվածությամբ») և բարգավաճումով (սլավոներենում՝ «գինու առատությամբ») նա և իր դուստրերը շփացել էին»։ Հպարտությունը գալիս էր հենց երկրի արտասովոր հարստությունից, ինչը շվայտություն էր ծնում։ Սոդոմի կործանման պատճառաբանությունն այստեղ լիովին նույնական չէ Ծննդոցի առաջ բերած պատճառաբանության հետ, սակայն դրա պատճառն այն է, որ այստեղ մարգարեն այդ պատճառաբանության մասին խոսում է՝ իր խոսքը հասցեագրելով հրեաներին, և մարգարեի հայացքը սևեռվում է չարի անմիջապես արմատին:
«Նա չբռնեց աղքատի ու չքավորի ձեռքերը» - ուշագրավ է այն կարևորությունը, որը մարգարեն հատկացնում է բարեգործություն անելու երևույթին:
--------------------------------
[49](Էջմիածին թարգ․) Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն: Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ: Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ: Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին,
(Արարատ թարգ․) Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում։
(Գրաբար) Բայց ա՛յս է անօրէնութիւն Սոդոմայ քեռ քոյ. ամբարտաւանութիւն, 'ի լիութեան հացի և յըղփութեան գինւոյ փափկանայր ինքն և դստերք իւր. այնո՛ւ առաւել էր ինքն և դստերք իւր։ Եւ ձեռն յաղքատն և 'ի տնանկն ո՛չ կարկառէին.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: