Հովհաննես Ծործորեցի
16-18. այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ:
Այդ ժամանակ Հրեաստանում գտնվողները թող փախչեն լեռները , տանիքին կանգնածը թող չիջնի իր տնից որևէ բան վերցնելու, ով դաշտում է, թող հետ չդառնա իր հագուստը վերցնելու:
Երբ [Տերը] խոսեց այն չարիքների մասին, որ հասնելու էին [Երուսաղեմ] քաղաքին, և առաքյալների փորձության մասին, դարձյալ խոսում է հրեաների նեղություններից` ցույց տալով, որ երբ աշխարհը պայծառանա լուսավոր գիտությամբ, այդ ժամանակ նրանք կխավարեն ու նեղության մեջ կընկնեն: Ե՞րբ: Երբ այսպես լինի, և նրանց վրա ծանրանան պատերազմների վշտերը, կփախչեն լեռները, քանի որ փրկության ոչ մի հույս չի լինի: Որովհետև շատ անգամ են սաստիկ պատերազմները մարել, ինչպես Սենեքերիմի և Անտիոքի օրոք եղածները, երբ [հրեաները] վերստին հավաքվեցին և նորոգեցին [ավերված] կարգերը: [Իսկ այժմ] նրանց զրկում է այդ հույսից, որովհետև ավելի լավ համարեցին մերկանդամ ու մազապուրծ փրկվել: Այդ պատճառով էլ ասում է. «Տանիքին կանգնածը թող չիջնի իր տնից որևէ բան վերցնելու», քանի որ նեղությունն անեզր է լինելու, և ոչ մի տեղից օգնություն չի հասնելու, այլ ով [թշնամու] ձեռքն ընկավ, կորստյան է մատնվելու: Ուստիև ավելացնում է «Ով ագարակում է, թող հետ չդառնա [իր հագուստը] վերցնելու», որովհետև եթե ներսում եղածներն են փախչելու, ո՛րքան ավելի պիտի չապաստանեն [տանը] նրանք, որ դրսում են:
Այլև` անապատի պիղծը թագավորելու է Հրեաստանում, ուստիև նրանք փախչելու են լեռները, այսինքն` խոստովանող հոգիները, ովքեր նեռի ստին տեղյակ են լինելու, թողնելու են Օրենքի ստվերագրությունը և փախչելու են դեպի Օրենքից ու մարգարեներից վեհ միտքը, որ Քրիստոսի առաքյալների նոր ուսմունքն է, և որը [Տերն այստեղ] «լեռ» է կոչում, այսինքն` Եկեղեցի` Հոգու պարարտությամբ օծված, [ուր փախչելու են]` ազատվելով կամ նահատակվելով [նեռի] կողմից: Եվ առաքինության «տանիքում» գտնվողը` աստվածպաշտությամբ պսակված, «թող չիջնի` որևէ բան վերցնելու» մարմնական ցանկության «տնից»: «Եվ ով ագարակում է», այսինքն` ազատվել է աշխարհական մեղքերի սոդոմական չարությունից և ճեմում է [Սուրբ] Գրքի վարդապետության աստվածային անդաստանում, թող դարձյալ չգնա աշխարհ և դեպի ստորին վավաշ ցանկությունները, որպեսզի աղի արձան չդառնա1315:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: