Հովհաննես Ծործորեցի
16-18. այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ:
Այդ ժամանակ Հրեաստանում գտնվողները թող փախչեն լեռները, տանիքին կանգնածը թող չիջնի իր տնից որևէ բան վերցնելու, ով դաշտում է, թող հետ չդառնա իր հագուստը վերցնելու:
Երբ [Տերը] խոսեց այն չարիքների մասին, որ հասնելու էին [Երուսաղեմ] քաղաքին, և առաքյալների փորձության մասին, դարձյալ խոսում է հրեաների նեղություններից` ցույց տալով, որ երբ աշխարհը պայծառանա լուսավոր գիտությամբ, այդ ժամանակ նրանք կխավարեն ու նեղության մեջ կընկնեն: Ե՞րբ: Երբ այսպես լինի, և նրանց վրա ծանրանան պատերազմների վշտերը, կփախչեն լեռները, քանի որ փրկության ոչ մի հույս չի լինի: Որովհետև շատ անգամ են սաստիկ պատերազմները մարել, ինչպես Սենեքերիմի և Անտիոքի օրոք եղածները, երբ [հրեաները] վերստին հավաքվեցին և նորոգեցին [ավերված] կարգերը: [Իսկ այժմ] նրանց զրկում է այդ հույսից, որովհետև ավելի լավ համարեցին մերկանդամ ու մազապուրծ փրկվել: Այդ պատճառով էլ ասում է. «Տանիքին կանգնածը թող չիջնի իր տնից որևէ բան վերցնելու», քանի որ նեղությունն անեզր է լինելու, և ոչ մի տեղից օգնություն չի հասնելու, այլ ով [թշնամու] ձեռքն ընկավ, կորստյան է մատնվելու: Ուստիև ավելացնում է «Ով ագարակում է, թող հետ չդառնա [իր հագուստը] վերցնելու», որովհետև եթե ներսում եղածներն են փախչելու, ո՛րքան ավելի պիտի չապաստանեն [տանը] նրանք, որ դրսում են:
Այլև` անապատի պիղծը թագավորելու է Հրեաստանում, ուստիև նրանք փախչելու են լեռները, այսինքն` խոստովանող հոգիները, ովքեր նեռի ստին տեղյակ են լինելու, թողնելու են Օրենքի ստվերագրությունը և փախչելու են դեպի Օրենքից ու մարգարեներից վեհ միտքը, որ Քրիստոսի առաքյալների նոր ուսմունքն է, և որը [Տերն այստեղ] «լեռ» է կոչում, այսինքն` Եկեղեցի` Հոգու պարարտությամբ օծված, [ուր փախչելու են]` ազատվելով կամ նահատակվելով [նեռի] կողմից: Եվ առաքինության «տանիքում» գտնվողը` աստվածպաշտությամբ պսակված, «թող չիջնի` որևէ բան վերցնելու» մարմնական ցանկության «տնից»: «Եվ ով ագարակում է», այսինքն` ազատվել է աշխարհական մեղքերի սոդոմական չարությունից և ճեմում է [Սուրբ] Գրքի վարդապետության աստվածային անդաստանում, թող դարձյալ չգնա աշխարհ և դեպի ստորին վավաշ ցանկությունները, որպեսզի աղի արձան չդառնա1315:
Ստեփանոս Սյունեցի
այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները.
«Այն ժամանակ, ովքեր Հրեաստանում լինեն, թող փախչեն լեռները»:
Ինչո՞ւ [է ասում] «ովքեր Հրեաստանում լինեն, թող փախչեն լեռները»: [Նրանց], ովքեր ավերածության պղծությունը համարեցին հռոմեացիների կամ Պիղատոսի (Ղուկ. 13:1) [կողմից իրագործված] տաճարի պղծությունը, ճշմարտորեն ասում է, թե ովքեր Հրեաստանում են, թող փախչեն լեռները: Քանի որ, ասում են, թե այնպիսի դառնություն չէր եղել հրեաներին, ինչպես [եղավ] Վեսպեսիանոսից:
Իսկ եթե այս երկրի ավերածության պղծությունը նեռն է, որ եկավ առավելապես հավատացյալներին Քրիստոսից բաժանելու, [այդ դեպքում] ինչո՞ւ է միայն Հրեաստանում եղողներին [ասում], որ փախչեն լեռները: Թերևս մեկն ասի, թե պիղծ նեռը թագավորելու է Հրեաստանում, դրա համար միայն նրանք են փախչելու լեռները, նաև հույժ ահաբեկության և երկյուղի պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան
16-26․ այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն: Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի: Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք.
Ծանոթացնելով այդ զանազան նշաններին` Հիսուս բավարարել էր իրենների հետաքրքրասիրությունը և մեկ անգամ էլ կարողացել էր հավատացնել նրանց Իր խոսքերի ստուգությունը, որովհետև խոսել էր ոչ թե ընդհանուր կերպով, այլ ամենայն մանրամասնությամբ բացատրել էր գալիքի պարագաները: Ինչպես նախօրօք ասացինք, Հիսուս ուներ երկունպատակ. Նախ աճեցնել առաքյալների հավատքը, և երկրորդ՝ նրանց զգուշության առավելություններին ծանոթացնել, որպեսզի նրանք կարողանային օգտվել և Երուսաղեմի ու տաճարի կործանման ժամանակ վտանգից խուսափեին: Ճիշտ այդ կետն է հենց հաջորդում նշանների բացատրությանը: Իրոք, որ ներկաներից շատերն արդեն վախճանված պիտի լինեին, երբ հասներ կործանման ժամանակը, Սակայն նրանք պիտի խրատեին իրենց աշակերտներին, բացատրեին անելիքները, և Հիսուս ներկաներին անշուշտ պարտ ու պատշաճ հանձնարա-րություններ էլ էր տալիս, որպեսզի իրենցից հետո եկողներին փոխանցեին անհրաժեշտ զգուշությունները: «Երբ,-ասում է Հիսուս,- հետզհետե կատարվեն այս բոլոր նշանները և ամենավերջում իրականանա Սրբության տեղր պղծության նշանը, այլևս թող ոչ ոք չկասկածի, որ հասել է կործանման օրը: Երուսաղեմում գտնվողները թող դուրս գան քաղաքից, Հրեաստանում գտնվողները հեռանան դեպի լեռները, առանց հապաղելու փախուստի դիմեն և ոչ մի պատճառով թող չդանդաղեն: Մինչև իսկ տանիքում գտնվողը տանից որևէ բան վերցնելու համար թող տուն չմտնի, արտում եղեղը լավ հագուստներ վերցնելու համար քաղաք չվերադառնա, այլ իսկույն աճապարի փախչել: Ավելի մեծ դժվարությունը լինելու հղի ու կերակրող կանանց համար, որովհետև չպիտի
կարողանան արագ փախչել: Թող Աստված նրանց օգնական լինի: Շատ ծանր պիտի լինի նաև ախուստի խուճապը, եթե ձմռանը լինի. Որովհետև ցուրտ օրերին դուրս գալը և լեռներին ապավինելը դյուրին չէ: Եթե շաբաթ օրով պատահի, դարձյալ շատ դժվար պիտի լինի, քանի որ շաբաթ օրով երկար ճանապարհ դուրս գալը հրեաներին ներելի չէ: Աղոթեցեք, որպեսզի այդ ծանրացուցիչ պարագաները խեղճ փախչողների համար դյուրանան: Չեք կարող ըմբռնել, թե որքան ծանր պիտի լինի պաշարման պատճառով Երուսաղեմի կրելիք նեղությունը: Վստահորեն եմ ասում, որ աշխարհի սկզբից մինչև այժմ այդպիսի ծանր նեղություն տեղի չի ունեցել և դրանից հետո էլ չի լինելու»:
Հովսեպոսը շատ աղեկտուր կերպով է նկարագրում պաշարման ենթարկված Երուսաղեմում տեղի ունեցած նեղությունները: Իբրև օրինակ և վերջին խոսք բավական է հիշել, որ մայրերից ոմանք մորթելով եփում էին իրենց փոքրիկներին և, որպես կյանքի վերջին միջոց, ուտում դրացիների հետ միասին: «Եթե, - ավելացնում է Հիսուս,- այդպիսի սաստիկ նեղության օրերը մի փոքր երկարեն, քաղաքում ողջ մարդ չպիտի մնա: Սակայն Աստված, այդ բազմության մեջ ընտրյալներ ևս տեսնելով, պիտի գթա ու կարճացնի այդ նեղությունների տևողությունը»: Հովսեպոսից տեղեկանում ենք, թե Հռոմի 823 թվականի մարտի 1-ին Տիտոսի բանակը պաշարումն ուժեղացրեց Ձիթենյաց լեռան և Բեթհեզդա թաղի կողմերում, հետզհետե նեղացրեց շրջանակը, իսկ մայիսի 29-ին տաճարը ևս, որ վերածվել էր դղյակի, գրավվեց: Տիտոսը խստորեն հրամայել էր խնայել տաճարը և շինությունը պահպանել որպես արվեստի մի հրաշակերտ, բայց ավարի ժամանակ ավարառու զինվորներից մեկի ձեռքից վայր է ընկնում մի խանձող և հրդեհի պատճառ դառնում: Հրդեհն ինքն իրեն աճելով` հրկիզում է տաճարը, և այն կործանվում է:
Սուտ-քրիստոսները, որ դեռևս տարիներ առաջ սկսել էին բազմանալ, չպակասեցին նաև վերջին օրերին: «Չլինի թե,- ասում է Հիսուս,- հավատաք այդպիսիններին և հետևեք նևանց: Նրանք կարեղ են կեղծ նշաններ և խաբեական հրաշքներ կազմակերպել` միամիտներին խաելու համար. Գուցե հաջողվի ընտրյալներին էլ զարմացնել, չլինի թե խաբվք: Այժմվանից ձեզ զգուշացնում եմ, այժմվանից հայտնոմ եմ բոլոր հավատացողներին: Եթե ասող լինի, թե մի Քրիստոս է երևացել անապատում, սուտ է, չլինի, թե նրա հետևից գնաք. Կամ եթե աեն, թե ահա Քրիստոսը քաղաքի այնինչ կողմում է, դա էլ է սուտ, չլինի, թե հավատաք»:
Հիսուսը ավարտում է իր գուշակությունները, ասելով, թե Երուսաղեմի բնակիչների մի մասը պատերազմի ժամանակ պիտի կոտորվի, մնացածը գերի պիտի տարվի, հրեաները պիտի սփռվեն հեթանոս երկրների բոլոր կողմերում: Երուսաղեմը պիտի ուրիշ ազգերի տիրապետությանը ենթարկվի և նրանց իշխանության տակ պիտի մնա մինչև ժամանակների լրանալը: Պատմությունից գիտենք, որ Երուսաղեմը պաշարվեց այն ժամանակ, երբ Զատկի առիթով մեծ բազմություն կար քաղաքում: Քաղաքում և քաղաքից դուրս սպանվածների թիվը, ըստ պատմիչների, հասնում էր միլիոնի: Հարյուր հազարից ավելի էին հռոմեացիների կողմից գերի վերցվածները: Որպես քաղաքի ամբողջական կործանման նշան, հռոմեացիներն իրենց սովորության համաձայն, արորով վարեցին քաղաքի մի ծայրից մյուսը:
Երուաղեմի կործանման գուշակությունը, իր բոլոր հանգամանքներով հանդերձ, կատարյան մարգարեության պայմաններ է պարունակում: Նախ, գործերի բնական բերման, ժամանակի իրավիճակների կշռադատության բերումով, մարդկային մտքով անգամ չէր անցնի, թե Երուսաղեմը, հռոմեացիներին պատկանելուց հետո, կարող էր տարբեր կերպարանքներ առնել և դառնալ մեծ պատերազմի նպատակակետ: Եվ երկրորդ` Հիսուս ոչ թե մի ընդհանուր խոսք է մեջտեղ նետում, այլ հետզհետե կատարվելիք իրողությունները մանրամասնորեն ներկայացնում է իբրև նախընթաց նշաններ, որոնք իրականացան կատարելապես: Ի վերջո նկատելի է, որ տաճարի կործանումը տեղի է ունենում նույնիսկ հաղթական Տիտոսի կամքին հակառակ, որը հրամայել էր պահպաել տաճարի հրաշակերտ շինվածքը:
Քար քարի վրա չմնալու առիթով էլ պատմվում է, թե կործանումից 292 տարի անց, Հուլիանոս կայսրն արտոնեց հրեաներին` վերաշինել կործանված տաճարը: Սակայն գործը գլուխ չեկավ Հուլիանոսի վաղաժամ մահվան պատճառով: Պատերի մնացորդներն էլ այս անգամ քանդվեցին, և հին տաճարից մի քար անգամ հաստատուն չմնաց: Այժմ հին տաճարի տեղում բարձրանում է էոմերի մեծ մզկիթը, որը բոլորովին արգելք է հանդիսանում հրեական տաճարի վերաշինման հավանականությանը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: