Ա. Լոպուխին
«Ով Կյուրոսի մասին ասում է. «Իմ հովիվն է, և նա կատարելու է Իմ ամբողջ կամքն ու և Երուսաղեմին ասելու է.«Դու կառուցվելու ես», ու տաճարին՝ «դու հիմնվելու ես»: [28] (Սինոդական թարգ․)
«Ով Կյուրոսի մասին ասում է. «Իմ հովիվն է, և նա կատարելու է Իմ ամբողջ կամքը...» - Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արևմտյան կիսառացիոնալիստ մեկնաբաններից մեկն այս մարգարեության մասին հետևյալ կերպ է արտահայտվում. «Այն պարզությամբ, որով հնչում է այս մարգարեությունն ու այն ճշմարտացիությամբ (Bewahrheitung), որով իրականանում է հետագայում, այն պետք է ճանաչվի որպես ուշագրավ խոսք (merkwerdig), ինչը նաև վկայում է մարգարեի խորը և թափանցիկ աշխարհընկալման մասին (Dillmann. - Kurzgett. Comm. Iesaia, 408 s. Funf. Auf. Leip., 1890): Չնայած որ Տիրոջ կողմից վեր բարձրացված «արդարության այր»-ի միջոցով բաբելոնացիների՝ հրեաների գլխավոր թշնամիների կործանման ու Բաբելոնական գերությունից ազատվելու մասին մարգարեությունները բազմաթիվ անգամներ կանխագուշակվել էին նաև նախկինում (տե՛ս, օրինակ, Ես. 41:2, 26, 43:8), սակայն դեռևս երբեք դրանք չէին բացահայտվել այսպիսի մանրամասն ու ամբողջական կերպով՝ ընդհուպ մինչև Կյուրոսի անվան մասին կանխատեսումը ներառյալ:
Զարմանալի չէ, որ ուսումնասիրվող մարգարեության նմանատիպ մանրամասներն ու ճշգրտությունը հիմք են հանդիսացել ռացիոնալիստությանը հակված բազմաթիվ մեկնաբանների համար և Եսայի երկրորդ գրքի վարկածի առաջացման հիմնական փաստարկներից մեկն են եղել, ինչպես նաև այդ իրողությամբ էր պայմանավորված երկրորդ հատվածի ավելի ուշ ի հայտ գալը: Սակայն մեր կարծիքով նմանատիպ փաստարկները զուրկ են իրավական ուժից կամ էլ, ավելի ճիշտ, միանգամայն հակառակ դերակատարություն ունեն. եթե ռացիոնալիստ մեկնաբանի տեսակետի համաձայն՝ գրքի մատչելիությունը վարկաբեկում է գիրքն ու ստիպում է կասկածի տակ առնել նրա վավերականությունը, ապա ուղղափառ (օրթոդոքս) մեկնաբանի տեսանկյունից վերցրած՝ որևէ մարգարեական գիրք անհնար է պատկերացնել առանց մարգարեությունների, ու հետևաբար որքան մեծածավալ, կարևոր ու մանրամասն գրի առնված լինեն այս կամ այն գրքի մարգարեությունները, այնքան ավելի նշանակալից ու բարձր է նրա հեղինակությունը (այդ իսկ պատճառով է, որ, օրինակ, Եսային անվանվում է «Հինկտակարանյան Ավետարանիչ»): Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք արդեն սկզբունքորեն չենք կարող ընդունելի համարել այս հատվածի վերաբերյալ ռացիոնալիստական և օրթոդոքս մեկնաբանությունները փոխզիջումների ճանապարհով ընկալելու մտայնությունը, ինչին որ ձգտում են «հաշտարար մեկնաբանության» շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ ռուս աստվածաբանները (Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի և Վլաստով):
Ցանկանալով հարթել Կյուրոսի մասին մարգարեության վերաբերյալ երկու ուղղությունների ներկայացուցիչների հայացքների կտրուկ տարբերությունը (ռացիոնալ մոտեցում՝ post factum իրողություն, օրթոդոքս մոտեցում՝ մարգարեություն ante eventum)՝ «համերաշխության» կողմնակիցները նվազեցնում են բուն մարգարեության նշանակությունն ա՛յն ենթադրությամբ, որ «Կյուրոս» անվանումն այստեղ ունի ո՛չ թե անհատական, անձնական անվան նշանակություն, այլ, իբրև թե, ընդհանուր, հասարակ անվան իմաստ. այն նշանակում է «արև» ու ծառայում է որպես հավաքական, ընդհանուր անվանում Աքեմենյան դինաստիայի որոշ ներկայացուցիչների համար: Սակայն դեռևս Դիլլմանը, որին մենք հղում ենք կատարել նախկինում, առարկում էր այս մտքին ու ասում էր, որ «Կյուրոս» անվան մեկնությունը՝ «արև» իմաստով, մեծ կասկածի տեղիք է տալիս, ինչպես նաև խիստ կասակածելի է այն, որ դա եղել է Աքեմենյանների ընդհանուր թագավորական տիտղոսը: Սակայն կասկածանքի գլխավոր տեղիքն այն ենթադրությունն է, ըստ որի՝ այդ ամենի մասին կարող էր իմանալ Եսայի մարգարեն:
Ժամանակակից գիտական քննադատությունը վերջնականապես նվազեցրեց այս տեսակետի նշանակությունը. «Այն, որ «Կյուրոս» անվանումը նշանակում է «արև»,- կարդում ենք անգլիական գիտական մեկնաբանության մեջ,- հիմնված է Պլուտարքոսի և Կտեսիասի թույլ հեղինակությունների վրա ու այժմ էլ հերքված է Ս. Ն. Ռաուլինսոնի կողմից (Rawlinson H.C. The Persian cuneiform inscription at Behistan, deciphered and translated: with a memoir. Vol. II. London, 1849. P. 112): «Այն միտքը, որ դա եղել է պարսից բոլոր թագավորների հնագույն տիտղոսը, միանգամայն չի համապատասխանում իրականությանը: Աքեմենյան չորս թագավորներից միայն երկուսն են կրել այս անվանումը, հետևաբար դա եղել է նրանց սեփական ու անձնական անունը, ինչպես որ Կամբիզ, Քսերքսես և Դարեհ անուններն էին» (The Pulp. Comment. - Isaia L 159 p.): Այսպիսով, որևէ հիմք չկա՝ նսեմացնելու համար այս մարգարեության նշանակությունը, այլ պետք է այստեղ տեսնել մատնանշում հենց անձնապես Կյուրոսի վերաբերյալ՝ կանխատեսված նրա ծնունդից 150 տարի առաջ»:
«Իմ հովիվն է... - Ոչ թե ժողովրդի կամ ժողովուրդների հովիվն է (ποιμὴν λαω̃ν), ինչպես որ Աստվածաշնչում երբեմն անվանվում են թագավորները, այլ «Իմ ու Իմ ժողովրդի հովիվը», քանի որ Նա առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերելու Աստծո ժողովրդի հանդեպ, ինչպես որ դա բացահայտվում է հետագա բառերում. «Կատարելու է Իմ ամբողջ կամքը», այսինքն՝ Աստծո կամքը հրեաներին գերությունից ազատելու և իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ: Այս մարգարեության պատմական հիմնավորումը մանրամասնորեն նկարագրվում է Եզրասի Առաջին գրքի սկզբնական հատվածում (1-3-րդ գլուխներ), իսկ զուգահեռ տարբերակը՝ մի շարք մանրամասնություններով հանդերձ, նկարագրվում է Հովսեփիոս Փլավիոսի կողմից (Հրեական հնախոսություններ, գիրք 11-րդ, 1-2-րդ գլուխներ): Նա, ի դեպ, հստակ նշում է, որ Կյուրոսի համար հրեաներին գերությունից ազատ արձակելու հրովարտակի հրապարակման գլխավոր դրդապատճառ է ծառայել հենց այն մարգարեությունը, որը անհայտ մեկի կողմից ներկայացվել ու խիստ զարմացրել է նրան:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ես ասում եմ Կիւրոսին, թէ՝ իմաստնացի՛ր, որ կատարես իմ բոլոր ցանկութիւնները: Ես ասում եմ Երուսաղէմին, թէ՝ կառուցուի՛ր, եւ ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»:
(Արարատ թարգ․) Եվ ասում եմ Կյուրոսի մասին. «Իմ հովիվն է», և նա պիտի կատարի իմ ամբողջ կամքը ու պիտի ասի Երուսաղեմի մասին՝ «Կվերաշինվի», և տաճարին՝ «Կհիմնվե՛ս»»։
(Գրաբար) որ ասեմ ցԿիւրոս թէ իմաստնասջիր, եւ զամենայն կամս իմ արասցես: որ ասեմ ցԵրուսաղէմ թէ շինեսջիր, եւ զտաճարն իմ սուրբ` հաստատեցից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: