Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը,
Ո՞վ արթնացրեց արդարին արևելքից և կանչեց իր հետևից
Այսինքն՝ ոչ թե հեթանոսները կամ նրանց կուռքերը արթնացրին արդարությունը, այլ՝ միայն Աստված: Նախ՝ արդարության գործը հոգևոր է, և որովհետև մեղքի պատճառով գերվեցին, ուստի դարձի գալու շնորհիվ արդարացիորեն պիտի ազատվեն: Եվ ասում է արթնացրեց, որովհետև քանի դեռ մեղքի մեջ էին, նրանց անտեսում էր:
Երկրորդ՝ ակնարկում է Կյուրոսին , որն ազատեց նրանց, քանզի ոմանք նրան արդար են հորջորջում:
Երրորդ՝ արդար էր Զորաբաբելը, որն առաջնորդեց ժողովրդին ու վախեցրեց հեթանոսների թագավորներին:
Չորրորդ՝ նկատի ունի բաբելացիների վրեժխնդրությունը, որը ոտքի հանեց պարսիկներին ու մարերին և կործանեց նրանց: Եվ հինգերորդ՝ արդարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Որն արևելքից ծագելով Հորից՝ փարատեց մեր խավարը ու սրբելով արդարացրեց մեզ: Իսկ երբ ասում է՝. արթնացրեց, մեզ հետ խոսում է՝ զիջելով մեզ [մեր ընկալման չափով]:
Եվ կանչեց Իր հետևից. այսինքն՝ Իր նախասահմանած կամքի հետևից, որովհետև նախապես կանխորոշված էր Որդու մարմնանալը, խաչը, մահը, հարությունն ու մեր փրկությունը:
Ա. Լոպուխին
«Ո՞վ արևելքից արթնացրեց արդարության մարդուն, նրան կանչեց հետևելու Իրեն, ժողովուրդներին նրան հանձնեց ու հնազանդեցրեց թագավորներին: Նա իր սրով փոշի դարձրեց նրանց, իսկ իր աղեղով քամուց քշված հարդի վերածեց նրանց»: [2] (Սինոդական թարգ․)
«Ո՞վ արևելքից արթնացրեց արդարության մարդուն…ժողովուրդներին նրան հանձնեց ու հնազանդեցրեց թագավորներին»: Տերն ապացուցում և դատապարտում է հեթանոս հպարտ ազգերի անզորությունն ու ոչնչությունը՝ մարգարեական խոսքի միջոցով բացահայտելով նրանց մոտալուտ, լիակատար կործանումն այն նոր Նվաճողի հարվածների ներքո, Որին Նա շուտով ասպարեզ է բերելու որպես Իր ամենաիմաստուն կամքի Կատարող: Բառերի ուղիղ քերականական իմաստով կարծես թե խոսքը ոչ թե ապագայի, այլ, գլխավորապես, անցյալի («արթնացրեց», «կանչեց», «հնազանդեցրեց», «դարձրեց») ու, մասամբ էլ, ներկայի («հալածում է», գնում է») իրադարձությունների մասին է: Սակայն սա մարգարեական սովորական հնարք է, որը կիրառվում է խոսքն ավելի պատկերավոր ու բնութագրական դարձնելու համար, ինչպես նաև հաստատելու համար այդ խոսքի ճշմարտացիությունը: Նման ըմբռնման ճշտությունը հիմնավորվում է նաև խոսքի հետագա համատեքստով, մասնավորապես՝ 25-րդ համարի բովանդակությամբ, որտեղ այս նույն փաստի մասին խոսվում է արդեն ապառնի ժամանակով:
«Արդարության մարդուն․․․» - սա որոշ առումով կամայական թարգմանություն է. եբրայերեն բնագրում կիրառվում է «ցեդեկ» բառը, որը նշանակում է «արդարություն», այլ ոչ թե՝ «ցադիկ», որը որ պետք է լիներ, եթե ցանկանայինք ասել «արդարության մարդ» կամ «արդար մարդ»: Այս պատճառով Սեպտուագինտան ու սլավոներեն թարգմանությունը, ինչպես նաև «Պեշիթո»-ն անձնական դերանվան փոխարեն կիրառում են «արդարություն» ընդհանուր հասկացությունը՝ այդպիսով ավելի հստակ արտահայտելով եբրայական տեքստի իմաստը:
«Այս թարգմանությունների ու եբրայերեն-մասսորեթական տեքստի համաձայն՝ այստեղ խոսվում է պատմական ճշմարտության իրականացման մասին, որը տեղի է ունենում ա՛յն ժողովուրդների ու թագավորների կյանքում, որոնց որ վերաբերվում է այս մարգարեությունը: Այս ամենի իրականացման մասին որպես միջնորդներ հանդես էին գալիս հին աշխարհի փառավորված զավթիչները՝ Նաբուգոդոնոսորը (Եր. 25:9), Կյուրոսը (Ես. 45:1) և Ալեքսանդր Մակեդոնացին (Հովսեփիոս Փլավիոս, «Հրեական հնախոսություններ», XI, VIII, 5), որոնք իրենց հաղթանակներով ցնցել էին հեթանոսության զորությունն ու նախապատրաստել էին մարդկությանը՝ մուտք գործելու դեպի Քրիստոսի Եկեղեցին» (Յակիմով, Տրոիցկի, Ելեոնսկի):
Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատմական իրողությունները և ուշադրություն դարձնելով խոսքի հետագա համատեքստի վրա (Ես․ 44։28, 45:1-4, 46:11), ինչպես նաև հետևելով հնագույն ու նոր շրջանի մեկնաբանների մեծամասնությանը (Aben-Ezra, Witringa, Rosenmuller, Delich, Dillman, Orelli, Condamine և ուրիշներ)՝ կարելի է այստեղ տեսնել ցուցում մեծ ու փառավոր նվաճող Կյուրոսի՝ Պարսից թագավորի վերաբերյալ:
Սա, բնականաբար, չի բացառում նաև Հիերոնիմոս Երանելու մեկ այլ, ուսուցողական բնույթ ունեցող ա՛յն մեկնաբանության հնարավորությունը, ըստ որի՝ այն ամենը, ինչ այստեղ ասվում է փառավոր հաղթողի մասին, այդ ամենը վերաբերում է Քրիստոսի կերպարին ու Նրա գործին, ինչի պատճառով էլ որ Նա, իմիջիայլոց, մարգարեի կողմից արժանացել է ոչ միայն «մարդ» («այր»), այլ նաև «արդարության արեգակ» կոչումը (Մաղ. 4:2): Ինչ վերաբերում է Կյուրոս արքային, ապա նա «արդարության մարդ» կարող էր կոչվել այն իմաստով, որ նա համարվում էր ամբարիշտ ժողովուրդների հանդեպ Աստծո արդար դատաստանն իրականացնող մարմինը:
«Ո՞վ արևելքից արթնացրեց․․․» - հետագայում էլ՝ 25-րդ համարում կարդում ենք. «Ես նրան արթնացրի հյուսիսից…»: Եթե, համաձայն գրեթե համընդհանուր ճանաչում ունեցող տեսակետի, այստեղ տեսնենք ցուցում Կյուրոսի վերաբերյալ, ապա աշխարհագրական առումով որևէ հակասություն չի լինի, քանի որ Պարսկաստանը, Եդոմն ու Մարաստանը՝ այն երկրները, որոնցից դուրս էր եկել Կյուրոսը, գտնվում էին Արևելքում կամ, էլ ավելի կոնկրետ, Բաբելոնից դեպի հյուսիս-արևելք, ա՛յն Բաբելոնին, որին գլխավորաբար հասցեագրված էր մարգարեի մեղադրական այս խոսքը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը,
(Արարատ թարգ․) Արդարին ո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։
(Գրաբար) Ո՞ զարթոյց յարեւելից զարդարութիւն, եւ կոչեաց զնա զհետ իւր. երթիցէ եւ տացէ հատուցումն յանդիման հեթանոսաց: զարհուրեցուսցէ զթագաւորս, եւ տացէ հողոյ զսուրս նոցա. եւ իբրեւ զխռիւ մերժեսցէ զնետս նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: