Եսայու մարգարեության մեկնություն 41:1

Ա. Լոպուխին

«Լռեցե՛ք Իմ առջև, կղզինե՛ր, ու ժողովուրդները թող նորոգե՛ն իրենց ուժերը, թող նրանք մոտենա՛ն ու ասե՛ն. «Միասին դատի ենք կանգնելու»: [1] (Սինոդական թարգ․)
   
   Այս ամբողջ գլուխն իրենից ներկայացնում է նախորդ գլխի անմիջական շարունակությունը, այդ իսկ պատճառով էլ բոլոր մեկնաբանների կողմից այն դիտվում է որպես միևնույն ճառի երկրորդ կես, որում խոսվում է Տիրոջ՝ Իսրայելի Աստծո մեծության, հզորության ու փառքի մասին՝ որպես Նրան վերագրվող առանձնահատկություններ, որոնք Իսրայելի լիակատար մխիթարության համար ամենահուսալի հիմնավորումներն են, մխիթարություն, որը սույն մարգարեական խոսքի հիմնական առարկան է: Մասնավորաբար 1-7-րդ համարների միջակայքում ընկած հատվածն ամենասերտ կապն ունի նախորդ գլխի 15-րդ, 17-րդ ու 23-24-րդ համարների հետ:

   «Լռեցե՛ք Իմ առջև, կղզինե՛ր…միասին դատի ենք կանգնելու»: «Լռեցե՛ք» բառի փոխարեն Սեպտուագինտայում ու սլավոնական տեքստում տեղադրված է «նորոգվեցե՛ք» արտահայտությունը, ինչը տեղի է ունեցել թարգմանիչների կողմից գրելաձևով իրար շատ նման երկու տառերի շփոթի արդյունքում, ինչի հետևանքով ստացվել են երկու՝ իրարից բացարձակապես տարբեր բառեր: Սակայն այդ ամենի հետևանքով իմաստը չի տուժել, քանի որ նորոգվելու մասին կոչը տեղ է գտել նաև եբրայական տեքստում՝ խոսքի շարունակության մեջ: Այսպիսով՝ 41-րդ գլուխը սկսվում է նորոգվելու մասին այն նույն կոչով, որով որ ավարտվել էր 40-րդ գլուխը:

   «Լռեցե՛ք Իմ առջև․․․» - երբ որ Աստված խոսում է, մարդը պետք է լռի (Հոբ 33։31):

   «Միասին դատի ենք կանգնելու»,- ասում է Ամենակալն իրենց սեփական ուժերի վրա հույս դրած հեթանոս ժողովուրդներին՝ կոչ անելով կանգնել պատմության անաչառ դատաստանի առջև:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին:
(Արարատ թարգ․) Ո՛վ ծովեզրյա երկրներ, լռե՛ք իմ առջև, և թող ժողովուրդները նորոգեն իրենց ուժը. նրանք թող մոտ գան և խոսեն։ Մոտենանք միասին դատաստանի համար։
(Գրաբար) Նորոգեցարուք առ իս կղզիք, զի իշխանք նորոգեսցին զաւրութեամբ. մերձեսցին` խաւսեսցին միանգամայն, եւ ապա զիրաւունս պատմեսցեն: