Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։37

Օգոստինոս Երանելի

Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:

 

  Ընդհանրականությունից (այս բառը պետք է հասկանալ որպես «միայն աստվածայինին բնորոշ երևույթ») ինչ–որ բան կարող է լինել նաև Եկեղեցուց դուրս. Քրիստոսի անունը ևս կարող է բնակվել քրիստոնեական համայնքից դուրս, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, երբ աշակերտների հետ չշրջող մեկը Քրիստոսի անունից  դևեր հանեց: Մյուս կողմից, նաև Եկեղեցում կարող է կեղծիք լինել: Օրինակ՝ նրանց շարքերում,  որոնք այս դարը հռչակում են բառերով, այլ ոչ թե գործերով, թեև կեղծիքն ինքնին ընդհանրական չէ: Այնպես, ինչպես Եկեղեցում է ոչ  ընդհանրական  երևույթ հանդիպում, ճիշտ այդպես էլ դրա սահմաններից դուրս կարող է ընդհանրական  երևույթ հանդիպել:

***

  Մարդը, որի մասին պատմում է Հովհաննեսը, և որի շնորհիվ Տերը հաջորդող խոսքերն է ասում, չպետք է հակադրվի աշակերտների խմբին՝ որպես հերետիկոս և այդ խումբը մերժող: Ընդհակառակը, նա մեկն է այն մարդկանցից, որոնք  դեռ չեն կողմնորոշվել Քրիստոսի խորհուրդներին իրենց  հաղորդակից դարձնելու հարցում, սակայն բարեհաճ են քրիստոնյա անվան հանդեպ: Նմանատիպ մարդիկ նույնիսկ աջակցում են քրիստոնյաներին և նրանց ծառայություններ են մատուցում միայն այն պատճառով, որ վերջիններս քրիստոնյա են: Տերը հենց նրանց մասին է ասում, որ «իրենց վարձը չեն կորցնի» (տե՛ս Մատթեոս 10։42): Սակայն քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած այդ տրամադրվածության պատճառով նրանք չեն կարող իրենց ապահով զգալ, քանի որ դեռևս չեն մաքրվել Քրիստոսի մկրտությամբ և Նրա հետ միության մեջ չեն ընդգրկվել: Այնուամենայնիվ, նրանք այնքան են առաջնորդվում Աստծո ողորմածությամբ, որ, այդպիսին լինելով, կարող են ապահով կերպով հեռանալ այս դարից: Նույնիսկ նախքան քրիստոնյաների շարքին միանալը այդպիսի մարդիկ իսկապես ավելի օգտակար են, քան  քրիստոնյայի անուն և Քրիստոսի խորհուրդներին հաղորդակից դառնալու իրավունք ստացածները, որոնք այնպիսի խորհուրդներ են տալիս, որ դրանց հետևելով՝ մարդ   կարող է հավիտենական կորստի մեջ ընկնել:

 

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:

 

  Մրցակցության կամ նախանձի պատճառով չէ, որ Որոտման որդին այդ մարդուն արգելում է դևեր հանել, այլ նա ցանկանում է, որ Քրիստոսի անունը կանչողները  հետևեն Տիրոջը, և որ բոլոր աշակերտները մի մարմին լինեն: Ավետարանական քարոզչության սկզբում պատահեց, որ ոմանք, փառասիրության կրքից մղված, ցանկացան նշաններ կատարել: Սակայն տեսնելով, թե որքան զորեղ է Հիսուսի անունը, նրանք կանչեցին այն և այդպիսով հրաշքներ կատարեցին, չնայած որ խորթ և անարժան էին Աստծո շնորհին: Քանզի Տիրոջը հաճելի էր, որ քարոզչությունը տարածվեր նաև անարժանների միջոցով:
 

Ա․  Լոպուխին

Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: (Սինոդական թարգմ․) [37]

 

  Քրիստոնեական կյանքի առաջին աստիճանին կանգնած մարդկանց հանդեպ սրտացավության մասին Քրիստոսի խոսքը լսելով՝ Հովհաննես առաքյալ հիշում է վերջերս տեղի ունեցած մի դեպք, որի ժամանակ Քրիստոսի աշակերտները, ակնհայտորեն, հենց նոր մեջբերած Քրիստոսի խոսքերում (տես համար 37) բովանդակվող հիմնական տեսակետին հակառակ են վարվում: Նրանք մի մարդու արգելում են Քրիստոսի անունով դևեր հանել, որովհետև այդ մարդը, միգուցե ինչ–որ երկչոտությունից ելնելով, չէր միացել Քրիստոսի աշակերտների շրջանակին: Առաքյալները, այսպես ասած, Քրիստոսի անունով հրաշքներ գործելն իրենց անձնական առավելությունն էին համարում, և նրանց համար տհաճ էր, որ ակնհայտորեն Քրիստոսից իշխանություն չստացած ինչ–որ մեկը, այնուամենայնիվ, գործեր այն նույն հրաշքները, որ իրենք էին կատարում:
---------------------------------------
[37] (Էջմիածին թարգմ․) Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
(Արարատ թարգմ․) Հովհաննեսը նրան ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց նրան արգելեցինք, որովհետև մեզ չի հետևում»։ /38/
(Գրաբար)  Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:

 

Պատմամշակութային մեկնություն

  Այստեղ աշակերտները (ովքեր սրանից շատ քիչ առաջ չկարողացան Հիսուսի անունով դև հանել) քննադատում են այն մեկին, ով գործում էր Նրա անունից (տե՛ս Մարկոս 9։37) և դևեր էր հանում (տե՛ս Թվեր 11։28): Այս զրույցի բնույթը այնպիսի պատմություններ է հիշեցնում, որոնցում հայտնի ուսուցիչը հերքում է պակաս բանիմաց հակառակորդների տեսակետները:

  Աղանդավորական հակումները բնորոշ էին հուդայականությանը։ Այս մասին են վկայում նաև Մեռյալ ծովի ձեռագրերը: (Հրեաների շրջանում Զատկի օրվա ճշգրիտ որոշման վերաբերյալ ծավալվող վեճերի հետևանքով մշտապես զանազան խմբեր էին ձևավորվում ու կազմալուծվում)։