Մաղաքիա արք. Օրմանյան
37-40. Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
Մարկոսն ու Ղուկասը այստեղ պատմում են մի փոքրիկ միջադեպ, որի տեղն ու ժամանակը ճշտելուն նպաստող որևէ պարագա թեպետ հիշատակված չէ, սակայն ավետարանիչներն այս նկատում են իբրև նախընթաց խոսքերի շարունակություն: Առաքյալներից Հովհաննեսը, հանկարծ Հիսուսին ընդմիջելով, հարց է ուղղում Նրան «Վարդապե՛տ, մի երդմնեցուցիչ տեսանք, որ դևեր հալածելու համար գործածում էր Քո անունը: Մինչդեռ նա մեզ հետ եղողներից և Քեզ հետևողներից չէր: Եվ քանի որ քեզ հետ չեղողը քո անունը գործածելու իրավունք չունի, ուստի պարտք համարեցինք նրան ազդարարել և արգելել, որպեսզի չհանդգնի քո անունը գործածել»: Որդիք Որոտման կոչված նախանձահույզ առաքյալներից կրտսերն էր, որ իր բնավորության բերումով և աղմկալից գործունեության շնորհիվ, կարծում էր լավ բան է արել և սպասում էր Հիսուսի հավանությանն ու գովեստի խոսքերին: Հիսուս, ընդհակառակը, ցույց տվեց, որ համամիտ չէ. «Ինչո՞ւ եք արգելում, - ասաց, - քանի որ այդպիսին իմ անունը գործածում է իբրև զորություն: Նա իմ անունն է պատվում: Նա ինձ անարգող և հայհոյող մեկը չի կարող լինել: Հետևաբար մեր կողմից և մեզ օգտակար մեկն է համարվում նա, քանի որ իմ անունն է փառավորում նա: Հոգ չէ, որ մեզ հետ չի շրջում: Փնտրածը մեկտեղ շրջելը չէ, այլ մեր գործին նպաստավոր լինելը, կամ գոնե մեզ հակառակ չլինելը. և ով մեզ հակառակ չէ, նա մեզ նպաստավոր է»:
Հիսուս մի առիթով ասել է. «Որ ոչ ընդ իս է, հակառակ իմ է» Մատթ. 12:30: Գուցե Հովհաննեսը այս խոսքը մտապահած լինելով՝ Հիսուսի անունը գործածող, բայց Հիսուսի հետ չեղող երդմնեցուցիչին աշխատել էր լռեցնել: Մենք առիթ ունեցանք (Մատթ. 12:24-37) այդ երկու սկզբունքների միմյանց հակառակ չլինելը ցույց տալ՝ հւշեցնելով, որ այս և նմանօրինակ խոսքերը հարաբերական իմաստ ունեն, այլ ոչ թե բացարձակ: Ով պարտադրված չէ միասին լինել, սակայն հակառակ չէ, նա նպաստավոր կարող է դառնալ:
Անդրադառնալով Հիսուսի անունով դևեր հանողին՝ բացատրեցինք արդեն (Մատթ. 12:24-37) , որ հրեից մեջ ևս երդմնեցուցիչներ կային և գործում էին: Նրանցից մեկի կողմից Հիսուսի անունը գործածելը ապացուցում է Հիսուսի անվան վաստակած հռչակն ու զորությունը; Օտարներն անգամ այն ցանկանում էին գործածել իբրև հաջողության նշան:
Հիսուս այդ նյութի, այսինքն՝ Իր անվան նշանակության հիման վրա շարունակում է բացատրությունները, որովհետև Մարկոսի մեջ բերած խոսքերը, եթե անմիջական կերպով չեն կապվում նախընթացին, ապա ընդհանրապես կապվում են Հիսուսի անվան նշանակությանը: «Իմ անվան նշանակությունն այնչափ մեծ է, - ասում է, - որ մինչև իսկ մի գավաթ ջուրը, երբ անվանս պատվի համար է տրվում, արժանանում է հատուկ վարձատրության»: Այս խոսքը Հիսուս հիշատակում է Տասներկուսին տված պատվիրաններում (Մատթ. 10:5-16): Մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հիսուս մի խոսքը մի անգամ միայն չի ասել, այլ զանազան առիթներով նույն խրատը և նույն սկզբունքները կրկնել է:
Օգոստինոս Երանելի
Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
Ընդհանրականությունից (այս բառը պետք է հասկանալ որպես «միայն աստվածայինին բնորոշ երևույթ») ինչ–որ բան կարող է լինել նաև Եկեղեցուց դուրս. Քրիստոսի անունը ևս կարող է բնակվել քրիստոնեական համայնքից դուրս, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, երբ աշակերտների հետ չշրջող մեկը Քրիստոսի անունից դևեր հանեց: Մյուս կողմից, նաև Եկեղեցում կարող է կեղծիք լինել: Օրինակ՝ նրանց շարքերում, որոնք այս դարը հռչակում են բառերով, այլ ոչ թե գործերով, թեև կեղծիքն ինքնին ընդհանրական չէ: Այնպես, ինչպես Եկեղեցում է ոչ ընդհանրական երևույթ հանդիպում, ճիշտ այդպես էլ դրա սահմաններից դուրս կարող է ընդհանրական երևույթ հանդիպել:
Մարդը, որի մասին պատմում է Հովհաննեսը, և որի շնորհիվ Տերը հաջորդող խոսքերն է ասում, չպետք է հակադրվի աշակերտների խմբին՝ որպես հերետիկոս և այդ խումբը մերժող: Ընդհակառակը, նա մեկն է այն մարդկանցից, որոնք դեռ չեն կողմնորոշվել Քրիստոսի խորհուրդներին իրենց հաղորդակից դարձնելու հարցում, սակայն բարեհաճ են քրիստոնյա անվան հանդեպ: Նմանատիպ մարդիկ նույնիսկ աջակցում են քրիստոնյաներին և նրանց ծառայություններ են մատուցում միայն այն պատճառով, որ վերջիններս քրիստոնյա են: Տերը հենց նրանց մասին է ասում, որ «իրենց վարձը չեն կորցնի» (Մատթ. 10։42): Սակայն քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած այդ տրամադրվածության պատճառով նրանք չեն կարող իրենց ապահով զգալ, քանի որ դեռևս չեն մաքրվել Քրիստոսի մկրտությամբ և Նրա հետ միության մեջ չեն ընդգրկվել: Այնուամենայնիվ, նրանք այնքան են առաջնորդվում Աստծո ողորմածությամբ, որ, այդպիսին լինելով, կարող են ապահով կերպով հեռանալ այս դարից: Նույնիսկ նախքան քրիստոնյաների շարքին միանալը այդպիսի մարդիկ իսկապես ավելի օգտակար են, քան քրիստոնյայի անուն և Քրիստոսի խորհուրդներին հաղորդակից դառնալու իրավունք ստացածները, որոնք այնպիսի խորհուրդներ են տալիս, որ դրանց հետևելով՝ մարդ կարող է հավիտենական կորստի մեջ ընկնել:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
Մրցակցության կամ նախանձի պատճառով չէ, որ Որոտման որդին այդ մարդուն արգելում է դևեր հանել, այլ նա ցանկանում է, որ Քրիստոսի անունը կանչողները հետևեն Տիրոջը, և որ բոլոր աշակերտները մի մարմին լինեն: Ավետարանական քարոզչության սկզբում պատահեց, որ ոմանք, փառասիրության կրքից մղված, ցանկացան նշաններ կատարել: Սակայն տեսնելով, թե որքան զորեղ է Հիսուսի անունը, նրանք կանչեցին այն և այդպիսով հրաշքներ կատարեցին, չնայած որ խորթ և անարժան էին Աստծո շնորհին: Քանզի Տիրոջը հաճելի էր, որ քարոզչությունը տարածվեր նաև անարժանների միջոցով:
Ա․ Լոպուխին
Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: (Սինոդական թարգմ․) [37]
Քրիստոնեական կյանքի առաջին աստիճանին կանգնած մարդկանց հանդեպ սրտացավության մասին Քրիստոսի խոսքը լսելով՝ Հովհաննես առաքյալ հիշում է վերջերս տեղի ունեցած մի դեպք, որի ժամանակ Քրիստոսի աշակերտները, ակնհայտորեն, հենց նոր մեջբերած Քրիստոսի խոսքերում (տես համար 37) բովանդակվող հիմնական տեսակետին հակառակ են վարվում: Նրանք մի մարդու արգելում են Քրիստոսի անունով դևեր հանել, որովհետև այդ մարդը, միգուցե ինչ–որ երկչոտությունից ելնելով, չէր միացել Քրիստոսի աշակերտների շրջանակին: Առաքյալները, այսպես ասած, Քրիստոսի անունով հրաշքներ գործելն իրենց անձնական առավելությունն էին համարում, և նրանց համար տհաճ էր, որ ակնհայտորեն Քրիստոսից իշխանություն չստացած ինչ–որ մեկը, այնուամենայնիվ, գործեր այն նույն հրաշքները, որ իրենք էին կատարում:
---------------------------------------
[37] (Էջմիածին թարգմ․) Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
(Արարատ թարգմ․ գլ. 38) Հովհաննեսը նրան ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց նրան արգելեցինք, որովհետև մեզ չի հետևում»։
(Գրաբար) Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: