ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ՈՆՈՓՐԻՈՍ ԱՆԱՊԱՏԱԿԱՆԻ ՎԱՐՔԸ

Այսօր մանկունք սուրբ Եկեղեցւոյ տօնեն զխաչակրօն քո սուրբ զյիշատակս,

ո՜վ սուրբ հայր Ոնոփրիոս,

զի ընկալցին զանապական պարգեւս

 ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ.

օրհնե՜մք միշտ սուրբ զԵրրորդութիւնն:

(Շարակնոց)

 

Սուրբ հայր Ո­նոփ­րիո­սը՝ ա­գա­րա­կում ծած­կո­ւած գանձն ու լե­ռան վրայ ար­տա­փայ­լող քա­ղա­քը, ծնո­ւել է Ե­գիպ­տո­սում եւ ման­կու­թիւ­նից սկսած՝ կրօ­նա­ւո­րել Ե­րի­մո­պո­լիս քա­ղա­քի մօտ գտ­նո­ւող մօտ հա­րիւր հո­գուց բաղ­կա­ցած միա­բան­նե­րի ընդ­հա­նուր վան­քում: Սուր­բի վար­քա­գրու­թիւ­նը մեզ է հա­սել հայր Պափ­նու­տիո­սի մի­ջո­ցով հե­տե­ւեալ կերպ: Երբ մեր­ձե­ցել էին Ո­նոփ­րիո­սի՝ մարմ­նից ել­նե­լու օ­րե­րը, Աս­տո­ւած Իր ծա­ռայ Պափ­նու­տիո­սի սրտում միտք դրեց գնալ անա­պա­տի խոր­քե­րը՝ տես­նե­լու, թէ ով­քե՛ր կան այն­տեղ ա­ռանձ­նա­ցած եւ ի­րե­նից զատ ո՛վ է Աստու­ծոյ հա­մար հե­ռա­ցել մարդ­կանց հետ բնա­կու­թիւ­նից: Սա ե­գիպ­տա­ցի ա­նա­պա­տա­կան­նե­րից ու սուրբ հայ­րե­րից մէկն էր, ո­րը, փա­փա­գե­լով տես­նել աս­տո­ւա­ծա­հա­ճոյ մե­նա­կեա­ցին, Տի­րոջ ազդ­մամբ դուրս ե­կաւ եւ ուղ­ղո­ւեց դէ­պի ա­նա­պա­տի խոր­քե­րը:

 

Նա պատ­մում է. «Ես քայ­լում էի ա­նա­պա­տի ան­կոխ ճա­նա­պարհ­նե­րով ու  ան­դա­դար մտա­ծում էի, թէ կա՞յ ար­դեօք ա­նա­պա­տի խոր­քե­րում Աստու­ծոյ ծա­ռա­նե­րից մէ­կը, ո­րին կ’ար­ժա­նա­նամ տես­նել: Բռ­նե­լով այդ ճա­նա­պար­հը՝ ես ա­ռաջ շար­ժո­ւե­ցի: Ինձ հետ վերց­րել էի ջուր եւ սա­կաւ հաց, ո­րոնք մի քա­նի օ­րից սպա­ռո­ւե­ցին, ու ես յոյժ տրտ­մե­ցի, սա­կայն մահն աչ­քիս առ­ջեւ ու­նե­նա­լով՝ դար­ձեալ զօ­րա­ցայ եւ չորս օր ու գի­շեր առանց հա­ցի ու ջրի շա­րու­նա­կե­ցի ճա­նա­պարհս: Սա­կայն ճա­նա­պար­հի յոգ­նու­թիւ­նից դար­ձեալ նեղսր­տե­ցի,  սաս­տիկ քաղ­ցից ու չար­չա­րանք­նե­րից ու­ժաս­պառ ըն­կայ, եւ ինձ թո­ւաց, թէ մեռ­նում եմ: Այն­ժամ մի փա­ռա­ւոր այր տե­սայ, ո­րը մօ­տե­նում էր ինձ: Նա իր ձեռ­քը դրեց իմ շուր­թե­րին եւ ինչ­պէս մի հմուտ բժիշկ, ո­րը սպե­ղա­նի է տա­լիս, բա­ցեց իմ աչ­քե­րը, ու ես ան­մի­ջա­պէս զօ­րա­ցայ: Այդ մեծ սքան­չե­լի­քից վե­րա­ցաւ իմ քաղ­ցի զգա­ցու­մը, ա­հա­ւոր զօ­րու­թեան ներ­գոր­ծու­թիւ­նից ես ոտ­քի կանգ­նե­ցի եւ մեծ ու­րա­խու­թեամբ շա­րու­նա­կե­ցի ճա­նա­պարհս: Գ­նա­ցի եւս չորս օր, բայց նո­րից յոգ­նու­թիւ­նից տկա­րա­ցայ, ո­րի հա­մար ձեռ­քերս եր­կինք բարձ­րաց­րի ու ա­ղօ­թե­ցի Աստ­ծուն: Եւ ա­հա տե­սայ, որ դէ­պի ինձ էր գա­լիս այն նոյն փա­ռա­ւոր այ­րը: Նա մօ­տե­ցաւ ինձ, մատ­նե­րով օ­ծեց իմ շուր­թերն ու դար­ձեալ այն­քան զօ­րաց­րեց ինձ, որ կա­րո­ղա­ցայ եւս տասն­հինգ օր ճա­նա­պարհ գնալ: Եւ ա­հա հեռ­ւում տե­սայ մի զար­հու­րե­լի կեր­պա­րան­քով մար­դու: Նա մերկ էր, սա­կայն գլխի մա­զե­րի եր­կա­րու­թիւ­նը ծած­կել էր ողջ մար­մի­նը, իսկ մէջ­քին բան­ջա­րի տե­րեւ­ներ էր կա­պել: Երբ տե­սայ, որ նա գա­լիս է դէ­պի ինձ, սաս­տիկ վա­խե­ցայ ու ճո­ղոպ­րե­լով փա­խայ դէ­պի վեր՝ դի­մա­ցի լե­ռան ստո­րո­տը: Մեծ ահ էր պա­տել ինձ, քան­զի կար­ծում էի, թէ նա մի մար­դա­կերպ գա­զան է: Նա, հաս­նե­լով լե­ռան մօտ գտնո­ւող քա­րա­փին, ու­ժաս­պառ նստեց լե­ռան հո­վա­նու տակ, քան­զի տկա­րա­ցած էր խոր ծե­րու­թիւ­նից, քաղ­ցից, տօ­թից եւ խոր­շա­կից, ո­րոնք կրել էր այդ ա­նա­պա­տում ապ­րած ճգնո­ղա­կան խստակ­րօն կեան­քի ըն­թաց­քում: Հա­յեաց­քը դէ­պի վեր` լե­ռան կող­մը դարձ­նե­լով՝ նա­յեց ինձ ու ձայն տո­ւեց. «Ի­ջի՛ր ինձ մօտ, ո՛վ սրբա­սուն այր, քան­զի ես էլ քեզ նման մարդ եմ եւ բնակ­ւում եմ այս ա­նա­պա­տում մեր Տէր Յի­սուս Ք­րիս­տո­սի ա­նո­ւան հա­մար»: Երբ սուրբ ծե­րու­նուց լսե­ցի այս խօս­քե­րը, փա­րա­տո­ւեց եր­կիւղս, յօ­ժա­րու­թեամբ ի­ջայ եւ ըն­կայ նրա ոտ­քե­րը: Նա ինձ ա­սաց. «Ա­րի՛ ինձ մօտ, որ­դեա՛կ, քան­զի դու եւս Աս­տու­ծոյ ծա­ռան ու սուր­բե­րի սի­րե­լին ես»: Ես մօ­տե­ցայ նրան, ար­ժա­նա­ցայ նստե­լու նրա դի­մաց եւ խօ­սե­լու նրա հետ: Ա­պա սկսեց հարց­նել աշ­խար­հի վի­ճա­կի ու եղ­բայր­նե­րի մա­սին: Ես կարճ եւ հա­կիրճ պա­տաս­խան­ներ էի տա­լիս նրան եւ ա­պա ա­ղա­չում, որ­պէս­զի ին­քը խօ­սի մին­չեւ գնալս, քան­զի ծա­րա­ւի էի լսե­լու նրա սուրբ վար­քի մա­սին, կա­մե­նում էի յա­գեց­նել իմ փա­փա­գը ու ճա­նա­պար­հի յոգ­նու­թիւն­նե­րից մխի­թա­րու­թիւն ստա­նալ: Երբ շատ խնդ­րե­ցի նրան յայտ­նել իր ա­նու­նը եւ խօ­սել իր մա­սին, նա պատ­մեց իր կեան­քի այս պատ­մու­թիւ­նը. «Ուրեմն, լսի՛ր, որ­դեա՛կ, ու ես ա­մէն ինչ կը պատ­մեմ քեզ: Ա­նունս Ո­նոփ­րիոս է, եւ ա­հա ար­դէն վաթ­սուն տա­րի է, ինչ բնակ­ւում եմ այս­տեղ: Շր­ջում եմ այս ա­նա­պա­տի լեռ­նե­րով ու կե­րակր­ւում Աս­տու­ծոյ շնորհ­նե­րով: Այս­տեղ գա­լուց յե­տոյ ես ո­րե­ւէ մար­դու բնաւ չեմ տե­սել, բա­ցի քե­զա­նից, իսկ մինչ այդ ես բնակ­ւում էի եռ­մի­պօ­ղի­տա­ցի­նե­րի ա­նո­ւա­նի վան­քում, ուր կա­յին թո­ւով մօտ հա­րիւր եղ­բայր­ներ, ո­րոնք հա­մա­խոհ եւ հա­մա­կրօն էին մի­մեանց: Ն­րանք բո­լո­րը, պարս­պո­ւած մեր Տէր Յի­սուս Ք­րիս­տո­սի կա­տա­րեալ խա­ղա­ղու­թեամբ, լի էին Աս­տու­ծոյ սի­րով ու ճգ­նում էին մեծ ջան­քե­րով՝ փա­ռա­ւո­րե­լով Աս­տու­ծոյ բա­րե­րա­րու­թիւ­նը: Այն­տեղ խրա­տո­ւե­լով սուրբ հայ­րե­րի աս­տո­ւա­ծի­մաստ խօս­քե­րով` սո­վո­րե­ցի աս­տո­ւա­ծա­սի­րու­թիւն, ու­սա­նե­ցի ճշմարիտ հա­ւա­տի ճա­նա­պար­հը եւ կրօ­նա­ւո­րու­թեան հաս­տա­տո­ւած կար­գը: Բա­րե­պաշ­տու­թեան ու ճգնու­թեան ողջ կարգն ու­սա­նե­լուց յե­տոյ, երբ ար­դէն մեր­ձե­ցել էի հո­գե­ւոր եւ մարմ­նա­ւոր կա­տա­րե­լու­թեան, լսե­ցի, որ տե­ղի սուրբ հայ­րերն ա­սում էին, թէ մե­զա­նից՝ ընդ­հա­նուր վան­քում ապ­րող միա­բան­նե­րիցս, աւե­լի բարձր են ա­նա­պատ­նե­րում մե­նա­կե­ցու­թեամբ ա­ռանձ­նա­ցած ա­նա­պա­տա­կան­ներն ու ճգնա­ւոր­նե­րը, ո­րոնք հե­ռա­ցել են մարդ­կան­ցից Ե­ղիա մար­գա­րէի նմա­նու­թեամբ, ո­րը եր­կինք փո­խա­դրո­ւեց՝ իր ա­նա­պա­տա­կան կեան­քով հա­ճե­լի լի­նե­լով Աստծուն, կամ էլ Յով­հան­նէս Մկրտ­չի նմա­նու­թեամբ, ո­րը ման­կու­թիւ­նից մե­ծա­ցաւ անա­պա­տում եւ ո­րը կա­նան­ցից ծնո­ւած­նե­րի մէջ չու­նի ի­րեն հա­ւա­սա­րը: Իսկ ես ա­ռար­կում էի նրանց ու ա­սում, թէ ինչ­պէ՞ս  կա­րող են ա­նա­պա­տում հան­դար­տու­թեամբ ա­ռանձ­նա­ցած կրօ­նա­ւոր­ներն ա­ւե­լի բարձր լի­նել, քան վա­նա­կան­նե­րը, քան­զի քաջ գի­տէի, որ մեծ խո­նար­հու­թիւն, կա­տա­րեալ համ­բե­րու­թիւն եւ ան­ձի մե­ռե­լու­թիւն է պէտք, որ­պէս­զի հնա­րա­ւոր լի­նի անտր­տունջ բնա­կո­ւել եղ­բայր­նե­րի հետ եւ սի­րով ծա­ռա­յել բո­լո­րին: Իսկ նրանք պա­տաս­խա­նում էին ինձ՝ ա­սե­լով. «Ա­յո՛, որ­դեա՛կ, նրանք բարձ­րա­գոյն են մե­զա­նից, քան­զի ա­ռա­ւել մեծ է ա­նա­պա­տա­կան­նե­րի պա­տե­րազմն ա­նե­րե­ւոյթ թշնա­մու գաղտ­նո­րո­գայթ հնարք­նե­րի դէմ, եւ չկայ նրանց հա­մար եղ­բայ­րա­կան ո­րե­ւէ մխի­թա­րու­թիւն հո­գե­ւոր կամ մարմ­նա­ւոր կա­րիք­նե­րի հա­մար: Մենք, ա­մէն ժամ տես­նե­լով մի­մեանց, մխի­թար­ւում ենք մէկս միւ­սով. երբ միա­սին ա­ղօ­թում ենք, ու­րա­խա­նում ենք, երբ քաղ­ցում ենք, պատ­րաս­տի կե­րա­կուր ենք ստա­նում, ու երբ ծա­րա­ւում ենք, ու­նենք մեր ջու­րը, իսկ երբ մե­զա­նից մէ­կը տկա­րա­նում է, մխի­թա­րու­թիւն է ստա­նում եղ­բայր­նե­րից մէ­կից, եւ ե­թէ մե­զա­նից մէկն ա­ռա­ւել կե­րակ­րի կա­րիք է զգում, պատ­րաս­տում ենք Ք­րիս­տո­սի սի­րոյ հա­մար: Իսկ ա­նա­պա­տում բնա­կո­ւող­ներն այս ա­մէ­նից զուրկ են, քան­զի երբ նրանք նե­ղու­թիւն­նե­րի  կամ թշնա­մու դէմ պա­տե­րազ­մից ո­րո­գայ­թի մէջ են ընկ­նում, չու­նեն մէ­կին, ո­րը քա­ջա­լե­րի ու մխի­թա­րի ի­րենց Աս­տու­ծոյ սի­րով կամ զօ­րաց­նի: Անհ­րա­ժեշտ կե­րա­կու­րը ձեռք են բե­րում դժո­ւա­րու­թեամբ եւ ե­թէ ծա­րա­ւում են, չու­նեն ջուր՝ փոքր-ինչ զո­վա­նա­լու հա­մար: Յատ­կա­պէս ա­ռա­ւել մեծ ջան­քեր են պէտք սկզբում, երբ ո­րո­շում են ապ­րել ա­նա­պա­տում: Ն­րանք յանձն են առ­նում Աս­տու­ծոյ ծա­ռա­յու­թիւ­նը՝ կրե­լով ճգնու­թիւն­ներ, համ­բե­րու­թեամբ տա­նում են քաղցն ու ծա­րա­ւը, յաղ­թող են լի­նում բան­սար­կո­ւի գաղտ­նի պա­տե­րազմ­նե­րում եւ քայ­լում դէ­պի Տէ­րը նեղ ու ան­ձուկ ճա­նա­պար­հով: Իսկ բա­րիա­տեաց թշնա­մին հա­նա­պազ գոր­ծում է ընդ­դէմ նրանց, ով­քեր փա­փա­գում են քայ­լել այս ճա­նա­պար­հով, որ­պէս­զի ար­գե­լի եւ խա­փա­նի նրանց ըն­թաց­քը: Փոր­ձում է նրանց ա­մէն հնարք­նե­րով, որ­պէս­զի յետ դարձ­նի նրանց բա­րու ճա­նա­պար­հից, ջա­նում է հե­ռաց­նել ու զրկել ճգնու­թեան վաս­տակ­նե­րից եւ Աս­տու­ծոյ մե­ծա­մեծ պար­գեւ­նե­րից: Իսկ ով­քեր Աս­տու­ծոյ հա­մար ի­մաս­տու­թեամբ համ­բե­րում են ճգնու­թեան նե­ղու­թիւն­նե­րին, նրանց վրայ է իջ­նում մեր բա­րե­րար Տի­րոջ մեծ գթու­թիւ­նը եւ ըստ վաս­տակ­նե­րի՝ հա­տու­ցու­մը: Նա Իր սուրբ հրեշ­տակ­նե­րի ձեռ­քով հո­գում է նրանց բո­լոր կա­րիք­նե­րը ու վէ­մից ջուր բխեց­նում, ինչ­պէս որ Ե­սա­յի մար­գա­րէն է ա­սում, թէ ով­քեր համ­բե­րում են Տի­րոջ հա­մար, կը լցո­ւեն բա­րիք­նե­րով, թե­ւեր կ’առ­նեն եւ կը սլա­նան ինչ­պէս ար­ծիւ­ներ. նրանք կը գնան ու չեն քաղ­ցի, կ’ըն­թա­նան եւ չեն յոգ­նի: Ու դար­ձեալ ա­սում է, թէ ծա­րա­ւած­նե­րին ար­բեց­րէք Վէ­մի ջրից, եւ ա­նա­պա­տի բոյ­սե­րը նրանց քիմ­քում ու կո­կորդ­նե­րում կը դառ­նան մեղ­րա­խորս­խի պէս: Երբ փոր­ձու­թեան մէջ են ընկ­նում, կամ թշ­նա­մու կող­մից պա­տե­րազմ է սկսւում, նոյն պա­հին իրենց ձեռ­քե­րը վեր բարձ­րաց­նե­լով՝ ա­ղա­ղա­կում են Տի­րո­ջը եւ երկն­քից շտապ օգ­նա­կա­նու­թիւն են ստա­նում, ու ի­րենց ճշմա­րիտ հա­ւա­տի եւ սուրբ սրտի հա­մար ցրւում ու փա­րատ­ւում են բո­լոր փոր­ձու­թիւն­նե­րը: Եւ չե՞ս լսել, ո՛վ որ­դեակ, որ նրանց հա­մար գրո­ւած է, թէ` «Աս­տո­ւած իս­պառ չի մո­ռա­նում տնանկ­նե­րին, իսկ աղ­քատ­նե­րի համ­բե­րու­թիւ­նը չի կոր­չում յա­ւի­տեան»: Դար­ձեալ գրո­ւած է, թէ` «­Տէ­րը կա­տա­րում է Ի­րե­նից եր­կիւ­ղած­նե­րի կամ­քը, լսում է նրանց ա­ղօթք­ներն ու փր­կում նրանց բո­լոր նե­ղու­թիւն­նե­րից»: Քան­զի Աս­տո­ւած է, որ ըստ ի­րենց գոր­ծե­րի եւ վաս­տա­կի հա­տու­ցում է բո­լոր նրանց, ով­քեր համ­բե­րում են Իր ա­նո­ւան հա­մար: Արդ, ե­րա­նի նրանց, ով­քեր երկ­րի վրայ կա­տա­րում են Աս­տու­ծոյ կամ­քը, քան­զի հրեշ­տակ­նե­րը նրանց ու­րա­խու­թեամբ սպա­սա­ւո­րում են ու ա­մէն ժամ զօ­րաց­նում նրանց, քա­նի դեռ մարմ­նի մէջ են: Իսկ ե­թէ կա­րո­ղա­նում են ճգնու­թիւն­նե­րի նե­ղու­թիւն­նե­րին համ­բե­րել ի­մաս­տու­թեամբ, ա­պա ա­մէն այ­ցե­լու­թիւն նրանց Բար­ձունք­նե­րից է լի­նում: Եւ ա­սում էին. «Ե­րա­նի նրան, ով կը հաս­նի այդ չա­փին»:

 

Այս ա­մէ­նը լսե­լով՝ ես՝ Ո­նոփ­րիոսս, բոր­բոք­ւում էի նա­խան­ձա­խնդրու­թեամբ, ինձ զգում էի ինչ­պէս նրան­ցից մէ­կը եւ իմ ան­ձում ճա­շա­կում մեղ­րա­խորս­խից ա­ռա­ւել քաղցր հո­գե­ւոր բերկ­րանք, ո­րի հա­մար ա­մէն ա­ռի­թի դէպ­քում ա­ւե­լի ու ա­ւե­լի էի հե­տաքրքր­ւում եւ տե­ղե­կա­նում նրան­ցից: Ա­պա մի գի­շեր վեր կա­ցայ, ինձ հետ վերց­րի մօտ չորս օ­րո­ւայ սա­կաւ հաց ու ջուր եւ դի­մե­ցի դէ­պի ա­նա­պա­տի կող­մը, ուր որ Աս­տուած կ’ա­ռաջ­նոր­դէր: Երբ այն­քան էի գնա­ցել, որ ծած­կո­ւել էի մարդ­կանց տե­սո­ղու­թիւ­նից, մտայ ան­շէն ա­նա­պատ, ու գի­շե­րո­ւայ մէջ իմ առ­ջեւ մեծ Լոյս ծա­գեց, ո­րից խիստ զար­հու­րե­ցի եւ մի պահ ո­րո­շե­ցի յետ դառ­նալ իմ նախ­կին տե­ղը, սա­կայն Աստ­ծուն ա­պա­ւի­նե­լով՝ զօ­րա­ցայ ու առաջ շար­ժո­ւե­ցի: Եւ մինչ եր­կիւ­ղի մէջ էի, ինձ երե­ւաց մի յոյժ փա­ռա­ւոր այր ու ա­սաց. «­Մի՛ երկն­չիր, քան­զի ես ա­մե­նա­կալ Տի­րոջ հրեշ­տակն եմ եւ քեզ պահ­պա­նում եմ քո ման­կու­թիւ­նից սկսած: Դու Տի­րոջ կող­մից ար­ժա­նա­ցար այն պար­գե­ւին, որ ըն­թա­ցա­կից լի­նեմ քեզ այս ճա­նա­պար­հին»: Ա­պա նրա ա­ռաջ­նոր­դու­թեամբ վեց կամ եօթ մղոն ճա­նա­պարհ անց­նե­լուց յե­տոյ հա­սայ անա­պա­տի խոր­քերն ու այն­տեղ տե­սայ մի փոքր քա­րայր: Բա­խե­ցի դու­ռը եւ ըստ քրիս­տո­սա­սէր եղ­բայր­նե­րի սո­վո­րու­թեան՝ ձայ­նե­ցի. «Օրհ­նի՛ր, տէ՛ր», քան­զի մտա­ծում էի, որ մի­գու­ցէ ներ­սում բնա­կո­ւող լի­նի: Եւ ա­հա այ­րից դուրս ե­լաւ մի պա­տո­ւա­կան ծեր, ո­րը  պատ­կա­ռե­լի տեսք ու­նէր, իսկ դէմ­քը պայ­ծա­ռա­ցած էր Աս­տու­ծոյ շնորհ­նե­րով: Ես ըն­կայ նրա ոտ­քե­րը, իսկ նա բարձ­րաց­րեց ինձ ու ող­ջու­նե­լով ա­սաց. «­Դո՞ւ ես, Ո­նոփ­րիո՛ս, եղ­բա՛յր իմ եւ ի Տէր գոր­ծա­կի՛ց իմ: Նե՛րս մտիր, որ­դեա՛կ, ու թող քեզ օգ­նա­կան լի­նի Աստո­ւած, Ով ար­ժա­նաց­րեց քեզ այս սուրբ կոչ­մա­նը»:

 

Ես մի քա­նի օր մնա­ցի այդ ծե­րի մօտ եւ մեծ ջա­նա­սի­րու­թեամբ նրա­նից սո­վո­րե­ցի կրօ­նա­ւո­րու­թեան սուրբ կար­գը: Երբ ծե­րը տե­սաւ, որ մեր Տէր Յի­սուս Ք­րիս­տո­սի սուրբ հա­ւա­տի բա­րե­պաշ­տու­թեան գործն ու­սա­նե­լուց լու­սա­ւո­րո­ւեց իմ հո­գին, ու կա­րող եմ ընդ­դէմ կանգ­նել բան­սար­կո­ւի գաղտ­նի պա­տե­րազմ­նե­րին եւ ա­նա­պա­տի եր­կիւ­ղին, ա­սաց ինձ. «Ով եղ­բայր իմ Ո­նոփ­րիո՛ս, կը տա­նեմ քեզ ա­ւե­լի խո­րը ա­նա­պատ, որ­պէս­զի այն­տեղ բնա­կո­ւես մի այ­րի մէջ ու ա­ռան­ձին ճգնու­թիւն­ներ կրես, քան­զի ըստ նա­խախ­նա­մու­թեան՝ Աս­տու­ծոյ կող­մից դրա հա­մար ես ա­ռա­քո­ւել»: Սա ա­սե­լով՝ միա­սին չորս օր եւ չորս գի­շեր խո­րա­ցանք ա­նա­պա­տի մէջ ու հա­սանք մի փոք­րիկ խցի, ո­րի մօտ ար­մա­ւե­նու ծառ կար: Պա­տո­ւա­կան ծերն ինձ ա­սաց. «Ա­հա սա է այն տե­ղը, որն Աստու­ծոյ մար­դա­սի­րու­թեամբ նա­խա­տե­սո­ւեց քեզ հա­մար»: Եւ այդ խցում, ե­րե­սուն օր մնա­լով ինձ հետ,  ուսու­ցա­նեց ա­նա­պա­տա­կան կեան­քի ողջ կարգն ու հե­ռա­ցաւ, սա­կայն տա­րին մէկ ան­գամ հան­դի­պում էինք մի­մեանց այն­քան ժա­մա­նակ, մին­չեւ որ ե­րա­նե­լի ծե­րը փո­խո­ւեց այս կեան­քից, ո­րի նշխար­ներն ամ­փո­փե­ցի իմ բնա­կու­թեան մօտ գտ­նո­ւող մի տե­ղում»:

 

Երբ սուրբ հայր Ո­նոփ­րիո­սը պատ­մեց այս ամէ­նը, ես՝ տա­ռա­պեալ Պափ­նու­տիոսս, հարց­րի նրան. «Ո՛վ հայր պա­տո­ւա­կան, շա՞տ նե­ղու­թիւն­ներ կրե­ցիր ա­ռա­ջին տա­րի­նե­րին»: Ե­րա­նե­լի ծերն ա­սաց. «­Հա­ւա­տա՛ ինձ, սի­րե­լի՛ եղ­բայր, որ եր­կար ժա­մա­նակ քաղ­ցից ու ծա­րա­ւից, տօ­թից եւ խոր­շա­կից, ցրտից ու սառ­նա­մա­նի­քից այն­քան նե­ղու­թիւն­ներ կրե­ցի, որ շատ ան­գամ­ներ յու­սա­հա­տո­ւե­ցի կեան­քից եւ մեր­ձե­ցայ մա­հո­ւան դռներ­ին: Սա­կայն բա­րե­րարն Աս­տո­ւած, տես­նե­լով իմ համ­բե­րու­թիւ­նը, պա­հե­ցո­ղու­թիւն­նե­րը, ա­ղօթք­ներն ու ճգնու­թիւն­նե­րը, հրա­մա­յեց Իր սուրբ հրեշ­տա­կին ա­մէն օր չա­փա­ւոր կե­րա­կուր եւ ջուր բե­րել ինձ, իսկ քա­րայ­րի մօտ գտնո­ւող ար­մա­ւե­նին ա­մէն տա­րի տասն­եր­կու ոս­տեր էր տա­լիս իր ող­կոյզ­նե­րով, ո­րոն­ցից իւ­րա­քան­չիւ­րը` ա­նա­պա­տի բան­ջար­նե­րով հան­դերձ, ա­մէն ա­միս բա­ւա­րա­րում էր ինձ: Արդ, ո՛վ եղ­բայր Պափ­նու­տիոս, ե­թէ կա­տա­րես մեր Տի­րոջ կամ­քը, կը ստա­նաս Նրա օգ­նա­կա­նու­թիւ­նը, քան­զի Իր սուրբ Ա­ւե­տա­րա­նում ա­սում է. «­Մի՛ հո­գա­ցէք, թէ ինչ էք ու­տե­լու կամ խ­մե­լու, քան­զի ձեր Տէրն ու երկ­նա­ւոր Հայ­րը գի­տէ ձեր պէտ­քերն ու կա­րիք­նե­րը, այլ խնդրե­ցէ՛ք նախ Աս­տու­ծոյ ար­քա­յու­թիւ­նը եւ ար­դա­րու­թիւ­նը, ու այդ ա­մէնն ա­ւե­լիով կը տրո­ւի ձեզ» [­Մատթ. Զ 31−34]: Լ­սե­լով ե­րա­նե­լի ծե­րի այս խօս­քե­րը՝ յոյժ զար­մա­ցայ եւ ա­պա հարց­րի. «Ո՛վ հայր պա­տո­ւա­կան, ա­սա՛ նաեւ՝ որ­տե­ղի՞ց ես հա­ղոր­դու­թիւն ստա­նում շա­բաթ ու կի­րա­կի օ­րե­րին»: Եւ նա պա­տաս­խա­նեց. «Կ­’ա­սեմ նաեւ դա, որ­դեա՛կ: Բա­րե­րար Տի­րոջ հրեշ­տակն աս­տո­ւա­ծա­յին խորհր­դով սպա­սա­ւո­րում է ոչ միայն ինձ, այ­լեւ հա­ղոր­դեց­նում է բո­լոր նրանց, ով­քեր Տի­րոջ հա­մար բնակ­ւում են այս ա­նա­պա­տում, ո­րոնք չեն տես­նում ո­րե­ւէ մար­դու, սա­կայն լի են ու­րա­խու­թեամբ: Իսկ ե­թէ նրան­ցից մէ­կը կա­մենում է տես­նել ո­րե­ւէ մէ­կին, նրան բարձ­րաց­նում են եր­կինք, ուր տես­նում է բո­լոր սուր­բե­րին ու ող­ջու­նում նրանց: Լոյ­սի պէս պայ­ծա­ռա­նում է նրա հո­գին, յոյժ բերկ­րում եւ ցնծում է, քան­զի ար­ժա­նա­ցաւ այդ ան­վախ­ճան յա­ւի­տե­նա­կան Բա­րիք­նե­րին եւ մո­ռա­նում է այն բո­լոր չար­չա­րանք­ներն ու նե­ղու­թիւն­նե­րը, ո­րոնք կրում էր ա­նա­պա­տում: Եւ ա­պա վե­րա­դարձ­նում է նրան իր տե­ղը, ուր մնում է ու­րա­խու­թեամբ ու չի էլ զգում, որ ապ­րում է երկ­րի վրայ: Իր կեան­քի բո­լոր օ­րե­րին ճգնում է մեծ յօ­ժա­րու­թեամբ, քան­զի միշտ մտքում է պա­հում, որ պի­տի փո­խո­ւի այն աշ­խարհ եւ պի­տի ըն­դու­նի այն­պի­սի պար­գեւ­ներ, ո­րոնք տե­սաւ իր աչ­քով»:

 

Երբ լսե­ցի այս ա­մէ­նը, լցո­ւե­ցի ան­պատ­մե­լի ու­րա­խու­թեամբ, եւ իս­պառ վե­րա­ցաւ ճա­նա­պար­հից կրած յոգ­նու­թիւնս, յոյժ զօ­րա­ցայ հո­գով ու մար­մ­նով եւ մո­ռա­ցայ քաղցն ու ծա­րա­ւը: Լի մեծ ցն­ծու­թեամբ՝ ես նրան ա­սա­ցի. «Ո՛վ պա­տո­ւա­կան սուրբ հայր, ե­րա­նի ինձ, որ ար­ժա­նա­ցայ տես­նել քեզ, եւ քեզ­նից լսել այս­պի­սի բա­րի ու քաղցր խօս­քեր, ո­րոնք ինձ հա­մար փրկու­թեան եւ օգ­նա­կա­նու­թեան ա­ռիթ­ներ են»: Իսկ նա ա­սաց ինձ. «Ե՛լ, որ­դեա՛կ, գնանք միա­սին»: Նա վեր կա­ցաւ, իսկ ես, մեծ հիաց­մուն­քով նա­յե­լով ե­րա­նե­լի սուրբ հօ­րը, սքան­չա­նում էի նրա փա­ռա­ւոր տես­քից: Երբ միա­սին եր­կու կամ ե­րեք մղոն ճա­նա­պարհ ան­ցանք, հա­սանք մի փոքր խցի, ո­րի մօտ մի ար­մա­ւե­նու ծառ կար: Այդ­տեղ միա­սին ա­ղօ­թե­լուց յե­տոյ նստե­ցինք եւ ողջ օրն անց­կաց­րինք՝ խօ­սե­լով Աս­տու­ծոյ բա­րե­րա­րու­թիւն­նե­րի մա­սին: Օ­րո­ւայ վեր­ջում, երբ ա­րե­ւը մայր էր մտնում, մտանք խուց ու տե­սանք դրո­ւած մի նկա­նակ հաց եւ սա­կաւ ջուր: Ե­րա­նե­լի ծերն ա­սաց. «Ա­րի՛, որ­դեա՛կ, ճա­շա­կիր այս հացն ու ջու­րը, որ դրո­ւած են քո առ­ջեւ, քան­զի տես­նում եմ, որ նո­ւա­ղել ես քաղ­ցից ու ճա­նա­պար­հի յոգ­նու­թիւ­նից»: Ես ա­սա­ցի նրան. «­Կեն­դա­նի է մեր Տէր եւ Փր­կիչ Յի­սուս Ք­րիս­տոս, որ չեմ ճա­շա­կի ու չեմ ըմ­պի, ե­թէ միա­սին չճա­շա­կենք»: Եր­կար խնդրե­լուց յե­տոյ մի կերպ հա­մո­զե­ցի եւ միա­սին բե­կե­լով հա­ցը՝ ճա­շա­կե­ցինք, ա­պա գո­հա­նա­լով Աստ­ծուց՝ ողջ գի­շեր ա­ղօ­թե­ցինք: Լու­սա­դէ­մին ա­ղօթ­քի ժա­մա­նակ տե­սայ, որ նրա դէմ­քը պայ­ծա­ռա­ցել էր ա­րե­գա­կի պէս, այ­լա­փո­խո­ւել եւ Աս­տու­ծոյ հրեշ­տա­կի կեր­պա­րանք ըն­դու­նել: Սա տես­նե­լով՝ յոյժ զար­հու­րե­ցի ու վա­խե­ցայ, իսկ նա ա­սաց ինձ. «­Մի՛ երկն­չիր, եղ­բա՛յր Պափ­նու­տիէ, քան­զի Նա, Ով գթա­ռատ եւ մար­դա­սէր Աս­տո­ւած է, ա­ռա­քեց քեզ ինձ մօտ, որ­պէս­զի ամ­փո­փես մարմ­նիս նշխար­նե­րը: Ա­հա­ւա­սիկ այ­սօր պի­տի ա­ւար­տեմ իմ յոգ­նու­թիւ­նը եւ գնամ դէ­պի յա­ւի­տե­նա­կան հան­գիստն ի Տէր»: Դար­ձեալ պա­տո­ւի­րեց ինձ ու ա­սաց. «Եղ­բա՛յր Պափ­նու­տիէ, ե­թէ գնաս Ե­գիպ­տոս, այն­տեղ եղ­բայր­նե­րի ու բո­լոր հա­ւա­տա­ցեալ­նե­րի մէջ որ­պէս ա­նու­շա­հոտ խունկ քա­րո­զի՛ր իմ յի­շա­տա­կը, որ­պէս­զի ե­թէ մէկն իմ ա­նու­նով պա­տա­րագ մա­տու­ցի Աստ­ծուն, Տէ­րը նրան ըն­դու­նի ա­ռա­ջին­նե­րի հետ, քան­զի այս եմ խնդրում Տի­րո­ջից: Եւ ե­թէ մէկն իմ ա­նու­նով կե­րակ­րի մի եղ­բօր, ես էլ նրան կը յի­շեմ Տի­րոջ առ­ջեւ»: Ես հարց­րի. «Ե­թէ մէկն աղ­քատ լի­նի եւ չկա­րո­ղա­նայ քո յի­շա­տա­կի օ­րը պա­տա­րագ մա­տու­ցել կամ մի եղ­բօր կե­րակ­րել, նա չի՞ լի­նի ա­ռա­ջին­նե­րից»: Եւ նա ա­սաց ինձ. «Ե­թէ մէ­կը Տի­րոջն իմ ա­նու­նով սա­կաւ-ինչ խունկ մա­տու­ցի որ­պէս ա­նու­շա­հո­տու­թիւն, կ’ար­ժա­նա­նայ նոյն ե­րա­նու­թեա­նը»: Ես հա­մար­ձա­կո­ւե­ցի նաեւ այս հար­ցը տալ. «Ե­թէ մէ­կը բնակ­ւում է անա­պա­տում եւ չի կա­րող խունկ գտնել ու Տի­րոջն ա­նու­շա­հո­տու­թիւն մա­տու­ցել, նա ա­ռա­ջին­նե­րի հետ չի՞ ըն­դու­նո­ւի: Հա՛յր պա­տո­ւա­կան, աղա­չում եմ, որ քո ար­դար ա­ղօթք­նե­րը հաս­նեն բո­լո­րին, քան­զի գի­տեմ, որ ինչ էլ խնդրես Աստ­ծուց, Նա կը տայ քեզ: Եւ գի­տեմ, որ ըն­դու­նայն չեն լի­նի քո խնդրանք­նե­րը՝ քո հա­նա­պա­զօ­րեայ ու ան­դա­դար ա­ղօթք­նե­րի եւ Տի­րո­ջը քո անզ­բաղ ծա­ռա­յու­թեան հա­մար, ո­րը տա­րար համ­բե­րու­թամբ վաթ­սուն տա­րի՝ բնա­կո­ւե­լով այս ա­նա­պա­տում»: Նա պա­տաս­խա­նեց. «Ե­թէ մէկն աղ­քատ է, բնակ­ւում է ա­նա­պա­տում ու չի կա­րող պա­տա­րագ կամ խունկ մա­տու­ցել, թող կանգ­նի եւ իմ ա­նու­նով Տի­րո­ջը «­Հայր մեր» ա­ղօթ­քը մա­տու­ցի: Ես կը յի­շեմ նրան Տի­րոջ առ­ջեւ՝ ա­ղօ­թե­լով նրա հա­մար, որ­պէս­զի ա­ռա­ջին­նե­րի հետ ար­ժա­նա­նայ Տի­րոջ ողոր­մու­թեանն ու ժա­ռան­գի ար­դար­նե­րի կեն­ցա­ղա­վա­րու­թիւ­նը»: Ա­սա­ցի նրան. «­Բա­րի՛ հայր, քո մարմ­նից ել­նե­լուց յե­տոյ ար­ժա­նաց­րո՛ւ ինձ բնա­կո­ւել այս­տե­ղ»: Եւ նա պա­տաս­խա­նեց ինձ. «­Դու չե­կար այս­տեղ բնա­կո­ւե­լու, այլ Աս­տո­ւած քեզ առա­քեց այս­տեղ, որ­պէս­զի փա­ռա­ւո­րես այս անա­պա­տում բնա­կո­ւող Իր սուր­բե­րին եւ աս­տուա­ծա­սէր եղ­բայր­նե­րի մէջ տա­րա­ծես նրանց վաս­տակ­նե­րի բուր­մուն­քը: Արդ, որ­դեա՛կ, գնա՛ Ե­գիպ­տոս ու մնա այն­տեղ՝ բա­րի գոր­ծե­րով ծա­ռա­յե­լով Տի­րո­ջը եւ քա­րո­զիր այն ա­մէ­նը, ինչ տե­սար այս ա­նա­պա­տում»: Սուր­բի այս խօս­քե­րը լսե­լուց յե­տոյ ես ըն­կայ նրա ոտ­քերն ու ա­սա­ցի. «Ա­ղա­չում եմ քեզ, հա՛յր պա­տո­ւա­կան, օրհ­նի՛ր ինձ, որ­պէս­զի ո­ղոր­մու­թիւն գտ­նեմ Տի­րոջ առ­ջեւ: Եւ ինչ­պէս իմ Փր­կի­չը՝ Ք­րիս­տոս, ինձ ար­ժա­նաց­րեց տես­նե­լու քեզ այս աշ­խար­հում, նոյն­պէս էլ թող ար­ժա­նաց­նի ինձ հան­դի­պել քեզ հան­դեր­ձեա­լում»: Եւ նա ա­սաց ինձ. «Որ­դեա՛կ Պափ­նու­տիէ, Տէ­րը չի ան­տե­սի քո խնդրանք­նե­րը: Նա կ’օրհ­նի քեզ ու կը հաս­տա­տի Իր սի­րոյ մէջ, կը լու­սա­ւո­րի քո միտ­քը Իր աս­տո­ւա­ծու­թեան Լոյ­սով եւ կը փրկի քեզ ա­պա­կա­նու­թիւ­նից ու թշնա­մու որո­գայթ­նե­րից: Կ­’ա­ռաջ­նոր­դի քո ըն­թաց­քը դէ­պի բա­րին, կը պահ­պա­նի քեզ Իր հրեշ­տակ­նե­րով՝ օգ­նա­կան լի­նե­լով թշ­նա­մու դէմ բո­լոր պա­տե­րազմ­նե­րում եւ այն ա­հեղ ժա­մին ո­չինչ չի գտնի քեզ յան­դի­մա­նե­լու հա­մար»: Սա ա­սե­լուց յե­տոյ ե­րա­նե­լին ար­տա­սուք­նե­րով ու բա­զում հե­ծե­ծանք­նե­րով ա­ղօ­թեց Աստ­ծուն, ա­պա փոքր-ինչ դա­դար առ­նե­լուց յե­տոյ խո­նար­հեց­րեց իր սուրբ մար­մի­նը եւ մեծ ու­րա­խու­թեամբ իր սուրբ հո­գին ա­ւան­դեց Աս­տու­ծոյ ձեռ­քը: Նոյն պա­հին լսե­լի ե­ղաւ սուրբ հրեշ­տակ­նե­րի քաղց­րա­ձայն եր­գը. նրանք օրհ­նում էին Աստ­ծուն ու ա­ռաջ­նոր­դում ե­րա­նե­լի Ոնոփ­րիո­սի հո­գուն: Եւ երկն­քում մեծ ու­րա­խու­թիւն ե­ղաւ Աս­տու­ծոյ ու նրա հո­գու հան­դիպ­ման պա­հին: Իսկ ես վեր կա­ցայ, հա­նե­ցի իմ ա­ղա­բո­ղո­նը[1], այն բա­ժա­նե­ցի եր­կու մա­սի. մի մա­սը գցե­ցի նրա սուրբ մարմ­նի վրայ եւ պա­տա­նե­ցի, իսկ միւս մա­սը գցե­ցի վրաս, որ­պէս­զի մերկ չմնամ: Ա­պա գտայ ժայ­ռա­փոր գե­րեզ­մա­նի պէս մի տեղ, ուր ամ­փո­փե­ցի Աս­տու­ծոյ սուր­բի մար­մինն ու մեծ-մեծ քա­րեր հա­ւա­քե­լով՝ ծած­կե­ցի նրա սուրբ նշխար­նե­րը: Սկ­սե­ցի ա­ղօ­թել եւ ա­ղա­չել Աստ­ծուն, որ թոյլ տայ բնա­կո­ւեմ այդ­տեղ, բայց նոյն պա­հին տե­սայ, որ ա­ւե­րո­ւեց սուր­բի խու­ցը, իսկ ար­մա­ւե­նու ծա­ռը, ո­րից նա կե­րակր­ւում էր, տա­պա­լո­ւեց: Ես, լցո­ւած ա­հով ու զար­ման­քով, յոյժ սքան­չա­ցայ եւ հաս­կա­ցայ, որ Աս­տո­ւած չի կա­մե­նում, որ բնա­կո­ւեմ այդ­տեղ: Այն­ժամ խո­րա­պէս զգա­ցի Աս­տու­ծոյ սուր­բի հե­ռա­ցումն ինձ­նից, ո­րի տեսքն ու լու­սա­ւոր խօս­քերն ինձ մո­ռաց­նել էին տո­ւել ճա­նա­պար­հի իմ չար­չա­րանք­նե­րը: Սաղ­մոս­նե­րով, օրհ­նու­թեամբ եւ ար­տա­սուք­ներ հե­ղե­լով՝ ձեռ­քերս եր­կինք բարձ­րաց­րի ու ա­ղօ­թե­ցի Տի­րո­ջը: Մինչ ա­ղօ­թում էի եւ մեծ տրտմու­թեան մէջ էի սուր­բից բա­ժա­նո­ւե­լու հա­մար, տե­սայ այն նոյն փա­ռա­ւոր մար­դուն, ո­րին հան­դի­պե­ցի ա­նա­պատ գա­լու ճա­նա­պար­հին: Նա մօ­տե­նա­լով զօ­րաց­րեց, մխի­թա­րեց­ ինձ ու ա­սաց. «Ա­ռա­ւել ե­րա­նե­լի ե­ղար, քան­զի ար­ժա­նա­ցար ներ­կայ լի­նե­լու սուրբ Ո­նոփ­րիո­սի փոխ­մա­նը»: Ես լցո­ւե­ցի ու­րա­խու­թեամբ, քան­զի նրա սուրբ բե­րա­նից օրհ­նու­թեան ար­ժա­նա­ցայ: Ա­պա նրա ա­ռաջ­նոր­դու­թեամբ չորս օր ճա­նա­պարհ ան­ցայ եւ ե­կայ հա­սայ մի խցի, ո­րը շի­նո­ւած էր մի բարձ­րա­ւէտ տե­ղում: Ներս մտնե­լով՝ ոչ ո­քի չգ­տայ ու փոքր-ինչ նստե­ցի խցի դռան մօտ: Վա­րա­նած խոր­հում էի, թէ ար­դեօ՞ք այս­տեղ մարդ է բնակ­ւում, որ նա ինձ բե­րեց այս­տեղ: Եւ մինչ այս մտո­րում­նե­րի մէջ էի, ա­հա ե­կաւ մի սուրբ ու պա­տո­ւա­կան մարդ՝ յոյժ սքան­չե­լի եւ վա­յե­լուչ տես­քով: Նա կրում էր ար­մա­ւե­նու տե­րեւ­նե­րից հիւ­սո­ւած հան­դերձ, ո­րով ծած­կել էր իր ողջ մար­մի­նը: Երբ տե­սաւ ինձ, ան­մի­ջա­պէս մօ­տե­ցաւ ու հարց­րեց. «­Դո՞ւ ես եղ­բայր Պափ­նու­տիո­սը, որն ամ­փո­փեց մեր ե­րա­նե­լի հօր՝ Ո­նոփ­րիո­սի մար­մի­նը»: Երբ լսե­ցի այս խօս­քե­րը, հաս­կա­ցայ, որ նրան Ո­նոփ­րիո­սի մա­սին յայտ­նել էր Աս­տու­ծոյ հրեշ­տա­կը: Խո­նար­հո­ւե­ցի նրա առ­ջեւ եւ ըն­կայ նրա ոտ­քե­րը, իսկ նա ինձ ա­սաց. «Վե՛ր կաց, եղ­բա՛յր Պափ­նու­տիէ: Աս­տո­ւած ար­ժա­նաց­րեց քեզ լի­նել Իր սուր­բե­րի ու ծա­ռա­նե­րի բա­րե­կա­մը: Եւ ա­հա­ւա­սիկ Աս­տու­ծոյ նա­խա­խնա­մու­թեամբ ծա­նու­ցո­ւեց ինձ քո այ­սօ­րո­ւայ գալս­տեան մա­սին, որ­պէս­զի յայտ­նեմ քեզ մեր գոր­ծե­րի մա­սին: Արդ, ա­հա վաթ­սուն տա­րի է, ինչ մենք ապ­րում ենք այս ա­նա­պա­տում ու բնաւ ո­րե­ւէ մար­դու չենք տե­սել, բա­ցի այս­տեղ բնա­կո­ւող­նե­րից»: Եւ մինչ խօ­սում էինք մի­մեանց հետ, մեզ մօ­տե­ցան վա­ղուց ա­նա­պա­տում բնա­կո­ւող սուրբ  ու պա­տո­ւա­կան ե­րեք ան­ձինք: Ն­րանք դի­մե­ցին ինձ՝ ա­սե­լով. «Օրհ­նի՛ր, եղ­բա՛յր, դո՞ւ ես Պափ­նու­տիո­սը եւ ի Տէր մեր գոր­ծա­կի­ցը, որն ամ­փո­փեց սուրբ Ո­նոփ­րիո­սի պա­տո­ւա­կան մար­մի­նը: Թո­ղու­թի՛ւն շնոր­հիր, եղ­բա՛յր, քան­զի դու մե­ծա­մեծ շնորհ­նե­րի ու փառ­քի ար­ժա­նա­ցար: Տէրն Իր ո­ղոր­մու­թեամբ ծա­նու­ցեց մեզ քո գալս­տեան մա­սին եւ հրա­մա­յեց քեզ մէկ օր մնալ այս­տեղ: Արդ, այս վաթ­սուն տա­րի­նե­րին, ինչ բնակ­ւում ենք այս ա­նա­պա­տում, քե­զա­նից բա­ցի ոչ ո­քի չենք տե­սել»: Եւ մօտ եր­կու ժամ սկսե­ցինք մի­մեանց հետ խօ­սել ե­րա­նե­լի սուրբ հայր Ո­նոփ­րիո­սի ու այլ սուրբ հայ­րե­րի մա­սին: Ա­պա ինձ ա­սա­ցին. «Ա­րի՛, եղ­բա՛յր, ճա­շա­կիր մեզ հետ, որ­պէս­զի ամ­րա­նայ սիր­տդ, քան­զի հե­ռու տե­ղից ես ե­կել: Պէտք է այ­սօր յոյժ ու­րախ լի­նենք քեզ հետ»: Երբ սկսե­ցինք ա­ղօ­թել, մեր առ­ջեւ տե­սանք ա­սես նոր թխո­ւած փա­փուկ ու կար­միր հա­ցեր եւ դրանց հետ միա­սին ա­նա­պա­տի պտուղ­նե­րից ու բան­ջար­նե­րից պատ­րաս­տո­ւած կե­րա­կուր­ներ: Միա­սին նստե­ցինք եւ ճա­շա­կե­ցինք, իսկ նրանք ա­սա­ցին. «Անա­պա­տում բնա­կու­թեան այս վաթ­սուն տա­րի­նե­րի ըն­թաց­քում Տի­րոջ հրա­մա­նով երկն­քից մեզ ա­մէն օր չորս նկա­նակ է տրւում, բայց այժմ քո գալս­տեան ա­ռի­թով ա­ւե­լա­ցաւ նկա­նակ­նե­րի թի­ւը: Եւ չգի­տենք, թէ ինչ­պէս են դրանք յայտն­ւում, այլ երբ խուց ենք մտնում, գտնում ենք դրանք՝ պատ­րաս­տո­ւած Տի­րոջ կող­մից, ճա­շա­կում ենք եւ գո­հա­նում Աստ­ծուց»: Ա­պա ողջ գի­շեր, երբ պի­տի լու­սա­նար կի­րա­կին, մին­չեւ լու­սա­բաց կա­տա­րե­ցինք ա­ղօթ­քի կար­գը: Ա­ռա­ւօ­տեան ա­ղա­չե­ցի նրանց, որ թոյլ տան ինձ մնալ այդ­տեղ մին­չեւ իմ կեան­քի վեր­ջը, սա­կայն ինձ ա­սա­ցին. «Աստ­ծուց հրա­ման չկայ, որ դու բնա­կո­ւես այս ա­նա­պա­տում եւ կամ մեզ հետ լի­նես: Այլ դու պէտք է գնաս Ե­գիպ­տոս ու քրիս­տո­սա­սէր եղ­բայր­նե­րին մեր եւ ե­րի­ցս­ ե­րա­նե­լի հայր Ո­նոփ­րիո­սի յի­շա­տա­կի հա­մար յօ­գուտ լսող­նե­րի պատ­մես այն ա­մէ­նը, ինչ տե­սար այս­տեղ»: Ա­պա խնդրե­ցի նրանց, որ գո­նէ յայտ­նեն ի­րենց ա­նուն­նե­րը, սա­կայն նրանք հրա­ժա­րո­ւե­ցին՝ հա­կա­ռակ իմ բա­զում թա­խան­ձանք­նե­րին, այլ միայն ա­սա­ցին. «Նա, Ով գի­տէ ա­մէն ինչ, գի­տէ նաեւ մեր ա­նուն­նե­րը: Իսկ դո՛ւ, ո՛վ եղ­բայր, յի­շի՛ր մեզ, որ­պէս­զի ար­ժա­նի լի­նենք տես­նել մի­մեանց կեն­դա­նի Աստու­ծոյ գաւ­թում: Փու­թա՛ փախ­չել այս կեան­քի փոր­ձու­թիւն­նե­րից եւ ծաղ­րի չեն­թար­կո­ւել չա­րի կող­մից, ո­րը պատ­րեց մե­նա­կեաց­նե­րից շա­տե­րին»: Սա լսե­լով՝ ես ըն­կայ նրանց ոտ­քե­րը, ստա­ցայ նրանց օրհ­նու­թիւնն ու Աս­տու­ծոյ խա­ղա­ղու­թեամբ բա­ժա­նո­ւե­ցի նրան­ցից:

 

Մէկ օ­րո­ւայ անց­նե­լիք ճա­նա­պար­հով խո­րա­ցայ ա­նա­պա­տի մէջ եւ հա­սայ մի քար­այ­րի, ո­րից յոր­դա­բուխ ջուր էր բխում: Ճա­նա­պար­հից յոգ­նած՝ նս­տե­ցի, որ­պէս­զի փոքր-ինչ հանգս­տա­նամ ու հիա­նամ տա­րած­քի գե­ղեց­կու­թեամբ: Իմ առ­ջեւ հիա­ս­քանչ տե­սա­րան էր, ուր կա­յին բազ­մա­տե­սակ պտ­ղա­տու ծա­ռեր: Քիչ անց վեր կա­ցայ եւ սկսե­ցի շր­ջել այ­գու մի­ջով: Մ­տա­ծում էի, թէ ո՛վ է սրանք տնկել այս ա­նա­պա­տում, եւ յոյժ զար­մա­նում էի դրանց ա­ռատ պտղա­բե­րու­թիւ­նից ու բազ­մա­զա­նու­թիւ­նից: Կա­յին ար­մաւ եւ թու­րինջ, նուռ ու թութ, դեղձ եւ յու­նապ ու մեղ­րի պէս այլ քաղց­րա­համ պտուղ­նե­րով լի ծա­ռեր, դրանց մէջ նաեւ մրտե­նի եւ այլ բա­զում զա­նա­զան տնկի­ներ, ո­րոն­ցից այն­պի­սի ան­պատ­մե­լի ա­նու­շա­հո­տու­թիւն էր բու­րում, որ թւում էր, թէ դա Աս­տու­ծոյ դրախտն է: Ողջ այ­գին ո­ռոգ­ւում էր քա­րայ­րից բխող աղ­բիւ­րով: Ու մինչ հիա­նում էի տե­ղան­քի գե­ղեց­կու­թեամբ, ա­հա հեռ­ւում տե­սայ, որ չորս գե­ղե­ցիկ եւ վա­յել­չա­տես մա­նուկ­ներ գա­լիս են դէ­պի ինձ: Ն­րանք կրում էին ոչ­խա­րի մոր­թուց հան­դերձ­ներ ու այն­քան փա­ռա­ւոր տեսք ու­նէին, որ թո­ւաց, թէ նրանք երկն­քից ի­ջած հրեշ­տակ­ներ են:  Երբ մօ­տե­ցան ինձ, ա­սա­ցին. «Ո՛ղջ ե­ղիր, եղ­բա՛յր Պափ­նու­տիոս», իսկ ես, ե­րե­սիս վրայ ընկ­նե­լով, խո­նար­հո­ւե­ցի նրանց առ­ջեւ: Ն­րանք մօ­տե­նա­լով բարձ­րաց­րին ինձ, ա­պա  միա­սին նստե­ցինք եւ սկսե­ցինք խօ­սել: Մեծ ցնծու­թեամբ ու­րա­խա­ցան ինձ հետ ու այ­գու ծա­ռի պտուղ­նե­րից բե­րե­լով՝ դրե­ցին իմ առ­ջեւ, որ­պէս­զի ճա­շա­կեմ: Յոյժ բերկ­րեց սիրտս իմ հան­դէպ նրանց այդ­պի­սի աս­տուա­ծա­յին սի­րոյ եւ հո­գա­ծու­թեան հա­մար, ու եօթ օր մնա­ցի նրանց մօտ՝ կե­րակ­րո­ւե­լով այդ ծա­ռե­րի պտուղ­նե­րից: Ես նրանց հարց­րի. «Ինչ­պէ՞ս ե­ղաւ ձեր գա­լուստն այս­տեղ, եւ դուք ո՞ր երկ­րից էք»: Ն­րանք պա­տաս­խա­նե­ցին ինձ. «Եղ­բա՛յր, քա­նի որ քեզ Աս­տո­ւած ու­ղար­կեց մեզ մօտ, ա­պա ա­մէն ինչ կը պատ­մենք մեր մա­սին: Մենք Օք­սե­րեն­քոս քա­ղա­քից էինք, իսկ մեր ծնող­ներն այդ քա­ղա­քում խորհր­դա­կան­ներ էին: Նրանց մտա­հո­գու­թիւնն էր մեզ կրթել ի­րենց գի­տու­թեամբ, ո­րի հա­մար մեզ յանձ­նե­լով մի գիտ­նա­կա­նի՝ ստա­ցանք այս կեան­քի ի­մաս­տու­թեան սնո­տի ու ու­նայն կրթու­թիւ­նը, որն ա­ւար­տե­լուց յե­տոյ սկսե­ցինք ու­սա­նել Ք­րիս­տոս Աս­տու­ծոյ բարձ­րա­գոյն Ի­մաս­տու­թիւ­նը: Մենք հա­մա­խոհ էինք մի­մեանց, եւ Տէրն օգ­նա­կան էր մեզ ա­մէն բա­նում: Ա­պա խոր­հե­ցինք ու­սա­նել նաեւ կրօ­նա­ւո­րու­թեան կար­գը, ո­րից յե­տոյ մեր սրտի խոր­հուրդ­ներն ան­դա­դար մեզ նոյնն էին յոր­դո­րում. բա­րի խոր­հուրդ­նե­րով լցո­ւած` գնա­ցինք ա­նա­պատ, մեզ տեղ գտանք ու մի քա­նի օր լռու­թեամբ մնա­ցինք այն­տեղ, մին­չեւ տես­նէինք, թէ Աս­տո­ւած ինչ­պէս կ’ա­ռաջ­նոր­դէր մէզ: Մեզ հետ վերց­նե­լով չա­փա­ւոր հաց, ար­մաւ եւ ջուր, ո­րոնք կը բա­ւա­րա­րէին մի քա­նի օր, մտանք ա­նա­պա­տի խոր­քե­րը ու յան­կարծ, ինչ­պէս տե­սիլ­քի մէջ, մեր առ­ջեւ տե­սանք մի փա­ռա­ւոր մար­դու: Նա մօ­տե­ցաւ մեզ, բռնեց մեր ձեռ­քից, բե­րեց հասց­րեց այս­տեղ եւ յանձ­նեց մի ծե­րի՝ Աս­տու­ծոյ ծա­ռա­յի: Ու ա­հա­ւա­սիկ վեց տա­րի է, ինչ մենք ապ­րում ենք այս­տեղ: Մէկ տա­րի մնա­ցինք այդ ծե­րի մօտ եւ նրա­նից սո­վո­րե­ցինք աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեան ողջ կար­գը: Տա­րո­ւայ վեր­ջում ծե­րը բա­րի վար­քով փո­խո­ւեց ի Ք­րիս­տոս, ու նրա­նից յե­տոյ մենք մնա­ցինք մե­նակ: Ա­հա, սի­րե­լի՛ եղ­բայր, վեց տա­րի է՝ այս­տեղ ենք եւ բա­ցի այ­գու ծա­ռե­րի պտուղ­նե­րից չենք ճա­շա­կել հաց կամ այլ կե­րա­կուր: Մի­մեանց տես­նում ենք շա­բա­թը մէկ ան­գամ՝ շա­բաթ ու սուրբ կի­րա­կի օ­րե­րին: Այդ եր­կու օ­րե­րից յե­տոյ իւ­րա­քան­չիւրս գնում ենք մեր ա­ռան­ձին տե­ղը, ուր կա­տա­րե­լով մեր կար­գը՝ փա­ռա­ւո­րում ենք Աստ­ծուն»: Ես հարց­րի նրանց. «Իսկ որ­տե­ղի՞ց էք հա­ղոր­դու­թիւն վերց­նում շա­բաթ եւ կի­րա­կի օ­րե­րին»: Ն­րանք պա­տաս­խա­նե­ցին. «Դ­րա հա­մար այդ եր­կու օ­րե­րին գա­լիս ենք այս­տեղ, որ­պէս­զի լու­սոյ հրեշ­տա­կը հա­ղոր­դեց­նի մեզ սուրբ Խորհր­դի հետ»: Այս խօս­քե­րից ան­պատ­մե­լի ու­րա­խու­թեամբ բերկ­րեց իմ սիր­տը, եւ ես եւս յոյժ փա­փա­գե­ցի ըն­դու­նել այդ Սր­բու­թիւ­նը: Ու եօթ օր անց, երբ ե­կաւ շա­բաթ օ­րը, ե­րա­նե­լի­ներն ինձ ա­սա­ցին. «­Պատ­րաս­տի՛ր քո ան­ձը, ո՛վ սի­րե­լի եղ­բայր, քան­զի այ­սօր պի­տի գայ մեր Տէր Աստու­ծոյ հրեշ­տա­կը, որ­պէս­զի մեզ հա­ղոր­դեց­նի ա­նա­պա­կան եւ կեն­դա­նա­րար Խորհր­դին: Իսկ ով ըն­դու­նի Այն հրեշ­տա­կի ձեռ­քից, կը պահ­պա­նո­ւի թշնա­մուց, կը նե­րո­ւեն նրա բո­լոր մեղ­քե­րը, եւ այ­նու­հե­տեւ թշնա­մին չի կա­րող փոր­ձել նրան իր խա­բէու­թիւն­նե­րով»: Ու մինչ նրանք խօ­սում էին, ա­նու­շա­հոտ խնկե­րի մի այն­պի­սի բուր­մունք տա­րա­ծո­ւեց, ո­րը եր­բե­ւէ չէի ա­ռել: Մենք իս­կոյն ոտ­քի կանգ­նե­ցինք եւ մին­չեւ օ­րո­ւայ ին­նե­րորդ ժա­մը սաղ­մոս­նե­րով ու ա­ղօթք­նե­րով բա­րե­բա­նե­ցինք մեր Ք­րիս­տոս Թա­գա­ւո­րին: Եւ ա­հա Տի­րոջ հրեշ­տա­կը ե­կաւ հա­սաւ մեզ ու ար­ժա­նաց­րեց մեզ ըն­դու­նե­լու մեր Տէր եւ Փր­կիչ Յի­սուս Ք­րիս­տո­սի Մարմ­նի ու Ա­րեան կե­նա­րար սուրբ Խոր­հուր­դը: Հա­ղոր­դու­թիւ­նից յե­տոյ փա­ռա­ւոր հրեշ­տակն օրհ­նեց մեզ եւ մեր աչ­քե­րի առ­ջեւ եր­կինք համ­բար­ձո­ւեց: Այդ­պի­սի մեծ շնոր­հի ար­ժա­նա­նա­լուց ես յոյժ զար­հու­րե­ցի ու թմրու­թիւ­նից եր­կար ժա­մեր նիր­հի մէջ ըն­կայ: Իսկ նրանք, մօ­տե­նա­լով ինձ, ձայն տո­ւե­ցին եւ ա­սա­ցին. «­Վե՛ր կաց, եղ­բա՛յր, զօ­րա­ցի՛ր  ու ե­ղի՛ր զօ­րա­ւոր այր ի Տէր»: Մի կերպ ուշ­քի ե­կայ թմրու­թիւ­նից եւ եր­կիւ­ղից, ո­րոնք պա­տել էին ինձ ա­նու­շա­հոտ խուն­կե­րի ար­բեց­նող բուր­մուն­քից, ու լոյս կի­րա­կի գի­շե­րը՝ մին­չեւ լու­սա­բաց, անց­կաց­րինք ա­ղօթք­նե­րով, սաղ­մո­ս­եր­գու­թեամբ եւ Աստ­ծուն փա­ռա­բա­նե­լով: Ա­ռա­ւօ­տեան դար­ձեալ բու­րեց խուն­կե­րի նոյն անուշ բուր­մուն­քը, ո­րից յոյժ ու­րա­խա­ցան մեր սր­տե­րը, ու մեզ թո­ւաց, թէ ապ­րում ենք ոչ թէ այս աշ­խար­հում, այլ՝ Կեան­քի լոյ­սի մէջ: Ա­պա մեզ մօ­տե­ցաւ Տի­րոջ հրեշ­տա­կը, ինչ­պէս նա­խորդ օ­րը, եւ նրանց հա­ղոր­դեց­րեց Սուրբ Խորհր­դին: Ես եւս, նրանց հետ զօ­րա­նա­լով հո­գով, ըն­դու­նե­ցի ա­հա­ւոր օրհ­նու­թիւնն ու Սուրբ Խոր­հուր­դը: Նա օրհ­նեց իւ­րա­քան­չիւ­րիս եւ ա­սաց. «­Տէր Յի­սուս Քրիս­տո­սի այս Մար­մինն ու Ա­րիւ­նը թող լի­նի ձեզ կեն­դա­նու­թեան եւ փրկու­թեան ա­նա­պա­կան Կե­րա­կուր յա­ւի­տե­նա­կան Կեան­քի հա­մար»: Մենք եր­կիւ­ղով պա­տաս­խա­նե­ցինք՝ ա­մէն, իսկ այս­պի­սի փառ­քի ար­ժա­նա­նա­լու հա­մար մեր սրտե­րը լցո­ւե­ցին ան­պատ­մե­լի ու­րա­խու­թեամբ: Ա­պա հրեշ­տա­կը դար­ձաւ իմ կողմն ու ա­սաց ինձ. «Այս ա­նա­պա­տից խա­ղա­ղու­թեամբ կը գնաս դէ­պի Եգիպ­տոս եւ քրիս­տո­սա­սէր եղ­բայր­նե­րին կը քա­րո­զես այն ա­մէ­նը, ինչ տե­սար այս­տեղ, որ­պէս­զի նրանք եւս փու­թան սի­րել ա­նա­պա­տում բնա­կո­ւող­նե­րի կեն­ցա­ղա­վա­րու­թիւնն ու Տի­րոջ ա­նո­ւան հա­մար փա­ռա­ւո­րեն նրանց: Յատ­կա­պէս կը կա­տա­րես սուրբ Ո­նոփ­րիո­սից քեզ հրա­մա­յո­ւա­ծը, որին Տէրն ար­ժա­նաց­րեց քեզ տես­նե­լու եւ ամ­փո­փե­լու նրա սուրբ մար­մի­նը: Ա­հա դրա հա­մար դու կան­չո­ւե­ցիր Տի­րո­ջից, օրհ­նո­ւե­ցիր Ն­րա­նից ու Նրա սուր­բե­րից եւ դա­սո­ւե­ցիր նրանց շար­քում»: Երբ հրեշ­տակն ա­ւար­տեց իր խօս­քը, ես մեծ թա­խան­ձանք­նե­րով ա­ղա­չե­ցի նրան, որ­պէս­զի թոյլ տայ ինձ մին­չեւ կեան­քիս վեր­ջը բնա­կո­ւել նրանց հետ: Իսկ նա պա­տաս­խա­նեց ինձ ու ա­սաց. «­Լաւ չէ միայն իր ան­ձի հա­մար խնդրել, այլ նաեւ՝ մեր­ձա­ւո­րի հա­մար: Ինչ­պէս որ ա­սա­ցի, դու այս­տեղ կան­չո­ւե­ցիր նրա հա­մար, որ­պէս­զի աս­տո­ւա­ծա­սէր եղ­բայր­նե­րին պատ­մես Աս­տու­ծոյ սուր­բե­րի մա­սին: Ինչ­պէս որ հա­ճոյ է Ի­րեն, Աս­տո­ւած այն­պէս է հրա­մա­յում բնա­կո­ւել իւ­րա­քան­չիւ­րին իր տե­ղում: Եւ արդ, ա­մէն գործ, որ հրա­մա­յո­ւած է Տի­րո­ջից, յոյժ բա­րի է ու ըն­դու­նե­լի: Իսկ սրանց նման­նե­րը կը մտնեն Տէր Աս­տու­ծոյ Գա­ւի­թը եւ իրենց վաս­տա­կի դի­մաց փո­խա­րէ­նը հա­րիւ­րա­պա­տիկ կը ստա­նան: Արդ, դու գնա՛ Ե­գիպ­տոս, քան­զի Տէրն ինձ այս­պէս հրա­մա­յեց քեզ ա­սել»: Սա ա­սե­լով ՝ հրեշ­տակն օրհ­նեց մեզ ու մեր աչ­քե­րի առ­ջեւ մեծ փառ­քով եւ զօ­րու­թեամբ եր­կինք համ­բար­ձո­ւեց: Իսկ այն մա­նուկ­նե­րը դար­ձեալ բե­րե­ցին այ­գու պտուղ­նե­րից, ո­րոնք ճա­շա­կե­ցինք, ու միա­սին վեց մղոն ճա­նա­պարհ գնա­ցինք: Երբ պի­տի բա­ժա­նո­ւէինք, խնդրե­ցի նրանց յայտ­նել իրենց ա­նուն­նե­րը: Ա­ւա­գա­գոյն եղ­բօր ա­նու­նը Յով­հան­նէս էր, երկ­րոր­դի­նը՝ Անդ­րէաս, եր­րոր­դի­նը՝ Ե­ռակ­լա­մոն, իսկ չոր­րոր­դի­նը՝ Փի­լո­թէոս: Նրանք ինձ պա­տո­ւի­րե­ցին, որ ի­րենց յի­շա­տա­կի հա­մար եղ­բայր­նե­րին պատ­մեմ ի­րենց մա­սին: Ես նրան­ցից օրհ­նու­թեան հո­գե­ւոր պա­շար խնդրե­ցի ինձ եւ ի­րենց պատ­մու­թիւ­նը սի­րով ու յօ­ժա­րու­թեամբ լսող­նե­րի հա­մար, ա­պա նրանց սուրբ բե­րա­նից օրհ­նու­թիւն ստա­նա­լով՝ հե­ռա­ցանք մի­մեան­ցից: Երբ նրանք ծած­կո­ւե­ցին իմ տե­սո­ղու­թիւ­նից, յոյժ տրտմե­ցի նրան­ցից բա­ժա­նո­ւե­լու հա­մար եւ ար­տա­սուք­նե­րով շա­րու­նա­կե­ցի ճա­նա­պարհս: Մ­տա­յոյզ խոր­հում ու հիա­նում էի իմ աչ­քով տե­սած սքան­չե­լիք­նե­րի վրայ եւ դար­ձեալ լցւում մեծ ու­րա­խու­թեամբ այն ա­մէ­նի հա­մար, որոնց ար­ժա­նա­ցայ: Միտս էի բե­րում ու զար­մա­նում, թէ ինչ­պէս ար­ժա­նի գտնո­ւե­ցի այն օրհ­նու­թիւն­նե­րին, ո­րոնք ստա­ցայ ա­նա­պա­տի սուրբ հայ­րե­րի եւ Աս­տու­ծոյ հրեշ­տա­կի կող­մից:

 

Ե­րեք օր ճա­նա­պարհ անց­նե­լուց յե­տոյ հա­սայ Ե­գիպ­տոս, գնա­ցի աս­տո­ւա­ծա­սէր եղ­բայր­նե­րի մօտ, ո­րոնք սուրբ մե­նա­կեաց­ներ ու ողջ սրտով եւ զօ­րու­թեամբ Աստ­ծուց եր­կիւ­ղած այ­րեր էին: Ես տա­սը օր մնա­ցի այն­տեղ ու պատ­մե­ցի այն ամէ­նը, ինչ տե­սայ եւ լսե­ցի ա­նա­պա­տում: Իսկ նրանք, սուրբ հայ­րե­րի պատ­մու­թիւն­նե­րը լսե­լով, ա­մէն ինչ փու­թով ու յօ­ժա­րու­թեամբ գրի ա­ռան, տա­րան սկիւթ­նե­րի մօտ եւ բո­լոր հա­ւա­տա­ցեալ լսող­նե­րի օգ­տի ու ու­րա­խու­թեան հա­մար կար­դա­ցին այն ա­մէ­նը, ինչ որ գրել էին:

 

Ա­մէն ան­գամ սի­րով ըն­թեր­ցե­լով՝ կար­դա­ցող­նե­րը փա­ռա­ւո­րում են Աստ­ծուն եւ Ն­րա բո­լոր սուր­բե­րին, քան­զի այդ պատ­մու­թիւ­նը յոյժ լի է հա­ւա­տով, այն, ո­րը ես՝ տա­ռա­պեալ ­Պափ­նու­տիո­սըս, Աս­տու­ծոյ ո­ղոր­մու­թեամբ ար­ժա­նա­ցայ տես­նե­լու ու պատ­մե­լու այն, ո­րը ցնծու­թեամբ եւ ու­րա­խու­թեամբ է լցնում հո­գի­ներն ու լսող­նե­րի սիր­տը յոր­դո­րում դէ­պի բա­րին:

 

Եւ թող Աստ­ծուն հա­ճո­յա­ցած սուր­բե­րի ու երա­նե­լի սուրբ ճգնա­ւոր հայ­րե­րի ա­ղօթք­նե­րով եւ բա­րե­խօ­սու­թեամբ մեր ­Տէր ­Յի­սուս Ք­րիս­տո­սի խա­ղա­ղու­թիւնն ու ո­ղոր­մու­թիւ­նը լի­նի այս պատ­մու­թիւ­նը յօ­ժա­րու­թեամբ եւ սի­րով լսող­նե­րի վրայ. ա­մէն:

 

Արդ, յի­շե­ցէ՛ք ի Ք­րիս­տոս այս սուրբ պատ­մու­թեան նո­րո­գո­ղին ու թարգ­ման­չին՝ ­Հա­յոց Գ­րի­գոր կա­թո­ղի­կո­սին:

 

 

[1] Աղաբողոն − կրօնաւորի կարճ վերարկու: