Ո՜վ երանելի եւ բարեպաշտ Թէոդոս մեծ թագաւոր.
բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր թողուլ մեզ զմեղս մեր:
Որ երկրպագողդ ես Քրիստոսի եւ հիմնադիր սուրբ հաւատոյս.
բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր թողուլ մեզ զմեղս մեր:
Որ թագաւորաց ես ի յերկրի պարծանք եւ ի յերկինս պսակեալ.
բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր թողուլ մեզ զմեղս մեր:
(Շարակնոց)
Քրիստոսապսակ արքայ Թէոդոսը, որ մեր լեզուով նշանակում է Աստուածատուր, իբրեւ մի երկրորդ Կոստանդիանոս` իրապէս շնորհուած էր Աստծուց` եկեղեցիների շինութեան եւ ուղղափառութեան հաստատութեան համար: Ազգութեամբ իսպանացի էր` Իտալիկէս քաղաքից, ու որդին էր Թէոդոս Ոնորիոս անունով մի պատուական մարդու: Նա զինուորագրուած էր կայսեր մօտ եւ առաջադէմ էր ամէն բանում, որի համար Վաղէս ու Վաղենտիանոս կայսրերի օրօք հասաւ ստրատելատութեան, այսինքն՝ զօրավար ընտրուեց:
Տիրոջ օգնականութեամբ այլեւայլ տեղերում մեծամեծ քաջագործութիւններ էր անում, որովհետեւ բարեպաշտ եւ Աստծուց երկիւղած մի այր էր՝ արդարակորով ու զօրաւոր ուժով: Նա իր զօրավարութեան շրջանում թէպէտ երկու անգամ զօրքով ուղարկուեց ասպատակելու Հայոց աշխարհը` ընդդէմ կայսրերի դէմ ըմբոստացած Արշակ արքայի, սակայն խոնարհուելով մեր սուրբ Ներսէս Մեծ հայրապետի խնդրանքներին՝ մարդասիրութեամբ եւ խաղաղութեամբ դադարեցրեց բոլոր գործողութիւնները` առանց հեղելու որեւէ մէկի արիւնը: Իսկ երկրորդ անգամ, երբ հայերից պատանդներ էր տանում, յորդորեց Ներսէս Մեծին` Վաղէսի հետ հաշտուելու համար գալ Կոստանդնուպոլիս: Սակայն գործը վատ վերջաբան ունեցաւ, որովհետեւ Վաղէսը, լինելով արիոսական ու թշնամի հայերին, 378 թուականին աքսորել տուեց սուրբ հայրապետին:
Շատ չանցած՝ Վաղէսը մեռաւ դաժան մահով, եւ արեւմտեան ու արեւելեան բովանդակ կայսրութեանը տիրեց նրա եղբօր՝ Վաղենտիանոսի որդին՝ բարեպաշտ Գրատիանոսը՝ գահակից ունենալով իր փոքր եղբայր Վաղենտիանոսին: Սրանց օրօք քաջ զօրավար Թէոդոսն աւելի ու աւելի էր աչքի ընկնում իր սխրագործութիւններով թէ՛ արքունիքում եւ թէ՛ պատերազմական գործողութիւններում, որի համար աւագանուց շատերը նախանձեցին նրա առաջադիմութեանը ու նրա դէմ լցուեցին չարութեամբ: Ուստի առաքինի զօրավարը որոշեց միառժամանակ հեռանալ իր երկիրը` Իսպանիա, որպէսզի իր պատճառով խռովութիւններ չառաջանան, եւ իր դէմ նենգութեամբ դաւեր չնիւթուեն:
Այդ օրերին զօրացել էին գոթացիներն ու հռոմէացիների այլ բարբարոս թշնամիները, ովքեր Թրակիայի կողմերում աւերածութիւններով, կոտորածով եւ գերութիւններով մեծամեծ վնասներ էին պատճառում: Չհանդուրժելով այս ամէնը՝ Գրատիանոսը որոշեց մեծ զօրքով յարձակուել նրանց վրայ, բայց չգտնելով ընտիր զօրագլուխ՝ հրամայեց. «Այստեղ բերէ՛ք քաջ Թէոդոսին, որովհետեւ միայն նա կարող է նուաճել թշնամիներին»: Ապա մեծ պատուով կանչել տուեց նրան ու նրա ձեռքը յանձնելով ընդհանուր սպարապետութեան ողջ իշխանութիւնը՝ ուղարկեց բարբարոսների դէմ: Թէոդոսը յարձակուելով կործանեց թշնամու ողջ զօրութիւնը եւ այնպիսի ահ ու սարսափ գցեց նրանց բանակի մէջ, որ նրանք սկսեցին միմեանց կոտորել: Եւ մեծ յաղթանակ շահելով՝ շտապեց նախքան բանակի գալը անձամբ ողջոյն տանել ինքնակալին ու յայտնել Տիրոջ օգնականութեամբ պատերազմի բարեյաջող աւարտի մասին: Իսկ նախանձ բանսարկուներն սկսեցին գրգռել թագաւորին եւ ասել. «Մի՞թէ Թէոդոսի այդ անակնկալ գալուստը ցոյց չի տալիս, որ նա փախել է թշնամիների առջեւից»: Իսկ Գրատիանոսը, թէպէտ ականջ չէր դնում չարախօսներին, սակայն երկմտում էր ու մտածում, թէ ինչպէ՞ս նա կարողացաւ այդպէս արագ յաղթանակ տանել: Այնժամ Թէոդոսն իր հաւատարիմ մարդկանց հետ մարտի դաշտ ուղարկեց այդ չարախօսներին, որպէսզի հաշուեն ընկած թշնամիներին եւ տեսնեն այն աւարը, որը ժողովել էր արքունի զօրքը:
Երբ նրանք գնացին, նոյն օրը Թէոդոս սպարապետը երազով մի տեսիլք տեսաւ. Անտիոքի երանելի Մելիտոս հայրապետը, ով դեռեւս ողջ էր, բայց ում չէր տեսել, իր վրայ արքունական քղամիդ գցեց ու գլխին կայսերական պսակ դրեց: Եւ երբ այն պատմեց իր ծանօթներին, նրանք միաբերան ասացին. «Աստուածային է այդ տեսիլքը, ու շուտով դու թագաւոր պիտի դառնաս»: Սակայն Թէոդոսը չէր ձգտում թագաւորութեան, որովհետեւ նա չէր փնտրում անցաւոր փառք եւ հարստութիւն:
Երբ վերադարձան մարտադաշտ ուղարկուած մարդիկ, յայտնեցին, որ հազարաւոր թշնամիներ են ընկել, ու Թէոդոսի ահն է պատել բոլոր բարբարոսներին, որի համար Գրատիանոսն անչափ ուրախ եղաւ: Ապա տեսնելով, որ ինքը միայնակ անկարող է վարել ամբողջ կայսրութեան լայնատարած իշխանութեան գործերը, արեւելեան սահմաններում թագաւոր կարգեց Թէոդոս սպարապետին եւ 379 թուականին Վաղէսի տեղը նրան կայսր հռչակեց:
Իսկ բարեպաշտ Թէոդոսը նախքան գործի անցնելը կամեցաւ Գրատիանոսի հաւանութեամբ վերադարձնել Վաղէսի կողմից աքսորուած բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, նրանց թւում նաեւ՝ Ներսէս Մեծին, ում, աքսորավայրից Կոստանդնուպոլսի թագաւորանիստ քաղաք բերելով, մեծապէս պատուի արժանացրեց: Նմանապէս Եկեղեցու բոլոր հովիւների հանդէպ սէր ու մեծ հպատակութիւն ցոյց տալով եւ նրանց որպէս Աստուծոյ փոխանորդներ ընդունելով՝ իր անձը համարում էր որպէս նրանց ծառան: Սակայն նա յոյժ նեղսրտում ու ցաւ էր ապրում ժամանակի բազմադիմի հերձուածողների, յատկապէս արիոսականների երեսից Եկեղեցու պառակտման համար եւ այն շտկելու ու բարեկարգելու հնարներ էր որոնում:
Ապա Թէոդոսն իր թագաւորութեան առաջին տարում` 380 թուականին, սկիւթացիների դէմ մեծ յաղթանակ տանելուց յետոյ, երբ գնում էր Կոստանդնուպոլիս, Մակեդոնիայի Թեսաղոնիկէ քաղաքի մօտ հիւանդացաւ: Իրեն վտանգուած տեսնելով՝ շտապ կանչել տուեց քաղաքի ուղղափառ Աքիւղաս եպիսկոպոսին, ով կապադովկեան Կեսարիայից էր, մի երեւելի այր եւ բարեկամ Մեծն Բարսեղին: Նրանից խնդրեց սուրբ մկրտութիւն, որը դեռեւս չէր ստացել` շատերի կողմից ժամանակի դժպատեհ սովորութեան պատճառով, ովքեր փրկութեան Դեղը թողնում էին վերջին օրուան: Երբ մկրտուեց, քիչ օրեր անց կատարելապէս ապաքինուեց ու իր ամբողջ տէրութեան մէջ տարածեց մի հրովարտակ, ըստ որի՝ բոլոր վայրերում պէտք է քարոզուէր միայն նիկիական հաւատքը, եւ ուղղափառ կոչուէին միայն նրանք, ովքեր դաւանում են այդ Հանգանակը, իսկ հրաժարուողները համարուէին հերձուածողներ:
Ապա վերադարձաւ իր թագաւորանիստ քաղաքը, ուր քաղաքից դուրս նրան ընդառաջ եկաւ ու մեծ փառքով ընդունեց սուրբ Գրիգոր Աստուածաբանը, ով նոր էր նստել Կոստանդնուպոլսի պատրիարքութեան Աթոռին: Աստուածասէր թագաւորը մեծապէս պատուեց սուրբ հայրապետին եւ նրա խորհրդով ձեռնարկեց քաղաքը մաքրել արիոսականներից: Դարձեալ հրաման արձակեց, ըստ որի՝ ովքեր կամենում են բնակուել թագաւորանիստ քաղաքում, պէտք է ընդունէին նիկիական դաւանանքը, ապա թէ ոչ՝ պէտք է հեռանային: Այնժամ շատերը հեռացան, նրանց թւում՝ նաեւ եպիսկոպոսներ, ովքեր քառասուն տարուց ի վեր Եկեղեցին պահում էին Արիոսի չար աղանդի մէջ, իսկ նրանց փոխարէն կարգուեցին ուղղափառ եպիսկոպոսներ: Եւ այս ամէնի համար Թէոդոս թագաւորն ու Գրիգոր Աստուածաբանը արիոսականներից մեծ նեղութիւններ կրեցին:
Սակայն քաղաքում դեռեւս կային շատ հոգեմարտներ, ովքեր Մակեդոնի համախոհներն էին, ինչպէս նաեւ եւնոմէականներ եւ Ապողինարի կուսակիցներ: Այդ պատճառով բարեպաշտ կայսրը որոշեց եպիսկոպոսական մեծ ժողով գումարել ու մոլորեալներին ճշմարտութեան ճանապարհին դարձնել: Նա կամեցաւ ժողովի միջոցով միանգամայն դադարեցնել թեմերի եւ աստիճանների համար հովիւների միջեւ եղած բոլոր տարաձայնութիւններն ու վէճերը եւ յատկապէս վճռել Կոստանդնուպոլսի Աթոռի հարցը, որի համար ոմանց կողմից Աստուածաբանի փոխարէն առաջադրուել էր Մաքսիմոս անունով անարժան մէկը:
Եւ այդպէս 381 թուականին Կոստանդնուպոլսում գումարուեց սուրբ ժողով: Մասնակցում էին 150 հայրապետներ, որոնց մէջ երեւելի էր Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը: Մինչ ժողովն սկսելը, թագաւորին ողջունելու համար եպիսկոպոսները հաւաքուեցին արքունի պալատում: Արքան պատուիրել էր, որ իրեն ոչ ոք չյայտնի, թէ նրանցից ով է Անտիոքի Մելիտոս անունով պատրիարքը, «քանզի,- ասում էր,- թերեւս ես ինքս ճանաչեմ», որովհետեւ չէր մոռանում նրան, ում նախքան թագաւորելը տեսել էր տեսիլքով: Երբ բոլորին աչքի անցկացրեց, իսկոյն ճանաչեց երանելի Մելիտոսին` ճիշտ նոյն այն տեսքով, ինչպէս որ տեսել էր: Անմիջապէս մօտեցաւ նրան, ընկաւ պարանոցով ու անյագ փափագմամբ համբուրեց նրա սուրբ աջը: Ապա պատմեց նրան, թէ ինչպէս է մինչ թագաւորելը նախապէս տեսել իրեն եւ թէ ինչպէս է պսակուել իր ձեռքով:
Ժողովն սկսուելուց շատ չանցած՝ հիւանդացաւ երանելի Մելիտոսը, ով արդէն ծերացել էր, ու փոխուեց առ Աստուած:
Արդ, այս ժողովում հաստատուեց նիկիական հաւատքը, եւ հերքուեց հոգեմարտ մակեդոնեանների մոլորութիւնը, Կոստանդնուպոլսի Աթոռից մերժուեց նաեւ Մաքսիմոս Ալեքսանդրացին, ով շնական կոչուող իմաստասէրների աղանդի հետեւորդ էր: Բայց որոշ չար մարդկանց պատճառով Գրիգոր Աստուածաբանը հրաժարուեց այդ պատուից, ու Աթոռին պատրիարք կարգուեց Նեքտարիոս Կոստանդնուպոլսեցին: Ուրախ եղաւ Մեծն Թէոդոսը այդ կարեւոր ժողովի բարեյաջող աւարտի համար եւ հայրերից իւրաքանչիւրին պատուով արձակեց իր տեղը, այդ թւում նաեւ սուրբ Ներսէսին` Հայաստան:
Սրանից յետոյ բարեպաշտ արքան չէր դադարում առանձին ժողովների միջոցով հնարներ գտնել ուղղափառ Եկեղեցուց հեռացած եպիսկոպոսներին շահելու համար: Մէկ առ մէկ քննել էր տալիս իւրաքանչիւրի դաւանաբանական թղթերն ու ստէպ-ստէպ աղօթում Եկեղեցու բարեկարգութեան համար: Այս կերպով նա շատերին շահեց, իսկ յամառողներին հեռացրեց, որպէսզի Քրիստոսի հօտի մէջ գայլեր չգտնուեն: Նրանցից մէկն էր անօրէն Եւնոմէոս աղանդապետը, որին աքսորելով հեռացրեց սահմաններից, որտեղ էլ վախճանուեց, իսկ ուղղափառութեան ջատագովներին նա մեծապէս պատւում էր սիրով ու արժանաւոր կարգով մեծարում ճշմարիտ հաւատի խոստովանութեան համար նահատակուածներին: Այդ օրերին Անկիւրիայից (Անկարա) Կոստանդնուպոլիս փոխադրեց սուրբ Պօղոս Խոստովանողի մարմինը, ով աքսորուած էր եղել փոքր Հայքի Կոկիսոն քաղաք եւ Կոստանդ թագաւորի օրօք նահատակուել արիոսականների կողմից: Նա սուրբի մարմինն ընդունեց մեծաշուք պատուով ու զետեղեց վկայարանում, որը յետոյ կոչուեց նրա անունով:
383 թուականին Թէոդոս ինքնակալը, ըստ թագաւորական օրէնքի, իրեն գահակից դարձրեց իր աւագ որդուն` Արկադէոսին, որն այդ ժամանակ վեց տարեկան էր: Կամենալով նրան կրթել բարեպաշտութեամբ եւ իմաստութեամբ՝ որդու դաստիարակութեան համար Հռոմի Գրատիանոս արքային խնդրեց իր մօտ ուղարկել իմաստուն մէկին: Իսկ նա Դամասոս պապի ձեռքով ընտրեց ու ուղարկեց Հռոմի եկեղեցու Արսէնիոս սարկաւագին, ով նախկինում փառաւոր իշխան էր, բայց յետոյ եղաւ սքանչելի անապատական եւ կոչուեց հայր Արսէն: Թագաւորն իր որդուն յանձնեց նրան ու ասաց. «Այսուհետեւ ինձնից առաւել դու կը լինես սրա հայրը»:
Մի օր, երբ թագաւորը եկաւ՝ տեսնելու իր որդու դաստիարակութեան ընթացքը, տեսաւ, որ Արսէնը կանգնած էր, իսկ մանուկ Արկադէոսը, զարդարուած արքայական պսակով եւ շուքով բազմած, ուսուցչից դաս էր առնում: Զայրացաւ հայրն ու ասաց. «Ինչո՞ւ է աշակերտը նստած, իսկ ուսուցիչը` կանգնած»: Իսկ Արսէնը պատասխանեց. «Մի՛ նեղուիր, տէ՛ր իմ արքայ, որովհետեւ ինձ համար անհնար է նստած ուսուցանել ինքնակալի որդուն` իր հօր աթոռակցին»: Այնժամ թագաւորը, երկարելով ձեռքը, Արկադէոսի գլխից հանեց պսակը եւ նրան հրամայեց բաց գլխով կանգնել ուսուցչի առջեւ, իսկ Արսէնին հարկադրեց, որ նստի: «Քանզի,- ասաց,- իմ որդին ինքնակալութեան արժանի կը լինի այն ժամանակ, երբ գիտութեան հետ միաժամանակ կրթուի ու գերազանց լինի նաեւ աստուածպաշտութեան եւ քաղաքավարութեան մէջ»: Յետագայում սոյն օրինակով դաստիարակուեց նաեւ Թէոդոսի կրտսեր որդին` Ոնորիոսը, որն այդ ժամանակ նորածին մանուկ էր:
Ապա թագաւորական քաղաքում դարձեալ հակառակութիւններ ծագեցին ուղղափառների, արիոսականների եւ պէս-պէս հերձուածողների միջեւ: Որոշ սուտ եպիսկոպոսներ իրենց չար որոմները տարածելու համար դեգերում էին Բիւզանդիայի սահմանների շրջակայքում եւ կամենում կամաց-կամաց սողոսկել թագաւորանիստ քաղաք, այնտեղ ժողովներ գումարել ու բանավիճել ուղղափառների հետ: Մտածում էին կեղծապատիր հնարքներով համոզել արքային, որ թոյլ տայ ունենան իրենց առանձին եկեղեցին եւ ապրեն խաղաղութեամբ: Իսկ բարեպաշտ Թէոդոսը թէպէտ չզիջեց նրանց, բայց նաեւ հնազանդութիւն ունենալով եկեղեցականների հանդէպ՝ չկամեցաւ բռնութիւն գործադրել նրանց վրայ կամ հալածել, այլ կամեցաւ սիրով վարուել նրանց հետ եւ առանձին ժողով գումարելով՝ խաղաղութեամբ լուծել բոլոր հարցերը:
Այս տեսնելով՝ ուղղափառ եպիսկոպոսներն ու սուրբ այրերը, վախենալով, որ արիոսականները դարձեալ կը զօրանան, յաճախակի գնում էին թագաւորի մօտ, որպէսզի նա յանկարծ չարափառներին արտօնութիւն չտայ: Մի օր նրանց հետ թագաւորի մօտ եկաւ Իկոնիայի սուրբ Ամփիլոքիոս եպիսկոպոսը` Բարսեղ Կեսարացու աշակերտը: Երբ բոլոր եպիսկոպոսները խոնարհուեցին արքայի եւ նրա մօտ բազմած գահակից արքայորդի Արկադէոսի առջեւ, Ամփիլոքիոսը պաշտօնապէս միայն արքային ողջունեց, իսկ նրա որդուն` ոչ: Դեռ աւելին` սկսեց կատակել, ծաղրել ու նեղացնել մանկանը: Այս վարմունքը խիստ ծանր թուաց Թէոդոսին եւ ասաց եպիսկոպոսին. «Հա՛յր սուրբ, օրհնի՛ր ու ողջունի՛ր նաեւ իմ թագադրուած որդուն»: Եպիսկոպոսը նրան ասաց. «Դու` որպէս թագաւոր, բաւական ես մեզ, իսկ դրան կը պատուենք արքայի ծառաների շարքում»:
Այս խօսքերից առաւել բարկանալով՝ Թէոդոսն իր մարդկանց նշանացի ակնարկեց եպիսկոպոսին հեռացնել իր առջեւից: Այնժամ Ամփիլոքիոսն ասաց. «Արդարացի է քո ցասումը, ո՛վ բարեպաշտ ինքնակալ: Սակայն իմացի՛ր, որ նոյն կերպով Երկնաւոր Հայրն է բարկանում, երբ տեսնում է Իր Միածին Որդուն` անարգուած չարափառների կողմից: Եւ եթէ դու, որ մահկանացու ես, չես հանդուրժում քո որդու անպատւութիւնն ու նրան ծառաներին հաւասարեցնելը, ապա անմահ Աստուած եւ ամենակալ Բարձրեալը ինչպէ՞ս կարող է հանդուրժել Իր Միածնին արարած կոչելը»:
Եպիսկոպոսի խօսքերից թագաւորը երկիւղեց ու խորապէս զղջաց: Թողութիւն խնդրեց նրանից եւ այնուհետեւ առաւել մեծ զգուշութիւն պահեց: Քաղաքից ու նրա սահմաններից հալածեց բոլոր արիոսականներին եւ նրանց համախոհներին ու խիստ հրաման արձակեց, որ որեւէ մէկը ժողովրդի մէջ չվիճաբանի աստուածութեան խորին խորհրդի շուրջ եւ պատճառ չդառնայ անգէտների կործանմանը:
Իսկ Թէոդոսի կինը` Արկադէոսի ու Ոնորիոսի մայրը եւ թագուհի Փլակիղէն, իր առաքինազարդ վարքով ու աղքատների եւ հիւանդների հանդէպ մարդասիրութեամբ բարի օրինակ էր իր ամուսնու համար: Շրջելով հիւանդանոցներով՝ անձամբ սպասաւորում էր ցաւագարներին ու հոգում նրանց կարիքները, իր ձեռքերով կերակրում եւ յագեցնում նրանց, ու այդպէս ծառայում էր իբրեւ մի աղախին: Եւ այսպիսի գովելի վարքով 385 թուականին իր հոգին աւանդեց Տիրոջը` սուգի մատնելով բարեպաշտ Թէոդոսին ու իր որդիներին:
Երեք տարի անց` 388 թուականին, Անտիոք քաղաքի բնակչութիւնն ըմբոստացաւ արքունիքի դէմ: Պատճառը հարկերի ծանրութիւնն էր, որ գանձւում էին յաճախադէպ պատերազմների ծախսերի համար: Քաղաքում մեծ աղմուկ եւ խռովութիւն բարձրացաւ, ու քիչ անկարգութիւններ չեղան յատկապէս խառնիճաղանջ ամբոխի կողմից: Նրանք թագաւորի հանդէպ ատելութիւնից տապալեցին Փլակիղէ թագուհու պղնձաձոյլ արձանը, որ կանգնեցուած էր մի երեւացող բարձր տեղում, եւ անարգանքներով քարշ տուեցին հրապարակների միջով: Երբ թագաւորն իմացաւ այս յանդգնութեան մասին, լցուեց անասելի բարկութեամբ ու սպառնաց սրի քաշել ողջ քաղաքը, յետ վերցրեց Անտիոք քաղաքին ընձեռած «քաղաքների մայր» կոչուող պատիւը եւ այն շնորհեց Լաւոդիկէ քաղաքին:
Սակայն Անտիոքի իշխանները, կամենալով հաճոյանալ թագաւորին, սպանեցին գլխաւոր ապստամբներին, սուսերամերկ յարձակուեցին քաղաքացիների վրայ եւ նրանցից շատերին կոտորեցին: Մինչ այս ամէնին տեղեակ լինելը, թագաւորն իր երկու երեւելի զօրապետերին` Եղիբիկոսին ու Կեսարիոսին, մեծ սպառնալիքներով ուղարկեց Անտիոք: Երբ նրանք քաղաք մտան, բոլոր բնակիչները խուճապահար տագնապեցին: Այդ ժամանակ քառասնորդական պահքի օրերն էին: Սքանչելի Յովհաննէս նորընծայ ընտրեալ քահանան, ով յետոյ Ոսկեբերան կոչուեց, ողջ օրը քարոզում էր Անտիոքի Եկեղեցում, յանդիմանում էր ժողովրդին գործած չարիքների համար եւ անդադար յորդորում էր աղօթել Աստծուն, որպէսզի մարի թագաւորի ու նրա ծառաների ցասումը: Նոյնն էր անում նաեւ քաղաքի Փլաբիանոս պատրիարքը, ով, իր անձը դնելով հօտի համար, գնաց Թէոդոս ինքնակալի մօտ` յուսալով հաշտեցնել նրան: Փլաբիանոսին գործակից եղան նաեւ անապատի մենակեացները, ովքեր, իջնելով քաղաք, աղաչում էին Թէոդոսի ծառաներին խնայել ժողովրդին:
Մենակեացների մէջ կար Ապողոն կամ Մակեդոն անունով մի սուրբ ծեր: Սա, ճանապարհին հանդիպելով Թէոդոսի երկու զօրապետերին, ովքեր գնում էին երիվարներին հեծած, բռնեց նրանցից մէկի հանդերձի քղանցքից եւ խնդրեց, որ ցած իջնի: Զօրապետերը խոժոռուեցին, բայց շուրջը գտնուողները նրանց ասացին. «Այս ծերունին Աստուծոյ մարդն է, լսէ՛ք նրան, թէ ինչ է ասում»: Այնժամ անմիջապէս իջան երիվարներից ու խոնարհուեցին սուրբ ծերունու առջեւ, իսկ նա զօրապետերին պատուիրեց բարեխօսել արքայի մօտ եւ մեղմել նրա ցասումը: Եւ նոյն բովանդակութեամբ նրանց հետ նամակ ուղարկեց թագաւորին, որում գրուած էր. «Իմացի՛ր, ո՛վ թագաւոր, որ մենք, հանապազ մեղանչելով, մեր մարմիններում անարգում ենք մեր հոգիներին, որ ունեն Աստուծոյ պատկերը, իսկ մեր պատուիրանազանցութեամբ անարգում ենք անձամբ Աստծուն, որի համար դու չես ցաւում եւ չես բարկանում: Թագուհու պղնձէ պատկերի՝ ասես թէ քո պատկերի անարգանքի համար լցուել ես սաստիկ բարկութեամբ ու սպանում ես Աստուծոյ պատկերն ունեցող մարդկանց: Իմացի՛ր, որ պղնձէ պատկերներ շատ կարող ես ստեղծել, բայց Աստուծոյ պատկերով մարդ` ո՛չ երբէք, եւ ոչ էլ կարող ես գլխից մի մազ սպիտակեցնել կամ սեւացնել»:
Թագաւորը, կարդալով նամակը ու միաժամանակ լսելով Փլաբիանոս հայրապետի աղերսները, պատկառեց նրանից եւ հանդարտուեց: Հաշտուեց քաղաքի հետ ու Փլաբիանոսին խաղաղութեամբ ճանապարհելուց յետոյ սուրհանդակներ ուղարկեց` ժողովրդին հաշտութիւն աւետելու համար: Մեծ ուրախութեամբ լցուեցին անտիոքացիները, եւ նրանց սուգը փոխուեց ուրախութեան, իսկ երանելի Յովհան Ոսկեբերանը մեծ գովասանական քարոզ կարդաց քրիստոսասէր թագաւորի մարդասիրութեան համար:
Սրանից յետոյ Թէոդոսը պատերազմ սկսեց բրիտանացիների Մաքսիմոս բռնաւորի դէմ, ով դաւադրութեամբ սպանել էր ինքնակալ Գրատիանոսին ու բռնութեամբ տիրել Արեւմուտքին: Զօրագնդով շտապ հասաւ արեւմտեան սահմանները եւ երկու-երեք անգամ յարձակուելով՝ հարուածեց նրա զօրքերին ու իսպառ ոչնչացրեց, իսկ Մաքսիմոսին բռնեցին եւ կապուած յանձնեցին Թէոդոսին: Այսպէս արքան հեշտութեամբ գլուխ բերեց կատարեալ յաղթանակ, որը նախապէս կանխատեսել էր սուրբ մենակեաց, իմաստուն Յովհաննէս Եգիպտացին:
Երբ Մաքսիմոսին կապուած բերեցին Թէոդոսի առջեւ, կայսրը, տեսնելով նրա ողորմելի վիճակը, գթաց նրան ու սկսեց մեղմօրէն խօսել նրա հետ: Այնժամ արքունի զինուորներն արքայի մօտից շտապ հեռացրին բռնաւորին եւ ջախջախեցին նրա գլուխը, որպէսզի արքայից ներում չգտնէր: Ապա Թէոդոսը Վաղենտիանոս կայսեր հետ գնաց Հռոմ ու նրան հաստատեց իր եղբօր` Գրատիանոսի Աթոռին: Մեծ տօնակատարութիւնից յետոյ վերացրեց այդ քաղաքում հեթանոսութիւնից մնացած անկարգ սովորութիւնները եւ ապա խաղաղութեամբ վերադարձաւ Կոստանդնուպոլիս:
Այդ ժամանակներում` 390 թուականին, Թեսաղոնիկէ քաղաքում մեծ խռովութիւն ծագեց. տեղի քաղաքացիները սպանեցին լիւրիկեցիների զօրքի Բոտերիկոս իշխանին, իսկ զօրապետերից ոմանց քարկոծեցին: Երբ լուրը, չարախօսութիւններով հանդերձ, բանսարկու մարդկանց միջոցով հասաւ Թէոդոս ինքնակալին, նա, բարկութեամբ լցուած, զօրք ուղարկեց Թեսաղոնիկէի վրայ, որը, գազանաբար ու անխտիր կերպով յարձակուելով մեծերի եւ փոքրերի, տղամարդկանց ու կանանց, ծերերի եւ մանուկների, օտարականների ու տեղաբնակների, մեղաւորների եւ անմեղների վրայ, 7000 (ըստ ոմանց էլ` 15000) հոգի դիաթաւալ արեց քաղաքով մէկ, շատ-շատերին վիրաւորեց ու խեղանդամ դարձրեց: Եւ մեծ սուգ պատեց ամբողջ քաղաքին:
Այս արիւնալի դէպքերից ժամանակ անց, երբ թագաւորը, անցնելով Իտալիայի Միգուլէ (Միլան) քաղաքով, կամեցաւ ըստ իր սովորութեան եկեղեցի մտնել, այնժամ նրա առջեւ ելաւ քաղաքի եպիսկոպոս եւ քաջ հովիւ, Աստուծոյ այր Ամբրոսիոսը: Նա, բռնելով արքայի ծիրանուց, նրան կանգնեցրեց տաճարի մուտքի սրահում, արգելեց ոտք դնել Աստուծոյ տան շեմին ու ասաց. «Ո՞ւր ես գալիս, ա՛յր արիւնարբու: Չե՞ս ամաչում արդեօք, ինչպէ՞ս կարող ես արեամբ շաղախուած մտնել Տիրոջ տաճարը եւ ոտք դնել սուրբ եկեղեցու գաւիթ: Մի՞թէ մոռացար այն չարիքները, որոնք գործեցիր, կամ թէ արքունի փա՞ռքդ է կուրացրել հոգուդ աչքերը, որ չերկնչես արդարադատ Աստուծոյ վերին դատաստանից: Ի՞նչ աչքերով պիտի նայես Տիրոջ սուրբ խորանին, կամ ինչպէ՞ս կարող ես անմեղների արեամբ շաղախուած ձեռքերդ բարձրացնել աղօթելու ու պղծուած ձեռքերով ընդունել Տիրոջ պատուական Մարմինը: Ինչպէ՞ս պիտի բերանդ մօտեցնես Աստուծոյ Որդու Արեանը, երբ անգթութեամբ այդքան անմեղ արիւն հեղեցիր: Դարձի՛ր, շուտ յե՛տ դարձիր, եւ թող քեզ վրայ ընկնի այն կապանքը, որն Աստուած տալիս է իմ բերանով, մինչեւ Երկնաւոր Բժշկի ձեռքով կÿառողջանայ հոգիդ թարախալից վէրքերից»: Սարսեց թագաւորը Աստուծոյ մարդու բերանից ելնող այս հրաբուխ խօսքերից, յոյժ ամօթահար յետ դարձաւ ու դառն արտասուքներով եւ հեծեծանքներով ասաց. «Ո՛վ սուրբ հայրապետ, հնազանդ եմ քո աստուածադիր հրամաններին, ինձ ապաշխարութեան ժամանակ տուր»: Զարմացան բոլոր ներկայ գտնուողները ու չիմացան, թէ ինչի վրայ առաւել հիանային՝ սուրբ հայրապետի աներկիւղ համարձակութեա՞ն, թէ՞ աստուածասէր թագաւորի խոնարհ հպատակութեան:
Անցաւ ութ ամիս, եւ մօտեցաւ Քրիստոսի հրաշափառ Ծննդեան մեծ տօնի օրը: Հաւատացեալները հոծ բազմութեամբ գնում էին դէպի Աստուծոյ Եկեղեցին, իսկ Թէոդոս արքան, փակուած պալատի իր սենեակում, դառնապէս լաց էր լինում: Ներս մտաւ Ռուփինոս զօրապետը ու տեսնելով թագաւորին ողբալիս՝ հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, իմ տէ՛ր արքայ»: Թագաւորը, սրտի խորքերից հառաչելով, ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում դառնացած հոգուս, մի՞թէ անտեղեակ ես իմ անտանելի ցաւերին: Ահա իմ ծառաներն ու երկրի մուրացիկներն ազատ են ամէն տեղ, իսկ ես` թագաւորս, կապուած եմ երկնքում ու երկրի վրայ, քանզի քաջ գիտեմ տէրունական հրամանը, որն ասում է. «Ում կապէք երկրի վրայ, թող կապուած լինի երկնքում»: Այդ պատճառով երկնքի դռները փակուած եմ տեսնում իմ առջեւ, ինչպէս որ երկրի վրայ՝ Աստուծոյ տան դռները: Այսօր տեսնում եմ, որ ահա իւրաքանչիւր ոք Աստուծոյ տուն է մտնում, որ վայելի այսօրուայ տօնի երկնաւոր պարգեւները, եւ միայն ես եմ զրկուած»: Ռուփինոսն ասաց. «Արքա՛յ իմ, ես շտապ հայրապետի մօտ կը գնամ ու կÿաղաչեմ նրան, որ արձակի քեզ: Չէ՞ որ արդէն քո ապաշխարութեան ութերորդ ամիսն է»: Թագաւորն ասաց. «Չե՛մ հաւատում, թէ նա կը լսի քեզ, կամ քեզանից պատկառելով՝ կÿանտեսի իր Աստուծոյ Օրէնքը, մինչեւ չտեսնի, որ լրացել է ապաշխարութեան ժամանակը: Ամբրոսիոսը չի ակնածում երկրաւոր արքայի ծիրանուց, այլ նա Երկնաւոր Թագաւորի հաւատարիմ ծառան է»:
Սակայն Ռուփինոսը, վստահ լինելով, որ կը համոզի հայրապետին, շտապ գնաց նրա մօտ, իսկ թագաւորը ճանապարհ ընկաւ նրա յետեւից՝ յոյս ունենալով, որ թերեւս Ռուփինոսը կÿօգնի իրեն:
Երբ եպիսկոպոսը տեսաւ Ռուփինոսին եւ իմացաւ նրա գալստեան պատճառը, ասաց. «Չարիքների յորդորիչնե՛ր ու անօրէնութեան խրատատունե՛ր, դուք, որ գլխովին կցորդ էք նրա մեղքերին, ո՞ւմ համար էք եկել բարեխօսելու»: Ռուփինոսը լալագին ընկաւ եպիսկոպոսի ոտքերն ու ասաց. «Ահա թագաւորը գալիս է քո ոտքը՝ բարեխօս ունենալով այս տօնի խորհուրդը»: Իսկ սքանչելի Ամբրոսիոսը, վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ, ասաց. «Ասե՛մ քեզ, Ռուփինոս, ոչ մի կերպ չեմ կարող յանձն առնել ընդունելու նրան Աստուծոյ տան յարկում: Նա պէտք է սպասի տաճարի գաւթում այնքան ժամանակ, մինչեւ որ նրա վրայ կը տեսնեմ կատարեալ ապաշխարողի նշանները: Իսկ եթէ նա, ինքնակալութիւնը բռնակալութեան փոխարկելով, կամենայ ինձ եւս սպանել, յօժարութեամբ պատրաստ եմ մահուան, բայց չապաշխարած արիւնարբուին եկեղեցուց ներս չե՛մ թողնի»:
Այնժամ Ռուփինոսը շտապ մարդիկ ուղարկեց արքային ընդառաջ, որպէսզի զուր չգայ այդտեղ, այլ վերադառնայ պալատ, որովհետեւ եպիսկոպոսը չի ընդունի իրեն: Երբ ճանապարհին Թէոդոսը լսեց այդ մասին, ասաց. «Այդպէս չի՛ լինի, ես ինքս կը գնամ իմ հովուի ու իմ հոգու տեսչի մօտ եւ անձամբ նրանից կÿառնեմ իմ յանցանքների արժանի նախատինքը»:
Հասնելով եկեղեցի՝ թագաւորը ներս չմտաւ, այլ կանգնեց մուտքի մօտ ու աղաղակելով՝ իրեն կապանքներից արձակում խնդրեց: Իսկ սուրբ հայրապետը, որ նստել էր եկեղեցու բեմի առջեւ, լսելով թագաւորի ձայնը, դուրս եկաւ եւ ասաց նրան. «Չյանդգնե՛ս ու չհամարձակուե՛ս բռնութեամբ Աստուծոյ եկեղեցի մտնել եւ ոտքի տակ գցել Տիրոջ Օրէնքը»: Թագաւորն ասաց. «Ո՛չ, հա՛յր սուրբ, առանց քո կամքի ոչինչ չեմ անի, միայն արձակի՛ր ինձ իմ մեղքերի կապանքներից, աղաչում եմ քեզ, ու մի՛ փակիր տաճարի դուռն իմ առջեւ, որն Աստուած բաց է պահում բոլոր ապաշխարողների համար»: Ամբրոսիոսն ասաց. «Դու ինչպէ՞ս ապաշխարեցիր, որ քեզ թոյլ տամ եկեղեցի մտնել, կամ յոյժ խոցոտուած վէրքերիդ համար ի՞նչ բժշկութեան դեղ ընդունեցիր»: Թագաւորը պատասխանեց. «Հա՛յր սուրբ, դու պէտք է տաս դեղամիջոցները եւ դու պէտք է սպեղանիներ դնես իմ վէրքերին, իսկ ես հնազանդ կամքով կÿընդունեմ դրանք: Կատարել եմ այն ամէնը, ինչ որ պատուիրել ես անել ութ ամսուայ մէջ` պահք, աղօթք ու ողորմութիւն: Եւ այժմ էլ ինչ որ կը հրամայի սրբութիւնդ, ահաւասիկ քո առջեւ եմ»: Այնժամ սուրբ հայրապետն ասաց. «Բարկասիրտ ու խիստ ես յանցաւորների հանդէպ, դիւրագայթ` չարախօսների եւ զրպարտիչների խօսքերից, իսկ դատաստանի իրաւունքը պահում ես ցասման թելադրանքի ներքոյ, ուր վճռատու է լինում ոչ թէ բանականութիւնդ, այլ բարկութիւնդ: Արդ, այժմ քո ձեռքով գրի՛ր մի արքունի հրաման, ըստ որի՝ թող երեք օրուայ մէջ քննութեան ենթարկուեն բոլոր զրպարտիչների չարախօսութիւնները, որոնք ասուել են քո առջեւ: Թող մահուան արժանի յանցաւորները պահուեն երեսունից քառասուն օր, մինչեւ որ ամէն ինչ բացայայտուի: Իսկ եթէ այդքան օրեր անց այլ համոզում ունենաս, թող քեզ ծանր չթուայ ունայնացնել նախկին հրամանդ կամ մահուան դատակնիքը, որ գրեցիր: Թող այս օրէնքը գործադրուի ու հաստատութեամբ պահուի քո իշխանութեան տակ գտնուող բոլոր դատաւորների եւ իշխանների կողմից»: Այս լսելով՝ Թէոդոս արքան խիստ զարմացաւ սուրբ եպիսկոպոսի իմաստուն խրատից ու անմիջապէս յօժարութեամբ գործադրեց նրա պատուէրը. գրել տուեց հրովարտակներ եւ իր ձեռքով հաստատելուց յետոյ ուղարկեց բոլոր դատաւորներին: Այնժամ եպիսկոպոսը թագաւորին արձակեց կապանքներից ու թոյլ տուեց եկեղեցի մտնել:
Արքան ահուդողով ներս մտաւ եկեղեցու գաւիթ եւ ընկնելով երեսի վրայ՝ տաճարի յատակը թրջեց յորդառատ արտասուքներով: Աղօթում էր երեսը գետնին հպած ու ասում. «Իմ անձը հողին մերձեցաւ, Տէ՜ր, ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո Խօսքի»: Այս ասելով՝ բախում էր կուրծքը եւ խփում իր գլխին, փետում էր մազերն ու Աստծուց թողութիւն խնդրում: Ժողովուրդը, այս տեսարանից զգացուած, նրա հետ ողբալով, դառնապէս լաց էր լինում:
Հասաւ ընծայաբերման ժամը, երբ հաւատացեալները, ըստ օրէնքի, պէտք է սուրբ Սեղանին մատուցէին իրենց ընծաները: Թէոդոս արքան եւս մօտեցաւ բեմին, մատուցեց իր ընծաներն ու կանգ առաւ դասի վանդակապատ հատուածի ներքնակողմում, ինչպէս որ օրէնք էր Կոստանդնուպոլսի թագադրուած թագաւորների համար: Այս անգամ եւս երանելի Ամբրոսիոսը դարձեալ նրան խոնարհեցնելու համար ասաց. «Ըստ կանոնների՝ սովորութիւն չկայ, որ թագաւորները նստեն վանդակի ներքնակողմում: Ինչո՞ւ ես այստեղ կանգնել»: Արքան ասաց. «Սպասում եմ, մինչեւ որ ընդունեմ աստուածային Խորհուրդը»: Հայրապետն իր սարկաւագի միջոցով թագաւորին հաղորդեց. «Ներքնակողմը միայն քահանաների համար է, իսկ ժողովրդի համար՝ լինի թագաւոր թէ ծառայ, այդ տեղն անմերձենալի է: Այդ պատճառով լաւ կը լինի, որ յետ գնալով՝ հաւասարուես ժողովրդին, քանի որ արքունական ծիրանիդ ցոյց է տալիս, որ դու արքայ ես եւ ոչ թէ քահանայ: Ու բացի դրանից` պէտք է, որ դու խոնարհաբար կանգնես ժողովրդից յետ, մինչեւ որ իսպառ սրբուես քո բոլոր արիւնոտ գործերից: Յիշի՛ր, թէ որքան մայրեր որդեկորոյս եղան, որքան հայրեր` անզաւակ, որքան եղբայրներ՝ առանց եղբօր եւ որքան քոյրեր` առանց հարազատների»:
Թէոդոսն այս խօսքերը եւս ընդունեց խոնարհութեամբ ու յօժարութեամբ կատարեց եպիսկոպոսի հրամանը, միայն սարկաւագի միջոցով նրան փոխանցեց, թէ՝ «Ոչ թէ յանդգնութեամբ համարձակուեցի կանգնել վանդակի ներքնակողմում, այլ ինչպէս որ գիտէի Կոստանդնուպոլսի օրէնքներից, կամեցայ այդպէս վարուել: Շնորհակալ եմ սուրբ հայրապետից այս խրատի համար եւս»: Ապա թագաւորը խոնարհամտութեամբ եւ զուարթ դէմքով դուրս եկաւ ու յօժարակամ կանգնեց ապաշխարողների շարքում: Ահա թէ առ Աստուած ինչպիսի հաւատ եւ երկիւղ ունէր թագաւորը ու ինչպիսի սէր եւ հնազանդութիւն` Նրա քահանաների հանդէպ:
Եւ բարեպաշտութեան այս կարգը, որ Մեծն Թէոդոսը սովորեց Մեծն Ամբրոսիոսից, անփոփոխ պահեց նաեւ իր թագաւորանիստ քաղաքում, քանզի երբ վերադարձաւ Կոստանդնուպոլիս, տօնախմբութեան օրը պէտք է եկեղեցուն ընծաներ մատուցէր: Նա իր ընծան դրեց Սեղանին ու անմիջապէս շտապեց վանդակից դուրս գալ, իսկ քաղաքի Նեքտարիոս պատրիարքը, չհասկանալով նրա այդ վարմունքի պատճառը, ստիպում եւ խնդրում էր ինքնակալին, որպէսզի ներքնակողմում զբաղեցնի իր սովորական տեղը: Այնժամ երանելի Թէոդոսը հառաչելով ասաց. «Հազիւ եմ սովորել, թէ ինչ խտրութիւն կայ քահանայի ու արքայի միջեւ, որովհետեւ ուշ գտայ ճշմարտութեան իմ վարդապետին, ուստի ինչպէ՞ս անտեսեմ նրա խրատը: Եւ ես միայն նրան (Ամբրոսիոսին) տեսայ արժանի եպիսկոպոսական կոչման»:
Այնքան հոգեշահ եղաւ Թէոդոսի համար քաջ հովուի աստուածային նախանձախնդրութիւնը, որ նրանցից յետոյ եկող իմաստուններն առակով ասում էին. «Հեշտ կը գտնուէին թէոդոսներ, եթէ գտնուէին ամբրոսիոսներ», որը հակառակ իմաստով եւս կարելի է ճշմարիտ ընդունել, այսինքն եթէ աստուածասէր թագաւորները նման լինէին Թէոդոսին, հեշտութեամբ կը գտնուէին նաեւ Ամբրոսիոսին հետեւող քաջ հովիւներ:
Թէոդոսի օրօք Հռոմի կայսրերի մօտ օրէնք դարձաւ, որ թագաւորը պէտք է նստէր դասի վանդակից դուրս` քահանաների ու ժողովրդի միջեւ:
Բարեպաշտ Թէոդոս արքան եկեղեցու շինութեան համար ձեռնամուխ եղաւ բազմաթիւ բարեկարգութիւնների նախաձեռնմանը, ամենուր ծաղկեցրեց ճշմարիտ աստուածպաշտութիւնը, բնաջնջելով վերացրեց տեղ-տեղ գործող մեհեանների եւ հեթանոսական պաշտամունքների մնացուկները, քանզի Մեծն Կոստանդիանոսի օրօք որոշ կռատներ քանդուել էին, որոշներն էլ միայն փակուել, բայց պահպանուել էին դրանց արձանները: Սրանք բացել տուեց ուրացող Յուլիանոսը, իսկ նրանից յետոյ եկող կայսրերը դարձեալ փակեցին: Բայց անօրէն Վաղէսը հեթանոսների համար վերստին բացել տուեց, իսկ աստուածասէր Թէոդոսն իր թագաւորութիւնից իսպառ վերացրեց ու անհետացրեց հեթանոսական պաշտամունքը` իր բոլոր մնացուկներով հանդերձ:
Իսկ Արեւմուտքից Եւգինէոս անուամբ ոմն բռնաւոր, ով կայսրերից իշխանութիւն ստանալու նպատակով կռապաշտութիւնից առերես քրիստոնէութեան էր դարձել, ստամբակ մարդկանց իրեն օգնական դարձնելով՝ դաւադրութեամբ սպանեց մանկահասակ Վաղենտիանոս կայսրին: Նա շատ հեթանոս համախոհներ ունենալով՝ յոյժ զօրացաւ, նշանակեց հեթանոս զօրագլուխներ, ովքեր իրեն յայտնում էին իրենց չաստուածների գուշակութիւնները, ըստ որոնց՝ նա պիտի դառնար ողջ ինքնակալութեան տիրակալը: Այնժամ Մեծն Թէոդոսն աճապարեց արշաւել դէպի Արեւմուտք եւ, խորհուրդ հարցնելով մարգարէական շնորհ ունեցող մենակեաց Յովհաննէս Եգիպտացուց, իմացաւ, որ ոչ թէ հեշտութեամբ պիտի յաղթի, այլ մեծ ճիգերով եւ իր զօրքին վտանգի ենթարկելով: Սակայն նա, ապաւինելով Աստծուն, սպառազինուեց պատերազմի համար աւելի շատ պահեցողութեամբ ու աղօթքներով, քան թէ զօրքերով եւ զինամթերքներով, ու աներկիւղ առաջ շարժուեց:
Բիւզանդիայից եօթ մղոն անցնելով եւ հասնելով սուրբ Յովհաննէս Մկրտչի վկայարանին, որն ինքն էր կառուցել, աղօթեց եւ սուրբ Կարապետի բարեխօսութեամբ Տիրոջից առաջիկայ մարտում յաջողութիւն խնդրեց:
Երբ Թէոդոսը հասաւ Գաղղիայի սահմաններին, լուր ստացաւ, որ թշնամին անհամար բազմութեամբ պատրաստւում էր պատերազմել հեթանոսական օրէնքներով, ու իրենց առջեւից տանում էին Վահագնի, այսինքն Հերակլէսի արձանը: Թէոդոսն իր զօրքերով ճակատ կազմեց նրանց բանակի դէմ: Երբ սկսուեց պատերազմը, թագաւորը, համարձակ առաջ նետուելով, մեծ կոտորած արեց թշնամու զօրքում, թէպէտ իր զօրքից էլ շատերին կորցրեց եւ վտանգի ենթարկեց արքունի բանակը: Այդ պատճառով երեկոյեան արքայի զօրագլուխները խորհուրդ տուեցին նահանջել, յետ քաշուել մի ապահով տեղ ու ձմեռել այնտեղ, մինչեւ որ նոր զօրք հաւաքեն: Սակայն Թէոդոսն ականջ չդրեց նրանց խօսքերին եւ ասաց. «Մեր առջեւից ամենայաղթ սուրբ Նշանն է ընթանում, իսկ մեր թշնամիներն իրենց առջեւից Հերակլէսի արձանն են բարձրացրած տանում: Ուրեմն ինչպէ՞ս կարող ենք ամօթահար անել Քրիստոսի ամենազօր Խաչին»:
Ապա իւրայիններին յորդորեց ողջ գիշեր աղօթել Աստծուն: Իսկ ինքը, մտնելով մի քարայր, ուր գտնւում էր սուրբ Յովհաննէս աւետարանչի ու Փիլիպպոս առաքեալի մատուռը, դէմքը հպելով գետնին, ողջ գիշեր օգնութեան համար ջերմագին աղօթքներով եւ արտասուքներով աղաղակեց Տիրոջը: Իսկ լուսաբացին, երբ փոքր-ինչ նիրհեց, անուրջի մէջ տեսաւ սպիտակ ձիեր հեծած երկու սպիտակազգեստ մարդկանց: Երբ հարցրեց, թէ նրանք ովքեր են, իմացաւ, որ Քրիստոսի Յովհաննէս ու Փիլիպպոս աշակերտներն էին: Նրանք թագաւորին ասացին. «Ահաւասիկ Տէրը մեզ ուղարկեց` քեզ օգնելու համար: Մի՛ զարհուրիր թշնամու բազմութիւնից եւ այլ օգնութեան մի՛ սպասիր, քանզի վաղը քո յաղթութեան օրն է»: Նոյն տեսիլքը տեսաւ նաեւ զինուորներից մէկը ու արթնանալով` պատմեց զօրագլուխներին, ովքեր, գալով արքայի մօտ, յայտնեցին այդ աւետաւոր յայտնութեան մասին: Թագաւորը յոյժ ուրախացաւ եւ ուրախացրեց նաեւ բոլորին՝ ասելով, որ նոյն յայտնութիւնը եղել է նաեւ իրեն: Այսպէս բոլորը՝ սրտապնդուած եւ կազմ-պատրաստ, սպասում էին արեւի ծագելուն, որպէսզի թագաւորի հետ սկսէին պատերազմը:
Իսկ բռնաւոր Եւգինէոսն անձամբ ճակատ չմտաւ, այլ մի բարձունքի վրայ կանգնած՝ յանդգնաբար սկսեց սպառնալիքներ թափել Թէոդոսի վրայ` ասելով. «Նա իր մա՛հն է կամենում, իր փոքրաթիւ զօրքով ինչպէ՞ս է համարձակւում մարտի մէջ մտնել մեր մեծաթիւ զօրքի հետ»: Իսկ իւրայիններին արիացնելով` ասում էր. «Յարձակուէ՛ք նրանց վրայ, ձերբակալէ՛ք թագաւորին ու կապուած իմ առջեւ բերէ՛ք»:
Սկսուեց պատերազմը: Երկուստէք յարձակուեցին միմեանց վրայ, եւ երկու կողմերում մեծ կոտորած եղաւ: Երբ արքունի զօրքը տկարացաւ, սկսեց թիկունք դարձնել ու շտապ փախուստի դիմել: Այս տեսնելով՝ քրիստոսասէր արքայ Թէոդոսն իջաւ երիվարից, բանակից փոքր-ինչ առաջ անցնելով՝ կանգնեց մի բարձր քարի վրայ, որից հնարաւոր կը լինէր երեւալ ողջ զօրքին, ցած դրեց զէնքը, ընկաւ երեսի վրայ, տարածեց իր անձը Տիրոջ առջեւ եւ աղօթեց. «Դո՛ւ, Տէ՛ր Ամենակալ, գիտես, որ Քո Որդու` Քրիստոսի անուամբ եմ մարտի մէջ մտել այս հեթանոսների մեծ բանակի հետ, որպէսզի վրէժխնդիր լինեմ արդարութեան համար: Արդ, եթէ առաջիկայ գործս անօրէն է, թող ձախողուի, իսկ եթէ Քո կամքով է, ապա կարկառի՛ր Քո ամենազօր Աջն ու օգնի՛ր ինձ, քանզի, Տէ՜ր, Քեզ եմ յուսացել եւ Քեզ ապաւինելով եմ եկել այս մարտին: Թող երբէք հեթանոսները չասեն, թէ ո՞ւր է նրանց Աստուածը»:
Այս խօսքերով թագաւորը սթափեցրեց ու գաղափարապէս սպառազինեց բոլորին` թէ՛ տարէցներին եւ թէ՛ երիտասարդներին: Տիրոջ այցելութեամբ զօրացաւ արքունի գնդի սիրտն ու ձեռքերը եւ նոր հոգի առնելով՝ յարձակուեց թշնամու վրայ: Զօրապետերի մէջ կար Բակուր անունով մէկը, ով լի էր հաւատով ու անպարտելի ուժով: Նա, քաջութեամբ մտնելով թշնամու բանակի մէջ, կոտորեց շատերին եւ շատ-շատերին էլ փախստական դարձրեց: Նոյնպէս եւ միւս զինուորները, զօրացած երկնային ուժերի կողմից, իրենց առջեւից հալածեցին թշնամիներին: Բայց որպէսզի բոլորն իմանային, որ այդ յաղթանակն ի վերուստ տրուեց, հրաշք կատարուեց. յանկարծակի սաստիկ հողմ փչեց թշնամու բանակի վրայ ու յետ դարձրեց նրանց արձակած նետերը, որոնք խոցոտեցին իրենց: Դրա հետ մէկտեղ արքունի բանակի արձակած նետերը սաստիկ սլացմամբ տեղացրեց նրանց վրայ, ցած գցեց, ցիրուցան արեց նրանց զէնքերն ու վահանները եւ հողմափոշով կուրացրեց նրանց աչքերը: Այնպիսի մեծ կոտորած եղաւ բռնաւորի զօրքի մէջ, որ ամէնքն սկսեցին աղաղակել ինքնակալ Թէոդոսին, որ խնայի իրենց ու դադարեցնի անողորմ հարուածները: Եւ արքան գթաց նրանց՝ ասելով. «Միայն թէ ձեր բռնաւորին ողջ-ողջ իմ ձեռքը յանձնէք»:
Այնժամ նրանց զօրապետերը գնացին դէպի բլուրը, ուր նստած էր Եւգինէոսը: Սա կարծելով, թէ իրեն յաղթանակի աւետիս են բերում, ասաց. «Արդեօք կարողացա՞ք Թէոդոսին ողջ բռնել»: Նրանք ասացին. «Ոչ թէ Թէոդոսին պէտք է քո ոտքը բերենք, այլ քե՛զ պէտք է տանենք նրա մօտ, որովհետեւ երկնքի ու երկրի Տէրը մարտի ընթացքն այսպէս առաջնորդեց»: Այս ասելով՝ բռնեցին բռնաւորին եւ կապուած բերեցին թագաւորի մօտ: Այնժամ Եւգինէոսը լալագին ընկաւ Թէոդոսի ոտքերն ու աղաչեց, որ գոնէ խնայի իր կեանքը: Թագաւորն ասաց. «Յիշի՛ր այն անօրէնութիւնները, որոնք գործեցիր եւ որքան մեծամեծ չարիքների պատճառ եղար, որովհետեւ դու քո բոլոր գործերում քեզ առաջնորդ ընտրեցիր Հերակլէս կուռքին՝ կարծելով, թէ նրանով կը յաղթես կենդանարար սուրբ Խաչի նշանին»:
Իսկ բռնաւորը, իր անձն ամօթապարտ խոստովանելով ու յուսալով ինքնակալի ներողամտութեանը, պաղատագին ողորմութիւն էր խնդրում: Եւ մինչ խօսքը բերանում էր, արքունի զինուորները, վախենալով, թէ միգուցէ արքան կը խնայի նրան, չսպասեցին Թէոդոսի հրամանին ու նրա ոտքերի առջեւ խողխողեցին բռնաւորին: Եւ այդպէս, 393 թուականին արքունի զօրքը յաղթանակով ու մեծ աւարով վերադարձաւ պատերազմից:
Այնուհետեւ արքան մեծ փափագով գնաց Երուսաղէմ եւ երեկոյեան ժամին մտաւ սուրբ Յարութեան եկեղեցի, որպէսզի աղօթի Քրիստոսի գերեզմանի մօտ: Եւ երբ մթութեան մէջ թագաւորն իր երեք մարդկանց հետ մօտեցաւ գերեզմանին, նոյն պահին բոլոր խորանների մարած կանթեղներն անմիջապէս իրենք իրենց վառուեցին: Այս տեսնելով՝ բարեպաշտ կայսրը մեծ բերկրանքով ցնծաց իր հոգում եւ հասկացաւ, որ Աստուած Իր գթութեամբ թողութիւն է տուել իր մեղքերին:
Իսկ դրանից յետոյ երանելի Թէոդոսը, թէպէտ միահեծան կայսր եղաւ Արեւմուտքի ու Արեւելքի վրայ, սակայն պատերազմի մեծ դժուարութիւններից եւ ճանապարհի յոգնութիւններից լարուելով, ջրգողութեան ծանր հիւանդութիւն ստացաւ: Եկաւ Միգուլէ, ուր բերել տուեց նաեւ իր երկու որդիներին, որոնցից կրտսերին` Ոնորիոսին, կայսր կարգեց Արեւմուտքի վրայ, իսկ անդրանիկը մնաց իր տեղում` Արեւելքում: Նրանց տուեց իր վերջին պատուէրները, խրատեց նախանձախնդիր լինել ճշմարիտ աստուածպաշտութեան համար, հաստատուն մնալ ուղղափառ հաւատի մէջ, ապրել անպարսաւելի վարքով, ամենուր օգնական ունենալ Աստծուն, Ով մերձ է Իրենից երկիւղածներին, ու արդարութեամբ վարել թագաւորութեան բոլոր գործերը: Նոյնպէս եւ բարեպաշտութեան յորդորներ տուեց իր իշխաններին ու զօրագլուխներին: Պատգամեց առատօրէն բաշխել եւ ողորմութիւններ անել աղքատներին, ինչպէս որ ինքն էր անում իր բոլոր օրերում, ու ամէն բան կարգաւորեց` յօգուտ հաւատացեալների եւ ի պայծառութիւն սուրբ Եկեղեցու: Ապա հաղորդուելով Տիրոջ պատուական Մարմնին ու Արեանը՝ պատրաստուեց մահուան՝ անվախճան Կեանք փոխադրուելու ակնկալութեամբ: Եւ Ոնորիոսի կայսրութեան տօնախմբութեան նոյն օրը, երբ աստուածասէր թագաւորին թւում էր, թէ փոքր-ինչ թեթեւացել է իր հիւանդութիւնը, յանկարծակի նորոգուեցին ցաւերը, ու վաթսուն տարեկան հասակում` 395 թուականին, տասնվեց տարի թագաւորելուց յետոյ աւանդեց իր հոգին Աստուծոյ ձեռքը:
Կոստանդիանոսից յետոյ չկար նրա նման մէկը Հռոմի կայսրերի մէջ, քանզի նա փայլում էր բարեպաշտութեամբ եւ առաքինութեամբ, հաստատուն էր ուղղափառութեան մէջ ու պարիսպ էր սուրբ Եկեղեցուն, հնազանդ էր առաջնորդներին եւ երկիւղած՝ ամէն բանում: Չխօսենք նրա արիութեան, քաջութեան ու թագաւորութեան գերազանց պաշտօնատարութեան մասին, որի մասին վկայում էին նաեւ օտարները` ասելով, թէ Թէոդոսը ոտքի կանգնեցրեց հռոմէական ինքնակալութիւնը, որը պաշարած թշնամիների երեսից մօտ էր կործանման, որովհետեւ Աստուած նրա հետ էր: Երանելի Թէոդոսն արքունական ծիրանու տակ ունէր իր ծածուկ, մարդկանցից անյայտ մարմնաւոր ճգնութիւնները: Ապրելով իբրեւ անցաւոր պանդուխտ՝ ամէն բանում ճնշում էր իրեն` ամէն օր մեռնելով աշխարհի համար: Քրիստոսասէր թագաւորն արքունական թագի վրայ միշտ կրում էր սուրբ Խաչի նշանը, իսկ պատերազմների ժամանակ այն կրում էր իր սաղաւարտի վրայ: Այս բարի սովորոյթը պահեցին նաեւ նրա որդիները եւ նրանցից յետոյ եկողները:
Մեծ Թէոդոսի վախճանի օրը, ինչպէս նաեւ նրան յաջորդող սգոյ քառասուն օրերին, երանելի Ամբրոսիոսը դամբանական ճառ կարդաց բարեպաշտ ինքնակալի համար` արժանաւոր կերպով դրուատելով նրա առաքինութիւնները: Իսկ նրա մարմինը Արկադէոսի ու Ոնորիոսի հրամանով մեծ շուքով տարան Կոստանդնուպոլիս եւ պատուով թաղեցին սուրբ առաքեալների տաճարում:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 19:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: