Որք հաղորդեցան չարչարանաց Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.
եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմին բազմութիւնսն.
սոցին աղաչանօք խնայեա՜ ի մեզ Աստուած
հարցն մերոց:
(Շարակնոց)
Քրիստոսի սքանչելագործ վկայ սուրբ Վլասիոս հայրապետը ծնուել է Գ դարի վերջում Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում կամ էլ նրա սահմանամերձ շրջաններում: Ոմանք ասում են, թէ նրա ծնողները հեթանոսներ էին, ինքը յետագայում է հաւատացել Քրիստոսին ու ջերմ եղել աստուածապաշտութեան մէջ, իսկ շատերն էլ անորոշաբար ասում են, թէ նա մանկութիւնից սկսած մեծացել է աստուածապաշտութեամբ: Ասում են նաեւ, թէ նախկինում նա մասնագիտութեամբ բժիշկ է եղել, իսկ յետոյ Աստուած նրան Քրիստոսի անուամբ հրաշագործ է դարձրել, ինչպէս սուրբ Ղուկասին, Կոզմային եւ Դամիանոսին:
Նա իր առաքինի ու գովելի ընթացքով առաջադէմ գտնուեց: Իր կեանքի բոլոր օրերն ապրեց ինչպէս երկնաքաղաքացի եւ Յոբի նմանութեամբ եղաւ արդար այր, ճշմարիտ աստուածապաշտ ու հեռու բոլոր չար գործերից: Այդ պատճառով Սեբաստիայի եպիսկոպոսի մահից յետոյ Եկեղեցու միաբանութիւնը եւ ողջ ժողովուրդը, ճանաչելով նրա անբիծ վարքագիծն ու իմաստութիւնը, միաձայն հաւանութեամբ որոշեցին եպիսկոպոս ընտրել երանելի Վլասիոսին: Նա յանձն չառաւ եւ իրեն անարժան խոստովանեց այդ պատուին, բայց տեսնելով բնակչութեան անտերունչ վիճակը ու բազմութեան պահանջը համարելով որպէս Աստուծոյ տեսչութիւն՝ ակամայ հնազանդուեց եւ տեղի տուեց նրանց կամքին: Ու այդպէս հաւաքուեցին բոլոր եպիսկոպոսները, քահանաները եւ Եկեղեցու ժառանգաւորները ու նրան նստեցրին Սեբաստիա քաղաքի քահանայապետութեան Աթոռին:
Ապա տիրապէս սկսեց խօսքերով եւ գործով հնչեցնել Ճշմարտութիւնը, սուրբ Աւետարանի Կեանքի խօսքերով լուսաւորել բոլորին ու շատերին կռապաշտութեան մոլորութիւնից դարձնել ճշմարիտ աստուածագիտութեանը: Եւ ինչպէս որ նախքան եպիսկոպոսութիւնը, լցուած Աստուծոյ Հոգով, զօրացնում էր Դիոկղետիանոսի կողմից հալածուող քաջ նահատակներին ու բոլորին յորդորում հաստատուն մնալ ճշմարիտ հաւատի մէջ, նոյնը եւ աւելին էր անում եպիսկոպոսութիւնից յետոյ: Ըստ աւանդութեան՝ երբ Եւստրաթէոսեան հինգ քաջ նահատակները Քրիստոսի համար մատնուեցին բանտերի եւ կապանքների, ինքը՝ երանելի Վլասիոս սուրբ հայրապետը, սկսեց ստէպ-ստէպ այցելել նրանց, բաշխել Տիրոջ Մարմնի ու Արեան կենարար Խորհուրդը եւ քաջալերել ու յորդորել Արարչի սիրոյ համար աներկիւղ յարատեւել բոլոր նեղութիւնների մէջ: Այդ ժամանակ սուրբ Եւստրաթէոսը գրութեամբ նրան է յանձնում իր տան գործերի կտակը, որը կարելի է տեսնել հին նկարներում, ուր հինգ վկաների հետ սուրբ Եւստրաթէոսի կողքին պատկերուած է սուրբ Վլասիոսը, որը նրա ձեռքից վերցնում է կտակի թուղթը:
Մինչ թւում էր, թէ Կոստանդիանոսի թագաւորելու ժամանակ արդէն մարում էր հալածանքների հրդեհը, վերստին դառնութեան հուր բորբոքուեց անօրէն Լիկիանոսի երեսից, որը Կոստանդիանոսի քրոջորդին էր: Սա Տիրոջ 308 թուականին արեւելեան կողմերում կայսր դարձաւ: Մի այր էր՝ մոլորուած կռապաշտութեան մէջ, որի համար քրիստոնեաների դէմ սոսկալի հալածանքներ սկսեց: Եւ քանի որ լսել էր, թէ Սեբաստիայի կողմերում ծաղկում է աստուածապաշտութիւնը, իսկ Փոքր Հայքում ու Կապադովկիայում օրէցօր բազմանում են հաւատացեալները, մտադրուեց այդ շրջաններից իսպառ վերացնել քրիստոնէութեան անունը: Այս անօրէն գործն իրականացնելու համար ընտրեց ազգութեամբ յոյն, չարիքներ գործելուց հիւծուած, անսանձ եւ յանդուգն Ագրիկողայոսին, որին դատաւոր ու հրամանատար իշխան կարգեց Սեբաստիայում եւ նրա մերձակայ սահմաններում ու նրան օգնական տուեց ոմն Լիւսիաս անունով դիւակերպ մէկին՝ որպէս այդ տարածքի վերակացու եւ տեսուչ:
Երբ Սեբաստիայի հաւատացեալները լսեցին Ագրիկողայոսի՝ ահազդու սպառնալիքներով գալստեան մասին, նրանցից շատերը ցրուեցին այլեւայլ տեղեր, շատերն էլ թաքնուեցին անյայտ վայրերում: Նրանց հետ երանելի եպիսկոպոս Վլասիոսը եւս հաւատացեալների ստիպմամբ որոշեց միառժամանակ ծածկուած մնալ: Ու յիշելով աւետարանական «քաղաքից քաղաք հալածուած լինել» խօսքը եւ յատկապէս ունենալով Փրկչի՝ Եփրայիմի անապատ խոյս տալու օրինակը՝ ելաւ Սեբաստիայից ու գնաց բնակուելու Արգիասէս լեռան վրայ գտնուող մի այրում, ուր չէր երեւում որեւէ մարդու հետք, այլ այդ տարածքում միայն գազաններ եւ անասուններ էին շրջում: Այնտեղ առանձնութեան մէջ սկսեց հանդարտել ու խստակրօնութեամբ տրուել աղօթքների, յարատեւ պահեցողութեան եւ տքնութիւնների: Վայրի անասունները, ընտելանալով նրան, հաւաքւում էին նրա մօտ ու ասես թէ օրհնութիւն էին խնդրում Աստուծոյ ծառայից, իսկ սուրբը, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնում էր նրանց: Երբ նրանցից մէկը տկարանում էր, գալիս էր սուրբի մօտ եւ ինչպէս բանական մէկը՝ նշանացի հասկացնելով ցոյց էր տալիս իր ցաւող տեղն ու չէր հեռանում այդտեղից, մինչեւ չէր շարժում երանելու գութը՝ իրեն ողորմութիւն անելու համար: Սուրբն էլ իր ձեռքը դնում էր նրա վրայ եւ Քրիստոսի անուամբ առողջացնում նրան:
Այդ օրերին Ագրիկողայոսի սպասաւորներից ոմանք դուրս եկան որսի: Այս ու այն կողմ շրջելով՝ նրանցից մի քանիսը հասան այն լեռը, ուր թաքնուած էր Վլասիոսը, եւ տեսնելով նրա այրի առջեւ հաւաքուած վայրի գազաններին՝ ընկան նրանց յետեւից: Երբ որսորդների ահից կենդանիները ցրուեցին, նրանք տեսան սուրբ եպիսկոպոսին, որն աղօթք էր մատուցում Աստծուն: Քաղաք դառնալուն պէս այս մասին տեղեկացրին դատաւորին, որը հրաման տուեց, որ որսորդների հետ իբր որս անելու նպատակով որոնողներ գնան դէպի լեռներն ու ամայի վայրերը եւ որտեղ թաքնուած քրիստոնեաներ գտնեն, բերեն իր մօտ:
Որոնողները եկան ու գտան Վլասիոսին աղօթելիս: Նրան ասացին. «Պատրաստուի՛ր գալ մեզ հետ, քանզի դատաւորը կանչում է քեզ»: Սուրբն ուրախանալով, զուարթ սրտով եւ հեզութեամբ պատասխանեց. «Հիմա, որդեակնե՛ր, անյապաղ գնա՛նք միասին, քանզի այս գիշեր Տէրը երեք անգամ երեւաց ինձ ու ասաց. «Վե՛ր կաց եւ պատարագ մատուցիր Ինձ՝ ըստ քո քահանայապետութեան կարգի»:
Նրանք ճանապարհ ընկան ու երբ տեղ-տեղ հանգստանում էին, երանելի հայրապետը հոգելից վարդապետութեամբ խօսում էր հեթանոսների՝ թէ՛ մեծերի եւ թէ՛ փոքրերի հետ: Նա լուսաւորեց շատերի միտքը, ցոյց տուեց ճշմարիտ աստուածապաշտութեան ճանապարհն ու տեսակ-տեսակ հրաշագործութիւններով հաստատեց նրանց հաւատի մէջ: Այդպէս տարածուեց նրա համբաւը բոլոր այն վայրերում, որտեղով անցնում էր: Աւաններից եւ գիւղերից նրա մօտ էին բերում բազում հիւանդներ ու ցաւագարներ, իսկ նա, ձեռքը դնելով նրանց վրայ, առողջացած արձակում էր իրենց տները: Ոչ միայն մարդկանց, այլեւ անասուններին էր բժշկում, որից յոյժ զարմանում էին դատաւորի սպասաւորները եւ սկսում ակնածել նրանից:
Մի կին մինուճար որդի ունէր: Պատահեց, որ այդ մանուկը ձուկ ուտելիս կուլ տուեց փուշը, որը, կանգ առնելով շնչափողում, խեղդեց երեխային, ու նա չէր կարողանում խօսել: Իսկ մանկան մայրը, լսած լինելով սուրբի մասին, իր գիրկն առաւ որդուն եւ շտապեց գտնել Աստուծոյ մարդուն: Մօտեցաւ նրան, մանկանը դրեց նրա ոտքերի առջեւ, աղաղակեց արտասուքներով ու ասաց. «Ողորմի՜ր իմ որդուն, Յիսուս Քրիստոսի ծառա՛յ, քանզի նա իմ մինուճար զաւակն է»: Այնժամ սուրբն իր ձեռքը դրեց մանկան շնչափողին, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Տէ՜ր, Դու, որ Բժիշկն ես նրանց, ովքեր ճշմարտապէս կանչում են Քեզ, լսի՛ր Քո ծառայի աղաչանքները ու Քո անտեսանելի զօրութեամբ այս երեխայից հեռացրու վնասակար փուշը: Եւ սրանից յետոյ եթէ որեւէ մէկի հետ նման բան լինի ու յիշատակի Քո ծառայի անունը, յանուն Քո մեծ անուան փառքի՝ բժշկութիւն պարգեւիր նրան»: Երբ վերջացրեց աղօթքը, սուրբն առողջացած մանկանը յանձնեց իր մօրը:
Երբ մտաւ մի այլ գիւղ (որը ոմանք կոչում են Նիկոպոլիս), սուրբ Վլասին մօտեցաւ մի աղքատ եւ այրի կին, որը ոչինչ չունէր, բացի մի փոքր խոզից, որին պահ առաջ յափշտակել էր գայլը: Նա արտասուքներով աղաչում էր եպիսկոպոսին՝ փրկել անասունին գայլի երախից, իսկ սուրբը ժպտալով ասաց նրան. «Մի՛ տրտմիր, ո՛վ կին, քո անասունը քեզ կը հասնի», ու սա ասելով՝ սաստեց գազանին, որը չէր երեւում աչքի առաջ: Երբ կինը յետ դարձաւ, տեսաւ, որ գայլն իրեն ընդառաջ է գալիս՝ անվնաս բերելով իր անասունին, որին թողեց կնոջ մօտ եւ հեռացաւ իր տեղը:
Արդ, երբ սուրբ Վլասիոսը մտաւ Սեբաստիա, Ագրիկողայոսը հրամայեց մինչեւ յաջորդ օրը նրան բանտարկել ու միւս օրն ատեան նստելով՝ հրամայեց իր առջեւ բերել եպիսկոպոսին: Դատաւորը նախ սկսեց մեղմօրէն խօսել նրա հետ եւ ասել. «Տեսնում եմ քեզ ողջ ու առողջ, աստուածների բարեկամ Վլա՛սիոս, ուրա՛խ եղիր»: Երանելին պատասխանեց. «Ուրախ եղիր եւ դու, հզ՛օր դատաւոր, սակայն դու նրանց աստուածներ մի՛ կոչիր, որովհետեւ նրանք դեւեր են եւ ո՛չ աստուածներ, որոնք իրենց պաշտօնեաներով հանդերձ, պիտի մատնուեն յաւիտենական հրին»: Դատաւորը, բարկանալով նրա համարձակ խօսքերից, հրամայեց դալար գաւազաններով հարուածել նրան, որպէսզի սթափուի իր անմտութիւնից ու սովորի անարգելու փոխարէն մեծարել աստուածներին: Երկար ժամեր բաւականին գանահարուելուց յետոյ սուրբն աւելի համարձակօրէն ասաց բռնաւորին. «Ո՛վ լիրբ եւ անպատկառ կուռքերի պաշտօնեայ, եթէ կարծում ես, թէ տանջանքների մատնելով կարող ես ինձ յետ դարձնել ճշմարիտ Աստծուն դաւանելուց, չես կարող, քանզի ես հաւատում եմ Նրան, Ով զօրացնում է ինձ՝ Յիսուս Քրիստոսին, կենդանի Աստուծոյ Որդուն»: Այնժամ դատաւորը հրամայեց նրան բանտ տանել:
Երեք օր անց, երբ դատաւորը դարձեալ ատեան նստեց, իր առջեւ բերել տուեց Աստուծոյ սուրբին ու ասաց. «Վլասիէ՛, եթէ չզոհես աստուածներին, կը կորչե՛ս չարաչար մահուամբ»: Վլասիոսն ասաց. «Թող կորչե՛ն քո աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, իսկ մահը, որով ինձ սպառնում ես, առիթ կը լինի ինձ մտնելու յաւիտենական Կեանք»: Բռնաւորը, տեսնելով նրա անսասան հաւատը, հրամայեց երանելուն կախել փայտից եւ երկաթէ քերիչներով անխնայ քերել նրա մարմինը: Գետի պէս սկսեցին հոսել նրա արեան վտակները ու ներկել գետինը, սակայն նա իր տանջանքերի մէջ նոյն խօսքերն էր կրկնում եւ ասում դատաւորին. «Դու հարուածներ ես հասցնում ինձ, սակայն ինձ հետ է իմ Զօրացուցիչը՝ Քրիստոս: Ես յուսալով սպասում եմ անանց Բարիքներին, որոնք Նա պատրաստել է Իր սիրելիների համար»:
Դատաւորը հրամայեց իջեցնել նրան փայտից ու տանել բանտ: Եւ մինչ տանում էին սուրբին, որը ոտքից մինչեւ գլուխ շաղախուած էր արեամբ, Աստծուց երկիւղած եօթ կանայք գնում էին նրա յետեւից ու իրենց օծում սուրբից հեղուած արեամբ: Սա տեսնելով՝ դահիճները նրանց բերեցին դատաւորի առջեւ եւ ասացին. «Ո՛վ դատաւոր, ահա սրանք էլ քրիստոնեաներ են», ու պատմեցին, ինչ որ նրանք արել էին: Դատաւորն ասաց նրանց. «Հնազանդուեցէ՛ք աստուածներին եւ նրանց զոհեր մատուցէ՛ք»: Կանայք խաբէութեամբ ասացին. «Եթէ կամենում ես, որ զոհենք քո աստուածներին, հրամայիր նրանց բերել ծովափի մօտ, որպէսզի այնտեղ լուանալով մեր երեսները՝ պատրաստ լինենք կատարելու քո հրամանը»: Յոյժ ուրախացաւ բռնաւորը ու կարծեց, թէ նրանք կը խոստանան կատարել իր կամքը: Իսկ կանայք, վերցնելով գարշելի կուռքերին, գցեցին ծովը: Երբ այս լուրը հասաւ բռնաւորին, նա այնքան սաստիկ բարկացաւ, որ սրտմտութիւնից փոխեց երեսի գոյնը: Կրճտացրեց իր ատամները եւ մեղքը գցելով զինուորների վրայ՝ ասաց. «Ինչո՞ւ նրանց թոյլ տուեցիք աստուածներին ծովը գցել»: Զինուորները պատասխանեցին. «Ինչպէս որ քեզ հետ խօսեցին նենգութեամբ, նոյն պատրանքներով մեզ մոլորեցրին, քանզի մինչ կարծում էինք, թէ նրանք մօտենում են, որ սիրով երկրպագեն, սակայն վերցնելով կուռքերին՝ խորտակեցին ծովում»: Երբ երանելի կանայք բերուեցին բարկացած դատաւորի առջեւ ու սաստկագոյն կերպով նախատուեցին իրենց արարքի համար, նրանք ասացին. «Այն աստուածը, որը պահպանութեան համար գտնւում է զօրականների հսկողութեան տակ, նա աստուած չէ, քանզի Աստուած անվնասելի եւ անչարչարելի է: Իսկ նրանք, որոնց դուք աստուածներ էք կոչում, մարդկանց ձեռքի գործեր են՝ քանդակուած փայտից, ոսկուց, քարից, պղնձից՝ զուրկ մտքից ու զօրութիւնից եւ նման նրանց, ովքեր արարեցին իրենց: Եւ արդ, տեսէ՛ք ձեր աստուածների անզօրութիւնը, կարո՞ղ են արդեօք նրանք ելնել ծովի խորքերից»:
Դատաւորը մոլեգնելով հրամայեց կապար հալեցնել ու լցնել մեծ կաթսայի մէջ: Կաթսայի մի կողմում հրամայեց դնել սուսեր, երկաթէ ճանկեր եւ տանջանքի այլ գործիքներ, իսկ միւս կողմում՝ փափուկ կտաւներ, կանացի զարդեր, ոսկեղէն ու արծաթեղէն: Ապա կանանց ասաց. «Ձեզ համար ընտրեցէ՛ք այս երկուսից մէկը. կա՛մ երկրպագեցէք աստուածներին եւ փրկեցէք ձեր անձերը` այսպիսի փափուկ կտաւներով ու զարդեղէնով հանդերձ, կա՛մ էլ այժմ պիտի այրուէք՝ նախապէս ընդունելով ձեզ համար պատրաստուած այս տանջանքներով խոշտանգումները»: Սուրբ կանայք ընտրեցին տանջանքները, նրանցից մէկն էլ թքեց զարդեղէնի վրայ, իսկ կտաւները գցեց հնոցի հրի մէջ: Սրա երկու երեխաները եկել էին իրենց մօր յետեւից եւ տեսնելով տանջանքներով նահատակութեան պատրաստուող իրենց մօրը՝ սկսեցին աղաչել նրան ու ասել. «Մեզ էլ վերցրու քեզ հետ եւ մի՛ թող, որ կորչենք այստեղ: Ու ինչպէս որ սնեցիր եւ յագեցրիր մեզ քո քաղցր կաթով, այժմ էլ յագեցրու մեզ Աստուծոյ Արքայութեամբ»: Դատաւորը, լսելով այս խօսքերը, սաստիկ բարկացաւ եւ հրամայեց տղաներին հեռացնել մօրից: Հրամայեց նրանց բանտ տանել, ուր գտնւում էր Վլասիոսը, իսկ դահիճներին հրամայեց կանանց փութապէս կախաղան հանել ու քերել մարմինները: Եւ հրաշք եղաւ. նրանց մարմինները դարձան ձիւնից առաւել սպիտակ ու նրանցից այնքան սաստիկ լոյս փայլատակեց, որ կուրացրեց նրանց նայող զինուորների աչքերը: Անգամ նրանց արիւնն էր երեւում ինչպէս սպիտակ կաթ: Այնժամ երկնքից մի հրեշտակ իջաւ նրանց մօտ, բժշկեց նրանց բոլոր վէրքերը եւ ասաց. «Մի՛ երկնչէք, քանզի երբ բարի մշակն սկսում է հնձել, ոչ թէ սկզբից է առնում վարձքը, այլ երբ կատարում է իր գործը՝ ըստ տիրոջ կամքի, որն իրեն կանչեց հունձք անելու: Այնժամ օրհնութեամբ լի ստանում է իր ամբողջ վարձքն ու ուրախութեամբ գնում իր տունը: Այսպէս եւ դուք, որ սկսեցիք քաջութեամբ, համբերեցէ՛ք մինչեւ մրցութեան վերջը, որպէսզի բոլորի Փրկչից ընդունէք յաւիտենական Կեանքը»: Այս ամէնից յետոյ դատաւորը հրամայեց երանելի կանանց գցել բորբոքուած հնոցի մէջ, սակայն մտնելուն պէս անմիջապէս մարեց հուրը, եւ նրանք անվնաս դուրս ելան հնոցից: Այս բանից յիմարացած դատաւորն ասաց. «Թողէ՛ք ձեր այդ կախարդութիւնը եւ մօտեցէ՛ք զոհելու աստուածներին»: Իսկ սուրբ կանայք միաբան ասացին. «Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Թագաւոր` Յիսո՛ւս Քրիստոս, որ հրաւիրեցիր մեզ գալ Քո Արքայութեան ճանապարհով»: Ապա դառնալով դատաւորին՝ ասացին. «Փութա՛ կատարել, ինչ որ մտադիր ես, քանզի մենք երկնքի Արքայութեան հրաւէրն ունենք»: Այնժամ բռնաւորը զայրանալով հրամայեց սրով վերջ տալ նրանց:
Դահիճները, նրանց վերցնելով, տարան նահատակութեան վայրը: Սուրբերն աղաչեցին նրանց թոյլ տալ փոքր-ինչ աղօթել: Ապա ծունկի իջան ու ասացին. «Ո՞ր աստուածն է նման մեր Աստծուն, Ով դուրս բերեց մեզ խաւարից եւ կանչեց Իր Լոյսի փառքի մէջ: Աղաչում ենք Քեզ, ո՜վ մեր Աստուա՛ծ, համադասիր մեզ Քո առաջին վկայ սուրբ Թեկղիի հետ ու ընդունի՛ր Քո սուրբ քահանայապետի եւ վկայի՝ Վլասի աղօթքները, որն առաջնորդեց մեզ դէպի այս նահատակութիւնը»: Ու դարձեալ տարածելով իրենց ձեռքերը՝ աչքերը երկինք բարձրացրին եւ ասացին. «Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Քրիստոս Աստուած, որ մեզ արժանացրիր կանգնել զոհասեղանին` իբրեւ մորթուելու տարուող ոչխարներ: Եւ արդ, Քո սուրբ Սեղանի վրայ ընդունիր մեր հոգիները` իբրեւ պատարագ»: Ու մինչդեռ խօսքերը բերաններում էին, դահիճները սրով կտրեցին երանելիների գլուխները, որոնք յօժարակամ մատնեցին իրենց անձերը Քրիստոսի հանդէպ ունեցած յոյսի եւ սիրոյ համար:
Իսկ դատաւորն օրուայ երրորդ ժամին նստեց ատեան ու հրամայեց բանտից Վլասին իր առջեւ բերել: Երբ Վլասը կանգնեց ատեանի առջեւ, դատաւորն սկսեց խօսել նրա հետ եւ ասել. «Վլասիէ՛, այժմ կը զոհե՞ս կուռքերին»: Սուրբը պատասխանեց. «Ո՞վ է այն մարդը, որն Աստծուն որպէս ճշմարիտ Արարիչ ճանաչելուց յետոյ, կ'երկրպագի անշունչ կուռքերին: Դու, որ խարխափում ես խաւարում, երկրպագում ես քարերին ու փայտին, իսկ ես՝ երկնքի եւ երկրի Արարչին: Ու սա էլ իմացիր. ես չեմ վախենում քո սպառնալիքներից, տանջի՛ր ինձ, ինչպէս կամենում ես, քանզի դու միայն մարմինս կարող ես տանջել, իսկ հոգուս վրայ իշխանութիւն ունի միայն Արարիչը»: Դատաւորն ասաց. «Ա՛յ թշուառական, եթէ քեզ գցեմ ծովի խորքերը, քեզ ինչպէ՞ս կը փրկի Նա, Ում դու երկրպագում եւ պաշտում ես»: Հայհոյիչի այս արհամարհական խօսքերից սուրբ եպիսկոպոսը, վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ, պատասխանեց խստագոյն խօսքերով ու ասաց. «Ո՛վ անմիտ, եթէ դու կարծում ես, թէ երկրպագելով գարշելի կուռքերին` կարող ես փրկուել, ապա վա՛յ քեզ, երի՛ցս թշուառական եւ արիւնարբու գազան, քանզի դու յաւիտենական հուրն ես ժառանգելու: Իսկ այժմ ջրերի վրայ ես քեզ ցոյց կը տամ իմ Տիրոջ զօրութիւնը, Որին պաշտում եմ»: Այնժամ իշխանը հրամայեց նրա պարանոցից քար կապել ու ընկղմել ծովի մէջ (որը Սեբաստիայի լիճն է): Նա, առաջ գնալով, Խաչի նշանով կնքեց ջուրը, եւ ահա այն փոխեց իր լոյծ[1] բնութիւնը, կարծրացաւ, ու սուրբը քայլեց ծովի՝ ինչպէս ցամաքի վրայով: Ապա դառնալով դահիճներին եւ հեթանոսների բազմութեանը՝ ասաց. «Եթէ դուք աստուածներ ունէք, ապա եկէք այստեղ ու ցոյց տուէք նրանց զօրութիւնը»: Այս խօսքերի վրայ նրանք համարձակ դիմեցին դէպի ծովը, սակայն մօտ վաթսունութ մարդ ընկղմուեց ծովի խորքերը: Այնժամ Աստուծոյ հրեշտակն իջաւ սուրբի մօտ եւ ասաց. «Ուրա՛խ եղիր, Աստուծո՛յ քահանայապետ, ելի՛ր այս երկրից, ե՛կ ու ընդունի՛ր Աստծուց քեզ համար պատրաստուած պսակը»: Սուրբը, քայլելով ծովի վրայով, դուրս եկաւ ցամաք, եւ ողջ հաւաքուած ժողովուրդը տեսաւ, որ լոյս էր ծագում նրա երեսից, ու սքանչելի տեսք ունէր: Բայց բռնաւոր Ագրիկողայոսը, սուրբի բոլոր գործերը կախարդութիւն համարելով, ասաց նրան. «Ինչո՞ւ ես այդչափ յամառում: Այդքան մեռնելը աստուածներին զոհաբերելուց լա՞ւ ես համարում»: Սուրբն ասաց. «Իմացի՛ր, ո՛վ դատաւոր, որ ես Սուրբ Աստուծոյ ծառան եմ եւ գարշելի կուռքերին չե՛մ զոհի»: Դատաւորը բարկացաւ ու անմիջապէս գլխատման այսպիսի մահավճիռ արձակեց. «Վլասիոսին, որն արհամարհեց ինքնակալ թագաւորի հրամանը եւ անարգեց աստուածներին, հրամայում եմ դասել մահապարտների հետ ու սրով կտրել նրա գլուխը: Հրամայում եմ այս վճիռը տարածել նաեւ այն երկու մանուկների վրայ, որոնք մոլորուեցին՝ հետեւելով նրա մոգութեանը»:
Նրանց տարան նահատակութեան վայրը, եւ մինչ դահիճը պատրաստում էր իր սուրը, սուրբ հայրապետն սկսեց աղօթել՝ ասելով. «Գոհանում եմ Քեզանից, Տէ՜ր Աստուած իմ, որ փրկեցիր ինձ կռապաշտութիւնից ու բերեցիր խաւարից դէպի լոյս, անգիտութիւնից դէպի ճշմարիտ գիտութիւն: Զօրութիւնների՛ Տէր, որ նստում ես քերովբէների վրայ եւ բացում երկնքի սահանքները[2], որ ձգեցիր Քո աղեղը ամպերի մէջ, կործանեցիր սատանային ու ոչնչացրիր վիշապի զօրութիւնը, լսի՛ր ծառայիդ աղաչանքները եւ օգնութեան հասիր Քո հաւատացեալների հոգու ու մարմնի բոլոր կարիքների դէպքում: Եւ եթէ մէկը պատահմամբ կուլ տայ փուշ կամ ոսկոր եւ կամ նման ինչ-որ նեղութեան հանդիպի, ու եթէ Քո աստուածութեան առջեւ կանչեն իմ անունը, կատարի՛ր նրանց իւրաքանչիւր խնդրանքը»: Աղօթելուց յետոյ երկնքից ամպ իջաւ եւ ծածկեց նրան: Ամպի միջից Փրկիչը խօսեց նրա հետ ու ասաց. «Իմ քա՛ջ նահատակ, կը կատարե՛մ քո բոլոր խնդրանքները եւ քո խնդրածից աւելին կ'անեմ: Յանուն Ինձ քո բարի նահատակութեան՝ կ'օրհնեմ բոլոր նրանց տները, ովքեր կը կատարեն քո յիշատակը, ու նրանց շտեմարանները բարիքներով կը լցնեմ: Իսկ դու արի՛ եւ հանգստացի՛ր անճառելի փառքի մէջ, որը քեզ համար պատրաստեցիր քո ճգնութիւններով»: Սա ասելով՝ Փրկիչը երկինք վերացաւ:
Իսկ դահիճները քաղաքից դուրս՝ պարիսպների մօտ գլխատեցին սուրբ Վլասիոսին ու երկու մանուկներին: Եւ մի բարեպաշտ կին, որի անունն էր Եղիսեա, վերցրեց նրանց նշխարներն ու ամփոփեց նրանց նահատակութեան վայրում: Այդ տեղը նշանաւոր դարձաւ` սուրբ Վլասի բարեխօսութեամբ կատարուած բազում հրաշքների եւ բժշկութիւնների պատճառով: Նրա նահատակութիւնը եղաւ Տիրոջ 315 թուականի փետրուարի 10-ին կամ 11-ին՝ Լիկիանոսի թագաւորութեան օրօք:
Ողջ աշխարհի բոլոր քրիստոնէական Եկեղեցիներում փառաւորուեց սուրբի անունը: Բոլոր տեղերում նրա անուամբ կառուցուեցին բազում Եկեղեցիներ՝ նախ Սեբաստիայում, ապա Ասիայի միւս քաղաքներում:
[1] Լոյծ − հեղուկ վիճակում եղող, հոսանուտ:
[2] Սահանք − ջրերի սրընթաց սահել-հոսելը բարձրից՝ շեղ հունով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: