ՍՈՒՐԲ ՎԼԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

 Որք հաղորդեցան չարչարանաց Քոց Քրիստոս սուրբ հայրապետքն.

 եւ վերաբերեալ պայծառացան ընդ անմարմին բազմութիւնսն.

սոցին աղաչանօք խնայեա՜ ի մեզ Աստուած

հարցն մերոց:

(Շարակնոց)

 

Ք­րիս­տո­սի սքան­չե­լա­գործ վկայ սուրբ Վ­լա­սիոս հայ­րա­պե­տը ծնո­ւել է Գ դա­րի վեր­ջում Փոքր Հայ­քի Սե­բաս­տիա քա­ղա­քում կամ էլ նրա սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում: Ո­մանք ա­սում են, թէ նրա ծնող­նե­րը հե­թա­նոս­ներ էին, ին­քը յե­տա­գա­յում է հա­ւա­տա­ցել Ք­րիս­տո­սին ու ջերմ ե­ղել աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեան մէջ, իսկ շա­տերն էլ անո­րո­շա­բար ա­սում են, թէ նա ման­կու­թիւ­նից սկսած մե­ծա­ցել է աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեամբ: Ասում են նաեւ, թէ նախ­կի­նում նա մաս­նա­գի­տու­թեամբ բժիշկ է ե­ղել, իսկ յե­տոյ Աս­տո­ւած նրան Ք­րիս­տո­սի ա­նո­ւամբ հրա­շա­գործ է դարձ­րել, ինչ­պէս սուրբ Ղու­կա­սին, Կոզ­մա­յին եւ Դա­միա­նո­սին:

 

Նա իր ա­ռա­քի­նի ու գո­վե­լի ըն­թաց­քով ա­ռա­ջա­դէմ գտնո­ւեց: Իր կեան­քի բո­լոր օ­րերն ապ­րեց ինչ­պէս երկ­նա­քա­ղա­քա­ցի եւ Յո­բի նմա­նու­թեամբ ե­ղաւ ար­դար այր, ճշմա­րիտ աս­տո­ւա­ծա­պաշտ ու հե­ռու բո­լոր չար գոր­ծե­րից: Այդ պատ­ճա­ռով Սե­բաս­տիա­յի ե­պիս­կո­պո­սի մա­հից յե­տոյ Ե­կե­ղե­ցու միա­բա­նու­թիւ­նը եւ ողջ ժո­ղո­վուր­դը, ճա­նա­չե­լով նրա ան­բիծ վար­քա­գիծն ու ի­մաս­տու­թիւ­նը, միա­ձայն հա­ւա­նու­թեամբ ո­րո­շե­ցին ե­պիս­կո­պոս ընտ­րել ե­րա­նե­լի Վ­լա­սիո­սին: Նա յանձն չա­ռաւ եւ իրեն ա­նար­ժան խոս­տո­վա­նեց այդ պա­տո­ւին, բայց տես­նե­լով բնակ­չու­թեան ան­տե­րունչ վի­ճա­կը ու բազ­մու­թեան պա­հան­ջը հա­մա­րե­լով որ­պէս Աստու­ծոյ տես­չու­թիւն՝ ա­կա­մայ հնա­զան­դո­ւեց եւ տե­ղի տո­ւեց նրանց կամ­քին: Ու այդ­պէս հա­ւա­քուե­ցին բո­լոր ե­պիս­կո­պոս­նե­րը, քա­հա­նա­նե­րը եւ Ե­կե­ղե­ցու ժա­ռան­գա­ւոր­նե­րը ու նրան նստեց­րին Սե­բաս­տիա քա­ղա­քի քա­հա­նա­յա­պե­տու­թեան Աթո­ռին:

 

Ա­պա տի­րա­պէս սկսեց խօս­քե­րով եւ գոր­ծով հն­չե­ցնել Ճշ­մար­տու­թիւ­նը, սուրբ Ա­ւե­տա­րա­նի Կեան­քի խօս­քե­րով լու­սա­ւո­րել բո­լո­րին ու շա­տե­րին կռա­պաշ­տու­թեան մո­լո­րու­թիւ­նից դարձ­նել ճշմա­րիտ աս­տո­ւա­ծա­գի­տու­թեա­նը: Եւ ինչ­պէս որ նախ­քան ե­պիս­կո­պո­սու­թիւ­նը, լցո­ւած Աս­տու­ծոյ Հո­գով, զօ­րաց­նում էր Դիոկ­ղե­տիա­նո­սի կող­մից հա­լա­ծո­ւող քաջ նա­հա­տակ­նե­րին ու բո­լո­րին յոր­դո­րում հաս­տա­տուն մնալ ճշմա­րիտ հա­ւա­տի մէջ, նոյ­նը եւ ա­ւե­լին էր ա­նում ե­պիս­կո­պո­սու­թիւ­նից յե­տոյ: Ըստ ա­ւան­դու­թեան՝ երբ Եւստ­րա­թէո­սեան հինգ քաջ նա­հա­տակ­նե­րը Ք­րիս­տո­սի հա­մար մատ­նո­ւե­ցին բան­տե­րի եւ կա­պանք­նե­րի, ին­քը՝ ե­րա­նե­լի Վ­լա­սիոս սուրբ հայ­րա­պե­տը, սկսեց ստէպ-ստէպ ա­յ­ցե­լել նրանց, բաշ­խել Տի­րոջ Մարմ­նի ու Ա­րեան կե­նա­րար Խոր­հուր­դը եւ քա­ջա­լե­րել ու յոր­դո­րել Ա­րար­չի սի­րոյ հա­մար աներ­կիւղ յա­րա­տե­ւել բո­լոր նե­ղու­թիւն­նե­րի մէջ: Այդ ժա­մա­նակ սուրբ Եւս­տրա­թէո­սը գրու­թեամբ նրան է յանձ­նում իր տան գոր­ծե­րի կտա­կը, ո­րը կա­րե­լի է տես­նել հին նկար­նե­րում, ուր հինգ վկա­նե­րի հետ սուրբ Եւստ­րա­թէո­սի կող­քին պատ­կե­րո­ւած է սուրբ Վ­լա­սիո­սը, ո­րը նրա ձեռ­քից վերց­նում է կտա­կի թուղ­թը:

 

Մինչ թւում էր, թէ Կոս­տան­դիա­նո­սի թա­գա­ւո­րե­լու ժա­մա­նակ ար­դէն մա­րում էր հա­լա­ծանք­նե­րի հրդե­հը, վերս­տին դառ­նու­թեան հուր բոր­բո­քո­ւեց ա­նօ­րէն Լի­կիա­նո­սի ե­րե­սից, ո­րը Կոս­տան­դիա­նո­սի քրո­ջոր­դին էր: Սա Տի­րոջ 308 թո­ւա­կա­նին ա­րե­ւե­լեան կող­մե­րում կայսր դար­ձաւ: Մի այր էր՝ մո­լո­րո­ւած կռա­պաշ­տու­թեան մէջ, ո­րի հա­մար քրիս­տո­նեա­նե­րի դէմ սոս­կա­լի հա­լա­ծանք­ներ սկսեց: Եւ քա­նի որ լսել էր, թէ Սե­բաս­տիա­յի կող­մե­րում ծաղ­կում է աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թիւ­նը, իսկ Փոքր Հայ­քում ու Կա­պա­դով­կիա­յում օ­րէ­ցօր բազ­մա­նում են հա­ւա­տա­ցեալ­նե­րը, մտադ­րո­ւեց այդ շրջան­նե­րից իս­պառ վե­րաց­նել քրիս­տո­նէու­թեան ա­նու­նը: Այս ա­նօ­րէն գործն իրա­կա­նաց­նե­լու հա­մար ընտ­րեց ազ­գու­թեամբ յոյն, չա­րիք­ներ գոր­ծե­լուց հիւ­ծո­ւած, ան­սանձ եւ յան­դուգն Ագ­րի­կո­ղա­յո­սին, ո­րին դա­տա­ւոր ու հրա­մա­նա­տար իշ­խան կար­գեց Սե­բաս­տիա­յում եւ նրա մեր­ձա­կայ սահ­ման­նե­րում ու նրան օգ­նա­կան տո­ւեց ոմն Լիւ­սիաս ա­նու­նով դի­ւա­կերպ մէ­կին՝ որ­պէս այդ տա­րած­քի վե­րա­կա­ցու եւ տե­սուչ:

 

Երբ Սե­բաս­տիա­յի հա­ւա­տա­ցեալ­նե­րը լսե­ցին Ագ­րի­կո­ղա­յո­սի՝ ա­հազ­դու սպառ­նա­լիք­նե­րով գալս­տեան մա­սին, նրան­ցից շա­տե­րը ցրո­ւե­ցին այ­լե­ւայլ տե­ղեր, շա­տերն էլ թաք­նո­ւե­ցին ան­յայտ վայ­րե­րում: Ն­րանց հետ ե­րա­նե­լի ե­պիս­կո­պոս Վլա­սիո­սը եւս հա­ւա­տա­ցեալ­նե­րի ստիպ­մամբ որո­շեց միառ­ժա­մա­նակ ծած­կո­ւած մնալ: Ու յի­շե­լով ա­ւե­տա­րա­նա­կան «քա­ղա­քից քա­ղաք հա­լա­ծո­ւած լի­նել» խօս­քը եւ յատ­կա­պէս ու­նե­նա­լով Փրկչի՝ Եփ­րա­յի­մի ա­նա­պատ խոյս տա­լու օ­րի­նա­կը՝ ե­լաւ Սե­բաս­տիա­յից ու գնաց բնա­կո­ւե­լու Ար­գիա­սէս լե­ռան վրայ գտնո­ւող մի այ­րում, ուր չէր ե­րե­ւում ո­րե­ւէ մար­դու հետք, այլ այդ տա­րած­քում միայն գա­զան­ներ եւ ա­նա­սուն­ներ էին շրջում: Այն­տեղ ա­ռանձ­նու­թեան մէջ սկսեց հան­դար­տել ու խստա­կրօ­նու­թեամբ տրո­ւել ա­ղօթք­նե­րի, յա­րա­տեւ պա­հե­ցո­ղու­թեան եւ տքնու­թիւն­նե­րի: Վայ­րի ա­նա­սուն­նե­րը, ըն­տե­լա­նա­լով նրան, հա­ւաք­ւում էին նրա մօտ ու ա­սես թէ օրհ­նու­թիւն էին խնդրում Աս­տու­ծոյ ծա­ռա­յից, իսկ սուր­բը, բարձ­րաց­նե­լով իր ձեռ­քե­րը, օրհ­նում էր նրանց: Երբ նրան­ցից մէ­կը տկա­րա­նում էր, գա­լիս էր սուր­բի մօտ եւ ինչ­պէս բա­նա­կան մէ­կը՝ նշա­նա­ցի հաս­կաց­նե­լով ցոյց էր տա­լիս իր ցա­ւող տեղն ու չէր հե­ռա­նում այդ­տե­ղից, մին­չեւ չէր շար­ժում երա­նե­լու գու­թը՝ ի­րեն ո­ղոր­մու­թիւն ա­նե­լու հա­մար: Սուրբն էլ իր ձեռ­քը դնում էր նրա վրայ եւ Ք­րիս­տո­սի ա­նո­ւամբ ա­ռող­ջաց­նում նրան:

 

Այդ օ­րե­րին Ագ­րի­կո­ղա­յո­սի սպա­սա­ւոր­նե­րից ո­մանք դուրս ե­կան որ­սի: Այս ու այն կողմ շր­ջե­լով՝ նրան­ցից մի քա­նի­սը հա­սան այն լե­ռը, ուր թաք­նո­ւած էր Վ­լա­սիո­սը, եւ տես­նե­լով նրա այ­րի առ­ջեւ հա­ւա­քո­ւած վայ­րի գա­զան­նե­րին՝ ըն­կան նրանց յե­տե­ւից: Երբ որ­սորդ­նե­րի ա­հից կեն­դա­նի­նե­րը ցրո­ւե­ցին, նրանք տե­սան սուրբ ե­պիս­կո­պո­սին, որն ա­ղօթք էր մա­տու­ցում Աստ­ծուն: Քա­ղաք դառ­նա­լուն պէս այս մա­սին տե­ղե­կաց­րին դա­տա­ւո­րին, ո­րը հրա­ման տո­ւեց, որ որ­սորդ­նե­րի հետ իբր որս ա­նե­լու նպա­տա­կով ո­րո­նող­ներ գնան դէ­պի լեռ­ներն ու ա­մա­յի վայ­րե­րը եւ որ­տեղ թաք­նո­ւած քրիս­տո­նեա­ներ գտնեն, բե­րեն իր մօտ:

 

Ո­րո­նող­նե­րը ե­կան ու գտան Վ­լա­սիո­սին ա­ղօ­թե­լիս: Ն­րան ա­սա­ցին. «­Պատ­րաս­տո­ւի՛ր գալ մեզ հետ, քան­զի դա­տա­ւո­րը կան­չում է քեզ»: Սուրբն ու­րա­խա­նա­լով, զո­ւարթ սրտով եւ հե­զու­թեամբ պա­տաս­խա­նեց. «­Հի­մա, որ­դեակ­նե՛ր, ան­յա­պաղ գնա՛նք միա­սին, քան­զի այս գի­շեր Տէ­րը ե­րեք ան­գամ ե­րե­ւաց ինձ ու ա­սաց. «­Վե՛ր կաց եւ պա­տա­րագ մա­տու­ցիր Ինձ՝ ըստ քո քա­հա­նա­յա­պե­տու­թեան կար­գի»:

 

Ն­րանք ճա­նա­պարհ ըն­կան ու երբ տեղ-տեղ հան­գս­տա­նում էին, ե­րա­նե­լի հայ­րա­պե­տը հո­գե­լից վար­դա­պե­տու­թեամբ խօ­սում էր հե­թա­նոս­նե­րի՝ թէ՛ մե­ծե­րի եւ թէ՛ փոք­րե­րի հետ: Նա լու­սա­ւո­րեց շա­տե­րի միտ­քը, ցոյց տո­ւեց ճշմա­րիտ աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեան ճա­նա­պարհն ու տե­սակ-տե­սակ հրա­շա­գոր­ծու­թիւն­նե­րով հաս­տա­տեց նրանց հա­ւա­տի մէջ: Այդ­պէս տա­րա­ծո­ւեց նրա համ­բա­ւը բո­լոր այն վայ­րե­րում, որ­տե­ղով անց­նում էր: Աւա­ն­նե­րից եւ գիւ­ղե­րից նրա մօտ էին բե­րում բա­զում հի­ւանդ­ներ ու ցա­ւա­գար­ներ, իսկ նա, ձեռ­քը դնե­լով նրանց վրայ, ա­ռող­ջա­ցած ար­ձա­կում էր ի­րենց տնե­րը: Ոչ միայն մարդ­կանց, այ­լեւ ա­նա­սուն­նե­րին էր բժշկում, ո­րից յոյժ զար­մա­նում էին դա­տա­ւո­րի սպա­սա­ւոր­նե­րը եւ սկսում ակ­նա­ծել նրա­նից:

 

Մի կին մի­նու­ճար որ­դի ու­նէր: Պա­տա­հեց, որ այդ մա­նու­կը ձուկ ու­տե­լիս կուլ տո­ւեց փու­շը, որը, կանգ առ­նե­լով շնչա­փո­ղում, խեղ­դեց ե­րե­խա­յին, ու նա չէր կա­րո­ղա­նում խօ­սել: Իսկ ման­կան մայ­րը, լսած լի­նե­լով սուր­բի մա­սին, իր գիրկն ա­ռաւ որ­դուն եւ շտա­պեց գտնել Աս­տու­ծոյ մար­դուն: Մօ­տե­ցաւ նրան, ման­կա­նը դրեց նրա ոտ­քե­րի առ­ջեւ, ա­ղա­ղա­կեց ար­տա­սուք­նե­րով ու ա­սաց. «Ո­ղոր­մի՜ր իմ որ­դուն, Յի­սուս Ք­րիս­տո­սի ծա­ռա՛յ, քան­զի նա իմ մի­նու­ճար զա­ւակն է»: Այն­ժամ սուրբն իր ձեռ­քը դրեց ման­կան շնչա­փո­ղին, աչ­քե­րը եր­կինք բարձ­րաց­րեց եւ ա­սաց. «­Տէ՜ր, Դու, որ Բ­ժիշկն ես նրանց, ով­քեր ճշմար­տա­պէս կան­չում են Քեզ, լսի՛ր Քո ծա­ռա­յի ա­ղա­չանք­նե­րը ու Քո ան­տե­սա­նե­լի զօ­րու­թեամբ այս ե­րե­խա­յից հե­ռաց­րու վնա­սա­կար փու­շը: Եւ սրա­նից յե­տոյ եթէ ո­րե­ւէ մէ­կի հետ նման բան լի­նի ու յի­շա­տա­կի Քո ծա­ռա­յի ա­նու­նը, յա­նուն Քո մեծ ա­նո­ւան փառ­քի՝ բժ­շ­կու­թիւն պար­գե­ւիր նրան»: Երբ վեր­ջաց­րեց ա­ղօթ­քը, սուրբն ա­ռող­ջա­ցած ման­կա­նը յանձ­նեց իր մօ­րը:

 

Երբ մտաւ մի այլ գիւղ (ո­րը ո­մանք կո­չում են Նի­կո­պո­լիս), սուրբ Վ­լա­սին մօ­տե­ցաւ մի աղ­քատ եւ այ­րի կին, ո­րը ո­չինչ չու­նէր, բա­ցի մի փոքր խո­զից, ո­րին պահ ա­ռաջ յափշ­տա­կել էր գայ­լը: Նա ար­տա­սուք­նե­րով ա­ղա­չում էր ե­պիս­կո­պո­սին՝ փրկել ա­նա­սու­նին գայ­լի ե­րա­խից, իսկ սուր­բը ժպտա­լով ա­սաց նրան. «­Մի՛ տրտմիր, ո՛վ կին, քո ա­նա­սու­նը քեզ կը հաս­նի», ու սա ա­սե­լով՝ սաս­տեց գա­զա­նին, ո­րը չէր ե­րե­ւում աչ­քի ա­ռաջ: Երբ կի­նը յետ դար­ձաւ, տե­սաւ, որ գայլն ի­րեն ընդ­ա­ռաջ է գա­լիս՝ անվ­նաս բե­րե­լով իր ա­նա­սու­նին, որին թո­ղեց կնոջ մօտ եւ հե­ռա­ցաւ իր տե­ղը:

 

Արդ, երբ սուրբ Վ­լա­սիո­սը մտաւ Սե­բաս­տիա, Ագ­րի­կո­ղա­յո­սը հրա­մա­յեց մին­չեւ յա­ջորդ օ­րը նրան բան­տար­կել ու միւս օրն ա­տեան նստե­լով՝ հրա­մա­յեց իր առ­ջեւ բե­րել ե­պիս­կո­պո­սին: Դա­տա­ւո­րը նախ սկսեց մեղ­մօ­րէն խօ­սել նրա հետ եւ ա­սել. «­Տես­նում եմ քեզ ողջ ու ա­ռողջ, աս­տո­ւած­նե­րի բա­րե­կամ Վ­լա՛­սիոս, ու­րա՛խ ե­ղիր»: Ե­րա­նե­լին պա­տաս­խա­նեց. «Ու­րախ ե­ղիր եւ դու, հզ­՛օր դա­տա­ւոր, սա­կայն դու նրանց աս­տո­ւած­ներ մի՛ կո­չիր, ո­րով­հե­տեւ նրանք դե­ւեր են եւ ո՛չ աս­տո­ւած­ներ, ո­րոնք ի­րենց պաշ­տօ­նեա­նե­րով հան­դերձ, պի­տի մատ­նո­ւեն յա­ւի­տե­նա­կան հրին»: Դա­տա­ւո­րը, բար­կա­նա­լով նրա հա­մար­ձակ խօս­քե­րից, հրա­մա­յեց դա­լար գա­ւա­զան­նե­րով հա­րո­ւա­ծել նրան, որ­պէս­զի սթա­փո­ւի իր անմ­տու­թիւ­նից ու սո­վո­րի ա­նար­գե­լու փո­խա­րէն մե­ծա­րել աս­տո­ւած­նե­րին: Եր­կար ժա­մեր բա­ւա­կա­նին գա­նա­հա­րո­ւե­լուց յե­տոյ սուրբն ա­ւե­լի հա­մար­ձա­կօ­րէն ա­սաց բռ­նա­ւո­րին. «Ո՛վ լիրբ եւ ան­պատ­կառ կուռ­քե­րի պաշ­տօ­նեայ, ե­թէ կար­ծում ես, թէ տան­ջանք­նե­րի մատ­նե­լով կա­րող ես ինձ յետ դարձ­նել ճշմա­րիտ Աստ­ծուն դա­ւա­նե­լուց, չես կա­րող, քան­զի ես հա­ւա­տում եմ Ն­րան, Ով զօ­րաց­նում է ինձ՝ Յի­սուս Ք­րիս­տո­սին, կեն­դա­նի Աս­տու­ծոյ Որդուն»: Այն­ժամ դա­տա­ւո­րը հրա­մա­յեց նրան բանտ տա­նել:

 

Ե­րեք օր անց, երբ դա­տա­ւո­րը դար­ձեալ ատեան նս­տեց, իր առ­ջեւ բե­րել տո­ւեց Աս­տու­ծոյ սուր­բին ու ա­սաց. «Վ­լա­սիէ՛, ե­թէ չզո­հես աս­տո­ւած­նե­րին, կը կոր­չե՛ս չա­րա­չար մա­հո­ւամբ»: Վլա­սիոսն ա­սաց. «­Թող կոր­չե՛ն քո աս­տո­ւած­նե­րը, ո­րոնք չեն ա­րա­րել եր­կինքն ու եր­կի­րը, իսկ մա­հը, ո­րով ինձ սպառ­նում ես, ա­ռիթ կը լի­նի ինձ մտնե­լու յա­ւի­տե­նա­կան Կեանք»: Բռ­նա­ւո­րը, տես­նե­լով նրա ան­սա­սան հա­ւա­տը, հրա­մա­յեց ե­րա­նե­լուն կա­խել փայ­տից եւ եր­կա­թէ քե­րիչ­նե­րով անխ­նայ քե­րել նրա մար­մի­նը: Գե­տի պէս սկսե­ցին հո­սել նրա ա­րեան վտակ­նե­րը ու ներ­կել գե­տի­նը, սա­կայն նա իր տան­ջան­քե­րի մէջ նոյն խօս­քերն էր կրկնում եւ ա­սում դա­տա­ւո­րին. «­Դու հա­րո­ւած­ներ ես հասց­նում ինձ, սա­կայն ինձ հետ է իմ Զօ­րա­ցու­ցի­չը՝ Ք­րիս­տոս: Ես յու­սա­լով սպա­սում եմ ա­նանց Բա­րիք­նե­րին, ո­րոնք Նա պատ­րաս­տել է Իր սի­րե­լի­նե­րի հա­մար»:

 

Դա­տա­ւո­րը հրա­մա­յեց ի­ջեց­նել նրան փայ­տից ու տա­նել բանտ: Եւ մինչ տա­նում էին սուր­բին, որը ոտ­քից մին­չեւ գլուխ շա­ղա­խո­ւած էր արեամբ, Աստ­ծուց եր­կիւ­ղած եօթ կա­նայք գնում էին նրա յե­տե­ւից ու ի­րենց օ­ծում սուր­բից հե­ղո­ւած ա­րեամբ: Սա տես­նե­լով՝ դա­հիճ­նե­րը նրանց բե­րե­ցին դա­տա­ւո­րի առ­ջեւ եւ ա­սա­ցին. «Ո՛վ դա­տա­ւոր, ա­հա սրանք էլ քրիս­տո­նեա­ներ են», ու պատ­մե­ցին, ինչ որ նրանք ա­րել էին: Դա­տա­ւորն ա­սաց նրանց. «Հ­նա­զան­դո­ւե­ցէ՛ք աս­տո­ւած­նե­րին եւ նրանց զո­հեր մա­տու­ցէ՛ք»: Կա­նայք խա­բէու­թեամբ ա­սա­ցին. «Ե­թէ կա­մե­նում ես, որ զո­հենք քո աս­տո­ւած­նե­րին, հրա­մա­յիր նրանց բե­րել ծո­վ­ա­փի մօտ, որ­պէս­զի այն­տեղ լո­ւա­նա­լով մեր երես­նե­րը՝ պատ­րաստ լի­նենք կա­տա­րե­լու քո հրա­մա­նը»: Յոյժ ու­րա­խա­ցաւ բռնա­ւո­րը ու կար­ծեց, թէ նրանք կը խոս­տա­նան կա­տա­րել իր կամ­քը: Իսկ կա­նայք, վերց­նե­լով գար­շե­լի կուռ­քե­րին, գցե­ցին ծո­վը: Երբ այս լու­րը հա­սաւ բռնա­ւո­րին, նա այն­քան սաս­տիկ բար­կա­ցաւ, որ սրտմտու­թիւ­նից փո­խեց ե­րե­սի գոյ­նը: Կրճ­տաց­րեց իր ատամ­նե­րը եւ մեղ­քը գցե­լով զի­նո­ւոր­նե­րի վրայ՝ ա­սաց. «Ին­չո՞ւ նրանց թոյլ տո­ւե­ցիք աս­տո­ւած­նե­րին ծո­վը գցել»: Զի­նո­ւոր­նե­րը պա­տաս­խա­նե­ցին. «Ինչ­պէս որ քեզ հետ խօ­սե­ցին նեն­գու­թեամբ, նոյն պատ­րանք­նե­րով մեզ մո­լո­րեց­րին, քան­զի մինչ կար­ծում էինք, թէ նրանք մօ­տե­նում են, որ սի­րով երկր­պա­գեն, սա­կայն վերց­նե­լով կուռ­քե­րին՝ խոր­տա­կե­ցին ծո­վում»: Երբ ե­րա­նե­լի կա­նայք բե­րո­ւե­ցին բար­կա­ցած դա­տա­ւո­րի առ­ջեւ ու սաստ­կա­գոյն կեր­պով նա­խա­տո­ւե­ցին ի­րենց ա­րար­քի հա­մար, նրանք ա­սա­ցին. «Այն աս­տո­ւա­ծը, ո­րը պահ­պա­նու­թեան հա­մար գտնւում է զօ­րա­կան­նե­րի հսկո­ղու­թեան տակ, նա աս­տո­ւած չէ, քան­զի Աս­տո­ւած ան­վնա­սե­լի եւ ան­չար­չա­րե­լի է: Իսկ նրանք, ո­րոնց դուք աս­տո­ւած­ներ էք կո­չում, մարդ­կանց ձեռ­քի գոր­ծեր են՝ քան­դա­կո­ւած փայ­տից, ոս­կուց, քա­րից, պղ­ն­ձից՝ զուրկ մտքից ու զօ­րու­թիւ­նից եւ նման նրանց, ով­քեր ա­րա­րե­ցին ի­րենց: Եւ արդ, տե­սէ՛ք ձեր աս­տո­ւած­նե­րի ան­զօ­րու­թիւ­նը, կա­րո՞ղ են ար­դեօք նրանք ել­նել ծո­վի խոր­քե­րից»:

 

Դա­տա­ւո­րը մո­լեգ­նե­լով հրա­մա­յեց կա­պար հա­լեց­նել ու լցնել մեծ կաթ­սա­յի մէջ: Կաթ­սա­յի մի կող­մում հրա­մա­յեց դնել սու­սեր, եր­կա­թէ ճան­կեր եւ տան­ջան­քի այլ գոր­ծիք­ներ, իսկ միւս կող­մում՝ փա­փուկ կտաւ­ներ, կա­նա­ցի զար­դեր, ոս­կե­ղէն ու ար­ծա­թե­ղէն: Ա­պա կա­նանց ա­սաց. «­Ձեզ հա­մար ընտ­րե­ցէ՛ք այս եր­կու­սից մէ­կը. կա՛մ երկր­պա­գե­ցէք աս­տո­ւած­նե­րին եւ փրկե­ցէք ձեր ան­ձե­րը` այս­պի­սի փա­փուկ կտաւ­նե­րով ու զար­դե­ղէ­նով հան­դերձ, կա՛մ էլ այժմ պի­տի այ­րո­ւէք՝ նա­խա­պէս ըն­դու­նե­լով ձեզ հա­մար պատ­րաս­տո­ւած այս տան­ջանք­նե­րով խոշ­տան­գում­նե­րը»: Սուրբ կա­նայք ընտ­րե­ցին տան­ջանք­նե­րը, նրան­ցից մէկն էլ թքեց զար­դե­ղէ­նի վրայ, իսկ կտաւ­նե­րը գցեց հնո­ցի հրի մէջ: Ս­րա եր­կու ե­րե­խա­նե­րը ե­կել էին իրենց մօր յե­տե­ւից եւ տես­նե­լով տան­ջանք­նե­րով նա­հա­տա­կու­թեան պատ­րաս­տո­ւող ի­րենց մօ­րը՝ սկսե­ցին ա­ղա­չել նրան ու ա­սել. «­Մեզ էլ վերց­րու քեզ հետ եւ մի՛ թող, որ կոր­չենք այս­տեղ: Ու ինչ­պէս որ սնե­ցիր եւ յա­գեց­րիր մեզ քո քաղցր կա­թով, այժմ էլ յա­գեց­րու մեզ Աս­տու­ծոյ Ար­քա­յու­թեամբ»: Դա­տա­ւո­րը, լսե­լով այս խօս­քե­րը, սաս­տիկ բար­կա­ցաւ եւ հրա­մա­յեց տղա­նե­րին հե­ռաց­նել մօ­րից: Հ­րա­մա­յեց նրանց բանտ տա­նել, ուր գտնւում էր Վ­լա­սիո­սը, իսկ դա­հիճ­նե­րին հրա­մա­յեց կա­նանց փու­թա­պէս կա­խա­ղան հա­նել ու քե­րել մար­մին­նե­րը: Եւ հրաշք ե­ղաւ. նրանց մար­մին­նե­րը դար­ձան ձիւ­նից ա­ռա­ւել սպի­տակ ու նրան­ցից այն­քան սաս­տիկ լոյս փայ­լա­տա­կեց, որ կու­րաց­րեց նրանց նա­յող զի­նո­ւոր­նե­րի աչ­քե­րը: Ան­գամ նրանց ա­րիւնն էր ե­րե­ւում ինչ­պէս սպի­տակ կաթ: Այն­ժամ երկն­քից մի հրե­շտակ ի­ջաւ նրանց մօտ, բժշկեց նրանց բո­լոր վէր­քե­րը եւ ա­սաց. «­Մի՛ երկն­չէք, քան­զի երբ բա­րի մշակն սկսում է հնձել, ոչ թէ սկզբից է առ­նում վարձ­քը, այլ երբ կա­տա­րում է իր գոր­ծը՝ ըստ տի­րոջ կամ­քի, որն ի­րեն կան­չեց հունձք ա­նե­լու: Այն­ժամ օրհ­նու­թեամբ լի ստա­նում է իր ամ­բողջ վարձքն ու ու­րա­խու­թեամբ գնում իր տու­նը: Այս­պէս եւ դուք, որ սկսե­ցիք քա­ջու­թեամբ, համ­բե­րե­ցէ՛ք մին­չեւ մրցու­թեան վեր­ջը, որ­պէս­զի բո­լո­րի Փրկ­չից ըն­դու­նէք յա­ւի­տե­նա­կան Կեան­քը»: Այս ա­մէ­նից յե­տոյ դա­տա­ւո­րը հրա­մա­յեց ե­րա­նե­լի կա­նանց գցել բոր­բո­քո­ւած հնո­ցի մէջ, սա­կայն մտնե­լուն պէս ան­մի­ջա­պէս մա­րեց հու­րը, եւ նրանք անվ­նաս դուրս ե­լան հնո­ցից: Այս բա­նից յի­մա­րա­ցած դա­տա­ւորն ա­սաց. «­Թո­ղէ՛ք ձեր այդ կա­խար­դու­թիւ­նը եւ մօ­տե­ցէ՛ք զո­հե­լու աս­տո­ւած­նե­րին»: Իսկ սուրբ կա­նայք միա­բան ա­սա­ցին. «­Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Թա­գա­ւոր` Յի­սո՛ւս Ք­րիս­տոս, որ հրա­ւի­րե­ցիր մեզ գալ Քո Ար­քա­յու­թեան ճա­նա­պար­հով»: Ա­պա դառ­նա­լով դա­տա­ւո­րին՝ ա­սա­ցին. «­Փու­թա՛ կա­տարել, ինչ որ մտա­դիր ես, քան­զի մենք երկն­քի Ար­քա­յու­թեան հրա­ւէրն ու­նենք»: Այն­ժամ բռնա­ւո­րը զայ­րա­նա­լով հրա­մա­յեց սրով վերջ տալ նրանց:

 

Դա­հիճ­նե­րը, նրանց վերց­նե­լով, տա­րան նա­հա­տա­կու­թեան վայ­րը: Սուր­բերն ա­ղա­չե­ցին նրանց թոյլ տալ փոքր-ինչ ա­ղօ­թել: Ա­պա ծուն­կի ի­ջան ու ա­սա­ցին. «Ո՞ր աս­տո­ւածն է նման մեր Աստծուն, Ով դուրս բե­րեց մեզ խա­ւա­րից եւ կան­չեց Իր Լոյ­սի փառ­քի մէջ: Ա­ղա­չում ենք Քեզ, ո՜վ մեր Աս­տո­ւա՛ծ, հա­մա­դա­սիր մեզ Քո ա­ռա­ջին վկայ սուրբ Թեկ­ղիի հետ ու ըն­դու­նի՛ր Քո սուրբ քա­հա­նա­յա­պե­տի եւ վկա­յի՝ Վ­լա­սի ա­ղօթք­նե­րը, որն ա­ռաջ­նոր­դեց մեզ դէ­պի այս նա­հա­տա­կու­թիւ­նը»: Ու դար­ձեալ տա­րա­ծե­լով ի­րենց ձեռ­քե­րը՝ աչ­քե­րը եր­կինք բարձ­րաց­րին եւ ա­սա­ցին. «­Փա՜ռք Քեզ, ո՜վ մեր Ք­րիս­տոս Աս­տո­ւած, որ մեզ ար­ժա­նաց­րիր կանգ­նել զո­հա­սե­ղա­նին` իբ­րեւ մոր­թո­ւե­լու տա­րո­ւող ոչ­խար­ներ: Եւ արդ, Քո սուրբ Սե­ղա­նի վրայ ըն­դու­նիր մեր հո­գի­նե­րը` իբ­րեւ պա­տա­րագ»: Ու մինչ­դեռ խօս­քե­րը բե­րան­նե­րում էին, դա­հիճ­նե­րը սրով կտրե­ցին ե­րա­նե­լի­նե­րի գլուխ­նե­րը, ո­րոնք յօ­ժա­րա­կամ մատ­նե­ցին ի­րենց ան­ձե­րը Ք­րիս­տո­սի հան­դէպ ու­նե­ցած յոյ­սի եւ սի­րոյ հա­մար:

 

Իսկ դա­տա­ւորն օ­րո­ւայ եր­րորդ ժա­մին նստեց ա­տեան ու հրա­մա­յեց բան­տից Վ­լա­սին իր առ­ջեւ բե­րել: Երբ Վ­լա­սը կանգ­նեց ա­տեա­նի առ­ջեւ, դա­տա­ւորն սկսեց խօ­սել նրա հետ եւ ա­սել. «Վ­լա­սիէ՛, այժմ կը զո­հե՞ս կուռ­քե­րին»: Սուր­բը պա­տաս­խա­նեց. «Ո՞վ է այն մար­դը, որն Աստ­ծուն որ­պէս ճշմա­րիտ Ա­րա­րիչ ճա­նա­չե­լուց յե­տոյ, կ'երկր­պա­գի ան­շունչ կուռ­քե­րին: Դու, որ խար­խա­փում ես խա­ւա­րում, երկր­պա­գում ես քա­րե­րին ու փայ­տին, իսկ ես՝ երկն­քի եւ երկ­րի Ա­րար­չին: Ու սա էլ ի­մա­ցիր. ես չեմ վա­խե­նում քո սպառ­նա­լիք­նե­րից, տան­ջի՛ր ինձ, ինչ­պէս կա­մե­նում ես, քան­զի դու միայն մար­մինս կա­րող ես տան­ջել, իսկ հո­գուս վրայ իշ­խա­նու­թիւն ու­նի միայն Ա­րա­րի­չը»: Դա­տա­ւորն ա­սաց. «Ա՛յ թշո­ւա­ռա­կան, ե­թէ քեզ գցեմ ծո­վի խոր­քե­րը, քեզ ինչ­պէ՞ս կը փրկի Նա, Ում դու երկր­պա­գում եւ պաշ­տում ես»: Հայ­հո­յի­չի այս ար­հա­մար­հա­կան խօս­քե­րից սուրբ ե­պիս­կո­պո­սը, վա­ռո­ւե­լով աս­տո­ւա­ծա­յին նա­խան­ձա­խնդրու­թեամբ, պա­տաս­խա­նեց խստա­գոյն խօս­քե­րով ու ա­սաց. «Ո՛վ ան­միտ, ե­թէ դու կար­ծում ես, թէ երկր­պա­գե­լով գար­շե­լի կուռ­քե­րին` կա­րող ես փր­կո­ւել, ա­պա վա՛յ քեզ, երի՛ցս թշո­ւա­ռա­կան եւ ա­րիւն­ար­բու գա­զան, քան­զի դու յա­ւի­տե­նա­կան հուրն ես ժա­ռան­գե­լու: Իսկ այժմ ջրե­րի վրայ ես քեզ ցոյց կը տամ իմ Տի­րոջ զօ­րու­թիւ­նը, Ո­րին պաշ­տում եմ»: Այն­ժամ իշ­խա­նը հրա­մա­յեց նրա պա­րա­նո­ցից քար կա­պել ու ընկղ­մել ծո­վի մէջ (ո­րը Սե­բաս­տիա­յի լիճն է): Նա, ա­ռաջ գնա­լով, Խա­չի նշա­նով կնքեց ջու­րը, եւ ահա այն փո­խեց իր լոյծ[1] բնու­թիւ­նը, կարծ­րա­ցաւ, ու սուր­բը քայ­լեց ծո­վի՝ ինչ­պէս ցա­մա­քի վրա­յով: Ա­պա դառ­նա­լով դա­հիճ­նե­րին եւ հե­թա­նոս­նե­րի բազ­մու­թեա­նը՝ ա­սաց. «Ե­թէ դուք ա­ս­տո­ւա­ծներ ու­նէք, ա­պա ե­կէք այս­տեղ ու ցոյց տո­ւէք նրանց զօ­րու­թիւ­նը»: Այս խօս­քե­րի վրայ նրանք հա­մար­ձակ դի­մե­ցին դէ­պի ծո­վը, սա­կայն մօտ վաթ­սու­նութ մարդ ընկղ­մո­ւեց ծո­վի խոր­քե­րը: Այն­ժամ Աս­տու­ծոյ հրեշ­տակն ի­ջաւ սուր­բի մօտ եւ ա­սաց. «Ու­րա՛խ ե­ղիր, Աս­տու­ծո՛յ քա­հա­նա­յա­պետ, ե­լի՛ր այս երկ­րից, ե՛կ ու ըն­դու­նի՛ր Աստ­ծուց քեզ հա­մար պատ­րաս­տո­ւած պսա­կը»: Սուր­բը, քայ­լե­լով ծո­վի վրա­յով, դուրս ե­կաւ ցա­մաք, եւ ողջ հա­ւա­քո­ւած ժո­ղո­վուր­դը տե­սաւ, որ լոյս էր ծա­գում նրա ե­րե­սից, ու սքան­չե­լի տեսք ու­նէր: Բայց բռնա­ւոր Ագ­րի­կո­ղա­յո­սը, սուր­բի բո­լոր գոր­ծե­րը կա­խար­դու­թիւն հա­մա­րե­լով, ա­սաց նրան. «Ին­չո՞ւ ես այդ­չափ յա­մա­ռում: Այդ­քան մեռ­նե­լը աս­տո­ւած­նե­րին զո­հա­բե­րե­լուց լա՞ւ ես հա­մա­րում»: Սուրբն ա­սաց. «Ի­մա­ցի՛ր, ո՛վ դա­տա­ւոր, որ ես Սուրբ Աս­տու­ծոյ ծա­ռան եմ եւ գար­շե­լի կուռ­քե­րին չե՛մ զո­հի»: Դա­տա­ւո­րը բար­կա­ցաւ ու ան­մի­ջա­պէս գլխատ­ման այս­պի­սի մա­հա­վճիռ ար­ձա­կեց. «Վ­լա­սիո­սին, որն ար­հա­մար­հեց ինք­նա­կալ թա­գա­ւո­րի հրա­մա­նը եւ ա­ն­ար­գեց աս­տո­ւած­նե­րին, հրա­մա­յում եմ դա­սել մա­հա­պարտ­նե­րի հետ ու սրով կտրել նրա գլու­խը: Հ­րա­մա­յում եմ այս վճի­ռը տա­րա­ծել նաեւ այն եր­կու մա­նուկ­նե­րի վրայ, ո­րոնք մո­լո­րո­ւե­ցին՝ հե­տե­ւե­լով նրա մո­գու­թեա­նը»:

 

Ն­րանց տա­րան նա­հա­տա­կու­թեան վայ­րը, եւ մինչ դա­հի­ճը պատ­րաս­տում էր իր սու­րը, սուրբ հայ­րա­պետն սկսեց ա­ղօ­թել՝ ա­սե­լով. «­Գո­հա­նում եմ ­Քե­զա­նից, ­Տէ՜ր Աս­տո­ւած իմ, որ փրկե­ցիր ինձ կռա­պաշ­տու­թիւ­նից ու բե­րե­ցիր խա­ւա­րից դէ­պի լոյս, ան­գի­տու­թիւ­նից դէ­պի ճշմա­րիտ գի­տու­թիւն: ­Զօ­րու­թիւն­նե­րի՛ ­Տէր, որ նստում ես քե­րով­բէ­նե­րի վրայ եւ բա­ցում երկն­քի սա­հանք­նե­րը[2], որ ձգե­ցիր ­Քո ա­ղե­ղը ամ­պե­րի մէջ, կոր­ծա­նե­ցիր սա­տա­նա­յին ու ոչն­չաց­րիր վի­շա­պի զօ­րու­թիւ­նը, լսի՛ր ծա­ռա­յիդ ա­ղա­չանք­նե­րը եւ օգ­նու­թեան հա­սիր ­Քո հա­ւա­տա­ցեալ­նե­րի հո­գու ու մարմ­նի բո­լոր կա­րիք­նե­րի դէպ­քում: Եւ ե­թէ մէ­կը պա­տահ­մամբ կուլ տայ փուշ կամ ոս­կոր եւ կամ նման ինչ-որ նե­ղու­թեան հան­դի­պի, ու ե­թէ ­Քո աս­տո­ւա­ծու­թեան առ­ջեւ կան­չեն իմ ա­նու­նը, կա­տա­րի՛ր նրանց իւ­րա­քան­չիւր խնդրան­քը»: Ա­ղօ­թե­լուց յե­տոյ երկն­քից ամպ ի­ջաւ եւ ծած­կեց նրան: Ամ­պի մի­ջից Փր­կի­չը խօ­սեց նրա հետ ու ա­սաց. «Իմ քա՛ջ նա­հա­տակ, կը կա­տա­րե՛մ քո բո­լոր խնդրանք­նե­րը եւ քո խնդրա­ծից ա­ւե­լին կ­'ա­նեմ: ­Յա­նուն Ինձ քո բա­րի նա­հա­տա­կու­թեան՝ կ­'օրհ­նեմ բո­լոր նրանց տնե­րը, ով­քեր կը կա­տա­րեն քո յի­շա­տա­կը, ու նրանց շտե­մա­րան­նե­րը բա­րիք­նե­րով կը լցնեմ: Իսկ դու ա­րի՛ եւ հանգս­տա­ցի՛ր ան­ճա­ռե­լի փառ­քի մէջ, ո­րը քեզ հա­մար պատ­րաս­տե­ցիր քո ճգնու­թիւն­նե­րով»: ­Սա ա­սե­լով՝ Փրկի­չը եր­կինք վե­րա­ցաւ:

 

Իսկ դա­հիճ­նե­րը քա­ղա­քից դուրս՝ պա­րիսպ­նե­րի մօտ գլխա­տե­ցին սուրբ Վ­լա­սիո­սին ու եր­կու մա­նուկ­նե­րին: Եւ մի բա­րե­պաշտ կին, ո­րի ա­նունն էր Ե­ղի­սեա, վերց­րեց նրանց նշխար­ներն ու ամ­փո­փեց նրանց նա­հա­տա­կու­թեան վայ­րում: Այդ տե­ղը նշա­նա­ւոր դար­ձաւ` սուրբ Վ­լա­սի բա­րե­խօ­սու­թեամբ կա­տա­րո­ւած բա­զում հրաշք­նե­րի եւ բժշկու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով: Ն­րա նա­հա­տա­կու­թիւ­նը ե­ղաւ ­Տի­րոջ 315 թո­ւա­կա­նի փետ­րո­ւա­րի 10-ին կամ 11-ին՝ ­Լի­կիա­նո­սի թա­գա­ւո­րու­թեան օ­րօք:

 

Ողջ աշ­խար­հի բո­լոր քրիս­տո­նէա­կան Ե­կե­ղե­ցի­նե­րում փա­ռա­ւո­րո­ւեց սուր­բի ա­նու­նը: ­Բո­լոր տե­ղե­րում նրա ա­նո­ւամբ կա­ռու­ցո­ւե­ցին բա­զում Ե­կե­ղե­ցի­ներ՝ նախ ­Սե­բաս­տիա­յում, ա­պա Ա­սիա­յի միւս քա­ղաք­նե­րում:

[1] Լոյծ − հեղուկ վիճակում եղող, հոսանուտ:

[2] Սահանք − ջրերի սրընթաց սահել-հոսելը բարձրից՝ շեղ հունով: