Գիրք` 5. Բ Օրենք

Գլուխ 19

Ապաստանի քաղաքներ
   
1. «Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում,
2. քեզ համար երեք քաղաք կառանձնացնես քո երկրում, որը քո Տեր Աստվածը կտա քեզ իբրև ժառանգություն։
3. Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։
4. Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանի մասին օրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ.
5. մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի,
6. որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։
7. Դրա համար էլ ես քեզ պատվիրում և ասում եմ, որ երեք քաղաք առանձնացնես քեզ համար։
8. Եթե քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես երդվել էր քո հայրերին, և քեզ տա այդ ամբողջ երկիրը, որ խոստացել էր տալ քո հայրերին,
9. և եթե դու պահես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Տեր Աստծուն և միշտ ընթանաս նրա ճանապարհներով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ուրիշ երեք քաղաքներ ևս,
10. որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։
11. Բայց եթե մի մարդ ոխ ունենա իր մերձավորի հանդեպ, դարանամուտ լինի և վեր կենա նրա դեմ և հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը,
12. ապա նրա քաղաքի ծերերը թող մարդ ուղարկեն, և սրանք վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրեժխնդիր եղողի ձեռքը, որ նա մեռնի։
13. Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։
   
Հին կալվածքի սահմաններ
   
14. Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։
   
Վկաների մասին
   
15. Որևէ անօրենության և մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ, ինչպիսին էլ լինի նրա գործած մեղքը. այլ երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի այդ բանը։
16. Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ և նրա մասին վկայություն տա նրա անօրենության համար,
17. ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ,
18. և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ,
19. այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։
20. Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։
21. Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։