Գիրք` 5. Երկրորդում Օրինաց

Գլուխ 19

 

1. Եւ եթէ սատակեսցէ տէր Աստուած քո զազգսն` զորոց տէր Աստուած տացէ քեզ զերկիրն նոցա. եւ ժառանգեսցես զնոսա, եւ բնակեսցես ի քաղաքս եւ ի տունս նոցա:

2. երիս քաղաքս զատուսցես քեզ ի միջոյ երկրին զոր տէր Աստուած քո տացէ քեզ:

3. Նկատեսցես քեզ զճանապարհն, եւ ընդ երիս բաժանեսցես զսահմանս երկրին քո. զոր բաժանեսցէ քեզ տէր Աստուած քո. եւ եղիցի անդ ապաստան ամենայն սպանողի:

4. Որ փախչիցի անդր` ապրեսցի: Որ ոք հարկանիցէ զընկեր իւր ակամայ. եւ նա ոչ ատեայր զնա եւ յերէկ եւ յեռանդ:

5. եւ որ ոք մտանիցէ ընդ ընկերի իւրում ի մայրի հարկանել փայտ. եւ ամբարձեալ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ, եւ անկանիցի երկաթն ի մաղխէ անտի, եւ դիպիցի ընկերին եւ մեռանիցի, փախիցէ անկցի ի մի քաղաքացն այնոցիկ եւ կեցցէ:

6. Զի մի պնդեսցի մերձաւորն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ նորա. եւ հասանիցէ նմա` եթէ հեռագոյն իցէ ի նմանէ ճանապարհն, եւ հարկանիցէ զանձն նորա. եւ նմա չէ դատաստան մահու. զի ոչ ատեայր զնա յերէկն եւ յեռանդն:

7. Վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայս` եւ ասեմ. Երիս քաղաքս զատուսցես քեզ:

8. Եւ էթէ ընդարձակեսցէ քեզ տէր Աստուած քո զսահմանս քո որպէս երդու Տէր հարցն քոց. եւ տացէ քեզ Տէր զամենայն երկիրն` զոր խոստացաւ տալ հարցն քոց:

9. եւ էթէ լուիցես առնել զամենայն զպատուիրանս զայսոսիկ զոր ես պատուիրեմ քեզ այսաւր, սիրել զտէր Աստուած քո, գնալ յամենայն ճանապարհս նորա զամենայն աւուրս: Եւ յաւելցես քեզ այլ եւս երիս քաղաքս յայնս յերեսին.

10. եւ մի հեղցի արիւն անպարտ յերկրին քում, զոր տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն. եւ մի ոք լիցի ի միջի քո պարտական արեան:

11. Եւ էթէ լինիցի այր որ ատիցէ զընկեր իւր, եւ դարան գործիցէ նմա, եւ յարիցէ ի վերայ նորա, եւ հարկանիցէ զանձն նորա եւ մեռանիցի. եւ փախչիցի ի մի ի քաղաքացն յայնոցիկ.

12. առաքեսցեն ծերակոյտ քաղաքի նորա եւ առցեն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ի ձեռս մերձաւոր արեանն եւ մեռցի:

13. Եւ մի խնայեսցէ ակն քո ի նա. եւ սրբեսցես զարիւնն անպարտ յԻսրայէլէ, եւ բարի լիցի քեզ:

14. Մի փոխեսցես զսահմանս ընկերի քո` զոր հաստատեցին հարք քո ի ժառանգութեան քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր տէր Աստուած տացէ քեզ ի ժառանգութիւն:

15. Ոչ հաստատեսցի մի վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան, եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչիցէ: Ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան:

16. Եւ էթէ կայցէ յառաջ սուտ վկայ զմարդոյ, եւ չարախաւսեսցէ զնմանէ ամպարշտութիւն ինչ.

17. կայցեն երկոքին արքն որոց իցէ հակառակութիւնն, առաջի Տեառն, եւ առաջի քահանայիցն եւ առաջի դատաւորացն որ իցեն յաւուրսն յայնոսիկ.

18. եւ քննեսցեն դատաւորքն ճշմարտութեամբ. եւ ահա վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն. եկաց հակառակ եղբաւր իւրում.

19. արասջիք նմա որպէս խաւսեցաւ չար առնել եղբաւր իւրում. եւ բարձէք զչարն ի միջոյ ձերմէ:

20. Եւ այլոցն լուեալ` զահի հարկանիցին, եւ մի եւս յաւելուցուն առնել ըստ բանին ըստ այնմիկ չարի ի միջի ձերում.

21. մի խնայեսցէ ակն քո ի նմա: Անձն ընդ անձին. ակն ընդ ական. ատամն ընդ ատաման. ձեռն ընդ ձեռին. ոտն ընդ ոտին: