Գիրք` 6. Հեսու

Գլուխ 12

Մովսեսից պարտություն կրած թագավորները
   
1. Սրանք են այն թագավորները, որոնց հարվածեցին Իսրայելի որդիները և որոնց երկրները գրավեցին Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռն ու ամբողջ դաշտավայրը՝ դեպի արևելյան կողմը։
2. Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը,
3. նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։
4. Եվ Բասանի Օգ թագավորը, որը հսկաների ցեղի մնացորդներից էր և որը բնակվում էր Աստարովթում ու Եդրայիում,
5. և տիրում էր Հերմոն լեռանը, Սելքային և ամբողջ Բասանին մինչև գեսուրացիների և մաքաթացիների սահմանը, Գաղաադի կեսին մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի սահմանը։
6. Տիրոջ ծառա Մովսեսը Իսրայելի որդիների հետ հարվածեց նրանց և Տիրոջ ծառա Մովսեսը նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Ռուբենի, Գադի սերունդներին և Մանասեի կես ցեղին։
   
Հեսուից պարտություն կրած թագավորները
   
7. Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ.
8. սարերում, հովիտներում, դաշտերում, սարերի ստորոտներում, անապատում և հարավային կողմում բնակվող քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին.
9. Երիքովի թագավորը՝ մեկ, Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը՝ մեկ,
10. Երուսաղեմի թագավորը՝ մեկ, Քեբրոնի թագավորը՝ մեկ,
11. Հերիմութի թագավորը՝ մեկ,
12. Լաքիսի թագավորը՝ մեկ, Էգղոնի թագավորը՝ մեկ, Գազերի թագավորը՝ մեկ,
13. Դաբիրի թագավորը՝ մեկ, Գադերի թագավորը՝ մեկ,
14. Հորմայի թագավորը՝ մեկ, Արադի թագավորը՝ մեկ,
15. Լեբնայի թագավորը՝ մեկ, Ոդողոմի թագավորը՝ մեկ, Մակեդայի թագավորը՝ մեկ,
16. Բեթելի թագավորը՝ մեկ,
17. Թափուայի թագավորը՝ մեկ,
18. Ոփերի թագավորը՝ մեկ, Ափեկի թագավորը՝ մեկ, Լասարոնի թագավորը՝ մեկ,
19. Մադոնի թագավորը՝ մեկ, Հասորի թագավորը՝ մեկ,
20. Սամրոն-Մառոնի թագավորը՝ մեկ,
21. Աքսափի թագավորը՝ մեկ, Թանաքի թագավորը՝ մեկ, Մակեդովի թագավորը՝ մեկ,
22. Կադեսի թագավորը՝ մեկ, Կարմելի Հեկնամի թագավորը՝ մեկ,
23. Դորի գավառում Դորի թագավորը՝ մեկ,
24. Գաղգաղայի Գոյիմ թագավորը՝ մեկ, Թերսայի թագավորը՝ մեկ։ Բոլորը՝ երեսունմեկ թագավոր։