Թագավորը հեռացնում է կռապաշտությունը
(Բ Մն. 34.3-7, 29-33)
1․ Թագավորը մարդիկ ուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։
2․ Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։
3․ Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։
Կրոնական բարեփոխումներ Հուդայում
4․ Թագավորը հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ քահանաներին և դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս հանեն Բահաղի ու Աստարովթի համար և երկնքի բոլոր զորությունների համար շինված բոլոր իրերը, և դրանք այրեց Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի դաշտավայրում, ու նրանց մոխիրը տարավ Բեթել։
5․ Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։
6․ Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը, տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։
7․ Եվ քանդեց իգացողների տները, որոնք գտնվում էին Տիրոջ տան մեջ, որտեղ կանայք ծածկոցներ էին գործում Աստարովթի համար։ 8․ Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։
9․ Սակայն Բարձր տեղերի քահանաները չէին գնում Երուսաղեմում գտնվող Տիրոջ սեղանի մոտ, բայց բաղարջը ուտում էին իրենց եղբայրների հետ։
10․ Եվ նա պղծեց Տոփեթը, որը գտնվում էր Ենովմի որդու ձորում, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ աղջկան Մողոքի համար չայրի կրակով որպես ողջակեզ։
11․ Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում, արեգակի կառքերն այրեց կրակով։
12․ Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։
13․ Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։
14․ Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։
15․ Նաև այն սեղանը, որը Բեթելում էր, և այն բարձր տեղը, որը շինել էր Նաբատի որդի Հերոբովամը, որ մեղանչել էր տվել Իսրայելին, այդ զոհասեղանն ու Բարձր տեղն էլ քանդեց. և Բարձր տեղն այրեց, մանրեց ու փոշի դարձրեց. այրեց նաև Աստարովթը։
16․ Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին, մարդ ուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։
17․ Եվ թագավորն ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ»։ Այն քաղաքի մարդիկ ասացին. «Դա Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայից և Բեթելի այս սեղանի մասին ասաց այն խոսքերը, որ դու արեցիր»։
18․ Թագավորն ասաց. «Հանգի՛ստ թողեք դրան, ոչ ոք նրա ոսկորները չշարժի տեղից»։ Եվ նրա ոսկորները պահեցին Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ։
19․ Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։
20․ Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։
Հովսիան տոնում է Զատիկը
(Բ Մն. 35.1-19)
21․ Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։
22․ Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։
23․ Բայց Հովսիա թագավորի տասնութերորդ տարում այս զատիկը Տիրոջ համար կատարվեց Երուսաղեմում։
Հովսիան ուրիշ բարեփոխումներ է անում
24․ Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։
25․ Եվ նրանից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել, որ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը՝ Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն, և ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ։
26․ Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։
27․ Եվ Տերն ասաց. «Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից, ինչպես որ մերժեցի Իսրայելին, և պիտի դեն գցեմ այս քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այս տունը, որի համար ասացի. “Իմ անունը պիտի լինի այնտեղ”»։
Հովսիայի թագավորության վախճանը
(Բ Մն. 35.20–36.1)
28․ Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
29․ Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։
30․ Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։
Հուդայի Հովաքազ թագավորը
(Բ Մն. 36.2-4)
31․ Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։
32․ Նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։
33․ Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։
34․ Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։
Հուդայի Հովակիմ թագավորը
(Բ Մն. 36.5-8)
35․ Հովակիմը արծաթն ու ոսկին տվեց փարավոնին. բայց որպեսզի արծաթը տար փարավոնի պահանջածի պես, նա հարկ դրեց երկրի վրա. յուրաքանչյուր մարդուց, երկրի ժողովրդից պահանջեց իր դրած հարկի չափ արծաթն ու ոսկին, որպեսզի Նեքավով փարավոնին տա։
36․ Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Զաբիդա էր՝ ռումացի Փադայիայի դուստրը։
37․ Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: