Իսրայելի և Մովաբի պատերազմը
1. Աքաաբի որդի Հովրամն Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հոսափատ թագավորի տասնութերորդ տարում և թագավորեց տասներկու տարի։
2. Եվ չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ թե իր հոր և իր մոր պես, թեև վերացրեց իր հոր շինած Բահաղի արձանը։
3. Սակայն հետևեց Նաբատի որդի Հերոբովամի այն մեղքին, որով նա մեղանչել էր տվել Իսրայելին. չհեռացավ դրանից։
4. Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։
5. Երբ Աքաաբ թագավորը մեռավ, Մովաբի թագավորն ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ։
6. Այդ ժամանակ Հովրամը դուրս եկավ Սամարիայից և ամբողջ Իսրայելի զորահավաք արեց։
7. Եվ գնաց ու մարդ ուղարկեց Հուդայի Հոսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբացիների թագավորն ապստամբել է իմ դեմ. ինձ հետ կգա՞ս պատերազմելու մովաբացիների դեմ»։ Եվ նա ասաց. «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։
8. Եվ նա ասաց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա էլ ասաց. «Եդովմի անապատի ճանապարհով»։
9. Եվ գնացին Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը և Եդովմի թագավորը և յոթ օր պտույտ տվեցին, և ջուր չկար ո՛չ բանակի համար և ո՛չ էլ նրանց հետ եղած անասունների համար։
10. Իսրայելի թագավորն ասաց. «Ափսո՜ս, որ Տերը կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի թագավորի ձեռքը մատնի»։
11. Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեն, որը ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին»։
12. Հոսափատն ասաց. «Տիրոջ խոսքը կա նրա մոտ»։ Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան նրա մոտ։
13. Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր մարգարեների մոտ և քո մոր մարգարեների մոտ»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Ո՛չ, որովհետև Տերն այս երեք թագավորներին կանչել է, որ նրանց մատնի Մովաբի թագավորի ձեռքը»։
14. Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հոսափատ թագավորին, քեզ նույնիսկ չէի նայելու և չէի տեսնելու քեզ։
15. Բայց հիմա մի նվագածո՛ւ բերեք ինձ համար»։ Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։ 16Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք”։
17. Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։
18. Բայց սա մի թեթև բան է Տիրոջ աչքին. նա Մովաբն էլ պիտի հանձնի ձեր ձեռքը։
19. Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։
20. Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։
21. Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։
22. Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։
23. Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։
24. Եվ եկան դեպի Իսրայելի բանակը, բայց իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։
25. Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։
26. Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ ճակատամարտը սաստկացավ իր դեմ, յոթ հարյուր սուսերակիր զինվորներ վերցրեց իր հետ, որպեսզի ճեղքեն և հասնեն Եդովմի թագավորին, բայց չկարողացան։
27. Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձան իրենց երկիրը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: