Նեեմանը բուժվում է
1. Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։
2. Մի անգամ ասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։
3. Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։
4. Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։
5. Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։
6. Եվ Իսրայելի թագավորին բերեց նամակը, որի մեջ ասված էր. «Արդ այս նամակը հենց որ հասնի քեզ, իմացի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից»։
7. Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձները և ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու համար. սակայն դուք իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա կռվի պատճառ է որոնում իմ դեմ»։
8. Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձը, այդ ժամանակ մարդ ուղարկեց թագավորի մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ պատռեցիր քո հանդերձը. թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։
9. Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։
10. Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։
11. Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։
12. Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։
13. Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. “Լվացվի՛ր և կմաքրվես”»։
14. Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։
15. Նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծու մարդու մոտ, կանգնեց նրա առաջ և ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում. և հիմա խնդրում եմ, մի ընծա՛ ընդունիր քո ծառայից»։
16. Բայց նա ասաց. «Կենդանի է Տերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի»։ Նեեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։
17. Եվ Նեեմանն ասաց. «Հիմա, որ չես ընդունում, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլևս ուրիշ աստվածների ողջակեզ կամ զոհ չի մատուցելու։
18. Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն՝ այն, որ երբ իմ տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, և ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն՝ Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար, թող Տերը ների քո ծառային»։
19. Եվ նա ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։
20. Գեեզին՝ Աստծու մարդու՝ Եղիսեի ծառան, ասաց. «Ահա իմ տերը խնայեց այս ասորի Նեեմանին և բերածը չվերցրեց նրա ձեռքից։ Կենդանի է Տերը, եթե ես չվազեմ նրա ետևից և մի բան չվերցնեմ նրանից»։
21. Եվ Գեեզին վազեց Նեեմանի ետևից. և երբ Նեեմանը տեսավ, որ մեկը վազում է իր ետևից, կառքից թռավ ցած՝ նրան դիմավորելու, և ասաց. «Խաղաղությա՞մբ է»։
22. Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է. իմ տերն ինձ ուղարկեց, թե՝ “Հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբից երկու պատանի են եկել։ Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու փոխնորդ հանդե՛րձ տուր”»։
23. Եվ Նեեմանն ասաց. «Բարեհաճի՛ր, ա՛ռ երկու տաղանդ». և նրան ստիպեց ու երկու տաղանդ արծաթը ծրարեց երկու պարկի մեջ և երկու փոխնորդ հանդերձը ու տվեց իր երկու ծառաներին, որոնք տարան նրա առջևից։
24. Երբ բլրին հասան, վերցրեց նրանց ձեռքից և թաքցրեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց, ու նրանք գնացին։
25. Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ, և Եղիսեն ասաց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։
26. Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից՝ քեզ դիմավորելու. մի՞թե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ և աղախիններ առնելու ժամանակն է հիմա։
27. Ուստի թող Նեեմանի բորոտությունը հավիտյան կպչի քեզ ու քո սերնդին»։ Գեեզին նրա մոտից դուրս եկավ բորոտությունից ճերմակ՝ ձյունի նման։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: