Կացնի գլխի գտնվելը
1. Մարգարեների որդիներն ասացին Եղիսեին. «Այս տեղը, որ մենք բնակվում ենք քո առաջ, նեղ է մեզ համար։
2. Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։
3. Նրանցից մեկն ասաց. «Բարեհաճի՛ր դու էլ գնալ քո ծառաների հետ»։ Եվ նա ասաց. «Ես էլ կգամ»։
4. Եվ գնաց նրանց հետ։ Եկան Հորդանան և կտրում էին ծառերը։
5. Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։
6. Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։
7. Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։
Ասորական բանակը պարտվում է
8. Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։
9. Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։
10Ե. վ Իսրայելի թագավորը մարդ ուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամ զգուշացավ։
11. Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. «Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։
12. Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։
13.Եվ նա ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. «Դոթայիմում է»։
14. Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։
15. Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։
16. Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։
17. Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։
18. Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։
19. Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։
20. Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։
21. Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկե՞մ, զարկե՞մ, հա՛յր իմ»։
22. Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։
23. Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար. նրանք կերան ու խմեցին, և հետո նրանց արձակեց, ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ, և ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։
Սամարիայի պաշարումը
24. Դրանից հետո ասորիների Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակը, ելավ ու պաշարեց Սամարիան։
25. Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսուն սիկղ արծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգ սիկղ արծաթով։
26. Եվ երբ մի անգամ Իսրայելի թագավորն անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակեց և ասաց նրան. «Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր իմ թագավոր»։
27. Եվ նա ասաց. «Եթե Տերը քեզ չօգնի, ես որտեղի՞ց օգնեմ քեզ՝ կալի՞ց, թե՞ հնձանից»։
28. Եվ թագավորը նրան ասաց. «Ի՞նչ է եղել»։ Նա էլ ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Քո տղային տո՛ւր, որ այսօր ուտենք, իմ տղային էլ վաղը կուտենք”։
29. Մենք էլ տղայիս եփեցինք և կերանք նրան։ Ես մյուս օրն իրեն ասում եմ. “Տո՛ւր քո տղային, որ ուտենք”, բայց նա թաքցրել է իր տղային»։
30. Եվ երբ թագավորը լսեց այդ կնոջ խոսքերը, պատռեց իր հանդերձը պարսպի վրայով գնալիս, և ժողովուրդը տեսավ, որ ներսի կողմից նրա մարմնի վրա քուրձ էր։
31. Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։
32. Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։
33. Նա տակավին խոսում էր նրանց հետ, երբ ահա պատգամավորն իջավ նրա մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջ կողմից է, այլևս ի՞նչ սպասեմ Տիրոջից»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: