Գիրք` 6. Հեսու

Գլուխ 8

Գայիի գրավումը և կործանումը
1. Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։
2. Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։
3. Հեսուն և բոլոր պատերազմող մարդիկ վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր մարդ ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։
4. Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։
5. Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առջևից։
6. Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։
7. Բայց դուք դո՛ւրս ելեք դարանից և վերցրե՛ք քաղաքը, որովհետև ձեր Տեր Աստվածն այն ձեր ձեռքը կհանձնի։
8. Երբ քաղաքը վերցնեք, քաղաքն այրե՛ք կրակով. Տիրոջ ասածի պես կանեք։ Ահա ձեզ պատվիրեցի»։
9. Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։
10. Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։
11. Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։
12. Հետո հինգ հազարի չափ մարդ առավ և նրանց դարան մտցրեց Բեթելի ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։
13. Ժողովուրդը ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում, իսկ դարանը՝ քաղաքի արևմտյան կողմում։ Հեսուն այդ գիշեր մնաց ձորում։
14. Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։
15. Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։
16. Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։
17. Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։
18. Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։
19. Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։
20. Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։
21. Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։
22. Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։
23. Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։
24. Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։
25. Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։
26. Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ բնաջինջ արեց Գայիի բոլոր բնակիչներին։
27. Իսրայելացիները միայն անասուններին ու քաղաքի ավարը վերցրին իրենց համար՝ ըստ այն խոսքի, որ Տերը պատվիրել էր Հեսուին։
28. Հեսուն Գային այրեց և այն մշտնջենական ավերակների մի դեզ դարձրեց մինչև այսօր։
29. Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ, որ կա մինչև այսօր։
   
Օրենքի ընթերցումը Գեբաղ լեռան վրա
   
30. Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա,
31. ինչպես Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել էր Իսրայելի որդիներին, և ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում. այդ զոհասեղանն անտաշ քարերից էր, որոնց երկաթ չէր դիպել։ Դրա վրա Տիրոջ համար ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր զոհեցին։
32. Եվ այնտեղ՝ այդ քարերի վրա, գրեց Մովսեսի օրենքի մի օրինակը, որը նա գրել էր Իսրայելի որդիների առջև։
33. Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։
34. Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։
35. Մովսեսի բոլոր պատվիրաններից բնավ մի խոսք չմնաց, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ կանանց, երեխաների և իսրայելացիների մեջ ապրող օտարականների առջև։