Գիրք` 26. Ժողովող

Գլուխ 10

1. Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը։

2. Իմաստունի սիրտն իր աջ կողմում է, իսկ անմիտի սիրտը՝ իր ձախ կողմում։

3. Նույնիսկ ճանապարհով գնալիս անխելքը պակասամիտ է և բոլորին կասի, որ ինքն անխելք է։

4. Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.

5. Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։

6. Հիմարությունը շատ բարձր տեղերում է դրվում, իսկ հարուստները ցածր տեղում են նստում։

7. Ստրուկների տեսա ձիերի վրա և իշխանների, որ ստրուկների պես քայլում էին երկրի վրա։

8. Ով որ փոս է փորում, ինքը կընկնի մեջը, և ցանկապատ քանդողին օձը կկծի։

9. Քարհանը քարերով կվնասվի. փայտահատը փայտից կվտանգվի։

10. Եթե կացինը բթացել է, և նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը։ Իմաստության օգուտը հաջողությունն է։

11. Եթե օձը խայթի մինչև թովելը, ուրեմն թովիչն օգուտ չունի։

12. Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։

13. Նրա բերանի խոսքերի սկիզբն անխելքություն է, և նրա խոսքերի վերջը՝ չար խենթություն։

14. Եվ անմիտը կշատացնի խոսքերը. մարդը չգիտի, թե ի՛նչ է լինելու. թե իրենից հետո ի՛նչ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան։

15. Անմիտների աշխատանքն իրենց կհոգնեցնի, նույնիսկ չգիտեն քաղաքի ճամփան։

16. Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի են։

17. Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագավորդ ազնվազարմ է, և որ իշխաններդ ուտում են իր ժամանակին՝ ուժի համար և ոչ թե վայելքի համար։

18. Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։

19. Հացկերույթն ուրախանալու համար են անում, և գինին զվարթացնում է կյանքը, իսկ դրամը տալիս է ամեն բանի պատասխանը։

20. Քո մտքում անգամ մի՛ անիծիր թագավորին և քո ննջարանում մի՛ անիծիր հարուստին, որովհետև երկնքի թռչունը ձայնը կտանի, ու թևավորը խոսքը կպատմի։