Ի՞նչ է անում իմաստունը
1. Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։
2. Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։
3. Եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղան, և եթե մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, ծառի ընկած տեղում այն կմնա։
4. Քամուն դիտողը չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի։
5. Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես և չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։
6. Առավոտյա՛ն ցանիր քո սերմը և երեկոյան քո ձեռքը մի՛ հանգստացրու, որովհետև չգիտես, թե ո՛րն է հաջողվելու՝ սա՞, թե՞ նա, կամ թե երկուսն էլ հավասարապես են լավ լինելու։
7. Լույսը քաղցր է, և աչքին հաճելի է արևը տեսնելը։
8. Թեև մարդ շատ տարիներ ապրի ու նրանց բոլորի մեջ ուրախանա, թող հիշի խավարի օրերը, որ բազում են լինելու. ամեն ինչ, որ գալու է, ունայն է։
Խրատ երիտասարդին
9. Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։
10. Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: