1․ Տիրոջ խոսքը, որը հասավ Փաթուելի որդի Հովելին.
Ժողովուրդը ողբում է բերքի ոչնչացման համար
2․ «Լսե՛ք այս, ո՛վ ծերեր, և ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր օրերում և կամ ձեր հայրերի օրերում այսպիսի բան եղե՞լ է։
3․ Սրա մասին պատմե՛ք ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, իսկ նրանց որդիները՝ հետագա սերնդին։
4․ Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, ջորյակից մնացածը գրվիճը կերավ»։
5․ Զարթնե՛ք, ո՛վ հարբածներ, ու լացե՛ք և ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, քաղցուի համար, որ կտրվել է ձեր բերանից։
6․ Որովհետև իմ երկրի դեմ մի ազգ է եկել՝ զորավոր և անթիվ. նրա ատամներն առյուծի ատամներ են, և մատակ առյուծի ժանիքներ ունի։
7․ Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։
8․ Ողբա՛ կույսի պես, որ քուրձ է հագել՝ ողբալով իր երիտասարդության փեսային։
9․ Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։
10․ Արտն ավերվել է, հողը սուգ է անում, որ ցորենն ավերվել է, գինին՝ ցամաքել, յուղը՝ նվազել։
11․ Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ, ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը փչացել է։
12․ Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։
13․ Քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։
14․ Ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, երեցներին, երկրի բոլոր բնակիչներին հավաքե՛ք Տիրոջ՝ ձեր Աստծու տանը և աղաղակե՛ք Տիրոջը։
15․ Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։
16․ Ահա մեր աչքի առաջ կտրվել է կերակուրը, մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը։
17․ Հողի կոշտերի տակ խորշոմել են սերմերը, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որովհետև ցորենը խորշակահար եղավ։
18․ Ինչպե՜ս են հեծեծում անասունները, մոլորվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար, ոչխարների հոտերը ևս տառապում են։
19․ Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է անապատի արոտները, և բոցն այրել է դաշտի բոլոր ծառերը։
20․ Դաշտի անասուններն էլ են քեզ կանչում, որովհետև ցամաքել են ջրերի վտակները, և կրակն այրել է անապատի արոտները։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: