Գիրք` 38. Նաում

Գլուխ 1

   

1. Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։

   
Աստծու բարկությունը Նինվեի դեմ
   
2. Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։

3. Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։

4. Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։

5. Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։

6. Նրա ցասման առաջ ո՞վ կկանգնի և ո՞վ կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, և ապառաժները խորտակվում են նրա առաջ։

7. Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին,

8. նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։

9. Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։

10. Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։

11. Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։

12. Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։

13. Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ»։

14. Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։

15. Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։