Գիրք` 35. Հովել

Գլուխ 2

Մոտ է Տիրոջ օրը
   
1. Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է

2. մթի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը. ինչպես որ արշալույսն է տարածվում լեռների վրա, այնպես էլ մի բազմաթիվ և զորավոր ժողովուրդ է գալիս, որի նմանը երբևէ չի եղել և նրանից հետո էլ չի լինելու դարեդար։

3. Նրանց առաջից կրակը պիտի լափի, և նրանց ետևից բոցը պիտի այրի, երկիրը նրանց առաջ Եդեմի դրախտի պես է, բայց նրա ետևից՝ ամայի անապատ, այո, ոչինչ չի ազատվելու նրանցից։

4. Նրանց տեսքը ձիերի տեսքի պես է, և ձիավորների պես պիտի արշավեն։

5. Մարտակառքերի դղրդյունի նման լեռների գլխին ոստոստում են, հարդ լափող կրակի բոցի ձայնի պես, մի հզոր ամբոխի պես, որ շարված է պատերազմի։

6. Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։

7. Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։

8. Եվ ոչ ոք չպիտի հրմշտի իր ընկերոջը, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, ու սպառազինության վրա ընկնելով՝ չպիտի կասեցվեն։

9. Քաղաքի վրա պիտի խոյանան, պարսպի վրա պիտի վազեն, տների մեջ պիտի բարձրանան, գողի նման պատուհաններով ներս պիտի մտնեն։

10. Նրանց առջև երկիրը պիտի դողա, երկինքը ցնցվի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։

11. Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։

   
Կոչ ապաշխարության
   
12. Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։

13. Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։

14. Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։

15. Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք,

16. ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։

17. Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. Ո՞ւր է նրանց Աստվածը»։

   

Տերը վերահաստատում է երկրի արգասաբերությունը
   
18. Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթաց իր ժողովրդին։

19. Տերը պատասխանեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք։ Եվ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։

20. Հյուսիսցուն պիտի հեռացնեմ ձեզանից և նրան մի չոր և ամայի երկիր պիտի քշեմ, դեմքը՝ դեպի արևելյան ծովը և թիկունքը՝ դեպի արևմտյան ծովը։ Եվ նրա ժանտահոտությունը պիտի բարձրանա ու նրա գարշահոտությունը, որովհետև Տերը մեծ բաներ է արել։

21. Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծ բաներ է արել։

22. Մի՛ վախեցեք, դաշտի՛ կենդանիներ, որովհետև կանաչում են հովիտները, որովհետև ծառը պտղաբերում է, թզենին և որթը պտղաբերում են իրենց ողջ կարողությամբ։

23. Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, որովհետև արդարորեն ձեզ աշնանային անձրևներ պարգևեց և հիմա ձեզ տալիս է առատ տեղումներ՝ աշնանային և գարնանային անձրև՝ առաջվա պես։

24. Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով։

25. Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, իմ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր մեջ։

26. Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։

27. Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։

   
Տիրոջ օրը
   
28. Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։

29. Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։

30. Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։

31. Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։

32. Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։