Գիրք` 35. Յովէլ

Գլուխ 2

   
1. Փո՛ղ հարէք ի Սիոն. քարո՛զ կարդացէք ի լերին սրբութեան իմոյ. ժողովեսցին ամենայն բնակիչք երկրի. զի հասեալ է օր Տեառն. զի մերձ է

2. օր խաւարի և միգի. օր ամպոյ և մարախղոյ. իբրև առաւօ՛տ տարածեսցի ի վերայ լերանց զօր բազում և հզօր. նման նմա ո՛չ եղև յաւիտենից, և զհետ նորա ո՛չ ևս յաւելցի լինել ազգաց մինչև յազգս։

3. Առաջ նորա հուր ծախիչ, և վերջ նորա բոց բորբոքեալ. իբրև զդրախտ փափկութեան երկիրդ առաջի նորա, և զկնի նորա դա՛շտ ապականութեան. և ապրեալ ո՛չ իցէ ի նմանէն։

4. Իբրև զտեսի՛լ երիվարաց տեսիլ նորա. իբրև զհեծեալս արշաւեսցեն։

5. Եւ իբրև զշաչիւն կառաց ի վերայ գլխոց լերանց ասպատակեսցեն. իբրև զձա՛յն բոցոյ հրոյ որ ուտիցէ զեղէգն. իբրև զօր բազում և հզօր պատրաստեալ ի պատերազմ։

6. Յերեսաց նորա խորտակեսցին ազգք, և ամենայն դէմք իբրև զայրեցած պուտան։

7. Իբրև զախոյա՛նս յարձակեսցին. և իբրև զարս պատերազմօղս ելցեն ի վերայ պարսպաց. իւրաքանչիւր զիւր ճանապարհ գնասցեն, և մի՛ խոտորեսցին ի շաւղաց իւրեանց.

8. այր յեղբօրէ և յընկերէ իւրմէ մի՛ զատցի։ Ծանրացեալք զինուք իւրեանց գնասցեն, և նետիւք իւրեանց անկցին և մի՛ վախճանեսցին։

9. Հասցեն ի վերայ քաղաքին, և ընթասցին ի վերայ պարսպաց. ելցեն յապարանս, և մտցեն ընդ պատուհանս իբրև զգողս։

10. Յերեսաց նորա խռովեսցի երկիր, և երկինք շարժեսցի՛ն. արեգակն և լուսին խաւարեսցին, և աստեղք ծածկեսցեն զլոյս իւրեանց։

11. Եւ Տէր տացէ զձայն իւր առաջի երեսաց զօրութեան իւրոյ. զի բազո՛ւմ է յոյժ բանակ նորա, և հզօր գործ պատերազմաց նորա. զի մե՛ծ է օր Տեառն, մեծ և երևելի՛ յոյժ. և ո՞վ իցէ նմա բաւական։

12. Եւ արդ ասէ՛ Տէր Աստուած ձեր. Դարձարո՛ւք առ իս յամենայն սրտէ ձերմէ, պահօք և լալով և կոծելով։

13. Պատառեցէ՛ք զսիրտս ձեր՝ և մի՛ զհանդերձս, և դարձարո՛ւք առ Տէր Աստուած ձեր. զի ողորմած և գթա՛ծ է, երկայնամիտ և բազո՛ւմ ողորմ. և զղջանայ ի վերայ չարեաց մարդկան։

14. Ո՛ գիտէ եթէ դարձցի՝ և ապաշաւեսցէ, և թողցէ զկնի իւր օրհնութիւն. և զոհս և սպանդ Տեառն Աստուծոյ մերում։

15. Փո՛ղ հարէք ի Սիոն. սրբեցէ՛ք պահս. Քարոզեցէք պաղատանս.

16. ժողովեցէ՛ք զժողովուրդսդ. սրբեցէ՛ք զեկեղեցի. ընտրեցէ՛ք զծերս. ժողովեցէ՛ք զտղայս ստնդիացս. ելցէ՛ փեսայ ի սենեկէ իւրմէ, և հարսն յառագաստէ։

17. Ընդ աստիճանս և ընդ սեղանն լացցեն քահանայք և պաշտօնեայք Տեառն, և ասասցեն. Խնայեա՛ Տէր ի ժողովուրդս քո, և մի՛ տար զժառանգութիւն քո ի նախատինս տիրե՛լ ի վերայ նորա ազգաց. զի մի՛ ասասցեն ի հեթանոսս՝ թէ ո՛ւր է Աստուած նոցա։

18. Եւ նախանձեցա՛ւ Տէր վասն երկրի իւրոյ. և խնայեա՛ց ի ժողովուրդ իւր։

19. Եւ պատասխանի ետ Տէր ժողովրդեան իւրոյ՝ և ասէ. Ահաւասիկ ես առաքե՛մ ի ձեզ զցորեան և զգինի և զեւղ, և լցջի՛ք ի նոցանէն. և ո՛չ ևս տաց զձեզ ի նախատինս ազգաց։

20. Եւ զհիւսւսայինն հալածեցի՛ց ի ձէնջ, և մերժեցից զնա յերկիր անջուր. և ապականեցից զառա՛ջ նորա ի ծովն առաջին, և զվերջ նորա ի ծովն վերջին. և ելցէ՛ շարաւ նորա, և բուրեսցէ հոտ նորա. զի մեծացա՛ն գործք նորա։

21. Քաջալերեա՛ց երկիր. խնդա և ուրա՛խ լեր, զի մեծացո՛յց Տէր զառնել իւր քեզ։

22. Քաջալերեա՛ երէ վայրի, զի դալարացան դաշտք անապատի. զի ծառ՝ ե՛տ զպտուղ իւր. որթ և թզենի ետուն զզօրութիւն իւրեանց։

23. Որդիք Սիոնի, ցնծացէ՛ք և ուրա՛խ լերուք ի Տէր Աստուած ձեր. զի ե՛տ ձեզ Տէր կերակուր արդարութեան. և տեղասցէ ձեզ անձրև կանո՛ւխ և անագան իբրև զառաջինն։

24. Եւ լցցի՛ն կալք ցորենոյ. և զեղցին հնծանք գինւոյ և իւղոյ։

25. Եւ հատուցից ձեզ փոխանակ՝ ամացն յորս եկեր մարախն՝ և ջորեակն՝ և թրթուրն, զօ՛ր իմ մեծ զոր առաքեցի ի վերայ ձեր.

26. և ուտելով կերիջիք՝ և յագեսջիք, և օրհնեսջիք զանուն Տեառն Աստուծոյ ձերոյ՝ որ արա՛ր ընդ ձեզ սքանչելիս. և մի՛ ևս ամաչեսցէ ժողովուրդ իմ յաւիտեան։

27. Եւ ծանիջիք թէ ի մէջ Իսրայէլի եմ ես. և ես Տէր Աստուած ձեր, և չի՛ք ոք բա՛ց յինէն. և ո՛չ ամաչեսցէ ժողովուրդ իմ յաւիտեան։

28. Եւ եղիցի յետ այսորիկ հեղի՛ց յՈգւոյ իմոյ ի վերայ ամենայն մարմնոյ. և մարգարէասցին ուստերք ձեր, և դստերք ձեր. և ծերք ձեր երազովք երազեսցին, և երիտասարդք ձեր տեսի՛լս տեսցեն։

29. Եւ ի վերայ ծառայից իմոց, և ի վերայ աղախնաց իմոց յաւուրսն յայնոսիկ հեղի՛ց յՈգւոյ իմմէ, և մարգարէասցին։

30. տա՛ց նշանս յերկինս ի վեր, և նշանս յերկիր ի խոնարհ, արիւն և հուր և մրրիկ ծխոյ։ Արեգակն դարձցի ի խաւա՛ր և լուսին յարիւն, մինչչև եկեալ իցէ օր Տեառն մեծն և երևելին։

31. Եւ եղիցի ամենայն որ կարդասցէ զանուն Տեառն կեցցէ։ Զի ի լեառն Սիոն և յԵրուսաղէմ եղիցի ապրեա՛լ՝ որպէս և ասաց Տէր. և աւետարանեալ զորս Տէր կոչեսցէ առ ինքն։