Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 20

Երեմիայի բախումը Փասուր քահանայի հետ
 

1. Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։

2. Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։

3. Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։

4. Որովհետև այսպես ասաց Տերը. Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։

5. Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։

6. Իսկ դու, ո՛վ Փասուր, և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք։ Բաբելոն պիտի գնաս ու այնտեղ մեռնես, և այնտեղ պիտի թաղվեք դու և քո բոլոր բարեկամները, որոնց դու ստությամբ մարգարեություն էիր անում»։

 
Երեմիայի գանգատը Տիրոջը
 

7. Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր, և ես հրապուրվեցի, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։

8. Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։

9. Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։

10. Որովհետև ես շատերի զրպարտանքը լսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։

11. Բայց զորավոր ախոյանի պես Տերն ինձ հետ է։ Դրա համար ինձ հալածողները պիտի սայթաքեն և չպիտի հաղթեն, որովհետև նրանք խորապես պիտի ամաչեն և չպիտի հաջողեն. նրանց նվաստացումը երբևէ չպիտի մոռացվի։

12. Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։

13. Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։

14. Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։

15. Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։

16. Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։

17. Որովհետև ինձ չմեռցրեց արգանդում, որպեսզի ինձ համար իմ մայրը իմ գերեզմանը լիներ, և նրա արգանդը՝ հավիտյան հղի։

18. Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։