Տերը դատում է ազգերին
1․ «Որովհետև ահա այն օրերին և այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին գերությունից կվերադարձնեմ,
2․ կժողովեմ բոլոր ազգերին և նրանց կիջեցնեմ Հոսափատի հովիտը և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։
3․ Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկի վարձի դիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։
4․ Եվ դուք ևս ի՞նչ եք ինձ համար, ո՛վ Տյուրոս և Սիդոն և ո՛վ փղշտացիների բոլոր շրջաններ. մի՞թե դուք ինձ հատուցում եք անելու, եթե դուք ինձ հատուցողներ եք։ Անմիջապես և շուտով ձեր գլխին կդարձնեմ ձեր հատուցումը.
5․ որովհետև դուք իմ արծաթն ու ոսկին վերցրիք և իմ ցանկալի գանձերը տարաք ձեր մեհյանները։
6․ Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին հույների որդիներին ծախեցիք, որպեսզի նրանց հեռացնեք իրենց սահմանից։
7․ Ահա ես նրանց պիտի զարթնեցնեմ, ուր որ նրանց ծախեցիք, և ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։
8․ Եվ ձեր որդիներին ու դուստրերին պիտի ծախեմ Հուդայի որդիներին, և նրանք պիտի ծախեն նրանց սաբայեցիներին՝ այն հեռավոր ազգին»,- որովհետև Տերն է ասել։
9․ Այս մասին ազդարարե՛ք ազգերի մեջ, պատերազմի՛ պատրաստվեք, զարթնեցրե՛ք հզորներին, թող մոտենան, գան բոլոր պատերազմիկները։
10․ Ձեր խոփերից սրե՛ր կռեք և ձեր էտոցներից՝ նիզակներ. թող տկարն ասի. «Հզոր եմ ես»։
11․ Շտապե՛ք և եկեք, ո՛վ շրջակա բոլոր ազգեր, և հավաքվե՛ք։ Այնտե՛ղ իջեցրու, ո՛վ Տեր, քո հզորներին։
12․ Ազգերը թող զարթնեն և իջնեն Հոսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերին դատելու համար։
13․ Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։
14․ Բազմություններ, բազմություններ՝ Վճիռի հովտում, որովհետև մոտ է Տիրոջ օրը Վճիռի հովտում։
15․ Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։
Աստված օրհնում է իր ժողովրդին
16․ Եվ Տերը պիտի ձայնի Սիոնից և Երուսաղեմից պիտի գոչի, երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերն ապավեն պիտի լինի իր ժողովրդին և ամրոց՝ Իսրայելի որդիներին։
17․ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։
18․ Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։
19․ Եգիպտոսը ամայի պիտի դառնա, և Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնա Հուդայի որդիների դեմ գործած բռնության պատճառով, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրում։
20․ Բայց Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, իսկ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։
21․ Եվ նրանց արյունը անպարտ կդարձնեմ, որն անպարտ չէի համարում, և Տերը պիտի բնակվի Սիոնում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: