Գիրք` 35. Յովէլ

Գլուխ 3

   
1. Զի ահաւասիկ ես յաւուրսն յայնոսիկ և ի ժամանակին յայնմիկ՝ դարձուցի՛ց զգերութիւն Հրէաստանի և զԵրուսաղեմի.

2. և ժողովեցից զամենայն ազգս, և իջուցից զնոսա ի ձորն Յովսափաթու. և դատեցայց զնոսա անդ, վասն ժողովրդեան իմոյ՝ և ժառանգութեան իմոյ Իսրայելի. որ ցրուեցան ընդ ամենայն ազգս, և զերկիր իմ բաժանեցին,

3. և ի վերայ ժողովրդեան իմոյ վիճակս արկանէին. և ետուն զպատանեակս կապէ՛նս պոռնկաց, և զաղջկունս վաճառէին ընդ գինւոյ՝ և ըմպէին։

4. Եւ դուք ևս տակաւին ինձ Ծո՛ւր և Ծայդան՝ և ամենայն Գալիլեա այլազգեաց. միթէ հատուցո՞ւմն ինչ հատուցանիցէք ինձ, կամ ոխս պահիցէք ինձ. վաղվաղակի տագնապա՛ւ հատուցից զհատուցումն ձեր ի գլուխս ձեր։

5. Փոխանակ զի զարծաթն իմ և զոսկին առէք, և զընտիր ընտիրսն և զգեղեցիկ անօթսն տարայք ի մեհեանս ձեր.

6. և զորդիսն Յուդայ՝ և զորդիսն Երուսաղեմի վաճառեցէք որդւոցն Յունաց. զի մերժեցէք զնոսա ի սահմանաց իւրեանց։

7. Արդ՝ ե՛ս կանգնեցից զնոսա ի տեղւոջէ՝ ուր վաճառեցէք զնոսա անդր, և հատուցից զհատուցումն ձեր ի գլուխս ձեր.

8․ և մատնեցից զուստերս ձեր՝ և զդստերս ձեր ի ձեռս որդւոցն Յուդայ, և վաճառեսցեն զնոսա ի գերութիւն յազգ հեռաւո՛ր բացական. զի Տէր խօսեցաւ։

9․ Քարո՛զ կարդացէք զայդ յազգս. ժա՛մ տուք մարտի, զարթուցէ՛ք զպատերազմօղս. ժողովեցարո՛ւք և ելէ՛ք ամենայն արք պատերազմի.

10. կոտորեցէ՛ք զխոփս ձեր ի սուսե՛րս, և զգերանդիս ձեր ի գեղարդո՛ւնս։

11. Տկարն խրախուսեսցէ թէ հզօր եմ ես։ Ժողովեցարո՛ւք և մտէ՛ք ազգք ամենայն շուրջանակի ա՛նդր գումարեցարո՛ւք. հանդարտն պատերազմօ՛ղ եղիցի։

12. Զարթիցեն և ելցեն ամենայն ազգք ի ձորն Յովսափաթու. զի անդ նստայց դատե՛լ զամենայն ազգս շուրջանակի։

13. Արկէ՛ք մանգաղ՝ զի հասեալ են կութք. մտէ՛ք կոխեցէ՛ք զի լցեա՛լ են հնծանք՝ և զեղո՛ւն գուբք. զի բազմացա՛ն չարիք նոցա։

14. Ձա՛յնք հնչեցին ի Ձորն դատաստանի. զի մե՛րձ է օր Տեառն ի Ձորն դատաստանի։

15. Արեգակն և լուսին խաւարեսցին, և աստեղք ծածկեսցեն զլոյս իւրեանց։

16. Եւ Տէր ի Սիոնէ գոչեսցէ, և յԵրուսաղեմէ տացէ զձայն իւր. և շարժեսցի՛ն երկինք և երկիր։

17. Այլ Տէր խնայեսցէ ի ժողովուրդ իւր՝ և զօրացուսցէ զորդիսն Իսրայէլի։

18. Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած որ բնակեալ եմ ի Սիոն լերին սրբութեան իմոյ. և եղիցի Երուսաղէմ սո՛ւրբ, և այլազգիք ո՛չ ևս անցցեն ընդ նա։

19. Եւ եղիցի յաւուր յայնմիկ բղխեսցե՛ն լերինք զքաղցրութիւն, և բլուրք յորդեսցեն զկաթն, և ամենայն աղբեւրք Յուդայ բղխեսցեն ջուրս։ Եւ աղբեւր ի տանէ Տեառն ելցէ, և արբուսցէ զձորն վիճակաց։

20. Եգիպտոս յապականութիւն եղիցի, և Եդոմ ի դա՛շտ ապականութեան, յանիրաւութեանց որդւոցն Յուդայ. փոխանակ զի հեղին արիւն արդար ի մէջ իւրեանց։

21. Բայց Հրէաստան յաւիտեան բնակեսցէ, և Երուսաղէմ ազգաց յազգս։

22. Եւ խնդրեցից զարիւն նոցա, և ո՛չ արարից անպարտ. և Տէր բնակեսցէ ի Սիովն։