Անհավատարիմ Իսրայելը
1. «Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։
2. «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։
3. Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։
4. Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը։
5. Մի՞թե հավիտյան կբարկանա և վրդովմունքը միշտ կպահի. ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։
Իսրայելը և Հուդան պետք է զղջան
6. Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։
7. Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։
8. Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։
9. Եվ նրա շնության լրբությամբ երկիրն ապականվեց, և նա շնացավ քարի ու փայտի հետ։
10. Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։
11. Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։
12. Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։
13. Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։-
14. Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։
15. Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։
16. Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. "Տիրոջ ուխտի տապանակը", և չի մտաբերվի և չի հիշատակվի, ու նրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։
17. Այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ գահը կկոչվի, և բոլոր ազգերը Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն այնտեղ՝ Երուսաղեմում, և այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից։
18. Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին։
Աստծու ժողովրդի կռապաշտությունը
19. Ես ասացի. Ինչպե՜ս կուզենայի քեզ դնել իմ որդիների մեջ և քեզ տալ ցանկալի մի երկիր՝ ազգերի ամենագեղեցիկ ժառանգությունը։ Եվ խորհեցի՝ դու ինձ Իմ Հայր կկոչեիր և ինձ հետևելուց հետ չէիր դառնա։
20. Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տերը։
21. Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։
22. «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։
23. Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։
24. Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։
25. Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: