Պատիժ, ապաշխարություն, հույս
1․ Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։
2․ Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։
3․ Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։
4․ Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։
5․ Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։
6․ Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։
7․ Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։
8․ Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։
9․ Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։
10․ Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։
11․ Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։
12․ Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։
13․ Իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը։
14․ Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։
15․ Ինձ կշտացրեց դառնությամբ, օշինդրով հագեցրեց ինձ։
16․ Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։
17․ Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ։
18․ Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։
19․ Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։
20․ Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում։
21․ Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։
22․ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։
23․ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
24․ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։
25․ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։
26․ Լավ է լռությամբ սպասել, սպասել Տիրոջ փրկությանը։
27․ Մարդու համար լավ է, որ լուծն իր երիտասարդության ժամանակ կրի։
28․ Թող առանձին նստի ու լռի, որովհետև այն դրվեց նրա վրա։
29․ Թող իր բերանը հողին դնի, գուցե հույս լինի։
30․ Թող իր ծնոտը տա իրեն հարվածողին ու լցվի նախատինքով։
31․ Որովհետև Տերը հավիտյան չի մերժի։
32․ Նույնիսկ եթե վշտացնի, պիտի գթա իր առատ ողորմությամբ։
33․ Որովհետև կամովին չէ, որ վշտացնում և տրտմեցնում է մարդկանց որդիներին։
34․ Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին,
35․ Մարդու իրավունքը զլանալ Ամենաբարձրյալի առաջ,
36․ Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում։
37․ Ո՞վ է նա, որ ասի, և ասածը կկատարվի, եթե Տերը այդպես չի հրամայել։
38․ Ամենաբարձրյալի խոսքից չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։
39․ Ինչո՞ւ է տրտնջում ապրող մարդը, մարդն իր մեղքերի համար։
40․ Քննենք մեր ճանապարհները և փորձենք ու ետ դառնանք Տիրոջը։
41․ Մեր սրտերը մեր ձեռքերի հետ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստվածը.
42․ Մենք հանցանք գործեցինք և ըմբոստացանք. չես ներել։
43․ Քեզ բարկությամբ ծածկեցիր ու մեզ հալածեցիր, սպանեցիր ու չխնայեցիր։
44․ Քեզ ամպով ծածկեցիր, որպեսզի աղոթքը նրանով չանցնի։
45․ Մեզ ժողովուրդների մեջ խոտան և անարգ դարձրիր։
46․ Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։
47․ Սարսափ ու զնդան եղավ մեզ համար, ավերում և կոտորած։
48․ Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի դստեր կործանման համար։
49․ Իմ աչքը արցունք պիտի թափի ու չդադարի, առանց դադարի։
50․ Մինչև որ Տերը երկնքից նայի ու տեսնի։
51․ Աչքերս ինձ վիշտ են բերում իմ քաղաքի բոլոր աղջիկների համար։
52․ Իմ թշնամիներն ինձ ճնճղուկի պես որսացին առանց պատճառի։
53․ Իմ կյանքը գբի մեջ ոչնչացրին և քար գցեցին ինձ վրա։
54․ Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։
55․ Խորունկ գբից ես կանչեցի քո անունը, ո՛վ Տեր։
56․ Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։
57․ Այն օրը, երբ ես կանչեցի քեզ, դու մոտեցար, ասացիր. «Մի՛ վախենա»։
58․ Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։
59․ Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։
60․ Դու տեսար նրանց ամբողջ վրեժխնդրությունը, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։
61․ Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Տեր, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։
62․ Իմ թշնամիների շրթունքները և նրանց մտածմունքներն իմ դեմ օրնիբուն։
63․ Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգի առարկան եմ։
64․ Նրանց հատուցի՛ր, ո՛վ Տեր, նրանց ձեռքի գործերի համեմատ։
65․ Նրանց սրտի մթություն պիտի տաս, քո անեծքը նրանց վրա լինի։
66․ Նրանց հալածի՛ր քո բարկությամբ և Տիրոջ երկնքի տակից նրանց բնաջնջի՛ր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: