Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 39

Երուսաղեմի անկումը
 

1. Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։

2. Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսի իննին, քաղաքի պարիսպը ճեղքվեց։

3. Եվ Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները, այսինքն՝ Ներգեղսարասարը, Սամերգարնաբավը, Սարսեքիմ Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի մնացած բոլոր իշխանավորները եկան, նստեցին միջին դռանը։

4. Եվ երբ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և թագավորի պարտեզի ճանապարհով՝ երկու պարսպի միջի դարպասով, գիշերը դուրս եկան քաղաքից Արաբայի ճանապարհով։

5. Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։

6. Բաբելոնի թագավորը Ռեբղայում Սեդեկիայի աչքերի առաջ մորթեց նրա որդիներին։ Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց

7. և կուրացրեց Սեդեկիայի աչքերն ու նրան կապանքներով կապեց նրան Բաբելոն տանելու համար։

8. Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և Երուսաղեմի պարիսպները քանդեցին։

9. Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։

10. Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։

 
Երեմիան ազատության մեջ
 

11. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը թիկնապահապետ Նաբուզարադանին հրամայեց Երեմիայի մասին՝ ասելով.

12. «Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։

13. Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները

14. մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։

 
Մարգարեություն Աբդիմելեքի մասին
 

15. Երբ նա արգելափակված էր բանտի գավթում, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

16. «Գնա՛ և եթովպացի Աբդիմելեքին ասա՛. Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես իմ խոսքերը պիտի կատարեմ այս քաղաքի վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և կիրականանան այն օրը քո առաջ։

17. Բայց քեզ կազատեմ այն օրը,- ասում է Տերը,- և դու չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես։

18. Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր"»,- ասում է Տերը։