Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 40

Երեմիան մնում է Գոդողիայի մոտ
 

1. Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով, երբ որ Նաբուզարադան թիկնապահապետը նրան արձակեց Ռամայից և հետո նրան շղթայակապ բերել տվեց Երուսաղեմի և Հուդայի բոլոր այն տարագիրների մեջ, որ տարագրվում էին Բաբելոն։

2. Թիկնապահապետը կանչեց Երեմիային և նրան ասաց. «Տերը՝ քո Աստվածը, այս վայրի մասին այս չարիքը վճռել էր։

3. Տերը բերել ու կատարել է, ինչպես որ վճռել էր, որովհետև դուք մեղանչեցիք Տիրոջ դեմ և չանսացիք նրա ձայնին, և ձեզ այս բանը եղավ։

4. Հիմա ահա այսօր ես քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վրա են։ Եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ, իսկ եթե ինձ հետ Բաբելոն գնալը քո աչքին վատ է, մնա՛։ Տե՛ս, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ լավ և ճիշտ է թվում քեզ գնալու, գնա՛»։

5. Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։

6. Եվ Երեմիան եկավ Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրա հետ բնակվեց այն ժողովրդի մեջ, որ մնացել էր երկրում։

 
Գոդողիան՝ Հուդայի կառավարիչ
(Դ Թագ. 25:22-24)
 

7. Եվ դաշտում եղող բոլոր զորապետները՝ և՛ իրենք, և՛ իրենց մարդիկ, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը երկրի վրա է կարգել Աքիկամի որդի Գոդողիային և նրան է հանձնել այն մարդկանց, կանանց ու երեխաներին և երկրի չքավորներին, որոնք գերի չէին տարվել Բաբելոն,

8. Մասփա՝ Գոդողիայի մոտ եկան Նաթանիայի որդի Իսմայելը և Կարեի որդիները՝ Հոհանանը և Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոփաթացի Եփայի որդիները և Մաքաթիի որդի Հեզոնիան, իրենք և իրենց մարդիկ։

9. Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։

10. Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։

11. Եվ այն բոլոր հրեաները, որ Մովաբում ու Ամմոնի որդիների մեջ, Եդովմում և այլ երկրներում էին, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը մնացորդ է թողել Հրեաստանում և նրանց վրա կարգել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,

12. այն ժամանակ բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր երկրներից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Մասփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի և ամառային պտուղ ամբարեցին։

 
Գոդողիան սպանվում է
(Դ Թագ. 25:25-26)
 

13. Կարեի որդի Հոհանանը և դաշտում եղող բոլոր զորապետները եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ։

14. Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։

15. Եվ Կարեի որդի Հոհանանը Մասփայում ծածուկ ասաց Գոդողիային. «Թող գնամ և սպանեմ Նաթանիայի որդի Իսմայելին, և ոչ ոք չի իմանա. ինչո՞ւ նա քեզ սպանի, և ցրվեն բոլոր հրեաները, որոնք հավաքվել են քեզ մոտ, և Հուդայի մնացորդը կորչի»։

16. Աքիկամի որդի Գոդողիան ասաց Կարեի որդի Հոհանանին. «Մի՛ արա այդ բանը, որովհետև դու սուտ ես ասում Իսմայելի մասին»։